Գրքեր

Սուրբծննդյան պահք. «Ապաշխարությունն առանց պահքի անհնար է և անպտուղ»

Քրիստոնեության վաղ շրջանում քրիստոնյաները Սուրբ Ծնունդի տոնից առաջ հիսունօրյա պահեցողության շրջան են անցել, որ կոչվել է Հիսնակ: Այն սկսվել է Սուրբծննդյան տոնին նախորդող հիսուներորդ օրվա մերձավոր երկուշաբթի օրը: Այժմ այս շրջանը բաժանված է երեք շաբաթապահքերի՝ երկշաբաթյա ընդմիջումներով միմյանցից առանձնացված: Շաբաթապահքերից առաջինն սկսվում է հիսնակի՝ Սուրբ Ծնունդին նախորդող հիսուներորդ օրվա մերձավոր երկուշաբթի օրը: Երկրորդ ու երրորդ շաբաթապահքերը նախորդում են Սուրբ Հակոբ Մծբնեցի հայրապետի և Սուրբծննդյան տոներին: Դրանք տևում են մեկ շաբաթ: Սուրբծննդյան տոնի շաբաթապահքը սկսվում է դեկտեմբերի 30-ին:  

Որոշ մարդիկ պահքն ընկալում են միայն հոգևոր առումով և մարմնի պահքը համարում են ոչ անհրաժեշտ՝ մեջբերելով Քրիստոսի հետևյալ խոսքերը. «Չե՞ք իմանում, թե ինչ որ դրսից մարդու մեջ է մտնում, չի կարող նրան պղծել, որովհետև ոչ թե նրա սիրտն է մտնում, այլ նրա ստամոքսը և ապա դուրս ելնում՝ մաքրելով բոլոր կերածները: Ընդհակառակը, ինչ որ մարդուց դուրս է ելնում, ա՛յն է պղծում մարդուն, որովհետև մարդու ներսից, այսինքն՝ սրտից են ելնում չար մտածումները՝ շնություն, պոռնկություն, գողություն, սպանություն, ագահություն, չարություն, նենգություն, գիջություն, չար նախանձ, հայհոյություն, ամբարտավանություն, անզգամություն: Այս բոլոր չար բաներն են, որ մարդու ներսից ելնելով՝ պղծում են նրան» (Մարկ. 7:19-23): Այս ամենից զատ նաև հետևյալ արդարացումներն են առաջ բերում՝ ինչո՞ւ զուր տեղը պահքի ուտեստներից հյուծվել,  առանց պահքի էլ հնարավոր է հեռու մնալ գայթակղություններից և բացի այդ այն կարելի է փոխարինել ողորմածությամբ ու աղոթքով: Նման կերպ դատողները հիշեցնում են այն հիվանդին, ով իրեն դեղ առաջարկողին ասում է. «Ինչո՞ւ ընդունեմ այս դեղը, ինձ ոչ թե դեղ է անհրաժեշտ, այլ առողջանալ»: Հիվանդը մոռանում է, որ դեղը տրվում է իրեն առողջանալու համար: Այդպես և պահքը ոչ թե ինքն իրենով նշանակություն ունի, այլ հոգևոր առողջություն ձեռք բերելու միջոց է: Եկեղեցու հայրերից Ս. Բարսեղ Մեծն ասել է. «Ապաշխարությունն առանց պահքի անհնար է և անպտուղ, արտասվալից զղջմանը պետք է միավորվի պահքը»:

Բոլոր մարդիկ ունեն մեկ ընդհանուր և մեծ ցավ, բոլորը կրել են մեծ և ոչ մի բանի հետ չհամեմատվող կորուստ՝ դրախտային երանելի կյանքը, և բոլորի առջև դրված է բոլոր գործերից մեծագույնը՝ վերադարձնելու կորցրածը և վերականգնելու իրենց մեջ Աստծու պատկերն ու նմանությունը: Այս մասին հիշեցնելու, մեղսալից կյանքից հեռու պահելու և գործած մեղքերի համար զղջման ու ապաշխարության հորդորելու նպատակով է եկեղեցին սահմանել պահքի օրերը: Մարդկանց համար պահքը ծանր է և ոչ հաճելի, քանի որ նրանց հայտնի չեն մեղքի հետևանքները, և նրանք չեն ցանկանում ցավ ապրել իրենց գործած մեղքերի համար, որովհետև նրանց սիրտը ծարավ է հաճույքների: «Ինչպես հնարավոր չէ, որ կրակը վառվի ջրի մեջ, այնպես էլ հնարավոր չի մեղքերը հաղթահարել աշխարհիկ հաճույքների մեջ»,- ասել է Ս. Հովհան Ոսկեբերանը: Պահքն անհրաժեշտ է իրական զղջման համար, երբ հոգին ցավ է ապրում գործած մեղքերի համար, այդ ժամանակ մոռանում է կարծեցյալ մարմնական ուրախություններն ու հաճույքները:

Թե որքան մեծ ազդեցություն ունի սնունդը հոգևոր կյանքի և աշխատանքի համար, մարդ կարող է իր սեփական փորձից տեսնել: Եթե որևէ մեկը փորձի հագեցած ճաշից հետո զբաղվել մտային լուրջ աշխատանքով, ապա կտեսնի, թե որքան դժվար է, իսկ աղոթելը՝ առավել ևս: Այդ վիճակում մարդը չի կարող խորհել նաև երկնայինի և հավիտենության մասին, այդ պատճառով անհրաժեշտ է մարմնական թեթևություն: Պատահական չէ, որ մարդիկ աղոթում են առավոտյան կամ երեկոյան: Նա, ով չի կարողանում հրաժարվել ինչ-որ ուտելիքից կամ խմիչքից, այդպիսի մեկը թույլ է, չունի հոգևոր ուժ և չի կարող կառավարել իր զգացումները, այլ դրանք են կառավարում իրեն: Այդպիսի կամքով մարդ չի կարող հաղթահարել ոչ մի մեղք: Երբ մարդ իրեն զրկում է որոշ ուտելիքից և խմիչքից, ձեռք է բերում բարոյական ամրություն: Պահքի ժամանակ սննդի փոփոխությունը հնարավորություն է տալիս մարդուն վարժեցնել իր կամքը ցանկությունների ու կրքերի դեմ պայքարում և հաղթահարել դրանք, ինչն էլ կոփում է նրան, դարձնում քաջ, դիմացկուն, օգնում ցանկություններից ավելի վեր լինել և ոչ թե դրանց գերին:   

Դարեր շարունակ սրբության ձգտող անձանց համար ժուժկալությունն ու պահքը եղել են կենսակերպ: Ինքը՝ Քրիստոս, քառասուն օր ծոմ պահեց: Սրբերը պահեցողությամբ հորդորում էին մարդկանց չանտեսել հոգին, այլ խնամել ու սնել այն Սուրբ Գրքի ընթերցանությամբ, պահեցողությամբ, աղոթքով և բարեգործությամբ: Ցավալիորեն մարդիկ ավելի քիչ ժամանակ են տրամադրում Աստծուն, քան իրենց որովայնին: Եթե հողագործը ժամանակին չաշխատի, ապա ժամանակին չի լինի ո՛չ ցորենը և ո՛չ էլ հացը: Երբ մարդն ուշացնում է իր ներքին մարդու հանդեպ ուշադրությունն ու հոգածությունը, ապա մնում է առանց հոգևոր սննդի և հոգու սովի մեջ հայտնվում:

Պահեցողության ընթացքում մարդը, զղջալով և ցավ ապրելով իր գործած մեղքերի համար, ջանում է փոխել իր կյանքը: «Մի ասա ինձ,- ասում է Ս. Հովհան Ոսկեբերանը,- այսքան օրեր պահք եմ պահել, չեմ կերել, գինի չեմ խմել, այլ ասա՝ քո բարկացկոտությունից դարձե՞լ ես ավելի հեզ, ավելի բարյացակամ: Եթե միտքդ լի է չարությամբ, ինչո՞ւ ես մարմինդ հյուծում պահեցողությամբ: Եթե քո ներսում ունես նախանձ և չարություն, ի՞նչ օգուտ նրանից, որ ջուր չես խմում»: Ճշմարիտ պահեցողության մեջ է նա, ով իրեն հեռու է պահում ամեն տեսակի անմաքրությունից, ով սովորել է կառավարել իր աչքերը, որպեսզի նրանք ցանկասիրությամբ չնայեն, ով փակում է իր ականջները դատարկ և գայթակղիչ խոսքերի համար, ով զսպում է իր լեզուն և պահպանում այն դատարկախոսությունից, զրպարտությունից, դատողությունից, հայհոյախոսությունից, ստից, շողոքորթությունից և ամեն տեսակի չարախոսությունից, ով պահպանում է իրեն բարկությունից, չարությունից և վրեժից, ով պահպանում է իր ձեռքերը գողությունից և ուրիշի ունեցվածքը ցանկանալուց: Շատերը պահք են պահում մարմնով, բայց ոչ հոգով: Իրական պահքն ամեն չարիքից անձը պահպանելն է: Մի օր մի ծեր հոգևորականի մոտ այցի է գալիս մի տարեց կին, որ համայնքում հայտնի էր իր լեզվանիությամբ, սկսում է հարցնել հոգևորականին, թե ինչ ուտի պահքի ժամանակ: Նա նայում է նրան ժպտալով և ասում՝ ավելի լավ է մարդկանց «չուտես»:

Աներկբայելի է պահքի արժեքն ու օգտակարությունը, այս մասին Ս. Բարսեղ Մեծն ասել է. «Որքան վերցնում ես մարմնից, այնքան տալիս ես հոգուն, որպեսզի այն փայլի հոգևոր առողջությամբ, քանի որ ոչ թե մարմնական, այլ հոգու ուժերով և համբերությամբ ենք հաղթանակ տանում գայթակղությունների և անտեսանելի թշնամիների դեմ: Ավելի քիչ են վտանգները նրանից, ով փախել է կռվի դաշտից, քան նրանից, ով թողել է մեծագույն զենքը՝ պահքը: Ընդունե՛ք պահքը աղքատներ՝ որպես ձեզ բնակակից և սեղանակից, ընդունե՛ք այն ստրուկներ՝ որպես ձեր անդադար աշխատանքի դիմաց հանգստություն, ընդունե՛ք այն հարուստներ, այն կփրկի ձեզ ամեն վտանգից, ընդունե՛ք այն հիվանդներ, այն առողջության մայրն է, ընդունե՛ք այն առողջներ, այն ձեր մարմնի ամրության պաշտպանն է: Պահքի հետ իրենց վաղեմի ծանոթությամբ ծերերը թեթևացնում են իրենց աշխատանքը, ճամփորդի համար պահքը շահավետ ընկերակից է: Այսպիսով պահքի օգտակարությունը բաց է բոլորի համար, այն պատշաճ է ամենուր՝ տանը, քաղաքում, անապատում, ցերեկը և գիշերը: Այսպիսով ուրախությամբ ընդունենք պահքը, որ շատ դեպքերում մեզ բարիք է բերում»:

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

31.12.21
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․