Գրքեր

Յուրաքանչյուր ոք կոչված է բարին արարելու

Հավատի ճանապարհին աստվածային սիրով շաղկապված սրտերի համար հոգու պահանջ է բարին արարելը, անկեղծ եղբայրասիրությամբ ապրելը: Հոգու այդ կոչին և պահանջին ընդառաջ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը նոյեմբերի 18-ին, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, այցելեց 1-ին խմբի զինհաշմանդամ Դավիթ Սարգսյանին (20 տ.): Անցյալ տարի՝ օգոստոսի 15-ին, Դավիթը զինծառայության ընթացքում դժբախտ պատահարի արդյունքում ստացել է ողնուղեղի սալջարդ, ինչի հետևանքով զրկվել է քայլելու կարողությունից: Դավթի մայրը՝ Գայանե Սարգսյանը, նշեց, որ տղան Կարմիր խաչ վերականգնողական կենտրոնում ֆիզիոթերապիայի կուրսեր է անցել և, ըստ մասնագետների, թեև վիրահատության անհրաժեշտություն չկա, բայց ողնուղեղի վերականգնման համար կրկին վերականգնողական թերապիայի և դեղորայքային բուժման անհրաժեշտություն կա: «Չգիտեմ Հայաստանում որքանով կկարողանան օգնել որդուս, քանի որ այժմ առաջնահերթ են համարում ապրիլյան պատերազմի օրերին վիրավորված զինծառայողների բուժումը: Եվ արտերկրում տղայիս բուժումն իրականացնելու հույսով՝ Հայկական զարգացման բանկում հաշվեհամար եմ բացել: Ես և որդիս անչափ շնորհակալ ենք Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու համայնքի մի բժշկից, ով չի ուզում իր անունը հրապարակել, բայց հարազատի նման աջակից է մեզ և ամեն օր այցելում է որդուս՝ վերականգնողական բուժմանն իր նպաստը բերելով»,- ասաց զինհաշմանդամի մայրը:

Ամիսներ առաջ մահացել է Դավթի հայրը, իսկ տիկին Գայանեն, զբաղված լինելով տղայի խնամքով, չի կարողանում աշխատել: Սարգսյան ընտանիքը բնակվում է Արցախի 14/17 հասցեում վարձակալությամբ, և զինհաշմանդամի մայրն ասաց, որ ԱՄՆ-ից մի բարերար հանձն է առել մի քանի ամսով վճարելու իրենց տան վարձը:

Ընտանիքի հետ զրույցից հետո Տեր Գրիգորը բժշկության աղոթք կարդաց և նրանց հանձնեց դրամական օգնություն (50 000 դրամ), որ տրամադրել էր Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքի անդամ Դավիթ Սիրադեղյանը: Տիկին Գայանեն և Դավիթն իրենց շնորհակալությունը հայտնեցին Տեր Գրիգորին, համայնքին և աջակից անձին ուշադրության և հոգածության համար:

 

Ս. Անտոն Մեծը բարի նպատակի շուրջ միավորված մարդկանց անվանում է զինվորներ, ովքեր և՛ պաշտպանվում են, և՛ հալածում թշնամիներին:

«Որքան, որ հեշտությամբ մարդը հագնում է իր հագուստը, նույնքան և հեշտությամբ կարող է ընդունել ողորմածությունը: Ինչպես հագուստը, ծածկելով մարմինը, ջերմացնում և պաշտպանում է այն հիվանդություններից, այդպես և ողորմածությունը ջերմացնում է հոգին հոգևոր ջերմությամբ՝ դարձնելով այն ամուր և անխոցելի թշնամու փորձություններից» (Ս. Հովհան Ոսկեբերան):

 

Կարինե Սուգիկյան

18.11.16
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․