Գրքեր

Ուխտի ճանապարհ. նորոգվում ենք և հարստանում

Լսի՛ր ինձ, նախքան ես կդիմեմ քեզ, ո՜վ միակ հզոր.

Փրկի՛ր ինձ, գթա՜, լսի՛ր, ողորմա՜ծ,

Մարդասե՛ր եղիր իմ հանդեպ, ներո՜ղ,

Խնայո՛ղ եղիր, ո՜վ երկայնամիտ,

Պաշպանի՛ր, հզո՜ր, օգնի՛ր, ապավե՜ն,

Ազատի՛ր, կարո՜ղ, կյա՛նք տուր, կենարա՜ր,

Նորոգի՛ր, վսե՜մ, լուսավորի՛ր, վե՜հ:

Ճանապարհին հնչող «Ի խորոց սրտի խոսքն Աստծո հետ» միացել էր ուխտավորի աղոթքին՝ ճանապարհ հարթելով խոհի և զղջման: Անգամ բնությունը իր ոսկեվառ և բազմերանգ գույներով, ժայռերի լուռ սիմֆոնիայով մասնակցում էր այդ աղոթքին՝ լուռ փառաբանելով արարյալների Արարչին:

Հավատքի շենքը վերանորոգելու մեծ ցանկությունն էր, որ վաղ առավոտյան համախմբել էր Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցու համայնքին: Սուրբ Թարգմանչաց տոնի օրը թվով վաթսուն ուխտավորներ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, անցան ուխտի մի ճանապարհ, որ տանում էր դեպի Վայոց Ձորի զարդը՝ Գնդեվանք: Ուխտավորները մասնակցեցին Սուրբ և անմահ Պատարագին՝ հաղորդվելով Քրիստոսի կենարար Մարմնին և Արյանը:

Բազմադարյան վանքի պատմությունը ամեն մի ուխտավորի իր ասելիքն ունի: Ըստ պատմիչ Ստեփանոս Օրբելյանի՝ վանքի Սուրբ Ստեփանոս եկեղեցին կառուցվել է 931-936 թթ.: Մինչ եկեղեցու կառուցումը Սյունաց Սոփիա իշխանուհին եկել է Գնդեվանք ուխտի: Սա վկայում է այն մասին, որ Գնդեվանքը արդեն հայտնի էր, թեև եկեղեցին չկար, բայց վանքը և վանականությունը կար: Ըստ պատմիչի՝ այստեղ շատ ճգնավորներ և միայնակյացներ են եղել, նրանք համեմատվում էին Սինայի անապատի հայրերի հետ և իրենց աղոթական վիճակով առավել բարձր և զորավոր էին, քան նրանք: Գնդեվանքում վանականների առաջնորդն է եղել Հայր Սուփան Գնդունին, ով հայտնի էր իր զորավոր աղոթքներով և բժշկություններով: Վանքը ճգնավոր Սուփան Գնդունու անունով էլ կոչվել է Գնդեվանք: Այս ամենն էր, որ Սոփիա իշխանուհուն բերել էր ուխտի: Գիշերը իշխանուհուն տեսիլքով հայտնվում են նահատակները, որոնք ասում են, որ կընդունեն, եթե իրենց մասունքների վրա եկեղեցի կառուցվի և նվիրվի տեղի ճգնավորներին որպես աղոթատեղի: Սոփիա իշխանուհին, լծվելով այս սրբազան գործին, չորսից հինգ տարում կառուցում է եկեղեցին: Սոփիա իշխանուհին վանքի շինարարության ավարտը նշել է մեծահանդես տոնախմբությամբ և եկեղեցու արևմտյան պատին թողել արձանագրություն. «Վայոց Ձորն անակ մատանի էր, շինեցի սա և որպես ակ դրեցի վրան»: 10-րդ դարում Քրիստափոր վանահոր կողմից կառուցված Գնդեվանքի գավիթը հայ եկեղեցաշինության մեջ համարվում է նախատիպը, ի տարբերություն մյուս գավիթների, որ կառուցվել են 13-րդ դարից սկսյալ: Սյունաց Սոփիա իշխանուհին վանքի առաջնորդ է նշանակել Սարգիս քահանային, իսկ շինարարության ղեկավար՝ նկարիչ Եղիշե երեցին, ով եկեղեցին զարդարել է որմնանկարներով, որոնցից պահպանվել է միայն Քրիստոսի պատկերով մի փոքր հատված՝ խորանի պատին: Եկեղեցու հյուսիսային ավանդատան՝ Սբ. Աստվածածնի պատկերով որմնանկարը համարվում է ուշ միջնադարի հայկական կերպարվեստի լավագույն ստեղծագործություններից մեկը: Եկեղեցու ներսում առագաստների վրա, կան չորս ավետարանիչների խորհրդանշանների բարձրաքանդակներ:

Հարուստ կենսագրություն ունեցող ահա այս վանքն էր դեպի իրեն բերել Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցու ուխտավորներին: Մոսկվայից միայն երկու շաբաթով Հայաստան ժամանած 78-ամյա տիկին Ջուլյան առաջին անգամ էր Հայաստանում մասնակցում ուխտագնացությանը. «Անչափ ուրախ եմ, որ մասնակցեցի ուխտագնացությանը, իմ այս տպավորություններով անպայման կիսվելու եմ երեխաներիս և թոռներիս հետ»:

Իսկ ուխտավորներից Հասմիկի համար ուխտագնացությունը վերանորոգվելու, հարստանալու ամենալավագույն միջոցն է:

«Ամեն անգամ ուխտի գալով հարստանում եմ, իմաստավորվում է կյանքս: Հավատքն առ Աստված ինձ համար վերացական մի բան չէ, ամեն ինչ մեր կյանքում փոխվում է Աստծով: Ամեն մի ուխտագնացություն քայլ առ քայլ մոտեցնում է Աստծուն»,- ասաց տիկին Սաթենիկը: Նրա համար ուխտագնացությունը միայն ինչ որ ցանկությամբ սրբավայր հասնելը չէ, այլ մարդ և Աստված հարաբերությունը նորոգելը, իմաստավորելը՝ այդ ճանապարհին կարևորելով մարդ և մարդ հարաբերությունը:

Յուրաքանչյուր սրբավայր ուխտավորի աղոթքի և կենդանության կարիքն ունի: Վայոց Ձորի զարմանահրաշ «մատանին» իր թանկարժեք քարով ոչ միայն սպասում է, որ իրենով կզմայլվեն, այլ կվայելեն, կհարստանան և կլուսավորվեն նրանից ցոլացող անվերջանալի լույսով:

Կարինե Սուգիկյան

 

13.10.14
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․