Գրքեր

Հոգևոր նախանձախնդրության բարի պտուղները

Հոգևոր կյանքում առաջընթաց ունենալու համար անհրաժեշտ է աստվածային շնորհի օգնությունը, բայց շնորհն, ըստ եկեղեցու հայրերի, օգնական է նրան, ով նախանձախնդիր է հավատքի մեջ: Աստվածային շնորհներն առանց նախանձախնդրության ու ջանքի չեն կարող Սուրբ Հոգու պտուղներ տալ: Հոգևոր նախանձախնդրությունն, ըստ հայրաբանության, այնպիսի առաքինություն է, առանց որի ոչ մի լավ բան չի արարվում: Այն ծնվում է սրտի ներքին փոփոխությունից:

Եկեղեցասեր և հավատքի մեջ նախանձախնդիր երիտասարդների գործունեության բարի պտուղներն են Հայաստանյաց Առաքելական եկեղեցու սուրբ հարկից ներս գործող երիտասարդաց միությունները, որ ինչպես Պողոս առաքյալն է ասում՝ ջանում են ջերմեռանդ հոգով Տիրոջը ծառայել (Հռոմ. 12:11): Աղոթքի մեջ հարատևելը ևս հոգևոր նախանձախնդրության արտահայտություն է: Նոյեմբերի 5-ին  Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, ուխտի մեկնեց Շիրակի թեմի սրբավայրեր: Երիտասարդ ուխտավորները Հայաստանի երկրորդ խոշոր քաղաքի՝ Գյումրիի Յոթ Վերք եկեղեցում մասնակից եղան Սուրբ Պատարագին, ապա՝ Հայ եկեղեցու գեղեցիկ ավանդություններից մեկին, որ հաջորդում է Ս. Պատարագին՝ սիրո ճաշին կամ ագապեին: Այնուհետև քաղաքի Վարդանանց հրապարակը զարդարող մյուս սրբավայրում՝ Ս. Ամենափրկիչ եկեղեցում, մասնակից եղան Երեկոյան ժամերգությանը: Միասնական աղոթքից հետո երիտասարդները զբոսնեցին բազմադարյան պատմություն ունեցող քաղաքում և ուխտի հոգենորոգ օրվա վերջին միասնական աղոթքը հնչեցրին Յոթ վերք եկեղեցում. հանուն Հայոց աշխարհի խաղաղության՝ Աստվածամոր բարեխոսությանը դիմեցին նրա «Յեօթն խոցից» սրբապատկերի առջև և ընթերցեցին սբ. Ներսես Շնորհալու «Հավատով խոստովանիմ» աղոթաշարը:

Հավատքի մեջ նախանձախնդիր անձը մեծ ուրախություններ է ապրում, այս մասին սբ. Հովհան Ոսկեբերանն ասել է. «Թեև առաքինության մեջ հաստատվելու համար մեծ ջանքեր են պահանջվում, բայց այդ բոլորը գոհացնում են խղճին և այնպիսի ուրախություն պատճառում, որ ոչ մի բառով հնարավոր չէ արտահայտել»:

 

Կարինե Սուգիկյան

06.11.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․