Գրքեր

Քրիս­տո­սի աս­տվա­ծու­թյան ու մարդ­կու­թյան միու­թյու­նը

Սուրբ Ե­ղի­շեն ա­սում է, որ յուրա­քան­չյուր մարդ, հավա­տա­լով Աս­տու­ծուն, միա­նում է նո­րա հետ. «Միշտ Աս­տուած ինքն ընդ իւր, միշտ հա­ւա­տա­ցեալ` ընդ նմա Աս­տուած», կամ «Եւ տե­սեալ ու­րուք զԱս­տուած, ան­դէն ի նոյն միա­ցաւ ընդ նմա» (273, 326. Ս. Հովհ. Մանդ., 214): Այս սկզբուն­քը հաս­կա­նա­լի է, քա­նի որ մար­դու կո­չումն էլ Աս­տու­ծո հա­ղոր­դա­կից լի­նելն է, իբ­րև Աս­տու­ծո պատ­կեր` նո­րա ի­մաստու­թյան, ար­դա­րու­թյան ու սրբու­թյան և սի­րո մաս­նա­կից լի­նելն է, հե­տևա­բար Աս­տու­ծո հետ միա­նալն է: Եվ երբ մար­դիկ միա­նում են Աս­տու­ծո հետ, այդ­պես կազմ­վում է Աս­տու­ծո ար­քա­յու­թյունը (Գաղ., Բ 20, Հռ., Զ 10. Բ Կոր., Զ 16. ԺԳ 4):

Այս միու­թյունը չէ Քրիս­տո­սի աստվա­ծու­թյան ու մարդ­կու­թյան միու­թյունը, ինչ­պես կար­ծա­կան ա­ղան­դավո­րու­թյամբ մո­լոր­վում են քրիս­տո­նյա միս­տիկ­նե­րը, աստվա­ծու­թյունը միա­ցած է Քրիս­տո­սի մարդ­կու­թյան հետ ոչ թե այդ­պի­սի խորհր­դավոր մտքով, այլ էա­պես, մարդ­կու­թյան մեջ չե­ղած ե­ղա­նա­կով և ի­րա­պես[1]: Քրիս­տոս կա­րող է հաշ­տու­թյան միջ­նորդ լի­նել Աս­տու­ծո և մարդ­կանց մեջ մի­միայն այն ժա­մա­նակ, երբ ինքն յուր մեջ կա­տա­րյալ միու­թյուն ու­նե­նա յուր մարդ­կու­թյան և աստվա­ծու­թյան, երբ յուր մեջ մարդ­կու­թյունն ու աստվա­ծու­թյունը միա­ցած լի­նին, ո­րով և կա­րո­ղա­նա կա­պել մարդ­կանց Աս­տու­ծո հետ: Նա, լի­նե­լով մարդ­կու­թյան մի ան­դա­մը, պետք է և աստվա­ծա­յին բարձ­րու­թյուն ու­նե­նա, որ մեղ­քից ա­զատ լի­նե­լով` տա մե­ղավոր մարդ­կանց այն ա­մենն, ինչ որ նո­քա պետք է ըն­դու­նեն Աս­տու­ծուց, որ եր­ջա­նիկ լի­նին[2]:

Բայց մար­դիկ ա­մե­նայն ինչ Աս­տու­ծուց ստա­նա­լու հա­մար պետք է միա­նան նո­րա հետ, ուստիև նո­ցա ա­մե­նայն ինչ տվողն Հիսուս պետք է ի­րա­պես և կա­տա­րե­լա­պես միա­ցած լի­նի Աս­տու­ծո հետ, իբ­րև կա­տա­րյալ միջ­նորդ Աս­տու­ծո և մարդ­կանց մեջ, իբ­րև մարդ­կանց և Աս­տու­ծո հարա­բե­րու­թյան հաշտ և կա­րող կապ: Եվ իբ­րև այդ­պի­սի կապ նա պետք է Աս­տու­ծո ա­ռաջ ներ­կա­յաց­նե ա­մե­նա­մա­քուր մարդ­կու­թյունն յուր բո­լոր ըն­դու­նա­կու­թյամբ, միևնույն ժա­մա­նակ նույն ինքն իսկ պետք է մարդ­կու­թյան հա­ղորդ, այլև աստվա­ծա­յին սի­րո ճշմա­րիտ հայտ­նու­թյունը լի­նի: Նա զինքն պետք է հայտ­նե, վասնզի սկզբից իսկ ինքն է ե­ղել կյանքն ու լույսը, և մար­դիկ հա­սու չեն ե­ղել. այն, ո­րին հա­սու չեն ե­ղել, այժմ պետք է կա­տա­րե­լա­պես հայտ­նե ի փրկու­թյուն: Եվ քա­նի որ ամեն ժա­մա­նակ ամ­բողջ մարդ­կու­թյունը պետք է մի­ջոց ու­նե­նա Աս­տու­ծո հետ ճշմա­րիտ հա­ղոր­դակ­ցու­թյուն ու­նե­նա­լու, Քրիս­տոս տա­լիս է այդ միջ­նոր­դու­թյունը` կա­տա­րե­լա­պես միաց­նե­լով յուր մեջ մարդ­կու­թյունն և աստվա­ծու­թյունը: Նա հավի­տե­նա­կան միջ­նորդ է Աս­տու­ծո և մարդ­կանց մեջ և իբ­րև այդ­պի­սի միջ­նորդ` մարդ­կու­թյան Փրկիչն է: Աս­տու­ծո ար­քա­յու­թյան մեջ ամեն մարդ հարա­բե­րա­կան միու­թյուն ու­նի Աս­տու­ծո հետ, սա­կայն այդ ամեն մի հավա­տա­ցյալն յուր մե­ղան­չա­կան վի­ճա­կից ե­լել և այդ միու­թյան մեջ է մտել մի­միայն այն կա­տա­րյալ միու­թյան միջ­նոր­դու­թյամբ, որ է Քրիս­տոս[3]: Այդ­պես և Աս­տու­ծո ար­քա­յու­թյունը կա­տա­րալ միու­թյուն է Աս­տու­ծո հետ, սա­կայն այդ կա­տա­րյալ միու­թյունն, ո­րին մաս­նա­կից է յուրա­քան­չյուր ան­դամ, հիմն­վում է այն միու­թյան վե­մի վրա, ո­րի վրա հաստատ­ված է մարդ­կու­թյունն և ո­րով լիա­պես հայտ­նված աստվա­ծու­թյունը: Աս­տու­ծո ար­քա­յու­թյան բազ­ման­դա­մու­թյունը միա­նում է Աս­տու­ծո հետ Քրիս­տո­սի այն կա­տա­րյալ միու­թյամբ, ո­րով Աստ­ված յուր բո­լոր կա­տա­րե­լու­թյամբ հայտն­վում է մարդ­կա­յին բազ­մու­թյան: Մյուս կող­մից, քա­նի որ մար­դու սկզբնա­կան կո­չումն է գո­յու­թյամբ, յուր ամ­բողջ էու­թյամբ միա­նալ Աս­տու­ծո հետ ու նո­րա տա­ճա­րը դառ­նալ, Աս­տված ինքն է մարմ­նա­նում և մար­դու կոչ­ման կա­տա­րու­մը սկզբնավո­րում: Հե­տևա­բար Քրիս­տոս յուր ան­ձով միաց­նում է Աս­տու­ծո նպա­տա­կը մարդ­կու­թյան հետ և յուր միակ միջ­նոր­դու­թամբ մեկ ճա­նա­պարհ հար­թում յուրա­քան­չյուրի հա­մար: Քրիս­տո­սով է աշ­խար­հի փրկու­թյունն և Քրիս­տո­սով է աշ­խար­հի կա­տա­րու­մը (Ե­փես., Ա 10-12), վասնզի Քրիս­տո­սով է ա­մե­նայն ինչ ե­ղել ու հաստա­տվել (Կող., Ա 15-16), նա է ե­կե­ղե­ցու գլու­խը (18-20) և նո­րա­նով միա­ցած մար­մինն «ա­ճէ զա­ճումն Աս­տու­ծոյ» (Բ 19): Մար­դը տեր է աշ­խար­հի վրա, և բո­լոր ա­րա­րած­նե­րը նո­րա­նով են միու­թյուն նկատ­վում ու նո­րա ա­ռաջ­նոր­դու­թյամբ մշակ­վում, այդ­պես էլ ամ­բողջ մարդ­կու­թյան բազ­մա­զա­նու­թյունը, հա­կադ­րու­թյունք ու գոր­ծու­նեու­թյունը միա­նում է մի գլխի` Քրիս­տո­սի ներ­քո: Մար­դը մի ան­դամ է ա­րա­րա­ծա­կան աշ­խար­հի և իբ­րև նո­րա գլու­խը` միջ­նորդ է նո­րա և աստվա­ծա­յին ս. նպա­տա­կի մեջ. այդ­պես էլ Քրիս­տոս մարդ­կու­թյան մի ան­դամ է, բայցև ներ­կա­յաց­նե­լով ամ­բողջ մարդ­կու­թյունը` նո­րա գլուխն է և միջ­նորդ է մարդ­կու­թյան և Աս­տու­ծո մեջ: Նա մի վեմ է, ո­րի վրա հաստատ­վում է ամ­բողջ մարդ­կու­թյունը Աս­տու­ծո հետ. նա մի սան­դուղք է, ո­րով մար­դիկ բարձ­րա­նում են դեպի Աս­տված. նա միջ­նա­կետ է, ո­րի շուր­ջը շրջա­նա­ձև տե­ղավոր­վում են բո­լոր ան­հատ­ներն յուրյանց դիր­քով յուր­յանց այն կոչ­ման մեջ ճշտվելու հա­մար, ո­րով լրա­նում է Աս­տու­ծո ար­քա­յու­թյունը: Ուստիև Քրիս­տոս թե՛ բո­լոր ա­րա­րած­նե­րի անդ­րա­նիկն է և թե՛ բո­լոր ա­րա­րած­նե­րի գլու­խը (Կող., Ա 15. Բ 10, 19), վասնզի նա է Աս­տված Բա­նի հայտ­նու­թյունը, «ո­րով ա­մե­նայն ե­ղև», և նա է աշ­խար­հի միու­թյունն, ո­րով պետք է լի­նի ա­մե­նայ­նի կա­տա­րու­մը:

Ա­հա ու­րեմն Քրիս­տոս ճշմա­րիտ միջ­նորդ[4] լի­նե­լու հա­մար միա­ցած աստվա­ծա­մարդ է (Էմ­մա­նուել - ընդ մեզ Աս­տված. Ես., Է 14): Նա, ա­րա­րիչ գո­լով, միա­ցած է յուր ա­րա­րա­ծի հետ և, ան­փո­փոխ մնա­լով, ծնվում է աստվա­ծա­մարդ (Եբր., Բ 14, 17. Դ 15): Նա, ան­փո­փոխ լի­նե­լով իբ­րև Աս­տված, ին­նամ­սյա ժա­մա­նա­կով ա­ճում է, ծնվում է Ս. Կույսից իբ­րև մարդ և Որ­դի Աս­տու­ծո կոչ­վում (Ղուկ., Ա 35), ըստ ո­րում` սուրբ էր, որ պետք է ծնվեր: Այդ­պես նա Բանն Աս­տված է և հայտն­վում է իբ­րև մարդ, ուս­տիև ա­սում է` «Ես և Հայր իմ մի եմք» (Հովհ., Ժ 30. Ղուկ., ԻԲ 42), բայց երբեք չէ ա­սում` «Ես և Բանն Աս­տուած մի եմք», զի նո­րա «ե­սը» վե­րա­բե­րում է ոչ թե Բա­նին միայն կամ մարդ­կու­թյան, այլ դո­ցա ան­բա­ժան միու­թյան, այդ պատ­ճա­ռով ա­սում է, որ ինքն աշ­խար­հի լույսն է և կյան­քը, և ճշմար­տու­թյունը և ճա­նա­պար­հը (Հովհ., Ը 12): Եվ Աս­տված գո­լով` նա խո­նար­հվեց, յուր ա­րա­րա­ծի, յուր ծա­ռա­յի կեր­պա­րանքն ա­ռավ և մարդ դար­ձավ (Փիլ., Բ 6-7): Այդ­պես խո­նար­հվելով նա հայտ­նվեց յուր ծա­ռա­յի կեր­պա­րան­քով, ըստ ո­րում, և սի­րո թա­գավո­րու­թյան մեջ յուր մար­դե­ղու­թյամբ Փրկիչ ու հաշ­տեց­նող է և Տեր ու գլուխ ի փառս Հոր Աս­տու­ծո (Բ 11): Նա իբ­րև Աս­տու­ծո Որ­դի ի հավի­տե­նից Աս­տու­ծո ա­րար­չա­կան կա­մաց և հայտ­նու­թյան միջ­նորդ է և այժմ հայտն­վում է իբ­րև ճշմա­րիտ միջ­նորդ սի­րո և շնոր­հաց ար­քա­յու­թյան հա­մար, ուստիև միաց­նե­լով ու յուրաց­նե­լով մարդ­կա­յին բնու­թյունը` սի­րո թա­գավո­րու­թյան տերն է: Զի սի­րո և շնոր­հաց ար­քա­յու­թյան մեջ տեր լի­նել չի նշա­նա­կում բռնա­կալ լի­նել, այլ յուր մարդ­կանց կյան­քով ապ­րե­լով` նո­րա դրու­թյունը ան­ցու­ցա­նել և այդ­պես նո­րա թու­լու­թյան Փրկի­չը դառ­նալ: Այդ­պես ապ­րելն է կոչ­վում նո­րա խո­նար­հվի­լը, նո­րա կա­տա­րյալ փառքն է, սա­կայն, որ աստվա­ծա­յին սի­րո կա­տա­րյալ հայտ­նու­թյունը լի­նե­լով, յուր հանձն ա­ռած խո­նար­հու­թյամբ բարձ­րաց­նում է մարդ­կանց և յուր աղ­քա­տու­թյամբ նո­ցա հարս­տաց­նում (Բ Կոր., Ը 9): Այդ խո­նար­հու­թյամբ ի­րա­գործ­վում է աստվա­ծա­յին սերը լրիվ կեր­պով, և երբ նա յուրն է դարձ­նում մարդ­կու­թյունը, սե­փա­կա­նում է, տեր էլ է դառ­նում իբ­րև ճշմա­րիտ սի­րո ի­րա­գոր­ծող տեր, վասնզի տերու­թյունը հաղթու­թյամբ է, իսկ Քրիս­տո­սի հաղ­թու­թյունն` աստվա­ծա­յին սի­րո ի­րա­կա­նաց­մամբ (Ես., ԾԳ 12): Այս պատ­ճա­ռով և Քրիս­տո­սի վերս­տին առ Հայր գնալն ա­ռավել մեծ փառ­քով է, քան նո­րա­նով աշ­խարհ ստեղ­ծվի­լը, քա­նի որ հաղթու­թյամբ յուր ար­քա­յու­թյան որ­դի­նե­րին է տա­նում առ Հայր (Եբր., Բ 13) այն փառ­քով, որ ու­ներ աշ­խար­հից ա­ռաջ (Հովհ., ԺԷ 1, 5): Ինքն, գնա­լով առ Հայր, բաց է ա­նում և դու­ռը դեպի Աս­տված` յուր փրկած մարդ­կու­թյան հա­մար և, շնոր­հաց ար­քա­յու­թյունը, փրկու­թյունն ու կա­տա­րու­մը ի­րա­գոր­ծե­լով, մնում է նույնն, ինչ­պես միշտ և հավի­տյան (Հովհ., Ը 58. ԺԷ 5): Ուստիև ա­ռա­քյալը գրում է. «Զայս խոր­հես­ցի իւ­րա­քան­չիւր ոք ի ձէնջ, որ եւ ի Քրիս­տոս Յի­սուս, Որ ի կեր­պա­րանս Աս­տու­ծոյ է, ո­չինչ յափշ­տա­կու­թիւն հա­մա­րե­ցաւ զլի­նելն հա­ւա­սար Աս­տու­ծոյ. Այլ զանձն ու­նայ­նա­ցոյց զկեր­պա­րանս ծա­ռա­յի ա­ռեալ ի նմա­նու­թիւն մարդ­կան ե­ղեալ. եւ կեր­պա­րա­նօք գտեալ իբ­րեւ զմարդ, խո­նար­հե­ցոյց զանձն լեալ հնա­զանդ մա­հու չափ եւ մա­հու խա­չի: Վաս­նո­րոյ եւ Աս­տուած զնա ա­ռա­ւել բարձ­րա­ցոյց եւ շնոր­հեաց նմա ա­նուն, որ ի վեր է, քան զա­մե­նայն ա­նուն. Զի յա­նուն Յի­սու­սի Քրիս­տո­սի ա­մե­նայն ծունր կրկնես­ցի երկ­նա­ւո­րաց եւ երկ­րա­ւո­րաց եւ սան­դա­րա­մե­տա­կա­նաց: Եւ ա­մե­նայն լե­զու խոս­տո­վան լի­ցի, թէ Տէր է Յի­սուս Քրիս­տոս ի փառս Աս­տու­ծոյ Հօր» (Փիլ., Բ 4-11):

Այս բո­լո­րից պար­զա­պես ե­րևում է, որ Քրիս­տոս մեկ է. նա Աստ­ված է և միան­գա­մայն մարդ. նո­րա մեջ է կա­տա­րյալ աստվա­ծու­թյունը, նո­րա մեջ է և կա­տա­րյալ մարդ­կու­թյունն. ոչ աստվա­ծու­թյունն է գե­րիշ­խում մարդ­կու­թյան վրա, և ոչ նո­րա մարդ­կու­թյունն է ոչն­չա­նում նո­րա ան­սահ­ման աստվա­ծու­թյան մեջ: Նո­րա մեջ հայտն­վում է աստվա­ծա­յին ի­մաստու­թյունն և ա­մե­նու­րե­քու­թյունը, նո­րանն է երկն­քի ու երկ­րի իշ­խա­նու­թյունը (Մատթ., ԻԸ 18). նո­րան տես­նո­ղը տես­նում է Հոր Աս­տու­ծուն, վասնզի նա աստվա­ծոր­դին է և աստվա­ծա­մարդ (Հովհ., ԺԴ 9. Մատթ., ԻԸ 18), նո­րա­նով ա­մե­նայն ինչ Աս­տու­ծո ար­քա­յու­թյան է ծա­ռա­յում, և նա է Աս­տու­ծո ճշմա­րիտ հայտ­նու­թյունը: Ո­րով­հե­տև նա կա­տա­րյալ Աս­տված և կա­տա­րյալ մարդ է, ո՛չ նո­րա աստվա­ծու­թյունն է յուր մար­դե­ղու­թյամբ փոխ­վում կամ սահ­մա­նա­փակ­վում, և ո՛չ մարդ­կու­թյունն է ոչն­չա­նում աստվա­ծա­յին զորու­թյան մեջ, այլ նույն, որ Աս­տված է, նույն և մարդ է, ան­շփոթ, զի Աս­տված անշ­փո­թե­լի է և ան­բա­ժան, զի մար­դե­ղու­թյան խոր­հուրդն աստվա­ծու­թյան և մարդ­կու­թյան միու­թյունն է: Քրիս­տոս ոչ թե տա­ճար է աստվա­ծու­թյան, ինչ­պես կա­րող է լի­նել հավա­տա­ցո­ղը, այլ նա ինքն է Աս­տված և միան­գա­մայն մարդ: Բանն Աս­տված ին­քը մար­դա­ցավ, և մենք մար­դա­ցյալ Աս­տու­ծով բարձ­րա­նում ենք դեպի Աս­տված. Նա աստվա­ծա­յին սրբու­թյան, սի­րո և հե­զու­թյան հայտ­նու­թյունն է մեր մեջ, ո­րով մար­դը կա­տա­րյալ հավատ­քով, հնա­զան­դու­թյամբ և անձ­նվի­րու­թյամբ ներ­կա­յա­նում է Աս­տու­ծո: Նա երկն­քիցն է և միշտ երկն­քումն է (Հովհ., Գ 13), վասնզի Աս­տու­ծուցն է ե­լած (ԺԷ 27), ուստիև ա­սում է. «Եւ ոչ ոք ել յեր­կինս, ե­թէ ոչ որ էջն յերկ­նից` Որ­դին Մար­դոյ, որ էն յեր­կինս» (Հովհ., Գ 13). «Ես և Հայր իմ մի եմք» (Ժ 30): Հե­տևա­բար թե՛ կար­ծա­կան ա­ղան­դով սնված Եվ­տի­քյան մո­լո­րու­թյունը, որ ոչն­չաց­նում է Քրիս­տո­սի մարդ­կու­թյունն ու միայն աստվա­ծու­թյուն դավա­նում, և թե՛ Ե­բիո­նյան ծնունդ Նես­տո­րա­կա­նու­թյունն, որ եր­կվու­թյուն ձգե­լով Քրիս­տո­սի մարդ­կու­թյան և աստվա­ծու­թյան մեջ` ջնջում է մար­դե­ղու­թյան ի­րո­ղու­թյունն ու մի դաշ­նակ­ցու­թյուն մտցնում Քրիս­տո­սի աստվա­ծու­թյան ու մարդ­կու­թյան մեջ, եր­կուսն էլ հավա­սա­րա­պես մե­ղան­չում են աստվա­ծա­յին փրկա­գոր­ծու­թյան նպա­տա­կի և մարդ­կու­թյան փրկու­թյան հավատ­քի դեմ[5]:

Քրիս­տոս ճշմա­րիտ միու­թյուն է աստվա­ծու­թյան և մարդ­կու­թյան ա­ռանց մեկի տուժ­ման և մյու­սի խախտ­ման. «Զգե­ցաւ զմի մար­մին` ըստ թուա­կա­նի միոյ մար­դոյ» (Ե­ղի­շե, 318). ըստ մի մար­դու թվա­կա­նին ենք թվում նո­րա մար­դե­ղու­թյան խորհր­դի էու­թյունը. «Միու­թիւն եւ ոչ եր­կուու­թիւն. եւ այ­սու­հե­տեւ մի գի­տեմք զաստուա­ծու­թիւնն, որ յա­ռաջ էր, քան զաշ­խարհս, նոյն եւ այ­սօր»» (Ս. Հարք առ Ե­ղիշ., 30): «Ոչ մարմ­նա­ւոր բնու­թեանն կա՛մ կա­մաց, կա՛մ ներ­գոր­ծու­թեան թիւ մնաց ի մարմ­նա­ցեալ Բա­նին Աս­տու­ծոյ առն­լոյ...», – ա­սում է և Ստե­փան­նոս Սյունե­ցին առ Գեր­մա­նոս գրած թղթում, ա­սում է և Խա­չիկ կա­թու­ղի­կո­սը (Ա­սո­ղիկ, 242): «Ար­դա­րեւ մինն է միայն ի միայ­նոյն` ի միոյն փա­ռակ­ցու­թիւն յա­ւի­տեան երկր­պա­գեալ», – բար­բա­ռում է և Ս. Գրի­գոր Նա­րե­կա­ցին` միու­թյունը շեշ­տե­լով (ԼԴ): Դար­ձյալ. «Ընդ ա­մե­նա­կա­տարն էու­թեան հա­մաս­նեալ յա­նանջր­պետ միա­կա­նու­թիւն, թա­փան­ցա­կան խառ­նու­թեամբ յաստուա­ծու­թեանն ո­գի բաղ­կա­ցոյց զգո­յու­թիւն շնչոյս հրա­շա­պէս» (ՀԵ): Վեր­ջա­պես. «Ոչ շփո­թե­լով` սա­կայն միակն միե­ղեալ հան­դերձ ա­ռե­ցե­լովն մա­հա­ցեալ. յա­ւէտ կեն­դա­նի, եւ նոյն ինքն կեն­դա­նի ե­լով զնոյն նա­խուստն ըն­կա­լաւ բա­ժակ մա­հա­ցու, զի միակն ոչ զեր­կա­տու­թիւն յին­քեան ըս­տանձ­նեալ բե­րէ, զի պատ­ճառ գոլ գծի ոչ տրա­մա­կա­յի` ստո­րան­կեալ ընդ թուով», - հնչեց­նում է և Գրի­գոր Մա­գիստ­րոսն առ հայր Ա­նա­նիա գրած թղթում:

Արդ, փրկա­գոր­ծու­թյան հիմ­նա­քա­րը Քրիս­տո­սի միու­թյունն է: Մարդ­կա­յին բնու­թյունը հրա­պու­րվելով վտա­րան­ջել էր, մո­լվել դեպի չարը և ա­պա­կա­նվել. աստվա­ծու­թյան և մարդ­կու­թյան միու­թյամբ Քրիս­տոս սրբեց այդ բնու­թյունն և գե­րահ­րաշ հնա­զան­դու­թյուն բղխեց այդ միու­թյունից: Մարդ­կա­յին կամ­քի մեջ չա­րա­հա­կում ըն­թացք էր մտել, Քրիս­տոս միաց­րեց այդ կամքն յուր կամ­քի հետ և ճշմա­րիտ կամ­քի ուղ­ղու­թյունը հաստա­տեց: Մարդ­կա­յին հո­գին ու միտ­քը բռնվել էր մեղ­քի մեջ և աշ­խար­հին ստո­րադ­րվել` կորց­նե­լով յուր ինք­նա­գի­տակ­ցու­թյունն ու ճա­նա­չո­ղու­թյունը. Քրիս­տոս միաց­րեց այդ միտքն ու հո­գին յուր աստվա­ծու­թյան հետ և ճշմա­րիտ ինք­նա­գի­տակ­ցու­թյուն, աստվա­ծա­ճա­նա­չու­թյուն և աշ­խար­հա­ճա­նա­չու­թյուն ի­րա­կա­նաց­րեց: Ըն­կել էր մե­ղան­չած մար­դը, ա­պա­կա­նա­ցու էր նո­րա կամ­քի ներ­գոր­ծու­թյունն յուր կոչ­ման մեջ և «ան­ձամբ ան­ձին ոչ կա­րէր կանգ­նել»: Քրիս­տոս խո­նար­հվեց, միաց­րեց ըն­կած մարդ­կու­թյան խո­նար­հու­թյունն յուր բարձ­րու­թյան հետ և մարդ­կա­յին կոչ­ման հա­մա­ձայն ներ­գոր­ծու­թյունը զորաց­րեց: Նա խո­նար­հվեց, մար­դը բարձ­րա­ցավ[6]. նա մե­ղան­չա­կան մար­դու կեր­պա­րանքն ա­ռավ, և մեղ­սա­թավալ մարդ­կու­թյունը սրբվեց. Աս­տվա­ծը մար­դա­ցավ, և մարդն աստվա­ծա­ցավ. նա ան­մեղ էր, մեղ­քի մեջ մտավ և մեղ­քը վե­րաց­րեց: Մար­դու մեղ­քի հե­տևանքն էր ա­պա­կա­նու­թյունը. Քրիս­տոս մտավ մեղ­քի և ա­պա­կա­նու­թյան մեջ և ան­մեղ և ա­նա­պա­կան դարձ­րեց. «Քան­զի ա­պա­կա­նու­թիւն մե­ղաց է ծնունդ, եւ որ մեղս ոչ ա­րար` ոչ տի­րեաց նմա եւ ա­պա­կա­նու­թիւն»: «Աս­տուած զՈր­դին իւր ա­ռա­քեաց ի նմա­նու­թիւն մարմ­նոյ մե­ղաց, եւ վասն մե­ղաց եւ դա­տա­պար­տեաց զմեղս ի մարմ­նի անդ» (Հռ., Ը 3. Եբր., Դ 15. Ընդհ., 139, 140, 328, 330, 341):

Քրիս­տո­սի մեջ է ճշմա­րիտ մար­դու կոչ­ման ի­րա­գոր­ծու­մը, նո­րա մեջ է իս­կա­կան կամ­քը, իս­կա­կան բնու­թյունը և իս­կա­կան ներ­գոր­ծու­թյունը, ո­րոն­ցով պետք է Աս­տու­ծո որ­դիք լի­նինք: Նո­րա բո­լոր գոր­ծու­նեու­թյունը բղխում է միա­ցյալ բնու­թյունից, և ոչ թե նա յուր աստվա­ծու­թյամբ բռնա­նում է մարդ­կու­թյան վրա և ճշմա­րիտ գոր­ծը վա­րում (Ընդհ., 171, 321): Նո­րա կա­մե­ցո­ղու­թյունն ի­րա­կա­նա­նում է միա­ցյալ կամ­քից, և ոչ թե նա յուր աստ­վա­ծու­թյամբ ճնշում է յուր մարդ­կու­թյան կա­մե­ցո­ղու­թյունը[7]: Այս­պի­սով է նա բարձ­րաց­նում մար­դուն: Իսկ ե­թե նա եր­կու բնու­թյուն ու­նե­նար, բռնա­բար պետք է հետ մղեր մարդ­կա­յի­նը, այլև տի­րա­բար պետք է հնա­զան­դեց­ներ մարդ­կա­յին կամքն, ե­թե եր­կու կամք ու­նե­նար: Եվ ե­թե եր­կու անձն ու­նե­նար, տար­բեր գի­տակ­ցու­թյանց խռո­վու­թյունը պետք է կրեր: Սույն­պի­սի եր­կվու­թյուն­նե­րով փրկա­գոր­ծու­թյուն չէր լի­նիլ[8], զի նույն բռնու­թյամբ ու տի­րու­թյամբ, նույն ճնշմամբ և խռո­վու­թյամբ կա­րե­լի էր նաև ա­ռանց մար­դե­ղու­թյան վա­րել մարդ­կանց դեպի մի նպա­տակ, իսկ այդ հա­կա­ռակ է ա­զատ կամ­քի Ա­րար­չի տնօ­րի­նու­թյան: Մարդ­կու­թյան փրկու­թյունն ու բարձ­րա­ցու­մը մի­միայն Քրիս­տո­սի աստ­վա­ծու­թյան ու մարդ­կու­թյան միու­թյամբ է ևեթ: Ուստիև Հա­յաստա­նյայց Ս. Ե­կե­ղե­ցին ընդ­դեմ բո­լոր մո­լո­րու­թյանց դավա­նում է ըն­դար­ձակ Հավա­տամ­քի մեջ. «Ե­ղեւ Աս­տուածն կա­տա­րեալ` մարդ կա­տա­րեալ, հոգ­ւով եւ մտօք եւ մարմ­նով մի անձն, մի դէմ, եւ միաւո­րեալ մի բնու­թիւն: Աս­տուածն մար­դա­ցեալ ա­ռանց փո­փոխ­ման եւ ա­ռանց այ­լայ­լու­թեան»...(հոդ. 6)[9]:

 

 

[1] «Չէ հնար եւ սոսկ Աստուծոյ չարչարել եւ մեռանել չէր հնար. արդէ՛ն Աստուած եկն եւ եղեւ մարդ, եւ մեռաւ եւ փրկեաց զարարածս: Արդ, այլ ոք արարիչ եւ փրկիչ եւ կեցուցիչ իբրեւ զնա ոչ եղեւ եւ ոչ եղիցի եւ ոչ լինելոց է. բայց միայն մինն, Միածինն, ի կուսէն ծնեալ Աստուած, եղեալ մարդ: Քանզի բազումք ի մարդկանէ աստուածա­ծա­նօթք, աստուածատեսք, աստուածախօսք. այլ ըստ բնութեան մարդիկ կոչին եւ ոչ Աս­տուած: Ելին ոմանք մարմնով յերկինս. սակայն եւ անդ մարդիկ ըստ բնութեան են, եւ կամ հրեշտակք, այլ ոչ եթէ Աստուած: Նոյն օրինակ եւ բանին Աստուծոյ եկեալ յերկիր եւ եղեալ մարդ, եւ մեռեալ իբրեւ զմարդ, այլ ըստ էութեանն` Աստուած կոչի եւ ոչ մարդ, եւ ըստ տեսչութեանն` Աստուած մարդացեալ եւ ոչ մարդ աստուածացեալ: Մարդ յեր­կինս եւ յերկրի միեւնոյն ինքն միացեալ միաւորեալ մարմնով եւ աստուածութեամբ»: Ս. Հովհան Մանդակունի, Ճառք, էջ 212:

[2] «Որ զմահու տիեզերաց բառնայր զիշխանութիւնն, եւ յարատեւակ աստուածային կենդանութեամբն` զանլուծանելի կեանս հասարակաց ընդձեռ էր. վասն զի խաղա­ղա­նայր մարդկային բնութիւնս յաղագս մարմնոյն, որ ընդ աստուածութեանն խաղա­ղացաւ անանջատապէս»: «Որ զանհնազանդութիւն մարդկան ընդ հնազանդութեամբ Բանին Աստուծոյ միաւորէ եւ հնազանդի աստուածախառն մարմնովն`հասարակաց Հօրն` փոխանակ անհնազանդութեանն Ադամայ, եւ ըստ աստուածութեան առնու բա­րե­բանութիւն ընդ Հօր ի հրաբուն զօրացն»: Մամբ. Վերծ., 60, 55:

[3] «Էջ յաջմէ աթոռոյ անտի, ամփոփեցաւ, փոքրկացաւ, եւ ի կուսէն մարմնացաւ, մար­դացաւ, եւ զանձն ունայնացոյց. եւ մարդ եղեալ, կամօք կրեալ զվիշտսն, մեռաւ եւ յարեաւ եւ կեցոյց զամենեսեան առհասարակ. եւ վերացաւ եւ նստաւ յաթոռ իւրոյ բնութեանն, ընդ աջմէ Հօր` իւրոյ ծնողին»: Ս. Ներսես Մեծն, անդ., 68:

[4] «Հայրենի բնութիւնն ի մարդկային բնութիւն միացաւ անփոփոխելի միութեամբ: Եւ ծնաւ մի տեսակ` Աստուած եւ մարդ, որպէս ճրագն Տարսոնացին (Պողոս) պատմէ. «Մի է, ասէ, Աստուած, եւ մի միջնորդ Աստուծոյ եւ մարդկան» (Ա Տիմ., Բ 5. Գաղ., Գ 20), իսկ միջնորդ միոյ ուրուք ոչ է, զի յերկոցունցն զմիութիւնն. որպէս յԱբրահամէ եւ ի Սառայէ Իսահակ ծնեալ միաբանութեամբ, այսպէս եւ Քրիստոս ի Հոգւոյն Սրբոյ եւ ի Մա­րիա­մայ ծնեալ մի բնութիւն անզանգ եւ անշփոթ միութեամբ...»: Ժողով Է դարու, Սեբեոս, 125:

[5] «Զի որ ի մարմինն հաւատացին, ծանոյց նոցա զաստուածութիւնն, իւր եւ որք ի մարմնոյն գթեցին, ուրացան զբնութիւն նորա: Քանզի միացաւ ի մարմնի բնութեամբ, եւ խառնեաց զմարմինն յաստուածութիւնն: Որ հաւատացին ի նա, նոքա վայելեսցին ի բա­րութիւնսն անպատումս. եւ որ յայսմոց հաւատոց վրիպեցան` զանկոխ եւ զանխուլ գնա­ցին եւ զարտուղի անկան. խրամատեցին իւրեանց ցանկս անկարկատս, եւ զբա­զումս ի ճշմարիտ հաւատոց թիւրեցին: Իբրեւ կարծեցին, թէ գտին ինչ եւ գտին ոչինչ...: Զի գիւտիցն խնդիր աշխատութիւն է, իսկ անգիւտ աշխատութիւն` սուտ վարդա­պետութիւն, կռապաշտութեան հասուցանէ»: Ագաթ., 215:

[6] «Որդւոյ զմեր կերպարանեալ զբնութիւնս, եւ բնութեամբ քաւարան գոլով բնու­թեանս, ի տանջանաց զբնութիւնս ազատելով եւ միով մահուամբ զանազան մահուց կնքեաց գիր. եւ յաջորդեաց շնորհ գրոյն` Հոգի. եւ եղեւ ինքն Բանն ամենայն յամե­նայնում: Ընդ հողեղէնս` հողեղէն. օրինին ճոխացուցանող գրոյն լուծիչ. ոգւոյն քննող. պատկեր աներեւելի Հօրն, եւ ամենայն մարդկան զօրութիւն եւ իմաստութիւն. հասա­րակաց արարիչ. փակելոյ դրախտին բացող. ճանապարհ ի վերելից առ Հայր. դուռն երկրորդ` յերկրորդ երկինս մտողաց...: Սահակ Կաթողիկոս Ձորոփ., Ճառ, 188:

[7] «Յիսուս եղեւ կցորդ սգոյ նոցա, զի լիցին մարդիկ մխիթարեալք յԱստուծոյ: Կամ մռնչեաց ի վերայ սատանայի որպէս առիւծ ի վերայ որսոյ, զի ոչ ստուգապէս կարէին շար­ժել զնա տրտմականքն, որպէս զմեզ յաղթահարեն մարմնոյ շարժմունք. զի աստուածային բնութիւն անախտ եւ անտրտում է, այլ խռովելն նշանակէ, թէ հրաման ետ տրտմութեանն գալ եւ բխել զարտօսրն կամաւորաբար: Ցուցանէ, թէ յորժամ կամէր, զի­ջանէր յայնոսիկ ի բնական կիրսն, յայտնելով զճշմարիտ մարդեղութիւնն. զի թէպէտ եւ Աստուած միացաւ ի մարմնի, այլ ոչ ետ շարժել մարմնոյն ի բնական կիրսն, այլ յոր­ժամ թոյլ տայր, իջանէր ի կերակուր եւ յըմպելիս եւ ի քուն. եւ յորժամ կամէր, անցանէր որ բնու­թեանս գեր ի վերայ, պահէր զինքն աստուածային միութեամբն»: Մամբրե Վերծ., 47:

[8] «Բանին Աստուծոյ եկեալ յերկիր եւ եղեալ մարդ, եւ մեռեալ իբրեւ զմարդ, այլ ըստ էութեանն` Աստուած կոչի եւ ոչ մարդ եւ ըստ տեսչութեանն` Աստուած մարդացեալ եւ ոչ մարդ աստուածացեալ: Մարդ յերկինս եւ յերկրի միեւնոյն ինքն միացեալ միաւորեալ մարմնով եւ աստուածութեամբ, ի սրբոյ կուսէն ծնեալ կամաւ Հօր բան եւ միտք, եւ կա­մաւ Հօր ի սկզբանէ արար զամենայն, եւ ի վախճանի երեւեցաւ մարդկան, Տէր եւ տեսուչ յերկինս եւ յերկրի» (Հովհ. Մանդակունի, 213):

[9] Տե՛ս՝ Ընդհ. 170-172, 119-124, 129-137, 171-173, 175. Ագաթ., 220-224. Պող. Տար., էջ 26. Ղազար Ճահկեցի, 88-282:

«Իսկ ի գերազանց եւ ի սքանչելի միաւորութենէն ոչինչ է արգել միութեան` զամե­նայնսն խոստովանել ի Քրիստոս, մի դէմ, մի անձն եւ մի նորա բնութիւն, զի որ ի Հօրէ անմարմին Բանն էր, ի Մարիամայ Սրբոյ Կուսէն, այսինքն` ի մարդկային բնութենէս` մարմին զգեցաւ, եւ զնոյն միաւորեալ ընդ իւրումն դիմի եւ բնութեան, մի դէմ, եւ մի բնութիւն ասի եւ հանդերձ մարմնովն»: Ս. Հովհ. Իմաստ., ճառ 51:

«Մեք` Հայաստանեայքս, աներկբայապէս եւ ճշմարիտ խոստովանութեամբ հաւա­տա­ցաք զՔրիստոս` մի բնութիւն, եւ հաստատեցաք ի վերայ անշարժ հաւատոյ, եւ կամք անպարտելի, եւ անսասանելի յամենայն հերձուածողաց, եւ եմք բարձրացեալ սուրբ եւ անբիծ հաւատով ի Քրիստոս Յիսուս»: Պող. Տար., 40, 76:

«Յայս ճշմարիտ եւ պատուական հիման վրայ շինեցաւ եկեղեցիս մեր եւ հաստա­տեալ մնաց մինչեւ ցայսօր ժամանակի, ոչ ունելով արատ եւ ոչ սպի` եւ ոչ հարեալ ի խղճէ մտաց, ոչ անզգայացեալ ի հիւանդութեանց ախտ անկանելով»: Գրիգոր Գ., տե՛ս «Արարատ», 1892, դեկտ. :

«Եւ արդ` ընդարձակագոյն բանիւք ասասցուք զմեր դաւանութիւն, ըստ որում, մի ասեմք ի Քրիստոս բնութիւն, որ եւ ամենեցուն քաջայայտ է»: «Արդ, եղիցի մեզ օրինակ մարդս, որպէս ի վերայ սորա ասի, որ ինչ անկէ մարմնոյ եւ որ ինչ` թէ հոգւոյ, բայց մարմին ոչ ասի երկուք բնութիւնք, այլ մի. իսկ թէ ոք ընդդէմ եկեալ երկուս ասիցէ բնութիւն Քրիստոսի, երիս լինի հաստատեալ` երկուս մարդկային եւ մի աստուածային»: Սահակ վարդ. (Մռուտ)` հրամանավ Աշոտ իշխանաց իշխանի:

«Մարմնացեալ Որդին ի Մարիամայ անճառապէս եւ անփոխարկաբար. նոյն ինքն Աստուած ճշմարիտ եւ մարդ կատարեալ. զաստուածութեանն զօրութիւն ցուցանելով` որպէս զԱստուած, եւ զմարդկայինսն առանց մեղաց կրելով որպէս մարդ, միաւոր բնութեամբ»: Խոսր. Անձ., Մեկն., 15, 32:

«Մնաց Միածինն մի Որդի, մի անձն, մի Քրիստոս եւ ճշմարտապէս` յերկուց միա­ցեալ մի բնութիւն, մի կամք, մի ախորժակք, մի գործ, մի ծնունդ կուսութեամբ, մի մայր առանց Հօր, որ եւ նախքան զյաւիտեանս առանց մօր ծնեալ»: Դավ. տե՛ս Կիր., 190:

«Ահա այսոքիկ վասն միութեան բնութեանցն Բանին եւ մարմնոյն եւ անքակ ձուլ­մանն եղական գոյին ընդ անեղ էին. եւ լինելոյ մի էութիւն, մի դէմք, մի բնութիւն, որոյ կամքն եւ կիրքն եւ գործն նմանապէս մի. զի միոյ բնութեան ոչ այլ եւ կամք եւ այն հա­կառակ միմեանց, մինն` անխախտ եւ աստուածային եւ մինն` ախտաւոր եւ մարդկային, քա՜ւ եւ մի լիցի, զի այս անհնարին է լինել, այլ մի կամք եւ մի գործ, զի յորժամ կամէր, խոնարհութեամբ թոյլ տայր բնութեան կրել զմարմնականսն, զի մի առաչօք թուեսցի մարդեղութիւն, եւ մի ունայնասցի Բանն...»: Ստեփ. Ուրպել. Ձեռնարկ հավատո:

                        «Այլ ոչ յերկուս իսկ բաժանի բնութեանն բան

                        Եւ ոչ կրկին ասել զդէմս որոշական:

                        Այլ միեւնոյն է մարմնացեալ Աստուածն Բան,

                        Բնութեամբ դիմաւ եւ առանձնութեամբն միական»:   

                                                      Հովհ. վ. Երզնկացի, Վիպաս., էջ 51:

«Այլ մեզ մի է Տէր մեր Յիսուս Քրիստոս, ըստ առաքելոյն, Աստուած եւ մարդ յերկուց միացեալ, եւ յետ միութեան ոչ երկու` այլ մի խոստովանեալ առանց ապա­կանութեան. մի որդի եւ մի բնութիւն եւ մի կամք, եւ մի ներգործութիւն փա­ռաւորեալ ընդ Հօր եւ Հոգւոյն Սրբոյ յաւիտեանս. ամէ՛ն»: 

                                                                                                                                                                             Մովս. վ. Երզ. († 1323):

Տե՛ս՝ Հայաստանյայց Եկ. եւ Բյուզ. ժող. պարագ., Մոսկվա, 1892, էջ 90-226:

 

Արշակ Տեր-Միքելյան

«Հայաստանյայց Սուրբ Եկեղեցու Քրիստոնեականը» գրքից

 

10.10.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․