Գրքեր

Տերողորմյան գործիք է սատանայի դեմ

- Հա՛յր, տերողորմյայի նշանակությունը ո՞րն է:

- Տերողորմյան ժառանգություն է, օրհնություն, որ մեզ են ավանդել սուրբ հայրերը: Հենց միայն դրա համար դրանք մեծ նշանակություն ունեն: Պատահում է, որ պապը թոռանն ինչ-որ չնչին բան է ժառանգություն թողնում, սակայն դա նրա համար թալիսմանի պես մի բան է: Էլ ի՞նչ ասես տերողորմյայի մասին, որ մեր սուրբ հայերից ենք ժառանգել:

Առաջ, երբ դեռ ժամացույց չկար, վանականներն աղոթքի ժամը տերողորմյայով էին հաշվում, բայց դրա հատիկները հասարակ էին: Այն ժամանակներում մի մենակյաց էր ապրում, որը ջանասիրաբար ճգնում էր, բազմաթիվ երկրպագություններ էր անում և այլն, իսկ դևը բռնում ու տերողորմյայի հյուսքն արձակում էր: Խեղճ վանականը ուժասպառվելու աստիճանի երկրպագություններ էր անում, որովհետև չէր կարողանում հատիկները հաշվել, չէ՞ որ դևը դրանք անընդհատ արձակում էր: Այդժամ Տիրոջ հրեշտակը հայտնվում է նրան ու սովորեցնում, թե համրոցն ինչպես գործել, որպեսզի ամեն հատիկի մեջ ինը խաչ լինի: Իսկ դևը չէր կարողանում դրանք արձակել, քանի որ դողում էր խաչից: Այդ է պատճառը, որ համրոցի յուրաքանչյուր հատիկ ինը խաչ ունի, որ հրեշտակային ինը դասերն է խորհրդանշում:

- Հա՛յր, իսկ ի՞նչ են նշանակում տերողորմյայի երեսուներեք, հիսուն, հարյուր երեսուն հատիկները:

- Միայն երեսուներեք թիվն է խորհրդանշական՝ արտահայտում է Քրիստոսի երկրային կյանքի երեսուներեք տարին: Մյուս թվերն ուղղակի մեզ օգնում են հաշվել աղոթքների կամ երկրպագությունների քանակը:

Այնպիսի շարժիչներ կան, որոնք գործի գցելու համար ծայրին բռնակով պարան է գործածվում, որպեսզի, երբ ուզում ես շարժիչը գործի գցել, բռնում ես պարանն ու մի քանի անգամ ուժեղ քաշում, մինչև որ սառած յուղը տաքանա: Այդպես էլ տերողորմյան այն պարանն է, որը ձգում ենք մեկ, երկու, հինգ, տասն անգամ և յուղը տաքանալով՝ հարատև աղոթքի հոգևոր շարժիչն աշխատում է, որից հետո սիրտն ինքն է սկսում աղոթքի մեջ աշխատել: Իսկ եթե նույնիսկ սիրտն արդեն գործում է աղոթքի մեջ, մենք տերողորմյան չենք թողնում, որպեսզի այլոց համար գայթակղություն չլինենք, որոնց սիրտը դեռ չի սկսել գործել:

- Հա՛յր, երբ տերողորմյան ձեռքումս մեխանիկորեն աղոթում եմ, միգուցե մարդահաճության վտա՞նգ կա:

- Եթե մարդահաճությունից դրդված ես տերողորմյայի հատիկներն այս ու այն կողմ տանում, ապա եթե անգամ մատներիդ կաշին էլ դուրս գա, միևնույն է, ոչ մի օգուտ չի լինի, միայն հոգնածություն ու պատրանք, որ իբր մտքի աղոթքով ես զբաղվում:

- Հա՛յր, ոչ մի կերպ չեմ սովորում տերողորմյան ձեռքումս պահելուն:

- Տերողորմյան ձեռքումդ պահիր, որպեսզի չմոռանաս աղոթքի մասին, որը պետք է ներքուստ՝ սրտումդ անես: Եվ երբ խցից դուրս ես գալիս, հիշի՛ր, որ թշնամին պատրաստ է հարձակման: Ուստի մտապահի՛ր, որ լավ զինվորը, խրամատից դուրս գալիս, ավտոմատը միշտ ձեռքում է պահում: Տերողորմյան մեծ զորություն ունի, այն վանականի զենքն է, իսկ հատիկները՝ փամփուշտներն են, որ խոցում են դևերին:

 

Պաիսիոս Աթոսացի

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

25.04.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․