Գրքեր

«Տիրոջով թող ուրախանան մեր սրտերը»

Աստված սեր է և Նրա սիրառատ բնությունը սիրով արարեց Իր արարածներին՝  պարգևելով նրանց հոգևոր շնորհներ ու պարգևներ: Մարդն ապրում է նորովի, երբ միավորված է սիրո և կյանքի Աղբյուրին, երբ սիրով գործածում է Աստծո պարգևածը՝ վստահ լինելով, որ հակառակ պարագայում կկորցնի սիրո պարգևները: Նա նաև վստահ է, որ առանց Արարչին սիրելու՝ արարածին սիրելն անկատար է: Այդ պատճառով յուրաքանչյուր օրը Աստծո ներկայության մեջ ապրելը, Նրան և մարդկանց ծառայելը իրական երջանկություն է մարդ արարածի համար: «Տիրոջով թող ուրախանան մեր սրտերը, և մենք Նրա սուրբ անվան վրա հույս դնենք»,- ասում է սաղմոսերգուն (Սաղմոս 32:21):

Իրական երջանկությանը հասնելու լավագույն նախադրյալներից են այն սոցիալական ծրագրերը, որ իրագործվում են եկեղեցական համայնքների կյանքից ներս: Եվ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը և արտերկրում բնակվող հավատավոր մեր հայրենակիցները, սոցիալական ծրագրերի շրջանակներում, այդ երջանկությունն ապրելու առիթներ են ունենում: Նոյեմբերի 27-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Խազալ Շաբաբյանին (36 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանի ընտանիքը: Շաբաբյան ընտանիքը վարձակալությամբ բնակվում է Էջմիածին քաղաքի Մաշտոց 12/45 հասցեում: Մեկ տարի է, ինչ մահացել է Խազալի ամուսինը, և նա իր երկու անչափահաս զավակների հետ ավելի դժվար կացության մեջ է հայտնվել: «Այս վերջին շրջանում վեցամյա տղաս երկու անգամ վիրահատվեց, երկու ամիս առաջ ես վիրահատվեցի և առայժմ չեմ կարող աշխատել, իսկ մեզ հատկացվող ընտանեկան նպաստը չի բավարարում, որ հոգանք մեր նվազագույն կարիքները: Շատ անգամ երեխայիս դասարանի ծնողներն են օգնության ձեռք մեկնում: Այժմ էլ վառելիք տրամադրելու խնդրանքով դիմել եմ քաղաքապետարան, որովհետև ներկա պահին ինչ-ինչ խնդիրների պատճառով մեր բնակարանի գազն անջատել են, բացի այդ նաև ջուր չունենք և ստիպված եմ լինում հարևանի տանից ջուր բերել»,- ասաց Խազալը: Շաբաբյան ընտանիքի մայրը զգացված էր այն ուշադության և հոգածության համար, որ ցուցաբերեցին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցին և աջակից անձիք իր ընտանիքի հանդեպ:

 

Կարինե Սուգիկյան

27.11.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․