Գրքեր

Ելք 1.1-2.10

1.1 Սրանք են Իսրայէլի այն որդիների անունները, որոնք իրենց հօր հետ մտան Եգիպտոս, իւրաքանչիւրն իր ամբողջ ընտանիքով մտաւ. 2 Ռուբէն, Շմաւոն, Ղեւի, Յուդա, 3 Իսաքար, Զաբուղոն եւ Բենիամին, 4 Դան եւ Նեփթաղիմ, Գադ եւ Ասեր: 5 Յակոբից սերուած բոլոր մարդիկ եօթանասունհինգ հոգի էին: Յովսէփը գտնւում էր Եգիպտոսում: 6 Վախճանուեց Յովսէփը. նաեւ նրա բոլոր եղբայրներն ու ամբողջ սերունդը: 7 Իսրայէլի որդիները, սակայն, աճեցին ու բազմացան: Նրանք խիստ բազմացան ու հզօրացան, որովհետեւ երկիրը նպաստում էր նրանց բազմանալուն: 8 Գահ բարձրացաւ մի ուրիշ թագաւոր, որը Յովսէփին չէր ճանաչում: Նա իր ժողովրդին ասաց. 9 «Իսրայէլի որդիների սերունդը մեծ է զօրութեամբ եւ զօրանում է մեզնից աւելի: 10 Արդ, եկէք ինչ-որ բան հնարենք նրանց դէմ, գուցէ աւելի բազմանան, եւ երբ պատերազմ ծագի, նրանք միանան թշնամիներին ու մեր դէմ կռուելով՝ դուրս ելնեն այս երկրից»: 11 Եւ նա վերակացուներ կարգեց նրանց վրայ, որ գործի լծելով չարչարեն նրանց: Նրանք փարաւոնի համար կառուցեցին Փիդոն, Ռամեսէ եւ Ովն անառիկ քաղաքները: Ովնը Արեգ քաղաքն է: 12 Բայց որքան ճնշում էին նրանց, նրանք այնքան աւելի էին բազմանում ու անչափ հզօրանում: 13 Եգիպտացիները զզուեցնում էին Իսրայէլի որդիներին, բռնութիւն գործադրելով նեղում էին նրանց, տաժանակիր աշխատանքի էին լծում, 14 նրանց կեանքը մաշում կաւի, աղիւսաշինութեան ու դաշտային բոլոր գործերի մէջ՝ բռնութեամբ ստիպելով նրանց, որ ծառայեն: 15 Եգիպտացիների արքան դիմեց եբրայեցիների մանկաբարձներին. նրանցից մէկի անունը Սեփորա էր, իսկ երկրորդի անունը՝ Փուա: Եւ արքան 16 ասաց. «Երբ երկունքով բռնուած եբրայեցի կանանց մօտ գնաք ծննդաբերութեան օգնելու, եթէ ծնուածը արու լինի, սպանեցէ՛ք նրան, իսկ եթէ էգ լինի, ո՛ղջ թողէք»: 17 Մանկաբարձները, աստուածավախ լինելով, չարեցին այն, ինչ եգիպտացիների արքան հրամայել էր իրենց. նրանք ողջ էին թողնում նաեւ արուներին: 18 Եգիպտացիների արքան կանչեց մանկաբարձներին ու ասաց նրանց. «Ինչո՞ւ էք այդպէս վարւում, ինչո՞ւ էք ողջ թողնում արուներին»: 19 Մանկաբարձները պատասխանեցին փարաւոնին. «Եբրայեցի կանայք եգիպտացի կանանց նման չեն. նրանք ծննդաբերում են, մինչեւ որ մանկաբարձները իրենց մօտ գան»: 20 Նրանք ծննդաբերում էին, եւ Աստուած բարութիւն էր անում մանկաբարձներին, ուստի ժողովուրդը խիստ բազմանում էր ու անչափ հզօրանում: 21 Քանի որ մանկաբարձները աստուածավախ էին, նրանք տուն-տեղ դրեցին: 22 Փարաւոնն, իր ամբողջ ժողովրդին հրամայելով, ասաց. «Եբրայեցիներից ծնուած բոլոր արու զաւակներին գե՛տը նետեցէք, իսկ բոլոր աղջիկ զաւակներին ո՛ղջ թողէք»:

2.1 Այնտեղ էր գտնւում Ղեւիի ցեղից մի մարդ, որն ամուսնացաւ Ղեւիի դուստրերից մէկի հետ: 2 Սա յղիացաւ ու ծնեց մի արու զաւակ: Տեսնելով, որ նա գեղեցիկ է, երեք ամիս թաքցրին նրան: 3 Երբ այլեւս չէին կարող նրան թաքցնել, նրա մայրն առաւ եղէգից հիւսուած մի զամբիւղ, այն ծեփեց կպրաձիւթով, դրա մէջ դրեց մանկանը եւ զամբիւղը դրեց ծանծաղուտ մի տեղ՝ գետափին մօտիկ: 4 Մանկան քոյրը հեռուից հետեւում էր տեսնելու համար, թէ ինչ կպատահի նրան: 5 Այդ ժամանակ էր, որ փարաւոնի դուստրը եկաւ գետում լողանալու, իսկ նրա նաժիշտները քայլում էին գետի ափով: Ծանծաղուտի մէջ զամբիւղ նկատելով՝ նա մի նաժիշտ ուղարկեց, որ վերցնի այն: 6 Նա բացեց եւ տեսաւ երեխային: Երեխան լաց էր լինում զամբիւղում: Փարաւոնի դուստրը, խղճալով նրան, ասաց. «Եբրայեցիների երեխաներից է դա»: 7 Մանկան քոյրն ասաց փարաւոնի դստերը. «Ուզո՞ւմ ես, որ եբրայեցիներից մի դայեակ կին կանչեմ, նա թող կերակրի այդ մանկանը»: 8 Փարաւոնի դուստրն ասաց՝ գնա՛: Աղջիկը գնաց ու կանչեց մանկան մօրը: 9 Փարաւոնի դուստրը նրան ասաց. «Վերցրո՛ւ այդ մանկանը եւ կերակրի՛ր նրան ինձ համար: Ես կտամ քո վարձը»: Կինը վերցրեց մանկանը եւ կերակրեց նրան: Երբ մանուկը մեծացաւ, կինը նրան բերեց փարաւոնի դստեր մօտ, 10 եւ մանուկը նրան որդեգիր դարձաւ: Նա նրան Մովսէս կոչեց՝ ասելով. «Ջրից եմ հանել նրան»:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․