19 Մարտ, Գշ, Մեծ պահքի ԼԷ օր

Գրքեր

Առաջին լուսավորիչներ՝ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալներ

Համաձայն Հայ եկեղեցու սրբազան ավանդության՝ Հայոց հողի վրա քրիստոնեության սերմերը սերմանվել են դեռևս առաքելական շրջանում: Հայաստանում քրիստոնեությունը առաջինը քարոզել և տարածել են Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալները, որոնք, Հայոց Սանատրուկ թագավորի հրամանով նահատակվելով՝ դարձել են Հայաստանի եկեղեցու հիմնադիրները: Ուստի Հայ եկեղեցին հնուց ի վեր կոչվում է Առաքելական և անվանվում՝ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցի:

Հին Ուխտի շրջանում Իսրայելի ազգի համար Աստծու խոսքի պատգամախոսները եղան մարգարեները: Իսկ Նոր Ուխտի քարոզիչներն ու ավետարանիչները եղան առաքյալները, որոնք Հիսուս Քրիստոսի կողմից ուղարկվեցին աշխարհի բոլոր ազգերին լուսավորելու և կենդանի խոսքը քարոզելու:

Հիսուսի առաքյալները խոնարհ, իրենց առօրյա ապրուստը ճակատի քրտինքով վաստակող մարդիկ էին՝ առանց հռչակի, դիրքի, գիտության: Գտնվածը, ստացվածը ուրիշի հետ բաժանելու, շրջապատի մեջ տարածելու ձգտումն ու ջանքը ունեին առաքյալները: Նախանձախնդիր էին իրենց կրոնական և ազգային օրենքներին: Որտեղ կա սեր, հավատք, կամք, նվիրում, նպատակ՝ այնտեղ է կյանքը, այնտեղ է հաղթանակի գաղտնիքը:

Հիսուս Քրիստոս Իր տասներկու աշակերտներին աշխարհի ամեն կողմերը ուղարկելուց առաջ նրանց իշխանություն տվեց՝ քարոզելու, հիվանդներին օծելու և բժշկելու, այսահարներից չար ոգիները հանելու և խոստովանող մեղավորներին իրենց մեղքերից արձակելու: Առաքյալները հավատարմորեն կատարեցին այն, ինչ Տերն ասաց և տերը դարձան իրենց կոչումի:

Հայ եկեղեցին տարին երկու անգամ է հիշատակում Սբ. Թադեոս առաքյալին. մեկը Սբ. Սանդուխտ կույսի հետ, մյուսը՝ Սբ. Բարդուղիմեոս առաքյալի: Առաջին լուսավորիչներն հիշատակվում են նաև տասներկու առաքյալների հետ:

Սուրբ Թադեոս. Ճշմարտության ճանապարհի քարոզիչը

Սբ. Թադեոսը Հայոց առաջին լուսավորիչն է ու ամենաշատ անուններ ունեցող առաքյալը: Հերոնիմոսը նրան կոչում է Թադեոս Եռանվանի, այսինքն՝ երեք անուններ ունեցող մարդ: Ղուկասի Ավետարանում (6.16) և Գործք Առաքելոցում (1.13) նա ներկայացվում է որպես Հուդա Հակոբեան, Հովհաննեսի ավետարանում նույնպես՝ «Հուդան, ոչ Իսկարիովտացին» (14.22): Իսկ Մատթեոս ավետարանիչը նրան կոչում է «Ղեբեոս, որ Թադեոս կոչվեց» (Մատթեոս 10.3): Մարկոսն է, որ նրան պարզապես կոչում է Թադեոս (Մարկոս 3.18):

Սբ. Թադեոսը քրիստոնեությունը քարոզելու նպատակով նախ գնաց Եդեսիա քաղաք, որտեղ իշխում էր Աբգար թագավորը: Վերջինս հիվանդ էր և լսել էր, որ Պաղեստինում Հիսուսը հրաշալի բժշկություններ է կատարում: Աբգարը, չկարողանալով անձամբ Երուսաղեմ գնալ, նամակով և պատվիրակությամբ Հիսուսին Եդեսիա հրավիրեց, որպեսզի գա և իրեն բժշկի: Այդ ժամանակ Հիսուս քարոզում էր Հրեաստանում: Ուստի խոստացավ Եդեսիա ուղարկել Իր առաքյալներից, որպեսզի բժշկեն նրան: Եվ իրոք, Հիսուսի համբարձումից հետո այդ խոստումը կատարվեց. Սբ. Թադեոսը գալով Եդեսիա, բժշկեց և մկրտեց թագավորին ու նախարարներին և բազմաթիվ այլ մարդկանց, քահանաներ ու պաշտոնյաներ կարգեց և քաղաքի համար եպիսկոպոս ձեռնադրեց Ագգային:

Սբ. Թադեոսը Եդեսիայում քարոզեց Հիսուսի կյանքը, գործերն ու պատվիրանները: Աբգար թագավորը հավատաց Տիրոջն ու հրաշքով բժշկվեց Նրա առաքյալի կողմից:

Քարոզչությունն ավարտելով՝ առաքյալը անցավ Հայաստան: Հայաստանում ամենուր տիրում էր կռապաշտությունը: Սբ. Թադեոսը, շրջելով զանազան քաղաքներում, քարոզեց քրիստոնեությունը, շատերը հավատացին Հիսուսին և մկրտվեցին:

Թադեոսը ամեն տեղ աներկյուղ քարոզում էր Ավետարանի ճշմարտությունը: Նա նույնիսկ մտավ իշխանական տնից ներս: Նրա խոսքը շատ ազդու էր, քանի որ հավատքով ու համոզված էր խոսում: Քարոզելու նպատակով գնաց Շավարշավան, որտեղ գտնվում էր Սանատրուկ թագավորի պալատը: Սուրբ Թադեոս առաքյալն այնտեղ շատ բժշկություններ կատարեց: Նրա քարոզության շնորհիվ շատերը հավատացին Հիսուսին ու ընդունեցին քրիստոնեական կրոնը: Նրանց թվում էր նաև Սանատրուկի դուստրը՝ Սանդուխտ կույսը:

Թագավորը, սակայն, մերժեց քրիստոնեությունը: Նա ամեն միջոց գործադրեց իր աղջկան «դարձի բերելու»: Անօգուտ: Բոլոր հորդորներն ու ձեռնարկումները ապարդյուն անցան: Սանդուխտի հավատքը ապառաժի վրա էր հիմնված: Նա սիրում էր իր հորը, բայց ավելի շատ սիրում էր ճշմարտությունը: Այդ ժամանակ թագավորը, բարկանալով և մոռանալով իր հայրական գութը, հրամայեց սպանել թե՛ իր աղջկան և թե՛ Թադեոս առաքյալին: Սուրբ Թադեոսը նահատակվեց Արտազ գավառի Շավարշավան գյուղաքաղաքում: Նրա նահատակության օրն իսկ քրիստոնյա դարձան 3500 հայեր:

Սուրբ Բարդուղիմեոս. Նախադավան առաքյալը

Սուրբ Թադեոս առաքյալի քարոզչության ժամանակ Հայաստան եկավ Հիսուսի տասներկու առաքյալներից մեկը ևս՝ Սուրբ Բարդուղիմեոսը: Բարդուղիմեոս նշանակում է Թոլոմեի որդի, այսինքն՝ նրա հայրանունն է, իսկ բուն անունն է Նաթանայել (հայերեն՝ Աստվածատուր): Ծնվել է Գալիլեայի Կանա քաղաքում: Երբ Հիսուս տեսավ Նաթանայելին, որ Իր մոտ էր գալիս, ասաց. «Ահա ճշմարիտ մի իսրայելացի, որի մեջ նենգություն չկա»: Հիսուս նրա մեջ տեսավ վստահելի նկարագիր ունեցող, բարոյական բարձր արժանիքի տեր մի մարդու, որ պատրաստ էր գաղափարական կյանքով ապրելու և լծվելու ազնիվ գործի: Բարդուղիմեոսն է անդրանիկ առաքյալը, որ աշակերտակիցներից առաջ խոստովանեց Քրիստոսի Աստվածությունը՝ ասելով. «Դու ես Աստծու Որդին» (Հովհաննես 1.47-50): Եվ այս դավանանքի վրա էր, որ պիտի հիմնվեր քրիստոնեական եկեղեցին: Այդ պատճառով նա ստացավ Նախադավան առաքյալի փառավոր կոչումը:

Սուրբ Բարդուղիմեոսը, ըստ ավանդության, իր քարոզչությունը սկսեց Պարսկաստանի կողմերից և հասավ մինչև Հնդկաստանի սահմանները: Ասորիներին քարոզելուց հետո նա եկավ Հայաստան՝ Սյունյաց աշխարհ, անցավ Գողթն գավառը: 13-րդ դարի հայ պատմիչներից Ստեփանոս Օրբելյանը գրում է, թե առաքյալը Գողթնում Տեառնընդառաջ անունով եկեղեցի կառուցեց, որից հետո տեղափոխվեց Արտաշատ քաղաքը: Ամեն տեղ նա անվախ ու եռանդով քարոզում էր Ավետարանը: Ինչպես պատմում է ավանդությունը, հայոց երկու լուսավորիչները Արտաշատի բլրի վրա հանդիպեցին իրար: Իրարից բաժանվելով՝ Սբ. Թադեոսը գնաց Արտազ, իսկ Սբ. Բարդուղիմեոսը՝ Աղբակ: Վերջինիս հաջողվեց քրիստոնեությունը քարոզել Սանատրուկ թագավորի արքունիքում: Թագավորի ազգականներից և իշխանուհիներից ոմանք դարձի եկան, որոնց թվում և արքայաքույրը՝ Ոգուհի իշխանուհին: Նոր կրոնը նրա սիրտն էլ էր «գողացել»: Հիսուսի լույսը նրա մտքի մեջ սկսել էր ճառագայթել: Սբ. Բարդուղիմեոսի գալուստը նրա համար օրհնություն եղավ: Ոգուհին վարանելու պատճառ չուներ, ուստի հայտնապես խոստովանեց իր քրիստոնյա դառնալը: Նախընտրեց պալատի ապականություններից դուրս մաքուր, պարզ կյանքը՝ անմիտ հաճույքները փոխարինելով հոգևոր բարձրագույն վայելքների հետ:

Սանատրուկը, այդ արյունարբու և անզիջող մարդը, նոր անակնկալի եկավ: Լսելով քրոջ հանդգնությունը՝ Տերենտիոս հազարապետին ուղարկեց Ոգուհու մոտ, որպեսզի նորադարձներին պարտադրի կռապաշտության վերադառնալ: Տերը բացեց նրա միտքը՝ անսալու Իր խոսքերին: Տերենտիոսը ևս ընդունեց քրիստոնեությունը և մկրտվեց:

Այս լուրը հասավ թագավորին, որն առավել զայրացավ և աններում բարկությամբ հրամայեց նրանց ատյան բերել: Երկար ու խիստ հարցուփորձերը, բռնի միջոցները անզոր եղան նրանց իրենց հավատքից հեռացնելու: Թագավորը բանտարկեց առաքյալին և հրամայեց բազում չարչարանքների ենթարկել: Սբ. Բարդուղիմեոսը ձեռքերը վեր բարձրացրեց դեպի երկինք և ասաց. «Տե՛ր Աստված, մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հայր, օգնիր հոգ տանեմ այս երկրի համար, որ ոտնահար չլինի թշնամուց: Սրանց տուր ողորմության շնորհ, որպեսզի դառնան սնոտի կուռքերի երկրպագությունից, որ զուր և անտեղի մոլորվել են անհավատության տգիտությունից: Սրանց տուր հովիվ և առաջնորդ, որ քեզ ճանաչեն միակ ճշմարիտ Աստված և՝ որ առաքեցիր Հիսուս Քրիստոսին: Ինձ ևս ընդունիր, Տեր իմ, և Քեզ հավատացողներիս պահիր»:

Երբ սա ասաց՝ հողը շարժվեց, և ահա լուսեղեն կամարը եկավ կանգնեց սրբի վրա: Եվ նա նայեց վերև՝ երկինք, ավանդեց հոգին և անուշության հոտ բուրեց: Այդ օրը երկու հազար հոգի հավատացին Աստծուն և փառավորում էին կատարվածի համար: Իսկ երբ որոտումն եղավ՝ խուլերը լսեցին և բուժվեցին, կույրերը տեսան և լուսավորվեցին, համրերը խոսեցին և բոլորը ամեն ախտից բուժվեցին, որոնք հավատացին մեր Տեր Հիսուս Քրիստոսին՝ Սբ. Բարդուղիմեոսի միջոցով: Եվ հավատացյալները միաբան ձեռքերը վեր բարձրացրին, միաբերան փառավորում էին մեր Տեր Հիսուս Քրիստոսին: Նահատակվեցին նաև երանելի Ոգուհին և հազարապետը:

Սբ. Թադեոս և Սբ. Բարդուղիմեոս առաքյալների գերեզմանների վրա հետագայում կառուցվել են եկեղեցիներ. Սբ. Թադեոսինը՝ Արտազում, իսկ Սբ. Բարդուղիմեոսինը՝ Աղբակում:

Երկու լուսավորիչներն էլ իրենց քարոզչության ընթացքում Հայաստան բերեցին մի շարք նվիրական սրբություններ: Սբ. Թադեոսը բերել է Սուրբ Գեղարդը, որով զինվորը խաչի վրա խոցեց Հիսուսի կողը (Հովհաննես 19.34), ինչպես նաև մի բաժին այն յուղից, որ Հիսուս փոխանցել էր առաքյալներին: Իսկ Սբ. Բարդուղիմեոսը իր հետ Հայաստան է բերել Աստվածամոր պատկերը:

Այսպիսով, մյուս առաքյալների նման, նրանք էլ՝ իբրև ժիր մշակներ, կատարեցին իրենց կոչման պարտականությունը՝ իրենց արյունը թափելով Ավետարանի ճշմարտության վկայության համար, և սփռեցին աշխարհի Լոյսն ի Հայս:

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

27.11.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․