19 Մարտ, Գշ, Մեծ պահքի ԼԷ օր

Գրքեր

Սուրբ Սարգիս. ճշմարտության ճանապարհով ընթացողի մեծ օրինակը

Բացի այն, որ Սբ. Սարգսի տոնը համաժողովրդական սիրելի տոն է, այն նաև արդեն քանի տարի է, ինչ հայ երիտասարդի համար դարձել է իր տոնը՝ օրհնություն ստանալու օրը:

Տոնը սկսում ենք նշել նախորդ օրվա երեկոյից, քանի որ, ըստ եկեղեցու, օրը սկսվում է երեկոյան ժամերգությունից հետո: Այդ երեկոն ոմանց համար դարձել է «աղի բլիթ ուտելու օր»: Երբ խորամուխ ենք լինում Սբ. Սարգսի տոնի բուն խորհրդին և բովանդակությանը, ապա չենք կարող շրջանցել այն հանգամանքը, թե արդյո՞ք տոնի բուն խորհուրդը միայն աղի բլիթ ուտելն է և սպասելը, թե երազում Սբ. Սարգիսը ո՞ւմ է մեզ մատնանշելու որպես մեր կյանքի ընկեր: Երիտասարդների շրջանում հարցման արդյունքում նկատելի է, որ ոմանց համար հետաքրքիր է և տոնի կարևոր մասն է կազմում աղի բլիթ ուտելը՝ սպասելի երազը տեսնելու ակնկալիքով, ինչպես նաև երազանքի կատարման համար Սուրբ Սարգիս եկեղեցում մոմ վառելը: Իսկ ոմանք կարևորում են Սուրբ Սարգսի բարեխոսությամբ Աստծուն աղոթելը, ուխտի գնալը Սուրբ Սարգիս եկեղեցի, բացի մոմ վառելուց նաև մասնակցելը Սուրբ Պատարագին՝ հաղորդվելով մեր Տիրոջ կենսատու Մարմնին և Արյանը:

Անդրադառնալով աղի բլիթի սովորությանը՝ նշենք, որ մեզ համար անհայտ է, թե որ ժամանակվանից է այս սովորույթը գործում: Մինչ քրիստոնեության մեջ ներթափանցելը՝ հավանական է, որ այս սովորույթի արմատները հասնում են մինչև հեթանոսական ժամանակաշրջանի արարողությունները և կապված են եղել գուշակության հետ: Իսկ որևէ գուշակության մասին Սուրբ Գիրքը մեզ ուսուցանում է. «Ձեր մեջ թող չգտնվի այնպիսի մեկը, որ…կախարդությամբ կամ գուշակությամբ զբաղվի, թռչուններին նայելով կանխագուշակումներ անի, մոգություններով զբաղվի, վհուկ կամ սուտ մարգարե լինի, ոգեհարցությամբ զբաղվի, որովհետև Տիրոջ համար պիղծ է նա, ով զբաղվում է այդպիսի բաներով» (Բ Օրինաց 18:10-12)։

Տոնի բուն խորհրդին անդրադառնալով

Սբ. Սարգսի, նրա որդու՝ Մարտիրոսի և տասնչորս զինվորների վարքագրությունը մի շարք պատգամներ է փոխանցում յուրաքանչյուրին և առավել ևս երիտասարդներին:

Երանելի վկան մանկուց քաջահմուտ լինելով Հին և Նոր կտակարաններին՝ քրիստոնեություն էր քարոզում կյանքով և խոսքով. աղքատներին և կարիքավորներին առատ ողորմություն էր բաշխում, իր ենթակայության տակ գտնվող քաղաքներում և գյուղերում արգելում էր կռապաշտությունը, քանդելով մեհյանները, կառուցում էր եկեղեցիներ և սրբերի վկայարաններ: Աստծո ապավինությամբ նա հաջողում էր իր բոլոր գործերում:

Եվս մեկ կարևոր օրինակ. Քրիստոսի Մարմինը և կյանքի դուռը խորհրդանշող եկեղեցու առկայությունը քրիստոնյայի կյանքում: Դարեր շարունակ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին, պատվելով սրբերի հիշատակությունը, կառուցել է և կառուցում է նրանց անուններով եկեղեցիներ, ուր Տերունական և նրանց հիշատակության օրերին Սուրբ Պատարագ է մատուցվում, իսկ հավատավորները, ուխտի գնալով, խնդրում են սրբերի բարեխոսությունը: Իսկ սրբի մասունքների առկայության դեպքում հավատավորը հաղորդակից է դառնում նաև այդ սրբությանը:

Աստծուն ողջ սրտով սիրող Քրիստոսի քաջ զինվորը և անհաղթ վկան աղոթական կյանքով էր ապրում, նրա խնդրանքները անպատասխան չէին մնում: Ուստի նրա օրինակը և հենց ինքը մեզ հորդորում է միշտ աղոթել Աստծուն և առավել ևս իր հիշատակության օրը՝ խնդրելով իր բարեխոսությունը:

Ահա այդ հորդորի վկայությունը. նահատակությունից առաջ Սուրբ Սարգիսը Տիրոջից խնդրում է. «Տեր Աստված հավիտենական, որ ինձ արժանացնում ես մեռնելու Քո անվան համար, լսի՛ր Քո ծառայի աղաչանքը: Ընդունի՛ր ինձ նրանց հետ, ովքեր Քեզ ուղեկից եղան խաչի և մահվան չարչարանքներով: Եվ եթե չարից խաբվելով՝ մեղանչել եմ Քո առջև մանկությունիցս մինչև հիմա կամա թե ակամա, գիտությամբ թե անգիտությամբ, լվա՛ և մաքրի՛ր ողորմությամբ՝ իմ արյան հեղումով: Քո հավատացյալներիդ էլ, նրանք, որ անունդ կհիշեն, մեղքերի թողություն պարգևիր և յուրաքանչյուրին պարգևիր հոգևոր և մարմնավոր վտանգներից փրկություն, ախտերի բուժում, դևերի հալածանք, հիվանդությունների բժշկում, պատերազմների մեջ հաղթություն, բանտից և կապանքներից արձակում, խռովությունից խաղաղություն, նեղությունից անդորրություն, ճանապարհի առաջնորդություն, ծովի վրա ալեկոծվածներին հանդարտություն, երաշտի ժամանակ անձրևների առատահոսություն և առատ պտղաբերություն: Եվ նրանք, որ նվիրական ընծաներով մեր հիշատակը կատարեն, ընդունի՛ր որպես անուշ հոտ և վարձատրի՛ր բյուրապատիկ բարություններով՝ այստեղ և հանդերձյալ կյանքում»:

Ի պատասխան նրա խնդրանքին՝ երկնքից մի հրեշտակ լուսապայծառ պսակը ձեռքին իջնում է նրա մոտ և ասում. «Զորացի՛ր, քաջ նահատակ Քրիստոսի, մի՛ վախեցիր նրանցից, որ մարմինդ են սպանելու, որովհետև բացվեց քեզ համար Երկնքի Արքայության դուռը: Ինչ որ խնդրեցիր Աստծուց, տրվեց քեզ: Եվ հավատացյալների կողմից կատարված խնդրվածքները պիտի կատարվեն Աստծո կողմից»:

Տարիներ շարունակ աղոթող սուրբը արժանացավ նրան, որ Տերը բացեց իր համար Երկնքի Արքայության դուռը՝ արժանացնելով հավիտենական կյանքին և իր միջոցով նաև ընդունելի դարձրեց բոլորի խնդրվածքները:

Իսկ աղոթելու հետ կապված թե՛ Սուրբ Գիրքը և թե՛Եկեղեցու հայրերը համբերատար և թախանձագին աղոթքի են կոչում բոլորին, անգամ եթե այն մնում է անպատասխան: Քանի որ չպատասխանված աղոթքների շնորհիվ է, որ ավելի հարատև և թախանձագին ենք աղոթում: «Աղաչի՛ր, խնդրի՛ր ու թախանձի՛ր, որովհետև աղաչելով և խնդրելով, դու ինքդ է, որ կաճես և ավելին կստանաս» (Սուրբ Օգոստինոսը):

Աստված կարող է ուշացնել մեր խնդրանքը, բայց ոչ մոռանալ, այս մասին Սուրբ Բասիլիոսը ասում է. «Հիսուս կարող է գիտակցաբար ուշացնել խնդրանքդ, որպեսզի կրկնապատկվի նախանձախնդրությունդ և Իրեն մոտենալու փափագդ, որպեսզի իմանաս Աստծո պարգևի արժեքը և հսկես այն զգուշությամբ, երբ ստանաս այն: Ինչ որ մարդը հոգնությամբ ու տքնությամբ է ձեռք բերում, աշխատում է այն պահել և չկորցնել, որպեսզի զուր անցած չլինի իր ամբողջ հոգնությունը»:

Ծանոթանալով այսօրվա հիշատակելի սրբերի վարքին, կենսատու պատգամներին ականջալուր լինելով և կյանքի վերածելով՝ աղոթքով, ուխտով, Սբ. Պատարագի մասնակցությամբ ապրենք տոնի բուն խորհուրդը, և, հոգեպես զորանալով, քայլենք առ Աստված:

 

Կարինե Սուգիկյան

 

16.02.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․