Գրքեր

Թող որ ուրիշի ցավը քոնը դառնա

- Հա՛յր, մի անգամ ասացիք, որ «աղոթական բրիգադ» ենք կազմելու: Այդ ե՞րբ է լինելու:

- Ձեզնից է կախված… Հաջորդ անգամ կտեսնենք ձեր աստիճանն ու ըստ այդմ… հոգևոր «աղոթական բրիգադ» կկազմենք: Եթե աղոթքը կարեկցանքով արվի, գիտե՞ք, թե ինչպիսի զորություն կունենա: Դուք կաղոթեք աշխարհի կարիքների համար, և այն մարդիկ, որ այդ պահին Աստծուց օգնություն կխնդրեն և ձեզ հետ նույն հաճախության վրա կգտնվեն, Նրանից օգնություն կստանան: Ես զգում եմ այն հոգիներին, որ աղոթում են. ասես ուժերի շարժում լինի նրանց աղոթքը: Ես հաճախ գիտեմ, թե որևէ հիվանդ որ ժամին է աղոթում և օգնություն ստանում:

- Հա՛յր, իսկ այն մարդիկ, որոնց համար աղոթում եք, դա զգո՞ւմ են:

- Այո, զգում են, որ «երկրաշարժ» եմ անում նրանց մոտ և ցնցվում են: Երբ աղոթքը կարեկցանքով է արվում, անգամ անծանոթ մարդիկ են դա զգում:

- Հա՛յր, այլոց համար արված աղոթքը հատկապես ե՞րբ է ընդունելի Աստծուն:

- Երբ մենք այն զգում ենք: Իսկ այն զգում ենք, երբ մեզ ուրիշների տեղն ենք դնում: Եթե մեզ հիվանդների ու ննջեցյալների տեղը դնենք, ապա դա մեզ կօգնի կարեկցանքով աղոթել. կարեկցանքը սիրտն է մտնում, և մեր աղոթքը դառնում է սրտի աղոթք:

- Հա՛յր, երբ խեղդվում եմ մտքերի հորձանուտում, չեմ կարողանում աղոթել:

- Ինչո՞ւ ես այդպես կապվել ինքդ քեզ, աղջի՛կս, և գոնե մի փոքր չես մտածում այն մարդկանց մասին, որոնք տառապում են: Գիտե՞ս, թե քանի փլուզված ընտանիքներ կան, քանի երեխա է փողոց նետվում և մանկատներում ապրում առանց մայրական քնքշանքի: Գիտե՞ս, թե որքա՜ն մարդ է հենց այս պահին գոչում. «Օգնեցե՜ք», և կողքին մեկը չկա, որ օգնի: Գիտե՞ս, թե քանի՜-քանիսն են խեղդվում ծովում, քանիսն են ինքնասապան լինում, քանիսն են տառապում: Վանականների աղոթքի կարիք ունեցող այնքա՜ն մարդ կա, իսկ մենք թանկագին ժամանակը վատնում ենք անբովանդակ մտքերի կամ մանկական նվնվոցի վրա, և անգամ մեր հոգևոր ուղիղ պարտականությունները ինչպես հարկն է չենք կատարում: Տե՛ս, դադարի՛ր միայն ինքդ քեզնով զբաղվելուց, թող որ ուրիշի ցավը քոնը դառնա: Դու այդպիսով և՛ խաղաղություն ձեռք կբերես, և՛ Աստծուց վարձք կունենաս, և՛ այլոց կօգնես: Երբ ես ապրում էի Փիլոթեու մենաստանում, որն այն ժամանակ առանձնակեցական էր, մի գիշեր իմ խցում աղոթելիս զգացի, որ ինչ-որ բանի կարիք ունեցող մի մարդ եկավ մենաստան: Մի աղքատ մարդ էր, որը նաև դիվահար էր: Վանքի դարպասները մայրամուտի հետ փակվում էին և բացվում միայն հաջորդ օրն առավոտյան: «Ի՞նչ անել,- մտածեցի ես:- Պետք է նրան գոնե ուտելու որևէ բան տալ, որ մարդը մինչ առավոտ սոված չմնա»: Այդ պահին մի միտք ծնվեց գլխումս: Գնացի, ինչ-որ մթերքներ վերցրի*, դրեցի զամբյուղի մեջ, պարանով կապեցի և իմ խցի այն պատուհանից ցած իջեցրի, որը դուրս էր նայում: Ես այնպիսի վիճակում էի, որ հետո չէի կարողանում հանդարտվել: Ողջ գիշեր կարեկցանքով աղոթում էի: «Տե՛ր Աստված,- ասում էի,- ես արեցի՝ ինչ կարող էի: Ես արժանի չեմ, որպեսզի Քեզ խնդրեմ, որ օգնես Քո արարածին: Բայց մի՞թե արդարացի է, որ որևէ մեկն իմ պատճառով տառապի»: Առավոտյան, երբ մենաստանի դարպասները բացվեցին, և այդ մարդը ներս մտավ, առողջ էր: Մտավ եկեղեցի և փառք տվեց Աստծուն: Բարեգութ Աստված խղճացել էր նրան և ազատել դևից:

- Երբ աղոթում ես որևէ տառապյալի մասին, միտքդ Քրիստոսի՞ն է ուղղվում, հա՛յր, թե՞ այդ մարդու տառապանքներին:

- Մի՞թե օգնությունը Քրիստոսից չես խնդրում: [Միտքդ] սկիզբ է առնում մարդկային տառապանքներից, բայց վերադառնում է Քրիստոսին:

- Հա՛յր, երբ ստումս անզգայություն է, զանազան դժվարություններ եմ մտաբերում, որ ունեցել եմ, և Աստծուն խնդրում եմ, որպեսզի օգնի այն մարդկանց, որոնք նման դժվարությունների մեջ են:

- Լա՛վ է: Եթե դա քեզ օգնում է, որպեսզի ավելի լավ հասկանաս մեկ ուրիշին և ապրումակցես նրան, ապա այդպես էլ արա: «Տե՛ր Աստված,- ասա՛,- ինչպես ինձ ես բարիքներ պատճառել, այնպես էլ իմ եղբորն օգնիր, որն ինձնից լավն է»:

- Հա՛յր, միգուցե սխա՞լ եմ աղոթում, երբ որևէ մարդու փրկության համար աղոթելիս միևնույն ժամանակ Աստծուն խնդրում եմ, որպեսզի տառապանքները հեռացնի նրանից:

- Ո՛չ, թանկագինս, դրանում էլ կարեկցանք կա: Աստծուն հաճելի է, որ աղոթող մարդը սիրում է իր մերձավորին, բայց Աստված անում է այն, ինչը հոգու համար է օգտակար:

 

* Հայր Պաիսիոսը որոշ ժամանակ Փիլոթեու մենաստանում մթերքների ընդունման, պահպանման և բաշխման պատասխանատուն էր:

 

Պաիսիոս Աթոսացի

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

 

19.11.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․