Գրքեր

Երեմիա 11.18-12.8

11.18 Տէ՛ր, ճանաչե՛լ տուր ինձ, եւ ես կճանաչեմ. այն ժամանակ կտեսնեմ նրանց գործերը: 19 Ես, իբրեւ անմեղ մի գառ, որին մորթելու են տանում, չիմացայ, որ իմ մասին չար խորհուրդ են արել եւ ասում են. «Եկէք ոչնչացնենք ծառն իր պտղով եւ նրան ջնջենք ողջերի երկրից, թող նրա անունն այլեւս չյիշուի»: 20 Զօրութիւնների՛ Տէր, դու, որ արդար ես վարւում, քննում ես երիկամներն ու սրտերը, թող ես տեսնեմ, որ վրէժխնդիր ես լինում նրանցից, քանզի քեզ յանձնեցի իմ դատը: 21 Դրա համար էլ Տէրն այսպէս է ասում Անաթոթի մարդկանց մասին, որոնք քո անձն են փնտրում՝ ասելով. «Մեզ համար մի՛ մարգարէացիր, ապա թէ ոչ՝ կմեռնես մեր ձեռքով»: 22 Ահա թէ ինչու այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը. «Ահաւասիկ ես պիտի պատժեմ նրանց. նրանց երիտասարդները սրով պիտի սպանուեն, եւ տղաներն ու աղջիկները սովից պիտի վախճանուեն: 23 Նրանցից ոչ ոք չի մնալու, որովհետեւ Անաթոթի բնակիչներին չարիք եմ բերելու այն տարին, երբ գամ նրանց պատժելու»: 12.1 Արդար ես դու, Տէ՛ր, բայց ես իմ դատը պէտք է պաշտպանեմ ու իմ իրաւունքի մասին խօսեմ. ինչպէ՞ս է, որ ամբարիշտների բռնած գործերը յաջողւում են, եւ բոլոր նրանք, ովքեր արհամարհում են ու անարգում, երջանիկ դարձան: 2 Տնկեցիր նրանց, եւ նրանք արմատ գցեցին, որդիներ ունեցան, պտուղ տուեցին: Դու, Տէ՛ր, նրանց շուրթերին ես, սակայն հեռու ես նրանց սրտերից: 3 Դու, ո՛վ Տէր, գիտես ինձ, տեսար ինձ եւ քո առաջ փորձեցիր իմ սիրտը. հաւաքի՛ր նրանց ինչպէս մորթելու ոչխար, եւ երբ նրանց սպանութեան օրը գայ, զոհաբերի՛ր նրանց: 4 Երկիրը մինչեւ ե՞րբ պէտք է սուգ պահի, ու խոտն ամէնուրեք չորանայ: Անասուն ու թռչուն կոտորուեցին երկրի բնակիչների չարութիւնների պատճառով, որովհետեւ ասացին, թէ՝ «Աստուած չի տեսնի մեր արարքները»: 5 Քո ոտքերը վազում են, բայց քեզ պիտի լքեն, էլ ինչպէ՞ս պիտի մրցես ձիաւորների հետ: Եւ հիմա այս խաղաղ երկրի վրա՞յ ես յոյսդ դրել. իսկ ի՞նչ ես անելու, երբ Յորդանան գետը բարձրանայ, 6 քանի որ քո եղբայրներն ու քո հօր տունը՝ նրանք անգամ դաւ նիւթեցին քո դէմ, նրանք էլ աղաղակ բարձրացրին քո յետեւից եւ կուտակուեցին քո գլխին: Մի՛ հաւատայ նրանց, որովհետեւ չարախօսում են քո մասին: 7 «Ես լքեցի իմ տունը, թողեցի իմ ժառանգութիւնը եւ իմ հոգու սիրելիին տուեցի իր թշնամիների ձեռքը: 8 Իմ ժառանգութիւնն ինձ համար դարձաւ անապատի առիւծ, իր ձայնն ինձ վրայ բարձրացրեց, դրա համար էլ ատեցի նրան:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․