Գրքեր

Եսայի 53.1-54.5

53.1 Ո՞վ հաւատաց Տիրոջ մասին մեր տուած լուրին, եւ ո՞ւմ յայտնի դարձաւ Տիրոջ բազուկը: 2 Նրա առաջ մենք յայտնուեցինք որպէս մանուկ, որպէս արմատ՝ ելած անջրդի հողից. ո՛չ տեսք ունէր նա եւ ո՛չ էլ վեհութիւն: Նայեցինք մենք նրան, բայց նա ո՛չ տեսք ունէր եւ ո՛չ էլ գեղեցկութիւն: 3 Նրա տեսքն աւելի անարգ էր ու նսեմ, քան բոլոր մարդկանց որդիներինը: Նա հարուածների ենթակայ մի մարդ եղաւ, որ ցաւերին համբերել գիտէ. իր երեսը դարձնելով՝ արհամարհուեց ու բանի տեղ չդրուեց: 4 Նա մեր մեղքերն էր վերցնում եւ մեզ համար չարչարւում, սակայն մենք նրա ցաւերը, հարուածներն ու չարչարանքները համարեցինք իբրեւ Աստծուց եկած բան: 5 Բայց նա խոցուեց մեր մեղքերի համար եւ մեր անօրինութիւնների համար դատապարտուեց. մեր խաղաղութեան համար նա պատիժ կրեց, եւ նրա վէրքերով մենք բժշկուեցինք: 6 Ամէնքն էլ մոլորուած ոչխարներ են. մարդն իր ճանապարհին մոլորուեց, բայց Տէրը նրա՛ն մատնեց մեր մեղքերի համար: 7 Ու նա վշտից իր բերանն անգամ չի բացում: Ինչպէս ոչխար, նա մորթուելու տարուեց եւ, ինչպէս գառ, անմռունչ կանգնած է խուզողի առաջ եւ նրա նման իր բերանը չի բացում: 8 Խոնարհութեան շնորհիւ նրա դատաստանը վերացաւ, եւ նրա ազգատոհմի մասին ո՞վ պիտի պատմի: Երկրի վրայ վերջ տուեցին նրա կեանքին. իմ ժողովրդի անօրինութիւնների պատճառով նա մահուան մատնուեց: 9 Նրա գերեզմանի համար՝ չարութեամբ, իսկ նրա մահուան համար մեծամեծ հարուածներով պիտի վրէժխնդիր լինեմ, որովհետեւ նա անօրինութիւն չգործեց, եւ նենգութիւնը տեղ չգտաւ նրա բերանում: 10 Տէրը կամենում է մաքրել նրան վէրքերից: Եթէ մեղքերի համար հատուցում տաք, ապա երկարակեաց սերնդի կարժանանաք, որի միջոցով Տէրը կցանկանայ ազատել նրան իր ցաւերից, 11 ցոյց տալ նրան լոյս եւ օժտել իմաստութեամբ, արդարացնել արդարին, որը յօժարակամ ծառայեց շատերին եւ իր վրայ է վերցնելու նրանց մեղքերը: 12 Ահա թէ ինչու նա շատ բան պիտի ժառանգի եւ հզօրների աւարը պիտի բաժանի, որովհետեւ նրա անձը մահուան մատնուեց, եւ նա յանցաւորներին հաւասար համարուեց: Նա շատերի մեղքերը կրեց եւ նրանց անօրինութիւնների համար դատապարտուեց:

54.1 Ուրախացի՛ր, ո՛վ ամուլ, որ չծնեցիր, կանչի՛ր ու աղաղա՛կ բարձրացրու, որ երկունքի ցաւով չբռնուեցիր, քանզի բազում են ամուսնուց լքուածիդ որդիները, աւելի շատ, քան որդիները արամբի կնոջ: Չէ՞ որ Տէրն ասաց. 2 «Ընդարձակի՛ր քո վրանի եւ քո սրահների տեղը, կանգնեցրո՛ւ եւ խնայողութիւն մի՛ արայ. երկարացրո՛ւ քո պարանները, հաստատի՛ր քո ցցերը: 3 Աջ ու ձա՛խ տարածուիր, եւ քո սերունդը պիտի ժառանգի հեթանոսներին եւ պիտի կառուցի աւերուած քաղաքները: 4 Մի՛ վախեցիր, որ քեզ ամօթահար արեցին, մի՛ նեղուիր, որ քեզ նախատեցին, որովհետեւ վաղնջական ամօթը պիտի մոռանաս եւ որբեւայրութեանդ նախատինքն այլեւս չպիտի յիշես»: 5 Տէրն է, որ քեզ համար անելու է այդ, Զօրութիւնների Տէր է նրա անունը, եւ նա, որ փրկեց քեզ, Իսրայէլի նոյն Աստուածն է, որ համայն երկրինը պիտի համարուի:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․