Գրքեր

Սուրբ Ծնունդ

Կար-չկար մի կոշկակար: Նրա կինը մահացավ և մնացին ինքն ու փոքրիկ որդին: Եվ ահա, Սուրբ Ծննդյան նախօրեին, որդին հորն ասաց.

- Այսօր Փրկիչը մեզ հյուր է գալու:

- Ի՞նչ ես խոսում,- չհավատաց կոշկակարը:

- Կտեսնես, որ կգա: Հենց Ինքն ինձ այդ մասին ասաց երազում:

Եվ փոքրիկ տղան սկսեց թանկագին հյուրին սպասել: Պատուհանից դուրս է նայում, իսկ այնտեղ ոչ-ոք չկա: Հանկարծ տեսավ, որ բակում երկու տղա մի փոքրիկի են ծեծում, իսկ նա նույնիսկ չի դիմադրում: Դուրս վազեց տնից, վռնդեց կռվողներին, իսկ ծեծված տղային տուն բերեց: Հոր հետ կերակրեցին նրան, երեսը լվացին, մազերը սանրեցին և կոշկակարի որդին ասաց.

- Հայրի՛կ, ես երկու զույգ երկարաճիտ կոշիկ ունեմ, իսկ նոր ընկերոջս կոշիկները պատռված են: Կարո՞ղ եմ մի զույգը նրան տալ, քանի որ դրսում սառնամանիք է և այսօր էլ տոն է:

- Դե ինչ, թող քո կամքով լինի,- համաձայնեց հայրը:

Կոշիկները տղային տվեցին և նա, ուրախությունից շողալով, տուն գնաց:

Որոշ ժամանակ անց, երբ կոշկակարի որդին, կրկին պատուհանի մոտ նստած, Փրկչին էր սպասում, տան մոտով անցնող մուրացկանն ասաց.

- Բարի մարդիկ, վաղը Սուրբ Ծնունդ է, իսկ ես արդեն երեք օր է ոչինչ չեմ կերել, հանուն Քրիստոսի ուտելու մի բան տվեք ինձ:

- Ներս արի՛, պապի՛կ,- կանչեց փոքրիկ տղան,- Աստված քեզ առողջություն տա:

Հայր ու որդի կերակրեցին ծերունուն և նա գոհությամբ հեռացավ նրանցից:

Իսկ տղան դեռևս Քրիստոսին էր սպասում ու արդեն սկսել էր անհանգստանալ: Մթնեց, փողոցի լապտերները վառվեցին, քամին սաստկացավ: Եվ հանկարծ տղան բղավեց.

- Հայրի՛կ, այնտեղ, լապտերի տակ մի կին է կանգնած, գրկին էլ մի փոքրիկ: Տե՛ս, թե ինչպես են մրսում:

Դուրս վազեց տղան ու կնոջն իրենց տուն բերեց: Կերակրեցին նրանց ու տղան ասաց.

- Այս սառնամանիքին ո՞ւր պիտի գնան, դրսում ձնաբուք է: Թող նրանք մեզ մոտ գիշերեն, հայրի՛կ:

- Ախր որտե՞ղ պիտի քնեն,- հարցրեց կոշկակարը:

- Դու բազմոցին կքնես, ես՝ սնդուկի վրա, իսկ նրանք՝ մեր մահճակալին:

- Լա՛վ, թող այդպես լինի:

Վերջապես բոլորը քնեցին և տղան երազում տեսավ, որ Փրկիչը վերջապես իրենց տուն եկավ ու իրեն քնքշորեն ասաց.

- Սիրելի՛ զավակ, ողջ կյանքդ երջանիկ եղի՛ր:

- Տե՛ր, իսկ ես քեզ ցերեկն էի սպասում,- զարմացավ տղան:

Իսկ Տեր ասաց.

- Ես էլ երեք անգամ քեզ մոտ եկա, թանկագի՛նս, և երեք անգամն էլ ընդունեցիր ինձ, այնպես ընդունեցիր, որ ավելի լավ չի լինում:

- Բայց ե՞րբ, Տե՛ր: Ես չեմ իմացել:

- Չես իմացել և միևնույն է ընդունել ես: Առաջին անգամ ոչ թե այն փոքրիկին խուլիգաններից փրկեցիր, այլ ինձ: Ինչպես ես ժամանակին չար մարդկանց կողմից ծեծի ու ծաղրի արժանացա, այնպես էլ այն փոքրիկը… Շնորհակալություն քեզ, հարազա՛տս:

- Իսկ երկրորդ անգամ ե՞րբ եկար, Տե՛ր,- հարցրեց տղան:

- Իսկ երկրորդ անգամ ոչ թե մուրացկանը ձեզ մոտ եկավ, այլ ես: Եվ դուք հորդ հետ փշրանքները կերաք, իսկ ինձ տոնական կարկանդակը տվեցիք:

- Իսկ երրո՞րդ անգամ: Միգուցե գոնե երրորդ անգամ ես ճանաչեցի քեզ:

- Իսկ երրորդ անգամ մորս հետ նույնիսկ գիշերեցի քեզ մոտ: Մի ժամանակ մենք ստիպված եղանք Հերովդեսի պատճառով Եգիպտոս փախչել: Եվ դու գտար լապտերի մոտ կանգնած մորս, ինչպես անապատում արմավենու տակ, և քո հարկի տակ տարար: Հավիտյանս երջանիկ եղիր, թանկագի՛նս:

Առավոտյան արթնացավ տղան ու տեսավ, որ տանն արդեն ոչ-ոք չկա: Իսկ անկյունում այն կոշիկներն են, որ երեկ փոքրիկ տղային էր տվել, իսկ սեղանին՝ մուրացկանին տված կարկանդակը: Իսկ սրտում այնպիսի անպատմելի ուրախություն էր, որ երբևէ չէր ունեցել:

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի  

01.04.22
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․