9 Օգոստոս, Գշ, Աստվածածնի պահքի Բ օր

Գրքեր

Անհնազանդության մասին

Մի եղբայր վանահորից վանքից երբեք չելնելու պատվեր էր ստացել, բացի անհրաժեշտության պարագայից: Իսկ նա, մշտապես այլևայլ պատճառներ գտնելով, վանահոր հրամանով քաղաք և ուրիշ տեղեր էր գնում, ուր որ հաճելի էր թվում իրեն:

Մի օր դիվահարի հանդիպեց և մարդկանց աղաչանքներից հարկադրվեց դևը հանել: Հրաժարվել չկարողանալով` եկավ դիվահարի մոտ և, ընթերցելով Հովհաննեսի Ավետարանի սկիզբն ու կատարելով այլ աղոթքներ, դիմեց դևին՝ ասելով.

-Սուրբ հնազանդության զորությամբ հրաման եմ տալիս քեզ, որպեսզի այս մարդուց ելնես:

Դևն այսահարի բերանով պատասխանեց.

-Սուրբ հնազանդության զորությամբ ի՞նչ ես կամենում հրամայել ինձ, դու որ երբեք ճշմարիտ հնազանդ չես եղել:

Եվ վանականն ամոթահար հեռացավ:

Այստեղից հայտնի է, որ եթե նա ճշմարտապես հնազանդ լիներ իր առաջնորդին, դևն էլ ստուգապես կհնազանդվեր իրեն:

   †††

Մի տանուտեր հավատարիմ ու պիտանի ծառա ուներ, ում իր ողջ ունեցվածքի վրա էր կարգել: Մի օր երկուսով զրուցում էին Ադամի անհնազանդության և ընդդեմ Աստծո պատվիրանի` պտղի ճաշակման մասին: Ծառան էլ, Ադամի այդպիսի անհաստատ մտքի վրա զայրանալով, ասաց.

-Տե՛ր, Աստծո պարագային ոչինչ չունեմ ասելու, բայց եթե դու ինձ սաստիկ հրաման տայիր, երբեք զանց չէի առնի:

Տերը լռեց: Օրեր հետո, երբ ծառան զգոնության մեջ չէր և Ադամի վերաբերյալ ասածները չէր հիշում, նրան փոքր սափոր տվեց, որ ծածկված էր, բայց ոչ փակված, և ասաց.

-Քեզ հանձնարարում եմ պահել այս ամանը, բայց եթե այն բացես, ինձ մոտ եղած քո ամբողջ վարձից և խնամքից հավիտյան կզրկվես:

Եվ այս մասին բազմաթիվ անգամներ նրան հիշեցրեց:

Իսկ ծառան, գնալով սենյակ, միառժամանակ սկսեց տարուբերվել զանազան մտքերի ու փորձությունների հողմով՝ կամենալով իմանալ, թե ի՛նչ կա սափորի մեջ: Եվ բազմիցս նայելով ու շրջելով` խորհեց. «Ի՞նչ պիտի լինի, եթե բացեմ, այստեղ մենակ եմ, ոչ ոք ինձ չի տեսնում: Եթե մեկն ինձ հարցնի, կուրանամ, քանի որ վկա չկա, որ ինձ դատապարտի»: Ապա սափորը բացեց, և թռչունը, որ մեջն էր, փախավ: Այդ ժամանակ հույժ տրտմեց, որովհետև մտահղացումը հասկացավ: Երբ տերը հարցրեց նրան ամանի մասին, ընկնելով նրա ոտքերը` թողություն էր հայցում, ինչին սակայն չարժանացավ: Տերը նրան ասաց.

Ո՜վ ծառա, չար և ինքնահավան, դու որ մեր նախահորն անհնազանդության համար դատում էիր` քո մտքի հաստատակամությունը գովելով իմ առաջ, քեզ դատապարտեցիր: Արդ, հեռո՛ւ գնա ինձնից, որպեսզի իմ երեսն այլևս չտեսնես:

†††

Մեծահարուստ ու ազնվատոհմիկ մի մարդ արժանապատիվ ու շատ սիրելի կին ուներ: Մի օր, մինչդեռ միմյանց հետ խոսում էին Եվայի մասին, կինը, կանանց սովորության համաձայն, պախարակում էր Եվային և դատապարտում անհաստատակամության համար, որ իր չնչին ցանկությունը կատարելով՝ ողջ մարդկությանն այսպիսի տառապանքներ ու թշվառություն էր բերել: Ամուսինը կնոջն ասաց.

-Մի՛ դատիր նրան, որովհետև դու նույնը կանեիր նման փորձության ժամանակ: Ես կամենում եմ քեզ թեթևագույնը պատվիրել, և հանուն իմ սիրո չես կարողանալու այն պահել:

-Ո՞րն է այդ պատվիրանը,- հարցրեց նա:

-Այն օրը, երբ բաղնիքում լողանաս,- ասաց ամուսինը,- դրանից հետո ոտաբոբիկ չմտնես տիղմի մեջ, որ մեր գավթի դրսում է:

Եվ այնտեղ գարշահոտ ջուր կար, որտեղ տան ամբողջ աղբն էին լցնում: Կինը ծիծաղեց պատվիրանը խախտելու վրա:

-Ուզում եմ,- ավելացրեց ամուսինը,- որ ուխտ կապենք. եթե հնազանդվես, քեզ 40 կգ արծաթ կտամ, ապա թե ոչ՝ նույնքան ինձ պարտք կմնաս:

Այս միտքը շատ հաճելի թվաց կնոջը: Իսկ ամուսինը, կնոջից ծածուկ, լրտես  կարգեց տիղմի մոտակայքում: Զարմանալի է. պատվելի ու համեստ այդ կինն այդ օրվանից երբեք առանց տիղմին նայելու այդտեղով չէր անցնում, քանի անգամ որ բաղնիք էր գնում, տղմոտ տեղի համար իր մեջ պատերազմ էր ունենում: Մի օր էլ, բաղնիքից ելնելով, իր աղախնին ասաց.

-Եթե տիղմը չմտնեմ, կմեռնեմ:

Եվ իսկույն բարձրացնելով զգեստը, այս ու այն կողմ նայելով, թե իրեն տեսնող չկա, ցանկությունը կատարելու համար մինչև ծնկները մտավ այդ գարշահոտության մեջ: Ամուսնուն անմիջապես տեղեկացրեցին: Եվ նա՝ ուրախացած, կնոջը տեսնելով, ասաց.

-Ինչպե՞ս ես տիկին, այսօր լավ լոգանք ընդունեցի՞ր:

-Այո՛, լավ,- պատասխանեց նա:

Ապա ամուսինն ավելացրեց.

-Գարշահոտ ու տղմոտ ջուրը մտե՞լ ես:

Այս խոսքերից կինն ամոթահար եղավ և իսկույն լռեց` տեսնելով, որ հանցանքը հայտնի է եղել: Այնժամ ամուսինն ասաց.

-Տիկի՛ն, ո՞ւր է անխոնարհելի միտքդ, ո՞ւր է հնազանդությունդ, ո՞ւր է պարծանքդ: Ահավասիկ, Եվայից առավել թեթև պատերազմ ունեցար, չէ՞ որ ավելի թույլին չդիմացար և ավելի մեծ չարիքի մեջ ընկար: Արդ, հատուցի՛ր պարտքդ:

Եվ քանի որ հատուցելու ոչինչ չուներ, նրանից ամբողջությամբ վերցրեց մեծագին զարդեղենը և բաժանեց ուրիշների` թույլ տալով կնոջը, որ միառժամանակ ինքն իրեն տանջի:

 

Հայելի վարուց

29.09.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․