Գրքեր

Երկրորդ Ծաղկազարդ

Այս մեծահրաշ խորհուրդն ավանդությամբ է մեզ հասել,

Եվ մեր հոգիների Լուսավորիչն է Իր Տիրոջից սա լսել,

Որ «այսoր մեծ տոն է երկնային դասերի համար,

Քանի որ Վեհագույն Երկնավորն է երկրից երկինք ելնում այսօր»:    (Շարակնոց)

Սիրելի՛ հավատացյալ եղբայրներ և քույրեր,

Տերունական կիրակին այսօր ևս տոնական է Հայ Առաքելական Սուրբ եկեղեցում, քանի որ նշում ենք միայն Հայ եկեղեցում հաստատված Երկրորդ Ծաղկազարդը: Տոնի ավանդությունը կապված է մեր մեծ Հայրապետի՝ սուրբ Գրիգոր Լուսավորչի՝ Խոր Վիրապում գտնվելու ժամանակահատվածին և պատմում է հրեշտակային դասերի ուրախության մասին, որ ունեցան Հարուցյալ և Համբարձյալ Քրիստոս Աստծու ներկայությունից: Այսօր հրեշտակների ինը դասերից՝ չորրորդի տոնն է, սիրելի՛ հավատացյալներ, քանի որ, ըստ ավանդության, ամեն դասում մեկական օր հանգստանալով ու բացահայտելով Իր սքանչելի մարդեղության և մարդկանց փրկության խորհուրդը, Տեր Հիսուս Քրիստոս այս օրը հանգստացավ չորրորդ դասում, որի հրեշտակներից մեկն էլ սպասավորում էր սուրբ Գրիգոր Լուսավորչին նրա բանտարկության ողջ ընթացքում:

Հրեշտակները այս կամ այն կերպ միշտ ներկա են մեր կյանքում, սիրելինե՛ր, մեր կողքին են ուրախության ու տխրության ժամին: Իսկ այսօր մենք ենք նրանց կողքին՝ օրհնելու ու փառավորելու Երկնային Արքային և նրանց հետ կիսելու այն երանավետ խնդությունը, որ միայն Տիրոջ անմիջական ներկայությունն է պարգևում. «Իմ անձը կփառավորի Տիրոջը, և Իմ հոգին ցնծաց Իմ Փրկիչ Աստծով» (Ղուկ. 1:46, 47): Ուրախության մեջ էին նաև առաքյալները Քրիստոսի համբարձումից հետո, ինչպես Ղուկաս ավետարանիչն է պատմում. «Ապա նրանց տարավ հանեց մինչև Բեթանիա և, բարձրացնելով իր ձեռքերը, օրհնեց նրանց: Եվ մինչ նա օրհնում էր նրանց, բաժանվեց նրանցից և դեպի երկինք էր վերանում: Իսկ նրանք երկրպագեցին Հիսուսին և մեծ ուրախությամբ վերադարձան Երուսաղեմ: Եվ միշտ տաճարում էին, գովաբանում և օրհնաբանում էին Աստծուն» (Ղուկ. 24:50-53):

Ուրախությունն ու երջանկությունը այն երկու իրարից անբաժան զգացումներն են, որոնց աշխարհի բոլոր մարդիկ ամենաշատն են ձգտում և ամեն առիթով մաղթում միմյանց: Սակայն որքան շատ են ձգտում, այնքան կարծես ավելի են պակասում կյանքից թե՛ ուրախությունը, թե՛ երջանկությունը: Աշխարհի առաջարկած միջոցները, որ առաջին հայացքից ուրախարար ու երջանկաբեր են թվում, կիրառելուց հետո շատ շուտով բերում են էլ ավելի մեծ թախիծ, խորը անտարբերություն և ի վերջո՝ հուսահատության են հասցնում մարդկանց: Այն, ինչ աշխարհը կոչում է «ուրախություն», «հաջողություն» կամ «երջանկություն» իրականում կեղծարարություն է, որ մարդուն ավելի է հեռացնում ճշմարտությունից և արդյունքում՝ կրկին հիասթափություն, կրկին զուր հույսեր, որ ավելի են ճնշում ու թուլացնում առանց այդ էլ տկար ու փխրուն մարդկային հոգիները: Եվ հաճախ թվում է թե սիրտը մաշող տխրությունը դարձել է արտաքուստ զվարթ ու փայլող մարդու գաղտնի հիվանդությունը, որ առերևույթ ոչ մի պատճառ չունենալով անգամ այնպես է թախծում, որ իսկապես վշտակիր մարդիկ երկրորդ պլան են մղվում նրա կողքին: Եվ զարմանալի ոչինչ չկա սրանում, սիրելի՛ հավատացյալներ, քանի որ անկախ մարդու հավատքից, համոզումներից ու գիտելիքներից, անկախ աշխարհի ներշնչած ու քարոզած կեղծ գաղափարներից, նրա հոգին հիշում է իր աստվածապատկեր լինելու մասին, և այն ժամանակները, երբ մարդը դրախտում վայելում էր Արարչի անմիջական ներկայությունն ու սնվում, լիցքավորվում դրանից: Ես վստահ եմ սրանում և համարձակորեն կարող եմ պնդել, որ մարդու անբացատրելի տխրության պատճառը Աստծու հետ կապի կորուստն է, քանի որ սա են պնդում և՛ Եկեղեցու աստվածազգյաց սուրբ հայրերը, և՛ յուրաքանչյուր ոք, ով ճաշակել է Աստծու օրհնաբեր ներկայությունը իր կյանքում: Այո, սիրելինե՛ր, ենթագիտակցական մակարդակում մենք կարոտում ենք Աստծուն և այն վիճակին, որի համար արարվել ենք: Ապացույցն այն երանավետ վիճակն է, որը փոխարինում է առերևույթ առանց պատճառի տխրությանը, երբ մենք վերագտնում ենք Արարչի հետ կենսատու կապը: Եվ ամեն անգամ, երբ կրկին հայտնվում ենք սրտամաշ թախիծի ցանցում, նշանակում է, որ խաթարվել է այդ հաղորդակցությունը, որ հեռացել ենք շնորհից, ուստի պետք է շուտափույթ վերանայենք մեր ընթացքը, հասկանանք, թե որտեղ ենք սխալվել ու թերացել և հետ դառնանք՝ շտկելու ու կրկին հայտնվելու Կենսատու Արեգակի շողերի ներքո:

Սուրբ Պողոս առաքյալն ասում է. «Ուրա՛խ եղեք միշտ, անդադար աղոթեցե՛ք, ամեն ինչում գոհությո՛ւն մատուցեցեք, որովհետև ա՛յդ է Աստծու կամքը ձեզ համար ի Քրիստոս Հիսուս» (Ա Թես. 5:16-18), դրանով իսկ հուշելով, թե ինչ է հարկավոր ուրախ լինելու համար. անդադար աղոթել և ամեն ինչում երախտագետ լինել: Սա է այն հրաշագործ բանաձևը, որ Աստծու կամոք ապահովում է հոգու կենսագործունեությունը: Քրիստոս Ինքն էլ էր հաճախակի առանձնանում Հորն աղոթելու համար և որևէ բան անելուց առաջ գոհություն հայտնում Նրան: Հիշե՛ք թեկուզ հինգ հազարի կերակրումը: Եվ իսկապես, մի՞թե կարող է մեկ այլ «բաղադրատոմս» կամ բանաձև լինել, որը հարատև արդյունք կապահովի մարդու համար: Ի՞նչը կարող է փոխարինել քեզ անսահմանորեն սիրող Արարչի հետ զրույցին: Ի՞նչը կարող է առավել թանկ լինել ծնողի համար և նրան մղել՝ ավելին անելու, քան հեզ ու երախտագետ զավակ ունենալն է: Մի՞թե ավելի մեծ ուրախություն կարող է լինել, քան Զորությունների Տիրոջ՝ Ամենակարող Աստծու հետ կենդանի շփումն է, վստահությունը, որ Նա սիրում է քեզ, մշտապես լսում ու հոգ տանում քո հավիտենական փրկության մասին: Աստվածապարգև այս ուրախությունը, ինչպես նույն Պողոս առաքյալն է ասում, Սուրբ Հոգու շնորհն է, նրա պտուղներից, որ մարդուն տրվում է սիրո, խաղաղության, համբերության, քաղցրության, բարության, հավատարմության, հեզության և ժուժկալության հետ միասին (հմմտ. Գաղ. 5:22, 23): Հենց այս մյուս հատկանիշներն էլ այն ցուցիչներն են, որոնց օգնությամբ հասկանում ես՝ ուրախությունդ իսկապե՞ս հոգևոր, ճշմարիտ, Քրիստոսից պարգևված է, թե՞ ինքնախաբեության կամ պատրանքի արդյունք է: Քանի որ ճշմարիտ հոգևոր ուրախությունը ոչ մի աղերս չունի կոպիտ հրճվանքի կամ բուռն ոգևորության, չարախնդության կամ ծաղրի հետ, հեռու է ամեն տեսակի ծայրահեղությունից ու անկառավարելիությունից, որ բնորոշ են հին մարդուն: Այլ այն մարդուն թույլ է տալիս անկեղծորեն ուրախանալ մերձավորի ուրախությամբ ու հաջողությամբ՝ առանց սիրտը թունավորելու ու նախանձելու: Այն մեղմ ու լուսավոր, խաղաղ ու աղոթաբույր մի զգացում է, որ հավասարակշռության մեջ է պահում մարդուն այս անհաստատ աշխարհում և թույլ չի տալիս հուսահատության մահացու մեղքի մեջ հայտնվել: Ճիշտ այնպես, ինչպես նավաստին, փոթորկի ժամանակ անվերապահորեն վստահելով իր փորձառու և հմուտ նավապետին, խուճապի չի մատնվում, այլ պատրաստակամ ու զգոն կատարում է նրա հրահանգները աղետից անվնաս դուրս գալու համար: Եվ հատկապես այս տագնապալի օրերին, երբ Մայր հայրենիքը՝ Հայաստան և Արցախ աշխարհը կրկին վտանգված են, և խաղաղությունն՝ այնքան բաղձալի, անչափ կարևոր է Քրիստոս Աստծու կենսաբեր ներկայությունը աղերսելը և՛ յուրաքանչյուրիս հոգում, և՛ մեր հայրենիքում: Միայն Աստծուն հիշելն անգամ արդեն իսկ մխիթարություն է, սիրելինե՛ր, և ուրախություն է պարգևում մարդուն, ինչպես որ սաղմոսերգուն է ասում. «Հիշեցի Աստծուն և ուրախացա» (Սղմ. 76:4): Այո, սիրելինե՛ր, Քրիստոս և միայն Քրիստոս է մարդու իրական ուրախության ու երջանկության աղբյուրը, քանի որ մեզ համար բաղձալի ուրախությունը ինքնանպատակ չէ, այլ իմաստավորված է Քրիստոսի հետ միավորման մեջ: Ուստի մշտական ջանք է պահանջում մեր կողմից, ամենօրյա հոգևոր աշխատանք, որ վկայում է Աստծու հետ լինելու մեր որոշման մասին:

Աստվածային ուրախությունն ասպառ ու անկողոպտելի է, սիրելի՛ հավատացյալներ, և արդեն իսկ տրված է մեզ, ինչպես և Տերն է ասում Հովհաննեսի ավետարանում. «….ձեր սրտերը ուրախ պիտի լինեն. և ձեր ուրախությունը ոչ ոք ձեզնից չպիտի խլի» (Հովհ. 16:22): Արդ, մեկ անգամ ձեռք բերելով՝ աչքի լույսի պես խնամենք ու պահպանենք մեր սրտում այդ անգին գանձը՝ առանց հոգնելու, առանց տրտնջալու, առանց խորամանկելու, այլ անկեղծությամբ ու երախտագիտությամբ, քանի որ ճշմարիտ խաղաղությունը, ուրախությունն ու երջանկությունն այնտեղ է, որտեղ է Քրիստոս: Արդ մաղթում եմ, որպեսզի տոնախմբող և Աստծու օրհնաբեր ներկայությունը վայելող Երկինքը՝ հրեշտակային բոլոր դասերով, այսօր բարեխոս լինի մեզ համար, օգնի, որպեսզի մենք էլ սիրով, երախտագիտությամբ, հավատարմությամբ և ուրախ սրտով ծառայենք Փառքերի Թագավորին և մի օր կարողանանք Դավիթ մարգարեի նման ասել. «Լսեց ինձ Տերն ու ողորմեց, Տերը եղավ իմ օգնականը: Սուգս դարձրեց ուրախություն, հանեց քուրձն իմ և խնդություն հագցրեց ինձ, փառքս սաղմոս պիտի երգի քեզ, որպեսզի այլևս չզղջամ ես: Տե՛ր իմ Աստված, հավիտյան գոհություն պիտի մատուցեմ քեզ» (Սղմ. 29:11-13). ամեն

 

Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան

16.05.21
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․