19 Մարտ, Գշ, Մեծ պահքի ԼԷ օր

Գրքեր

Տեառնընդառաջի ծիսական կարգը և խորհուրդը

Փետրվարի 13-ի երեկոյան ժամերգությունը տարբերվում է մյուս օրերի ժամերգություններից: Այս օրը երեկոյան Տեառնընդառաջի նախատոնակն է կատարվում, կարծես Լույսի տոնախմբություն լինի:

Ճշմարիտ Լույսի՝ Քրիստոսի մասին վկայեց Սիմեոն ծերունին, երբ քառասունօրյա Մանկանը գրկած Աստծուց գոհացավ՝ ասելով, որ իր աչքերը տեսան Փրկչին, որ որպես լույս լուսավորելու է հեթանոսներին և լինելու է փառքը Իսրայելի ժողովրդի: «Ճշմարիտ Լույսը, աշխարհ գալով, լուսավորում է ամբողջ մարդկությանը» (Հովհաննես 1:9) և այդ ճշմարիտ Լույսի մեծ ցանկությունն է, որ բոլորն Իր Լույսն ընդունելով, դառնան աշխարհի լույսը՝ ազատվելով մեղքի խավարից:

Երգվում է «Լույս զուարթ» շարականը, հոգևորականները և ժամերգության յուրաքանչյուր մասնակից իրենց ձեռքին ունեն օրհնված մոմեր: Նախատոնակին բոլորն ունկնդիր են լինում քառասնօրյա Մանուկ Հիսուսի տաճարին ընծայվելու ավետարանական պատմությանը: Ապա Անդաստանի արարողությամբ օրհնվում են աշխարհի չորս կողմերը՝ խորհրդանշելով ձմռան ավարտը և գարնան սկիզբը: Բնության հետ միասին այն կարծես մարդկանց սրտերը վերանորոգության է հրավիրում ապաշխարության միջոցով:

Լույսի այդ տոնախմբությանը յուրաքանչյուր մասնակից բաժնեկից է դառնում այդ Լույսին, որպեսզի նրանով լուսավորի նաև իր տոնը:

Տեառնընդառաջի խարույկը

Հնավանդ սովորության համաձայն՝ եկեղեցիների բակում կրակ է վառվում: Խարույկ վառելը և նրա շուրջ պտտվելը կամ վրայից թռչելը ծիսական որևէ նշանակություն չունի, այլ ժողովրդական ավանդույթներից է:

Դեռևս հնում հեթանոս շատ ժողովուրդներ իրենց կրոններում կրակի պաշտամունքին մեծ տեղ են հատկացրել՝ վերագրելով նրան մաքրող և սրբագործող զորություն:

Փետրվարի 13-ին եկեղեցու բակում վառված խարույկից, իրենց խարույկներն են վառում շատերը, որի վրայից թռչում են նորապսակները, ապա նրանց հարազատները, հարևանները և այլն: Համարվում էր, որ կրակի վրայից թռչելը հեռու է պահում հիվանդություններից, անհաջողություններից և ամեն վատ բաներից:

Սակայն Տեառընդառաջի տոնի խարույկն այլ իմաստ ու խորհուրդ ունի: «Տոնացույցը» հրահանգում է գուշակություններ չանել՝ կրակի շուրջ պտտվելով: Սբ. Գրիգոր Տաթևացին այսպես է բացատրում կրակ վառելու իմաստը. «Ինչպես Տիրոջը տաճարին ընծայելու ժամանակ ժողովուրդը ջահերով և կանթեղներով ելավ Նրան ընդառաջ, մենք էլ նույն օրինակով կրակ ու ջահ ենք վառում և Տիրոջ գալստյան նախատոնակը կատարում: Հեթանոսներն Աստծո պատիվը կրակին էին մատուցում, իսկ մենք կրակը, որպես Քրիստոսի ծառա, բերում ենք Նրան ծառայեցնելու»: Եվ ինչպես եբրայեցի մանուկները ծառի ոստերը Քրիստոսին ընծայեցին, նույնպես և քրիստոնյաները կրակն են ընծայում Աստծուն:

Հուրը, կրակը, Աստվածաշնչի համաձայն, ունի նախ՝ փորձիչ նշանակություն, ինչպես երևում է Դանիելի մարգարեության մեջ Սեդրակի, Միսաքի ու Աբեդնագովի՝ կրակից անվնաս դուրս գալու պատմությունից, քանի որ վերջիններս անսահմանորեն հավատում էին Աստծուն ու ապավինում Նրան և Աստված նրանց հետ էր (Դանիել 3:8-94):

Երկրորդ՝ հուրն ունի կործանող ու պատժող նշանակություն, ինչպես, օրինակ, Եղիա մարգարեն երկնքից երկու անգամ կրակ վայր բերեց և ոչնչացրեց իրեն ձերբակալելու եկած զինվորներին (Դ Թագավորություններ 1:1-11): Նաև մարգարեությունների և Նոր Կտակարանի համաձայն՝ աշխարհի վերջում դատաստանը կատարվելու է կրակի միջոցով:

Երրորդ՝ կրակն ունի նաև մաքրագործող ու զորացնող նշանակություն: Այն դիտվում է որպես Սբ. Հոգուն ուղեկցող հատկություն և Աստծո ներկայության նշանակ է: Եվ Տեառնընդառաջի

կրակը Հայ եկեղեցու ծիսակարգ է ներմուծվել՝ հավանաբար նկատի առնելով նաև կրակի՝ աստվածաշնչյան այս խորհրդածությունները:

Իսկ խարույկ վառելու, վրայից թռչելու կամ շուրջը պտտվելու սովորույթը խորհրդանշում է, որ եթե հեթանոսները կրակը որպես աստված էին պաշտում, ապա քրիստոնյաները կրակը՝ որպես Աստծո ստեղծագործություն, Աստծուն են մատուցում, Ով եկավ «երկրի վրա կրակ գցելու» (Ղուկաս 12:49): Եթե հեթանոսներն Աստծո պատիվը կրակին էին տալիս, ապա քրիստոնյաները կրակը՝ որպես Քրիստոսի ծառա, բերում են Նրան ծառայեցնելու: Կրակի վրայից թռչելով՝ ոտնակոխ է արվում այն, ցույց տալով, որ այն Աստված չէ, այլ Նա է Աստված, Ով քառասուն օրական եկավ տաճար և երկրորդ անգամ է գալու աշխարհ: Այդ ժամանակ կրակը Նրա առջևից է գնալու:

Իսկ ժողովրդի սովորությունը, որ օրհնված մոմեր են բաժանում, իմաստուն կույսերի յուղի խորհուրդն ունի:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ Տեառնընդառաջի տոնի օրը՝ փետրվարի 14-ը, հռչակվել է նորապսակների օրհնության օր: Օրհնության նպատակն այն է, որ նորապսակները, մեկ անգամ ևս ստանալով Աստծո օրհնությունը, քաջ գիտակցեն իրենց դժվար, բայց քաղցր պարտականությունները և կյանքի բոլոր օրերում լինեն միմյանց սիրող ու հարգող զույգեր:

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

13.02.24
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․