Գրքեր

«Չկա ավելի ուժեղ մարդ, քան նա, ով անկեղծորեն աղոթում է և պահք պահում»

Մարտի 17-ին՝ Մեծ պահքի վեցերորդ Գալստյան կիրակի օրը, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր արանց» միությունն ուխտի մեկնեց Արարատի մարզի, այժմ լքյալ Ջնջռլու գյուղատեղիից  մեկ կիլոմետր հյուսիսարևելք, Ուրծի լեռների հյուսիսային փեշին, Վեդի-Լուսաշող ճանապարհի աջ կողմում գտնվող Ս. Հովհաննես Կարապետ վանական համալիր (14-րդ դար):  

Միջնադարյան սրբավայրում «Զորավոր արանց» միությունը մասնակցեց Սուրբ և Անմահ Պատարագի: Արարողության ավարտին ուխտավորները շարունակեցին իրենց աղոթքի ուղին և ուղևորվեցին դեպի Խոր Վիրապ, ուր, հանուն Հայոց ազգի և եկեղեցու, միավորվեցին միասնական աղոթքի շուրջ: Աղոթքն ու պահքը հոգեպես նորոգում և զորացնում են քրիստոնյային: Այս մասին  սբ. Հովհան Ոսկեբերանն ասել է. «Ով, պահքի մեջ գտնվելով, աղոթում է, նա ունի երկու թև, ավելի թեթև է, քան քամին, ավելի արագ է, քան կրակը, ավելի բարձր է, քան երկիրը: Այդպիսի մեկը մարտիկ է դևերի դեմ, քանի որ չկա ավելի ուժեղ մարդ, քան նա, ով անկեղծորեն աղոթում է և պահք պահում»:

Հավատարիմ մարտիկը դիմանում է ամեն տեսակ դժվարությունների, երբեմն օրերով չի ուտում և չի խմում, հատկապես, երբ տեսնում է, որ հրամանատարը  իր հետ կիսում է զինվորական ծառայության բեռը։ Քրիստոնյան էլ՝ որպես հոգևոր մարտիկ, ընդգրկված լինելով Երկնային Թագավորի ծառայության մեջ, նմանատիպ ուղի է անցնում։ Երկնային Թագավորի հանդեպ քրիստոնյայի հավատարմության լավագույն վկայությունը համբերությամբ տանելն է այն դժվարությունները, որ հետևում են աստվածահաճո կյանքին: Մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս, քառասուն օր ծոմ պահեց և պատվիրեց Իր հետևորդներին. «Ուշադիր եղե՛ք ձեր անձերին: Չլինի թե ձեր սրտերը գրավվեն կերուխումով, հարբեցողությամբ և աշխարհիկ հոգսերով, և այդ օրը հանկարծ գա հասնի ձեզ. որովհետև այդ օրը ծուղակի պես պիտի գա հասնի բոլոր մարդկանց, որ ապրում են ամբողջ  աշխարհում: Ուստի արթո՛ւն կացեք և միշտ աղոթեցե՛ք, որպեսզի ազատվեք այն ամենից, ինչ պատահելու է, և արժանի լինեք կանգնելու Մարդու Որդու առաջ» (Ղուկ. 21: 34-37):

 

Կարինե Սուգիկյան

 

18.03.24
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․