Գրքեր

Ավ. ըստ Մարկոսի 4.35-5.20

4.35 Այդ նոյն օրը, երեկոյեան դէմ, աշակերտներին ասաց. «Եկէք անցնենք ծովի միւս կողմը»: 36 Թողնելով ժողովրդին՝ նրան իրենց հետ տարան նաւակով, ինչպէս նաեւ՝ միւս նաւակները, որ նրա հետ էին: 37 Եւ մեծ մրրիկ բարձրացաւ ու ալիքները նաւակի մէջ էր թափում, այնպէս որ նաւակը գրեթէ լցւում էր: 38 Իսկ ինքը նաւախելի կողմը բարձի վրայ ննջում էր. նրան արթնացրին եւ ասացին. «Վարդապե՛տ, քեզ համար բնաւ հոգ չէ՞, որ ահա մենք կորչում ենք»: 39 Եւ նա արթնանալով սաստեց հողմին եւ ասաց ծովին. «Դադարի՛ր, լռի՛ր»: Եւ հողմը դադարեց, ու մեծ խաղաղութիւն եղաւ: 40 Եւ նրանց ասաց. «Ինչո՞ւ այդպէս վախկոտ էք. դեռեւս հաւատ չունէ՞ք»: 41 Եւ նրանք սաստիկ վախեցան եւ միմեանց ասում էին. «Ո՞վ է արդեօք սա, որ թէ՛ հողմը, թէ՛ ծովը հնազանդւում են սրան»:

5.1 Եւ Յիսուս եկաւ ծովի հանդիպակաց կողմը՝ գերգեսացիների երկիրը: 2 Եւ երբ նա նաւակից դուրս ելաւ, գերեզմաններից նրա դէմը ելաւ մի մարդ, որին բռնել էր մի պիղծ ոգի, 3 եւ որի բնակութեան տեղն իսկ գերեզմանների մէջ էր: Եւ ոչ ոք նրան շղթաներով անգամ չէր կարող կապել, 4 որովհետեւ շատ անգամ ոտնակապերով եւ շղթաներով կապուած էր, բայց շղթաները փշրել էր ու ոտնակապերը՝ ջարդել: Ոչ ոք նրան չէր կարողանում զսպել, 5 որովհետեւ միշտ, գիշեր ու ցերեկ, գերեզմաններում եւ լեռներում աղաղակում էր եւ ինքն իրեն քարերով ծեծում: 6 Երբ նա Յիսուսին հեռուից տեսաւ, առաջ վազեց ու երկրպագեց նրան. 7 բարձրաձայն աղաղակեց եւ ասաց. «Ի՞նչ ես ուզում ինձնից, Յիսո՛ւս, բարձրեալ Աստծո՛յ Որդի: Երդուեցնում եմ քեզ Աստծով, ինձ մի՛ տանջիր». 8 քանի որ Յիսուս նրան ասում էր. «Պի՛ղծ ոգի, դո՛ւրս ելիր այդ մարդուց»: 9 Եւ նրան հարցրեց. «Անունդ ի՞նչ է»: Եւ նա ասաց նրան. «Իմ անունը Լեգէոն է, քանի որ բազում ենք»: 10 Իսկ պիղծ ոգիները սաստիկ աղաչում էին նրան, որ այդ շրջանից դուրս չուղարկի իրենց: 11 Եւ այնտեղ, լեռան լանջին, խոզերի մի մեծ երամակ կար, որ արածում էր: 12 Բոլոր դեւերն աղաչեցին նրան եւ ասացին. «Մեզ խոզերի մէջ ուղարկիր, որ մտնենք նրանց մէջ»: 13 Եւ նա հրամայեց նրանց: Երբ պիղծ ոգիները դուրս ելան, մտան խոզերի մէջ, եւ երամակը՝ թուով մօտ երկու հազար, դարաւանդից դիմեց դէպի ծովը. եւ խեղդուեցին ծովում: 14 Խոզարածները փախան եւ քաղաքում ու ագարակներում պատմեցին. եւ մարդիկ դուրս ելան տեսնելու, թէ ինչ է կատարուել: 15 Եկան Յիսուսի մօտ եւ տեսան դիւահարին, որ նստել էր հագնուած եւ զգաստացած, նրան, որ լեգէոն ունէր. եւ զարհուրեցին: 16 Եւ ովքեր որ տեսել էին, պատմեցին նրանց, թէ ինչ պատահեց այսահարին եւ ինչ՝ խոզերին: 17 Եւ սկսեցին աղաչել Յիսուսին, որ հեռանայ իրենց սահմաններից: 18 Եւ երբ նաւակ մտաւ, դիւահարը նրան աղաչում էր, որ նրա հետ լինի: 19 Բայց Յիսուս նրան թոյլ չտուեց, այլ ասաց. «Գնա՛ քո տունը՝ հարազատներիդ մօտ, եւ պատմի՛ր նրանց այն ամէնը, ինչ Տէրը քեզ արեց եւ թէ ինչպէս խղճաց քեզ»: 20 Եւ նա գնաց ու սկսեց տարածել Դեկապոլսում, ինչ որ Յիսուս իր համար արել էր: Եւ ամէնքը զարմանում էին:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․