19 Մարտ, Գշ, Մեծ պահքի ԼԷ օր

Գրքեր

Բարին իմանալը և չգործելը մեղք է

Ապաշխարությունը օտար կամ ավելորդ է նրանց համար, ովքեր մտածում են, թե ի՞նչ են արել իրենք, որ ապաշխարեն, ո՛չ մարդ են սպանել, ո՛չ շնացել են, ո՛չ գողացել, ո՛չ էլ ինչ որ մեկին իրավունքից զրկել:

Այսինքն՝ ո՞ւմ համար է ապաշխարությունը, միայն գողի՞, մարդասպանի՞, շնացողի՞ և իրավազուրկի՞ համար: Կամ այս կամ այն վատ արարքը չանելը արդյո՞ք բավարար է, որ մարդը չապաշխարի: Ավետարանական ոսկե օրենքը մարդուն թելադրում է ոչ թե չեզոք լինել, այլ. «Այն, ինչ ուզում եք, որ մարդիկ ձեզ անեն, նույնը դո՛ւք արեք նրանց» (Մատթեոս 7:12):

Ավետարանում վերջին դատաստանը նկարագրող հատվածում (Մատթեոս 25:31-46) Քրիստոս Իր աջ կողմում կանգնածներին հրավիրում է ժառանգելու Արքայությունը՝ ասելով. «…քաղցած էի, և Ինձ կերակրեցիք, ծարավ էի, և Ինձ ջուր տվեցիք, օտարական էի, և Ինձ ընդունեցիք, մերկ էի, և Ինձ հագցրիք, հիվանդ էի, և Ինձ խնամեցիք, բանտում էի, և այցելեցիք Ինձ»: Եվ արդարների զարմացական հարցին, թե ե՞րբ են Իրեն կերակրել, ջուր տվել, հագցրել, խնամել, այցելել, մեր Տերը պատասխանում է. «Ասում եմ ձեզ, որովհետև Իմ այս փոքր եղբայրներից մեկին արեցիք այդ, Ի՛նձ արած եղաք»: Քրիստոս ի տարբերություն ձախակողմյանների գովեց աջակողմյաններին իրենց արածի և ոչ թե չարածի համար:

«Ով որ գիտե, թե ի՞նչ է բարին, և չի անում, նրա համար այդ մեղք է» (Հակոբոս 4:17):

Դեռևս առաջին մարդկանց Աստված պատվիրեց, որ մշակեն ու պահպանեն բերկրության դրախտը, նրանցից սկսած ամեն մի մարդու գործելու հնարավորություն տրվեց: Եվ արդյունքում մարդը, ըստ Պողոս առաքյալի, արժանացավ Աստծո գործակիցը լինելու (Ա Կորնթացիներ 3:9):

Բոլորիս հայտնի է աստվածաշնչյան հետևյալ համարը. «Մարդ ինչ սերմանում է, այն էլ կհնձի» (Գաղատացիներ 6:8), և ի՞նչ պետք է հնձի այն մարդը, որ ոչինչ չի սերմանել: Այսինքն՝ քրիստոնյայի առաքելությունը ոչ թե միայն չարը չգործելն է, այլ՝ հավատը կենդանի պահելը բարի գործերով (Հակոբոս 2:26):

«Բարի սամարացին» առակում (Ղուկաս 10:30-37) քահանան և ղևտացին ոչինչ չարեցին կիսամեռ վիճակում գտնվող մարդու համար. ո՛չ բարիք գործեցին և ո՛չ էլ չարիք: Այստեղ միայն բարի օրինակ ծառայեց հոգատար բարի սամարացին և ոչ թե քահանան կամ ղևտացին:

Իսկ ավետարանական մեկ ուրիշ առակում էլ, որ կոչվում է «Փարիսեցին և մաքսավորը» (Ղուկաս 18:9-14), փարիսեցին աղոթելիս ասում էր. «Աստվա՛ծ իմ, շնորհակալ եմ քեզնից, որ ես ուրիշ մարդկանց նման հափշտակող, անիրավ, շնացող չեմ, կամ նման չեմ այս մաքսավորին. այլ շաբաթը երկու անգամ ծոմ եմ պահում և իմ ամբողջ եկամուտի տասանորդը տալիս եմ տաճարին»: Բայց նրանցից մաքսավորը տաճարից արդարացած տուն գնաց, քանի որ, ի տարբերություն փարիսեցու, խոստովանել էր իր մեղավոր լինելը:

Հիսուս Քրիստոսի պատմած «Մեծահարուստն ու աղքատ Ղազարոսը» առակում (Ղուկաս 16:19-31) մեծահարուստը ոչ մի ձևով չէր վնասել աղքատ Ղազարոսին, բայց չէր էլ ողորմել: Մահից հետո մեծահարուստը հայտնվեց դժոխքում տանջանքների մեջ:

Թե՛ ղևտացին, թե՛ քահանան, թե՛ փարիսեցին, թե՛ մեծահարուստը մի՞թե ապաշխարության կարիք չունեին:

Մարդը կոչված է արարելու, բարին գործելու: Աստված մարդուն տարբեր շնորհներ է տվել, որ պետք է գործածի ի բարին: Այս օրինակը Քրիստոս ներկայացրեց «Քանքարներ» առակում (Մատթեոս 25:14-30): Տերը բարկացավ այն ծառայի վրա, ով ստացած քանքարը թաքցրել էր հողի մեջ: Նա իր ստացած քանքարը ո՛չ շահարկության մեջ էր դրել և ո՛չ էլ կորցրել էր, ո՛չ չարիք էր գործել և ո՛չ էլ բարիք:

Արդեն իսկ մեղք է, երբ մարդ ժխտում է իր մեղավոր լինելը: Հիվանդը կարող է բուժվել այն դեպքում, երբ ընդունում է իր հիվանդությունը և դիմում բժշկի: Նույն պարագան է նաև մարդու դեպքում, նա կազատվի իր մեղքերից, եթե ընդունի իր մեղավոր լինելը և ապաշխարի՝ դիմելով հոգիները բուժող բժշկին՝ Քրիստոսին:

Ռուս մեծ գրող Դոստոևսկին պարզորեն ցույց է տվել, որ, երբ մարդ, մեղանչելով, հեռվանում է Աստծուց, կորցնում է շատ կարևոր և թանկագին մի բան, իսկ մարդու համար մեծ ցավ է գիտակցել, թե ինչից է զրկվում, որ կարող էր ունենալ:

Եկեղեցու հայրերից մեկը ապաշխարությունը երկրաշարժի է նմանեցնում, որ քանդում է ամեն ինչ, այն ինչ թվում էր կայուն և հիմնավոր, այնինչ այդ ամենը կեղծ էր, այս դեպքում ուրիշ ոչինչ չի մնում անելու, եթե ոչ փոխել այն, ինչ մնացել է:

«Եթե ասենք՝ «Մեղք չունենք», ինքներս մեզ ենք խաբում, և ճշմարտություն չկա մեր մեջ: Իսկ եթե խոստովանենք մեր մեղքերը, վստա՛հ եղեք, թե Աստված, որ արդար է, կների մեր մեղքերը և մեզ կսրբի մեր բոլոր անիրավություններից: Եթե ասենք՝ «Մեղք չգործեցինք», ստախոս ենք հանում Աստծուն, և Նրա խոսքը մեր մեջ է» (Ա Հովհաննես 1:8-10):

 

Կարինե Սուգիկյան

11.03.21
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․