Գրքեր

Սուրբ Խաչի զորությանն ապավինած երիտասարդ ուխտավորները

Սեպտեմբերի 30-ին՝ Վարագա Ս. Խաչի տոնի օրը, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միության համար օրհնաբեր և օրհնառատ օր էր: Երիտասարդները Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում նախ մասնակից եղան ուխտի Ս. Պատարագին, որ մատուցեց Տեր Վահան քահանա Առաքելյանը, ապա Սուրբ Պատարագի ավարտին հաղորդակից եղան Տիրոջ խաչափայտի սուրբ մասունքի օրհնությանը: Անցյալ տարի, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, Վարագա Ս. Խաչի տոնը հայտարարվել է Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում պահվող Տիրոջ խաչափայտի մասունքակիր խաչի ուխտի օր: Տիրոջ խաչափայտի մասունքի օրհնությամբ զորացած՝ երիտասարդներն այդ օրը նաև ուխտի ճանապարհ անցան: Նրանք, Տեր Վահանի առաջնորդությամբ, ուխտագնացության մեկնեցին Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցի (4-րդ դ.) և Հառիճավանք: Ուխտի ճանապարհին նրանք կանգ առան «Տառ-Քարերի» պուրակի մոտ և բարձրացան պուրակի բարձրադիր մասում գտնվող մեծ ու փոքր մետաղյա խաչերից հյուսված «Սուրբ Խաչ»-ի մոտ: Երեսուներեք մետր բարձրություն ունեցող խաչը երիտասարդներին ևս մեկ անգամ հիշեցրեց, որ Խաչի զորությունը Քրիստոսն է, որ Ս. Խաչին ապավինողը ապավինում է Քրիստոսին:

Ապարանի Ս. Խաչ եկեղեցում երիտասարդ ուխտավորներն ընդհանրական աղոթքի կանգնեցին, ապա ուղևորվեցին դեպի Հառիճավանք (7-13-րդ դդ.), որտեղ ուխտավորներին դիմավորեց Արթիկի թեմի առաջնորդական տեղապահ Տ. Նարեկ վարդապետ Ավագյանը: Երիտասարդների աղոթական ներկայությունը վանքի սուրբ հարկից ներս մեծ ուրախություն էր պատճառել Հայր Սուրբին: Նա նշեց, որ երիտասարդներից յուրաքանչյուրի հոգևոր առաջընթացը նախ իրենց երազանքի իրականացումն է: «Յուրաքանչյուր մարդ, ինչպես Պողոս առաքյալն է ասում, ինքն է Աստծո տաճարը: Հոգևորականներիս համար գերխնդիրն այն է, որ մինչ քարեղեն եկեղեցի կառուցելը, նախ մարդու սրտում եկեղեցի կառուցել: Որքան էլ գեղեցիկ լինի եկեղեցին իր ճարտարապետական կառույցով, պատմական նկարագրությամբ, բայց եթե եկեղեցուց ներս աղոթք չհնչի, ժամերգություն չկատարվի, խունկ չծխվի, եկեղեցին կմնա լոկ որպես քարեղեն կառույց: Եկեղեցու առաքելությունը ոչ միայն ճարտարապետական կառույցն է, այլև եկեղեցու ավազանը, որտեղից մարդ ծնվում է նոր կյանքի համար: Այդ պատճառով եկեղեցին ոչ միայն սուրբ է, այլ նաև՝ սրբագործող: Եկեղեցին ամբողջական է մարդով»,- ասաց Հայր Սուրբը և շնորհակալություն հայտնեց Տեր Վահանին, ում առաջնորդությամբ երիտասարդները աղոթքի ճանապարհ անցան:

Իսկ Հառիճավանքի պատմության մասին ուխտավորներին ներկայացրեց Հառիճի Թրբանճեան հոգևոր ընծայարանի տեսուչ Տ. Ղևոնդ աբեղա Սաղաթելյանը: Երիտասարդները մի սրբավայրում էին, որ ժամանակին եղել է ամենայն հայոց կաթողիկոսների սիրելի ամառանոցային վայրերից մեկը, մի սրբավայրում, որ հայտնի է եղել որպես նշանավոր գրչության կենտրոն և որի հսկայական ձեռագրերից, ցավոք, միայն պատառիկներ են մնացել, մի սրբավայրում էին, որ բազում ավերների ու հափշտակումների է ենթարկվել և ներքին ծաղկում է ապրել 19-րդ դարի երկրորդ կեսին, ինչին նպաստել է «Աստվածածնի յոթ վերք» պատկերը, որ առժամանակ պահվել է Հառիճավանքում: Այդ շրջանում բացվել է նաև վանքի դպրոցը, որն այսօր գործում է իբրև ավագ դպրոց՝ Թրբանճեան ընծայարան անունով: Երիտասարդ ուխտավորներին մեծ զարմանք էր պատճառել ճգնավորի մատուռը, որ գտնվում էր վանքի հարավ-արևմտյան կողմում՝ մի անմատչելի ժայռի վրա: Ժամանակի ընթացքում մի մեծ ժայռաբեկոր, անջատվելով քարափից, իր հետ տարել և վանքից հեռացրել է հիշյալ մատուռը:   

Երիտասարդներն առիթ ունեցան նաև շփվելու ընծայարանի ուսանողների հետ, ովքեր մեծ սիրով նրանց ներկայացրեցին վանքի և ընծայարանի պատմությունները:

Տեր Վահանը երիտասարդների անունից շնորհակալություն հայտնեց Հոգեշնորհ Հայր Սուրբերին՝ ջերմ ընդունելության, հյուրընկալության, վանքի պատմությանը հաղորդ դարձնելու և կյանքի կարևորագույն դասեր տալու համար, քանի որ երիտասարդների համար անչափ կարևոր է հոգևորականների զորակցությունը:

Անհնար էր չնկատել այն ոգևորությունն ու ուրախությունը, որ ողջ օրն ուղեկցեց Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությանը: Նրանք Երևան վերադարձան հոգեպես նորոգված ու  զորացած:

 

Կարինե Սուգիկյան

30.09.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․