Գրքեր

Վերելակը

Մի քրիստոնյա տեսիլք է տեսնում, թե հրեշտակների կերպարանքով դևեր են մոտենում ու ասում.

- Բարձրացի՛ր առջևդ գտնվող, դեպի ամպերը ձգվող այս ապակե շենքի վերին հարկը և կգտնես այն, ինչ փնտրում ես...

Քրիստոնյան ապակեպատ վերելակով արագորեն ընթանում է դեպի վերին հարկերը, սակայն, հասնելով հսկայական բարձրության, վերելակի պարանը կտրվում է, և այն մեծ արագությամբ սլանում է դեպի ցած: Մարդը օգնություն փնտրող հայացքով նայում է չորս կողմը և տեսնում իր առջև հեռվում լույսի մեջ Հիսուսին: Փրկություն աղերսող հայացքով նայում է Աստծուն, բայց որևէ պատասխան չկա, իսկ վերելակն ավելի մեծ արագություն հավաքելով ներքև է սլանում:

Մահվան, երկյուղի, ցած սլացող վերելակի արագությունը ամբողջովին համակում է մարդուն:

Նա կրկին նայում է Հիսուսին, բայց Հիսուս լուռ է... և քրիստոնյան ասում է.

- Թո՛ղ քո կամքը լինի, եթե կամենում ես, որ այսպես լինի...

Վերելակն արդեն մոտենում է առաջին հարկին, իսկ մարդը` գլուխը խոնարհած, խաղաղությամբ սպասում է...

Սակայն վերելակի ընթացքը սկսում է դանդաղել, այն մի պահ կանգնում է, այնուհետև դանդաղորեն սկսում է վեր բարձրանալ: Մարդը նայում է դեպի լույսը, Հիսուս ժպտում է, իսկ վերելակը շարունակում մեղմորեն վեր բարձրանալ...

Կատարյալ վստահությունն առ Աստված կյանք է և խաղաղություն: Աստված մարդու համար միշտ բարին է կամենում:

 

Հովհաննես Մանուկյան

08.04.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․