Գրքեր

Վախը գործարքի կամ փոխանակման մի որոշ տեսակ է

- Ավետարանը, պատկերավոր կերպով, իհարկե, ասում է այն անարդար մարդու մասին, որը հայտնվելու է այնտեղ, ուր «լաց և ատամների կրճտում» է (Մտթ․ 8։18, 13։42),- հիշեցրեց հայր Պորֆիրիոսը։- Դա ճիշտ է, որովհետև Աստծուց հեռու ամեն ինչ հենց այդպես է։ Եվ Եկեղեցու սուրբ հայրերից շատերը, որ գրել են սթափության մասին, խոսում են մահվան ու դժոխքի վախի մասին։

Նրանք ասում են․ «Մահվան հարատև հիշողությո՛ւն ունեցիր»։ Եթե խորությամբ մտածես այս խոսքերի վերաբերյալ, ապա դրանք դժոխքի վախ առաջ կբերեն։ Մարդը, փորձելով մեղքից խուսափել, մտորում է դրա շուրջը, որպեսզի հոգին մեղքին հաղթանակի մահվան, դժոխքի ու բանսարկուի ահից։

Ամեն բան իր իմաստը, ժամանակն ու տեղն ունի։ Վախի հասկացությունը լավ է առաջին քայլերի համար։ Այն նորադարձների համար է, նրանց համար, ում մեջ դեռ հին մարդն է ապրում։ Որպեսզի նորադարձը, որը դեռ չի նրբացել, ձեռք չի բերել սրտի նրբազգացություն, պահպանվի չարի հանդեպ վախից։

Եվ վախը պարտադիր է, քանի որ մենք նյութեղեն ու խղճուկ ենք։ Սակայն դա միայն առաջին փուլն է, Աստծու հետ հաղորդակցության ստորին աստիճանը։ Դա գործարքի կամ փոխանակման մի որոշ տեսակ է՝ դրախտը ձեռք բերելու և դժոխքից խուսափելու համար։ Եթե լավ քննես, ապա այն քեզ որոշակի շահադիտություն, որոշակի օգուտ կմատնանշի։ Ինձ դուր չի գալիս նման միջոցը։ Որովհետև գործարք լինում է մարդկային ընկերության մեջ, իսկ աստվածայինում ամեն ինչ այլ կերպ է։

Երբ մարդ առաջադիմում է ու մուտք գործում Աստծու սիրո մեջ, նրա ինչի՞ն է պետք այդ վախը։ Նա ամեն ինչ անում է սիրուց մղված, իսկ դա շատ ավելի գնահատելի է։ Եթե մարդ լավը դառնա Աստծու վախից, այլ ոչ թե սիրուց, ապա դա այնքան էլ արժեքավոր չէ։

 

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

 

09.03.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․