Գրքեր

Բ Օրենք 8.11-9.10

8.11 Զգո՛յշ եղիր, չլինի թէ մոռանաս քո Տէր Աստծուն, չպահես նրա պատուիրանները, նրա այն կանոններն ու օրէնքները, որ ես հաղորդում եմ քեզ: 12 Այնպէս չլինի, որ ուտելուց ու կշտանալուց յետոյ, գեղեցիկ տներ կառուցելուց ու դրանց մէջ բնակուելուց յետոյ, 13 քո արջառն ու ոչխարը բազմանալուց յետոյ, քո արծաթն ու ոսկին շատանալուց յետոյ, քո ունեցած ամէն ինչը բազմանալուց յետոյ 14 գոռոզամտանաս ու մոռանաս քո Տէր Աստծուն, որը քեզ դուրս բերեց Եգիպտացիների երկրից՝ ստրկութեան տնից, 15 քեզ անցկացրեց մեծ ու ահազդու անապատի միջով, ուր օձն ու կարիճն են խայթում, ծարաւը տանջում, ուր ջուր չկար, բայց նա քեզ համար ապառաժ քարից ջրի աղբիւր բխեցրեց: 16 Նա քեզ անապատում կերակրեց քո հայրերին անծանօթ մանանայով, որպէսզի քեզ տանջի ու փորձի եւ վերջում բարութիւն անի քեզ: 17 Մի՛ ասայ քո մտքում, թէ՝ “Իմ ուժով ու ձեռքի զօրութեամբ եմ տիրացել ես այս մեծ հարստութեան”, 18 այլ յիշի՛ր քո Տէր Աստծուն, որովհետեւ նա է քեզ ուժ տալիս այդ հարստութեան հասնելու համար, որպէսզի հաստատի իր այն ուխտը, որ դրել է քո հայրերի հետ, ինչպէս տեսնում ես այսօր: 19 Եթէ պատահի, որ մոռանաս քո Տէր Աստծուն, գնաս օտար աստուածների յետեւից, ծառայես ու երկրպագես դրանց, ապա այսօր երդւում եմ երկնքով ու երկրով, որ դուք անհետ կկորչէք: 20 Եթէ չլսէք ձեր Տէր Աստծոյ ձայնը, կկորչէք այնպէս, ինչպէս կորան միւս ազգերը, որոնց վերացրեց Տէրը ձեր առջեւից:

9.1 Լսի՛ր, Իսրայէ՛լ: Այսօր դու անցնում ես Յորդանան գետից այն կողմ, որպէսզի մտնես ու նուաճես քեզնից մեծ ու հզօր ժողովուրդներ, մեծամեծ ու մինչեւ երկինք հասնող պարսպապատ քաղաքներ, 2 մեծ, բազմամարդ ու բարձրահասակ մի ժողովուրդ՝ Ենակի յետնորդներին, որոնց դու ինքդ ճանաչում ես: Դու լսել ես այն խօսքը, թէ՝ “Ո՞վ կարող է դէմ կանգնել Ենակի յետնորդներին”: 3 Դու այսօր կիմանաս, որ քո Տէր Աստուածն ինքը, որպէս լափող կրակ, գնալու է քո առջեւից: Նա կոտորելու է, ոչնչացնելու է նրանց քո աչքի առջեւ, կոտորելու է նրանց ու ոչնչացնելու անմիջապէս, ինչպէս որ ասաց քեզ Տէրը: 4 Երբ քո Տէր Աստուածը քո առջեւ սպանի նրանց, քո մտքում մի՛ ասայ, թէ՝ “Իմ արդար լինելու համար է, որ Տէրը ինձ բերել է այստեղ, որպէսզի ժառանգեմ այս լաւ երկիրը”: Ոչ թէ քո արդար լինելու, այլ այդ ազգերի ամբարիշտ լինելու համար է, որ քո Տէր Աստուածը կոտորում է նրանց քո աչքի առջեւ: 5 Ոչ թէ քո արդար լինելու եւ քո հոգու մաքուր լինելու համար ես մտնում նրանց երկիրը, որպէսզի ժառանգես այն, այլ այդ ազգերի անօրինութեան համար է քո Տէր Աստուածը վերացնում նրանց քո առջեւից, որպէսզի հաստատի մեր հայրերին՝ Աբրահամին, Իսահակին ու Յակոբին երդումով արած իր ուխտը: 6 Դու այսօր կիմանաս, թէ քո արդար լինելու համար չէ, որ քո Տէր Աստուածը իբրեւ ժառանգութիւն քեզ լաւ երկիր է տալիս, որովհետեւ դու կամակոր ժողովուրդ ես: 7 Յիշի՛ր, մի՛ մոռացի՛ր, թէ որքան ես անապատում բարկացրել քո Տէր Աստծուն: Այն օրից սկսած, ինչ դուրս եկաք Եգիպտացիների երկրից ու ելաք մինչեւ այս վայրը, ըմբոստանալով էիք գալիս տէրունական այս վայրը: 8 Քորէբում բարկացրիք Տիրոջը, եւ Տէրը զայրացաւ ձեզ կոտորելու աստիճան, 9 երբ ես լեռն էի բարձրանում, որպէսզի ստանամ քարէ տախտակները, ուխտի այն տախտակները, որ Տէրը խոստացել էր տալ ձեզ: Ես քառասուն օր, քառասուն գիշեր մնացի լեռան վրայ, հաց չկերայ, ջուր չխմեցի. 10 Տէր Աստուած ինձ տուեց իր իսկ ձեռքով գրած քարէ երկու տախտակներ: Դրանց վրայ գրուած էին բոլոր այն պատգամները, որ Տէրը լեռան վրայ հաղորդել էր ձեր հաւաքի օրը:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․