Գրքեր

Ընթերցանության անձնական բնույթը*

Ինչ որ ձեզ եմ ա­սում, ա­մեն­քին եմ ա­սում (Մարկ. ԺԳ 37)։

Ո՞ր խոս­քերն են մեզ հա­մար ա­վե­լի թանկ, քան մեր Փրկչի խոս­քե­րը: Եվ ե­թե ոչ այդ, ա­պա ո՞ր խոս­քե­րով կա­րե­լի է լա­վա­գույնս սրբա­գոր­ծել մեր միտքն ու հի­շո­ղությու­նը: Սուրբ Պա­խո­միոսն իր վա­նա­կան­նե­րից պա­հան­ջում էր ան­գիր ի­մա­նալ Սաղ­մո­սա­րանն ու Ա­վե­տա­րան­նե­րը կամ էլ բո­վան­դակ Նոր Կտա­կա­րա­նը: Ըստ սահ­ման­ված կար­գի` ա­զատ լի­նե­լուն պես նրանք ա­սում էին հի­շո­ղությամբ յու­րաց­ված նյու­թը խորհր­դա­ծությամբ հան­դերձ: Հրա­շա­լի կարգ էր: Պետք է միայն սեր­տա­ծը գոր­ծադ­րել սե­փա­կան ան­ձի նկատ­մամբ, օ­րի­նակ` Տերն ա­սում, պատ­վի­րում է այս կամ այն բա­նը. ես ինչ­պե՞ս կա­րող եմ դա ի­րա­գոր­ծել իմ դեպ­քում: Ե­թե սերտ­վա­ծը վե­րապ­րեք սրտով ու կյան­քով, ա­պա ձեր մտքով իսկ չի անց­նի պար­ծե­նալ Ս. Գրքի ձեր ի­մա­ցությամբ: Հո­գին դրա ժա­մա­նա­կը չի ու­նե­նա, քան­զի, ինչ­պես հա­յե­լու մեջ, միշտ կտես­նի իր ո­չինչ լի­նե­լը, տկա­րություն­ներն ու մեղ­քե­րը (ե­պիս­կո­պոս Ֆեո­ֆան):

Մտքով խո­նարհն ու հոգևոր շավ­ղով ըն­թա­ցո­ղը Ս. Գիրքն ըն­թեր­ցե­լիս ա­մեն բան կվե­րագ­րի ի­րեն և ոչ թե մեր­ձա­վո­րին (ս. Մար­կոս Ճգնա­վոր):

«Հարկ է,- գրում է մի հե­ղի­նակ,- ջա­նալ մտքով տե­ղա­փոխ­վել դե­պի այն ժա­մա­նակն ու այն տե­ղը, ուր տե­ղի են ու­նե­ցել Ա­վե­տա­րա­նում նկա­րագր­ված ի­րա­դար­ձություն­նե­րը, ընդ ո­րում` լի­նել ոչ թե հա­սա­րակ հան­դի­սա­տես, այլ դրանց մաս­նա­կի­ցը` կար­դա­ցա­ծը սե­փա­կան ան­ձին առն­չե­լով այն­պես, ա­սես թե այն հենց ի­րեն է վե­րա­բե­րում. «Ինչ որ ձեզ եմ ա­սում, ա­մեն­քին եմ ա­սում»,- ա­սաց Տերն Իր ա­շա­կերտ­նե­րին (Մարկ. ԺԳ 37): Հենց այդ ժա­մա­նակ և մի­միայն այդ ժա­մա­նակ, երբ կար­դա­ցածն առն­չում ենք սե­փա­կան ան­ձին, զգում ենք այն հրա­շա­գործ վե­րա­կեն­դա­նաց­նող զո­րությու­նը, որն ամ­փոփ­ված է Աստ­ծու խոս­քում, ինչ­պես սեր­մում»:

Կար­դա­լով Տի­րոջ կող­մից բժշկված բո­րոտ­նե­րի, տկար­նե­րի, կույ­րե­րի, կա­ղե­րի և դի­վա­հար­նե­րի մա­սին` խոր­հի՛ր, որ մեղ­քե­րի բազ­մա­պի­սի խո­ցեր ստա­ցած և դ­ևե­րից գե­րե­վար­ված հո­գիդ նման է այդ հի­վանդ­նե­րին: Ա­վե­տա­րա­նից սո­վո­րիր հա­վա­տալ, որ Տե­րը` նրանց Բժշկո­ղը, կա­պա­քի­նի նաև քեզ, ե­թե ջեր­մե­ռան­դո­րեն Նրա­նից ա­պա­քի­նություն խնդրես:

Ձեռք բեր հո­գու այն­պի­սի տրա­մադ­րու­թյուն, որ ու­նակ լի­նես ա­պա­քի­նություն ստա­նա­լու: Իսկ ա­պա­քի­նություն կա­րող են ստա­նալ նրանք, ով­քեր ըն­դու­նում են ի­րենց մե­ղա­վո­րությու­նը և ո­րո­շել են հե­ռա­նալ դրա­նից: Հպարտ ար­դա­րին, այ­սինքն` մե­ղա­վո­րին, որ չի տես­նում իր մե­ղա­վո­րությու­նը, Փրկիչ պետք չէ, նա Փրկչի կա­րիք չու­նի**: Մեղ­քե­րը տես­նելը, մարդ­կա­յին ցեղի ան­կու­մը տես­նելն ա­ռանձ­նա­հա­տուկ աստ­վա­ծա­յին շնորհ է: Ա­ղեր­սի՛ր, որ ստա­նաս այդ շնոր­հը, և քեզ հա­մար ա­վե­լի հաս­կա­նա­լի կլի­նի երկ­նա­վոր Բժշկի գիր­քը` Ա­վե­տա­րա­նը:

Ձգտե­լով ապ­րել բա­րե­պաշտ կյան­քով` պետք է հի­շել և եր­բեք չմո­ռա­նալ, որ կար­դա­ցա­ծը և հաս­կա­ցա­ծը անհ­րա­ժեշտ է վե­րագ­րել սե­փա­կան ան­ձին, այլ ոչ թե ու­րիշ­նե­րին: Սե­փա­կան ան­ձի նկատ­մամբ լի­նել խե­լամ­տո­րեն խիստ, իսկ ու­րիշ­նե­րի հան­դեպ` նե­րո­ղա­միտ: Լի­նել խե­լամ­տո­րեն խիստ` նշա­նա­կում է զուր տե­ղը չհուզ­վել: Այս բա­նի օ­րի­նա­կը մենք կա­րող ենք տես­նել տար­բեր տա­րի­քի ե­րե­խա­նե­րի մեջ, ո­րոնց նկատ­մամբ նե­րո­ղամ­տություն է ցու­ցա­բեր­վում նրանց հաս­կա­ցո­ղության հա­մե­մատ (Ամբ­րո­սի Օպ­տինս­կի):

 

Սուրբ Գրքի ուղղափառ և արդյունավոր ընկալման մյուս կարևորագույն պայմանը ընթերցանության խորապես անձնական բնույթն է: Աստվածաշունչը, իբրև Աստծո խոսք` ուղերձ, հասցեա­գրված է յուրաքանչյուրիս և նաև հայելի է (տե'ս Հակ. Ա 23, 24), որի մեջ մարդը, շնորհիվ պատվիրանների, օրենքների, պատում­ների, հերոսների վարքերի, պետք է տեսնի նախ և առաջ իրեն, իր սրտի մեղքերը, արատները, աշխարհասիրությունը, հպարտու­թյունը և մյուս մահացու մեղքերը: Օրինակ` փարիսեցիությունը պատմու­թյան գիրկն անցած երևույթ չէ, այլ հոգևոր ծանր հիվանդություն` բնո­րոշ բոլոր ժամանակներին: Կամ մի՞թե Աստվա­ծա­շունչը, որ բնավ չի սքողում իր հերոսների թերություններն ու մեղքերը, չի սո­­վորեցնում Սողոմոնի կռապաշ­տության, Դավթի մեղսագոր-ծու­թյան, Պետրոսի ուրացության մեջ տեսնել մեր անձերը, կամ հակառակը` նրանց առաքինության, անկեղծ ապաշխարության և աստվածասիրության մեջ տեսնել մեր պատիր ու կեղծ աստված­պաշտությունը:

Սուրբ Գիրքը զինում է մարդուն ճշմարտությամբ, երևույթները գնահատելու և արժևորելու ճշմարիտ ունակությամբ, իմաս­տու­թյամբ և այլ հոգևոր շնորհներով, որոնք կոչված են մարդուն ապաշխարության մղելու, այլ ոչ թե սոսկ ընդլայնելու սեփական ճանաչողության սահմաններն ու այն ի չարս գործադրելու, օրինակ` ուրիշներին դատելու. «Ինչո՞ւ քո եղբոր աչքի մեջ շյուղը տեսնում ես, իսկ քո աչքի մեջ գերանը չես տեսնում. կամ ինչպե՞ս քո եղբորն ասում ես` թո'ղ, որ հանեմ այդ շյուղը քո աչքից, և ահա քո աչքում գերան կա: Կեղծավո'ր, նախ հանի'ր քո աչքից այդ գերանը և ապա հստակ կտեսնես` քո եղբոր աչքից շյուղը հանելու համար» (Մատթ. Է 3-5):

** Անապատական հայրերն ասում են. «Ավելի լավ է իր մեղքերը գի­տակցող և ապաշխարող մեղավորը, քան իր արդարության մա­սին մեծ կարծիք ունեցող արդարը»:

 

Գրիգոր Դարբինյան

«Ինչպես կարդալ Աստվածաշունչը» գրքից

 

 

16.03.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․