Գրքեր

Տոն Կաթողիկե Սուրբ Էջմիածնի

Խնդրեցէ՛ք զիմաստութիւն, զի ապրեսջիք:

Իմաստություն փնտրեցե՛ք, և դուք կփրկվեք (Առակներ 9:6):

Սիրելի՛ քույրեր և եղբայրներ ի Հիսուս Քրիստոս.

Այսօր տոնում ենք Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը: Երեկ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում էր Սուրբ Գրիգոր Լուսավորչի ելքը վիրապից: Այս շաբաթ, որ հայտնի է Արարատյան շաբաթ անվամբ, նշվեցին նաև Սուրբ Հռիփսիմյանց և Գայանյանց տոները ևս: Սուրբ Գրիգոր Լուսավորչի տեսիլքով և նախաձեռնությամբ  կառուցվեցին Սուրբ Էջմիածնի եկեղեցիները: Տիրոջ մուրճի հարվածով Սուրբ Հայրապետին ցույց տրվեց Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տեղը:

Մենք ուրախ ենք, որ մեր փոքրիկ հայրենիքում Սուրբ Էջմիածին ունենք, որ հայ ժողովրդի հոգևոր կենտրոնն է: Նա կանգուն է որպես մեր բոլորի հոգու փրկության փարոս, որպես մեր ժողովրդի հոգևոր ծնող, մեր բոլորի մայրը: Հայ ժողովրդին ուղեկցող հավերժական դպրոց է, որից անվերջ սովորելու բաներ ունենք: Նա այն լեռն է, որտեղ Քրիստոս քարոզեց իր ժամանակի մարդկանց, ցույց տվեց Երկնային Արքայություն տանող ճանապարհը: Նա մեր Թաբոր լեռն է, որտեղ Հիսուս Քրիստոս ցույց տվեց Իր Աստվածային Էությունը: Նոյյան տապանն է հայության, որտեղ մտնելով ապահովվում է մարդկանց փրկությունը կործանումից: Իր զանգերի ղողանջով նա կանչում է մեզ դեպի փրկություն. «Ով ականջ ունի լսելու, թող լսի» (Մատթեոս 13:9):

Մեզանից յուրաքանչյուրի համար կյանքը ճանապարհ է, ընթացք, որի համար ճանապարհներին գիտակ վարորդ-առաջնորդ է հարկավոր: Որքան փորձառու և հմուտ է վարորդը, այնքան ավելի շատ ենք վստահում նրան և ավելի հանգիստ ենք լինում երթևեկելիս: Մեզ համար այդ դարավոր փշոտ ճանապարհի առաջնորդը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն է եղել: Ճանապարհը միշտ էլ փշոտ ու քարքարոտ է եղել, սակայն նրա օգնությամբ հաղթահարվել է և մնացել ետևում: Նրա համար էլ է ճանապարհը դժվար եղել ու բարդ, սակայն ապավինելով մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսին, անցել և չի խորտակվել ալեկոծություններից և առայսօր, փառք Աստծու, կանգուն է և մեր աչքերի առաջ հառնում է որպես անմար լույսի փարոս: Հիսուս Քրիստոս Լեռան քարոզում ասում է. «Մտե՛ք նեղ դռնով. ինչքան լայն է դուռը և ընդարձակ՝ ճանապարհը, որ դեպի կորուստ է տանում, և բազմաթիվ են նրանք, որ մտնում են դրանով: Ինչքա՜ն անձուկ է դուռը և նեղ՝ ճանապարհը, որ տանում է դեպի կյանք, և սակավաթիվ են նրանք, որ գտնում են այն» (Մատթեոս 7:13,14):

Սուրբ Էջմիածնի ներկայությունը մեր կյանքում նշանակալից է: Մենք բոլորս խմբված ենք նրա շուրջը: Այդ համախմբվածությունը մշտապես տվել է իր բարի արդյունքներն ու պտուղները: Ինչպես որ մանանան Աստված երկնքից ուղարկեց անապատում գտնվող հրեաների քաղցը հագեցնելու համար, որը պարունակում էր նրանց համար ամենաանհրաժեշտն ու պիտանին, այդպես էլ դարեր շարունակ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը իր մայրական կաթով կերակրել-սնուցել է իր զավակներին ու հոգացել նրանց մասին: Իսկ նորածնի աճի համար մայրական կաթը Աստծու տնօրինությամբ պարունակում է ամենաօգտակար նյութերը:

Նա մեր ծնողն է: Մերժել ծնողին, ոչ միայն մերժել, այլև անարգել, նշանակում է դնել սեփական դատապարտության կնիքը: Մերժել նրան նշանակում է մերժել հայրական խրատը, նշանակում է, փոքր և անփորձ լինելով, փակ աչքերով գնալ և ընկնել անդունդը: Նշանակում է մոլորվել մեղավոր աշխարհի լաբիրինթոսներում: Եվ վերջապես նշանակում է առանց նավապետի ալեկոծվել կենաց ծովում:

Թվում է, թե կյանքում ամեն ինչ հեշտ է կշռադատել, ճիշտն ու սխալը որոշել: Թվում է, թե հոգևոր առաջնորդության կարիք առհասարակ չկա աշխարհում: Այդպես մտածում են նրանք, ովքեր ցանկանում են ապրել առանց Աստվածաշունչ կարդալու և առանց մեղքերի մասին խորհելու: Չկա մեղք, չկա խղճի խայթ, չկա դատապարտություն: Չկա մեղքի գիտակցում, կա ամենաթողություն: Սակայն նշենք, որ եկեղեցին երբեք չի դատապարտում իր զավակներին, այլ թողություն է տալիս խոստովանողին ու խրատում մեղավոր մարդկանց իբրև ծնող: Ինչպես Նոյի ժամանակներում կամ Սոդոմ-Գոմորում մարդիկ ամբարտավանացել էին և ապրում էին անառակաբարո կյանքով՝ չհավատալով պատժին, այդպես էլ այսօր շատ մարդիկ ձգտում են ապրել ամենաթողության մեջ՝ արհամարհելով Աստծու պատվիրաններով մարդկանց վրա դրված օրհնաբեր և փրկարար սահմանափակումները, որոնք օգնում են հեռու մնալ մեղքերից:  

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ճարտարապետական գեղեցիկ կառույցների միություն չէ, կրոնական կազմակերպություն չէ, պատմական տեսարժան վայր չէ, զբոսաշրջային կենտրոն չէ, այլ մեր բոլորի հոգևոր առաջնորդն է, որը համախմբում է ողջ հայությանը: Մեր հավատքի ծննդավայրն է, մեր հոգին կերտողը, հայրական տունը, մեր խրատատուն, որի հորդորներն ու խրատները մերժելով՝  հեռանում ենք նրանից անառակ որդու նման, մխրճվում աշխարհիկ կյանքի մեղքերի հորձանուտը, մոռանում ենք քրիստոնեական արդար ու մաքուր կենցաղի ու ապրելակերպի մասին և առաջնորդվում «ամեն ինչ կարելի է» ազատության կեղծ սկզբունքով:   

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը եղել է քրիստոնեական սիրո և պատվիրանների փոխանցողը մեզ, դարերի ճամփորդության մեր անդավաճան ուղեկիցը, լուսե փարոսը, որ վեր է հառնել Սուրբ Գայանյանց և Հռիփսիմյանց կույսերի մասունքների և Սուրբ Գրիգոր Լուսավորչի տեսիլքի հիման վրա: Իր ներկայությամբ նա ուսուցիչ է, ուսուցիչ է Աստվածպաշտության, քրիստոնեական զոհաբերության, նվիրվածության ու հավատքի հավատարմության: Մենք տկարանալով այնտեղից ուժ ու զորություն ենք առել և առնում, կանգնում ոտքի՝ ճանապարհը շարունակելու համար, որովհետև նա նաև մեր ժողովրդի անսասան հենասյունն է:

Զավակի ապրումներն ու հույզերը, չենք ասում էլ տառապանքներն ու չարչարանքները, ծնողին ոչ միայն անտարբեր չեն թողնում, այլև կրկնապատիկ ցավ են պատճառում: Զավակի որտեղն էլ ցավի ու վերք ունենա, մոր սիրտն է միշտ ցավում: Հիշենք, թե ինչ ասաց Սիմեոն ծերունին Սուրբ Մարիամ Աստվածածնին Հիսուսի անխուսափելի խաչելության մասին. «Քո հոգու միջով սուր պիտի անցնի» (Ղուկաս 2:31): Սուրբ Էջմիածինը՝ որպես մայր, ապրում է իր ժողովրդի ապրումներով, կրկնապատիկ տառապում նրա համար, իսկ մենք մանկան աչքերով նայում ենք մեր մայր եկեղեցուն՝ գոտեպնդության, ոգեշնչվելու խոսքեր ենք լսում նրանից, որպեսզի շարունակենք մեր ընթացքը: Նրան պահում ենք մեր մտքի և հոգու տեսադաշտում, ուրախանում նրա պայծառությամբ, ապրում ենք նրա աղոթքներով: Նա անդադար աղոթում է մեր բոլորի համար, ինչպես ծնողն է աղոթում իր զավակների բարօրության և բարեկեցության համար: Հետևաբար մենք էլ՝ իբրև նրա զավակները, պարտավոր ենք աղոթել նրա համար, պաշտպանել նրան, հասկանալ նրա անփոխարինելի դերն ու նշանակությունը հայ ժողովրդի կյանքում, որովհետև ուրանալ նրան, նշանակում է ուրանալ ճշմարիտ հավատքն առ Աստված:

Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցի ընդ ձեզ, ընդ ամենեսեանսն. Ամեն:   

 

Տեր Վահան քհն. Առաքելյան

 

06.06.21
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․