Գրքեր

Իմ Աստվածը

«Տե՜ր, Դո՛ւ ես իմ Աստվածը» (Սաղմ. ԼԱ 15):

Ժամանակի ըմբռնման համեմատ՝ յուրաքանչյուր ազգ ուներ իր Աստվածը: Հրեաները հավիտենական Աստծուն միմիայն Իսրայելի ժողովրդին «պատկանող» Աստված էին համարում: Հռոմեացիները Զորությունն էին պաշտում իբրև Աստված և այդ Զորությունն էին համարում իրենց ազգի սեփական Աստվածը: Հույները գեղեցկության աստված Վինիուսին (=Աստղիկ) էին պաշտում՝ իբրև իրենց ազգային Աստծու: Այսպես՝ յուրաքանչյուր ազգ ըստ իր ըմբռնողության իր ազգի «սեփական» Աստծուն ծառայություն էր մատուցում և ասում էր Նրան. «Ո՜վ Տեր, Դու իմ Աստվածն ես»: Սա «ազգային աստվածությունների» ժամանակաշրջանն էր:

Սակայն մեր բնաբանը պետք չէ ընդունել հենց այս նեղ իմաստով, թե Իսրայելի Աստվածը միայն իրենց «պատկանող» միակ ճշմարիտ Աստվածն է և թե Նրա մասին հրեաների ունեցած ճանաչողությունը նույնպես միակն է ու վսեմագույնը: Մի կողմ թողնելով այն ողջ վրեժխնդիր բնույթը, որը հրեաները վերագրում էին Աբրահամի, Իսահակի և Հակոբի Աստծուն, այդ Աստվածն այն միակ ու կենդանի Աստվածն է, որը չէր կարող պաշտվել սրբարանների և տաճարների մեջ, քանի որ Նա Հոգի է, Սրբություն է ու Լույս: Նա կարող է պաշտվել միայն հոգով և ճշմարտությամբ: Հին Կտակարանի ամեն մի էջում դրոշմված է առավել կամ նվազ տեսանելի այս վսեմ մեծությունը: Արդ, ուրեմն, միայն այսպիսի՛ Աստծու մասին է, որ ամեն ոք կարող է ու պարտավոր է ասել. «Նա է իմ Աստվածը»:

Երկինքն ու երկիրը բավական չեն այդ Աստծուն պարունակելու համար, սակայն Նա զբաղվում ու հետաքրքրվում է Իր արարածներով, քայլ առ քայլ հետևում է մեզնից յուրաքանչյուրի շարժումներին, խորհուրդներին և ծրագրերին, այնպես որ ամեն ոք կարող էր նաև հետևյալն ասել, թե՝ «Ո՜հ, Աստված հատկապես ու միայն ինձնո՛վ է զբաղվում և Իր ուշադրությունը միմիայն ինձ վրա է սևեռել»:

Եվ ինչպես որ արևը իր լուսեղեն ճառագայթներով լույս է սփռում բնության ամեն մի մասնիկի վրա՝ ամենափոքրի ու ամենամեծի, բուրումնավետ ծաղկի և դայլայլող թռչնի, հսկա լեռների կատարների ու դաշտի խոտի ծիլերի, երկնքից «կախված» աստղերի և ծառի տերևների վրա «կախված» ցողի կաթիլների, նմանապես և Աստված Իր նախախնամական հոգածությամբ հսկում է ինչպես համայն տիեզերքի, այնպես էլ՝ մեզնից յուրաքանչյուրի վրա, Իր սիրո առարկան է դարձնում յուրաքանչյուրիս և խանդաղատանքով փայփայող հոր ու գուրգուրանքով փարվող մոր կարեկցությամբ է վերաբերվում մեզ՝ ինչպիսի կացության մեջ էլ որ մենք գտնվենք:

Մեր անձի՝ Աստծու հետ ունեցած ահա այս ուղղակի հարաբերության մասին է, որ այսօր ուզում եմ խոսել ձեզ հետ՝ վերլուծելով իմ ընտրած բնաբանն ու ձեզ մատնացույց անելով դրա իմաստը: Այս հարաբերության մեջ է ողջ հավատքն ու բարեպաշտությունը: Ավետարանը՝ իբրև լրումը Սուրբ Գրքի, Աստծուն մեզ համար ճանաչելի է դարձնում շատ պարզ ու խոսուն մի բացատրությամբ: Ավետարանի տված այդ բացատրությունը աստվածաբանական կամ վարդապետական բնույթ չունի: Այն պարզապես ասում է. «Հոգի է Աստված» (Հովհ. Դ 24), «Ոչ ոք բարի չէ, այլ միայն՝ Աստված» (Ղուկ. ԺԸ 19), «Ձեր երկնավոր հայրը» (Մատթ. Զ 32):

Այս խոսքերը շինծու բացատրություններ չեն, այլ պարզ արտահայտություններ, որոնք մեզ մոտեցնում են Աստծուն: Դժբախտաբար, կրոնագիտության մեջ մուտք են գործել փիլիսոփայական բացատրություններ՝ մանավանդ քրիստոնեության առաջին դարերում և մանավանդ միջնադարի շրջանում, որոնք վրդովել են Սուրբ Գրքի պարզությունը, ինչի հետևանքով էլ որ մարդկանց կրոնական համոզումները տկարացել են:

Պետք է ասենք, սակայն, որ աստվածաբանական խրթին բացատրություններից առաջ եկած աննպաստ տպավորությանը հակառակ՝ մարդու մեջ միշտ գոյություն ունի ու մշտապես էլ պիտի գոյություն ունենա կրոնական զգացողությունը: Իսկ ո՞րն է այդ զգացումը. անշուշտ, այն անհունապես քաղցր ու միանգամայն զորավոր կապը, որն ինձ միաձուլում է իմ բնությունից գերազանցապես բարձր մի Էակի, որի ներկայությունը ես զգում եմ, որի ձայնը լսում եմ և որի ձայնին պարտավորվում եմ պատասխանելու:

Այո՛, ես ինձնից վեր մի գերագույն ուժ եմ զգում, արդարության, բարության և սրբության մի զորություն, և այդ զորեղ իսկությանը ես մոտենում եմ դողահար, քանի որ զգում եմ, որ Նա սուրբ է, իսկ ես՝ մեղավոր, բայց և, միաժամանակ, մոտենում եմ ազատությամբ ու վստահությամբ, քանի որ զգում եմ, որ Նա իմ բարի Հայրն է, իսկ ես՝ Նրա զավակը:

Ահա ա՛յս է հավատքի բովանդակությունը, բարեպաշտությունը՝ իր լիությամբ, և կյանքը՝ իր ամբողջությամբ: Ահա այստե՛ղ է, որ ես ըմբռնում եմ, որ հավիտենական կյանքը երբևէ չպիտի անցնի՝ ինչպիսի արտաքին աղետներ ու ֆիզիկական քայքայումներ էլ որ տեղի ունենան: Արդ, այժմ հարցնում եմ ձեզ. դուք զգո՞ւմ եք այս ամենը:

Անշուշտ, զգում եք, այնպես չէ՞: Ուրեմն՝ դուք կրոնասեր եք, հոգևոր ոգի եք կրում, դուք հոգևոր եք և, որ ամենակարևորն է, դուք քրիստոնյա եք, քանի որ այդ վերոնշյալ Էակին, այդ Աստծուն Ինքը՝ Հիսո՛ւս է ձեզ ճանաչեցրել Իր իսկ սուրբ կյանքով: Նախ Ի՛նքն է Աստծուն կատարելապես ճանաչելի դարձրել մարդկության համար:

Հիսուս տեսնում էր ու վայելո՛ւմ էր Աստծուն: Եթե կարելի է այսպես ասել՝ Նա Իր կրծքի տակ զգաց Աստծուն, քանի որ Հիսուս սուրբ է Աստծու նման: Հիսուս Իր կյանքով ցոլարձակեց երկնավոր Հոր պատկերը: Մոտեցե՛ք Փրկչին, և դուք պիտի գտնեք Աստծուն այդ Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի միջոցով: Դուք միմիայն Հիսուսի միջոցո՛վ պիտի կարողանաք ճանաչել Աստծուն և միմիայն Նրա միջոցո՛վ պիտի կարողանաք ասել Աստծուն. «Ո՜վ Աստված, Դու իմ Աստվածն ես»:

Բայց ես պիտի հարցնեմ ձեզ. արդյոք դուք Նրա միջոցով այդ ճանաչողությանը հասե՞լ եք: Ունե՞ք այդ հավատքն ու բարեպաշտությունը, ունե՞ք այդ կյանքը: Անշուշտ՝ ոչ բավական չափով, շա՜տ քիչ, թերևս: Սակայն արդյոք ինչո՞ւ է այդպես: Ես ձեզ պիտի ասեմ, թե ո՛րն է այդ ամենի պատճառը:

Դուք ամեն օր ենթակա եք ինչ-որ բանի: Մենք ամենքս ենք ենթարկվում այն միջավայրի ազդեցությանը, որում ապրում ենք: Իսկ այդ միջավայրն, իսկապես, հակակրոնական է եկեղեցական իմաստով, քանի որ տեսնում ենք անձանց, որոնք խորշում են կրոնական հավատալիքներից և ուզում են ապրել առանց այդ հավատալիքների: Նրանք ամեն բանից առաջ և, կարող եմ ասել, ամեն բանից շատ խորշում են Աստծուն հավատալուց:

Դժբախտաբար, գործնական անաստվածությունը, որ իրական անաստվածություն է, տարածված է առհասարակ ամեն տեղ: Կրթություն ստացած մտածողները, գիտության բոլոր տեսություններին ծանոթ անձինք, որ սնվել են արդիական գաղափարներով, չեն կամենում ճանաչել Աստծու գոյությունը: «Աստված գոյություն ունի՞. այո՛, կամ ո՛չ»: Նրանք այս մասին որևէ բան իմանալ չեն ուզում: Նրանք ասում են. «Մենք չենք ուրանում Աստծու գոյությունը, բայց չենք էլ կարող այն հաստատել: Մենք ոչ կարող ենք «այո՛» ասել ու ոչ էլ կարող ենք «ո՛չ» ասել»:

Այս ամենի պատճառով, բնականաբար, պիտի առաջ գար անտարբերություն և անաստվածություն, որոնց տխուր ու անզոր վկաներն ենք եղել ամենքս: Ահա այս պատճառով եմ ասում, որ մենք՝ քրիստոնյաներս, դժբախտաբար, ենթարկվում ենք այս համընդհանուր տարածում ունեցող գաղափաների ազդեցությանը:

Սակայն, այնուամենայնիվ, երբ ես մանրակրկիտ կերպով ուսումնասիրում եմ գիտությամբ «սնուցված» մարդու հոգեբանությունը, տեսնում եմ, որ հակառակ իր անհավատությանը՝ նա կրոնական ոգի է կրում, նա հոգևոր ու կրոնասեր է: «Կրոնասե՞ր է»: Այո՛, կրոնասե՛ր է… Իմ այս խոսքը թերևս զարմացնի ձեզ, թերևս չկարողանաք այն միանգամից ըմբռնել, սակայն մի փոքր խորհրդածելուց հետո  պիտի համոզվեք ու գիտենաք, որ ասածս ամբողջովին ճշմարտություն է:

Մարդու մասին հաճախ ասվում է, թե նա մի կրոնասեր կենդանի է: Ես երկար ժամանակ էր, ինչ այս սահմանումը սխալ էի համարում, քանի որ կարծում էի, թե, ամեն դեպքում, մարդն իր ազատությամբ կարող է և անկրոն լինել: Սակայն հետագայում ես իմ այդ գաղափարը փոփոխության ենթարկեցի և այն եզրակացությանը եկա, որ մարդը՝ նույնիսկ ամենավճռական անաստվածը, իսկապես կրոնասեր էակ է:

Ամեն մարդ էլ իրենից վեր եղող որևէ զորության նկատմամբ համոզված մի պաշտում ունի: Ոչ ոք չի կարող զանց առնել այդ պաշտումը: Թերևս մեկը կարող է զանց առնել քրիստոնեությունը, թերևս կարող է անտեսել Ավետարանի Աստծուն, բայց զորություններ, աստվածություններ կան, որոնց առջև այդ մարդն ասում է. «Դու իմ աստվածն ես»:

Յուրաքանչյուր ոք իր նախապատված, իր «սիրած» աստվածն ունի: Մեկի համար իր աստվածը գիտությունն է, ուրիշի համար՝ մարդասիրությունը, մեկ ուրիշի համար՝ առաջադիմությունը, ուրիշ մեկի համար՝ հանրավարությունը, ընկերվարությունը, ֆարմասոնությունը, կամ էլ, գուցե, անիշխանությունը:

Այս բոլորը ճշմարիտ աստվածություններ են, քանի որ մարդ այդ արժեքներին է նվիրվում իր ողջ սրտով, հանձն է առնում կրել ամեն տառապանք հանուն այդ աստվածությունների, մեծ խանդավառությամբ է լցվում դրանց շնորհիվ և պաշտամունք է մատուցում այս կամ այն աստվածությանը՝ ասելով նրան. «Դու իմ աստվածն ես»:

Գնացե՛ք և ունկնդրե՛ք ժողովրդական լսարաններում հնչող ազատամիտ խորհողների բանախոսությունները, և դուք, վստահաբար, կհամոզվեք իմ ասածի մեջ: Նրանք իրենց ազատամիտ գաղափարները պաշտպանելու համար խոսում են հավատքի ու անձնազոհության մասին: Նրանք զոհողություններ, զոհեր են խնդրում, նրանք ունեն իրենց զոհասեղանը, նրանք էլ իրե՛նց կրոնն ունեն: Նրանք չեն տկարանում որևէ արգելքի առջև, եթե անգամ իրենց քարոզած սկզբունքները հիմարություն համարվեն:

Նրանք, լրջորեն կապված լինելով իրենց նվիրական սկզբունքներին, խորունկ համոզում ու հաստատուն հավատք ունեն, թե, ի վերջո, հաղթանակ պիտի տանեն: Նրանք չեն երկնչում ոչ մի հալածանքից, նրանք ունեն իրենց մարտիրոսները, նրանք ընթանում են հավատքով և ոչ թե՝ կարծիքով (հմմտ. Բ Կորնթ. Ե 7): Նրանք էլ ունեն իրե՛նց վերահսկող տեսուչները, իրե՛նց եպիսկոպոսները, իրե՛նց ուխտը, իրե՛նց վարդապետությունը, իրե՛նց ուղղափառությունը, իրե՛նց հերետիկոսներն ու իրե՛նց խնդիրները:          

Այսպիսի իրողության առջև իմ մտքում մի հույս է ծագում, անսահման մի հույս, և ես կանխագուշակում եմ, որ, թերևս շա՜տ շուտով, գալու են նոր ժամանակներ, երբ մարդը խոստովանելու է, որ ինքը չի կարող զանց առնել Աստծուն: Եվ զգալով իր ստեղծած աստվածների անբավարարությունը՝ այդ մարդը վերադառնալու է Ավետարանի Աստծուն՝ իր կյանքը Նրա՛ն նվիրելու և Նրա՛ն ասելու. «Դու իմ Աստվածն ես»:

Բայց արդյոք հնարավոր կլինի՞ այդ ամենի իրականացումը, երբ, մանավանդ, ասվում է, որ քրիստոնեության Աստծու թագավորությունն անզոր է ու հետզհետե սպառում է իր ուժերը և հետայսու էլ անկարող է լինելու այնքա՜ն ուժ ունենալու, որպեսզի դիմագրավի իր դեմ եղող հարձակումներին: Արդյոք ինչո՞ւ է այդպես ասվում: Որո՞նք են, առհասարակ, Աստծու թագավորության մասին շրջանառվող սխալ գաղափարները: Ինչո՞ւ չի ճանաչվում Աստծու հեղինակությունն ու ուժը: Ինչպիսի՞ առարկություններ են հարուցվում ընդդեմ հավատացյալների դավանած Աստծու:

Մենք, առհասարակ, երկու գլխավոր առարկությունների ենք հանդիպում: Այդ առարկությունները բոլոր ժամանակներում էլ հնչում են, դրանք թերևս ամեն օր մենք լսում ենք շատերի շուրթերից: Այս առարկողների առաջին խումբը մեզ ասում է հետևյալը. «Ձեր Աստվածը բռնապետ է: Նա վերցրել է մարդու ազատությունը: Մարդ ամեն բանից առաջ կուզենար իր անկախությունը պաշտպանել: Ձեր Աստվածը, սակայն, մի բռնակալ իշխան է, որը պարտադրում է իր կամքը բոլոր արտաքին եղանակներով:

Եթե դուք ուզեք էլ Նրան հայր համարել, իսկ ձեզ՝ Նրա որդիները, միևնույն է, իրականում Նա ունի մի վեհապետի նկարագիր, որը մենք չենք սիրի, երբ վերջ տանք աշխարհում վեհապետների անիրավ ու բռնակալ իշխանությանը: Ձեր Աստվածը միայն պահանջել գիտի: Նա չի հագենում, Նա բռնանում է Իր քմահաճ հրամաններով և ընկճում է խեղճ մարդկությանը՝ ծանր լծի տակ դնելով նրան»:

Ո՜վ հավատացյալներ, հիրավի, եթե ա՛յս է Ավետարանի քարոզած «Աստվածը», ապա ես էլ առարկողների այդ առաջին խմբի կողմը կանցնեի, սակայն, բարեբախտաբար, այդպես չէ: Ավետարանը մեզ «բռնակալ Աստված» չի քարոզում, այն չի ընդունում «բռնակալ Աստծու»: Ավետարանի քարոզած Աստված սիրո Աստված է, որ բարեգութ հոր և խանդաղատանքով լեցուն մոր նկարագիրն ունի: Նա քեզնից միայն մեկ բան է խնդրում՝ քո սիրտը. «Տո՛ւր քո սիրտը»,- ասում է Նա: Աստված այդ խնդրանքն է անում մեզ, որպեսզի մարդը, իր սիրտը աշխարհին տալով, իր քայքայումն ու ոչնչացումը չպատրաստի:

Մարդն իր սիրտը Աստծուն տալով՝ ինքն իրեն հանձնում է բարությանը, արդարությանը, սրբությանն ու սիրուն: Որքան ավելի խորությամբ ուսումնասիրեք Ավետարանը, այնքան պիտի հիանաք նրա նկարագրով, բարությամբ և անսահման ներողամտությամբ: Անառակ որդու առակով Հիսուս ներկայացրել է մեզ Հայր Աստծու նկարագիրը, ուստի երբ իր թերությունների ու զանցանքների պատճառով ընկճված մարդն Աստծու առջև զղջմամբ զգա, որ արժանացել է Աստծու սիրուն և ներմանը, այդ մարդը պիտի գոչի սրտագին աղաղակով. «Դու իմ Աստվածն ես»:

Առարկողների երկրորդ խումբն էլ ասում է. «Ինչպե՞ս հավատանք ձեր Ավետարանի Աստծուն, որն առանց խնայելու, ինչպես չարին, նմանապես և բարուն չարիքներ է ուղարկում: Դժվարություններն անձրևի պես տեղում են ինչպես արդարի, այնպես էլ մեղավորի վրա, ինչի հետևանքով այնպիսի՜ բացահայտ անարդարություններ են տեղի ունենում, որ մարդ սկսում է խորհել, թե քրիստոնեության Աստված մի երևակայական Աստված է ու թե իրականության մեջ գոյություն չունի խորհող, իմաստուն և ամենագետ Աստված»:

Այս առարկությունն առաջին հայացքից շատ տրամաբանական է թվում, բայց մանրամասն քննությունը նկատելի է դարձնում այս առարկության անզոր ու աններդաշնակ լինելու հանգամանքը: Մարդկանց պատուհասվող չարիքներն Աստծուց չեն գալիս: Հակառակը կարծելն առնվազն հայհոյություն է: Չարիքները երեք աղբյուրներից են գալիս. կամ հոգեկան վշտերից, կամ ուրիշների թշնամանքներից, կամ սեփական թերություններից: Աստված միայն թույլ է տալիս այդ ամենը. Բարի Աստված չի հակառակվում չարին, Սուրբ Աստված չի հակառակվում անսրբությանը, Արդար Արարիչը չի հակառակվում անարդարությանը:

Արարիչն Աստված, որ Իր արարածների գերագույն սերն է, թույլատրում է, որպեսզի Իր այդ արարածները ազատորեն խորհեն, խոսեն ու գործեն ինչ որ կամենան: Աստված Իր անսահման իմաստությամբ տնօրինել է, որ ազատությունն իր բոլոր և նույնիսկ ամենասարսափելի հետևանքներով գոյություն ունենա, ինչի շնորհիվ, սակայն, մարդկությունն ավելի շատ օգուտ պիտի ունենար, քան թե՝ ազատության բացակայության դեպքում: Աստծու համար շատ դյուրին կլիներ չարն այս աշխարհից վերացնել, բայց այդպիսով շղթայված պիտի լիներ մարդու ազատությունը:

Եթե Աստված չի հակառակվում չարին, դա չի նշանակում, թե չարի գոյության հեղինակն Ինքն է: Աստված չի հակառակվում չարին, բայց շարունակ չարից բարիք է «քամում»: Սա մի բացարձակ իրականություն է, քանի որ եթե բարին չարի նկատմամբ հաղթանակ տանելու չլիներ, ապա Աստված հաղթված կլիներ ու մինչև իսկ վտանգված պիտի լիներ Աստծու գոյությունը:

Դիտե՛ք ու համբերությա՛մբ հետևեք չարի սրածություններին, այսինքն՝ հոգեկան վշտերից, ուրիշների թշնամանքներից ու սեփական թերություններից առաջ եկած չարիքներին, և հիացմունքով ու սքանչացումով կտեսնեք, որ այդ բոլորը ժամանակի հետ վերափոխվում են բարիքի, բարի արդյունքներով են պտղաբերում և մարդ համոզվում է, որ Աստված ո՛չ թե միայն չարի հեղինակը չէ, այլև չարի պատճառած վնասները բարուն ծառայեցնողն է:            

Աստծու այս նախախնամող դերը տեսնելու համար պետք է սպասել իմանալ, պետք է համբերությամբ և հավատքով կապված լինել Նրան, ում կամքը բարի է, սուրբ, հաճելի ու կատարյալ: Հովսեփ Գեղեցիկի, Մովսեսի, Դավթի, Սողոմոնի կյանքը ուսումնասիրողը մեկ անգամ ևս կհամոզվի, որ աշխարհում նախախնամության օրենքը կա և այդ օրենքի համեմատ էլ Աստված մշտապես չարից բարին է գոյացնում: Ահա Ավետարանի այս Աստծո՛ւն է, որ հիացմունքի արցունքներով պետք է ասենք. «Դու իմ Աստվածն ես»:

Հետևաբար, հարցնում եմ ձեզ. դուք հաղորդության մե՞ջ եք այս Աստծու հետ, Նրան համարո՞ւմ եք ձեր երկնավոր Հայրը, զգո՞ւմ եք ձեզ վրա սևեռված Նրա հայացքը: Զգո՞ւմ եք Նրա ներկայությունը ձեր կողքին: Ինքներդ ձեզ փրկված համարո՞ւմ եք և, վերջապես, դուք Նրան ասո՞ւմ եք. «Դու իմ Աստվածն ես»:

Հարցնում եմ ձեզ, թե դուք ինչի՞ տեր եք այս աշխարհում: Ես չգիտեմ, թե դուք ինչ ունեցվածքներ ունեք, բայց գիտեմ մի բան, որ ձեզնից յուրաքանչյուրը սիրում է թվարկել այն, ինչ ինքն ունի: Մեկը թերևս ասի՝ «ես տուն ունեմ», մյուսը, թե՝ «ես հարստություն ունեմ», ուրիշ մեկը գուցե ասի՝ «ես հասարակական բարձր դիրք ունեմ», ու, վերջապես, մեկ ուրիշն էլ կարող է ասել՝ «ես ունեմ զավակներ»: Բայց ես ասում եմ ձեզ. եթե դուք ձեր այդ բոլոր ունեցածների մեջ ինքներդ ձեզ Աստծուց կախված չզգաք, ուրեմն ոչինչ չունեցող մեկը կլինեք: Անհրաժեշտ է գիտենալ, որ ամեն բան, ինչ Աստծով չենք ունենա, իսկապես ունեցած չենք լինի. «….նույնպես է նաև նա, ով իր անձի համար գանձ կհավաքի և Աստծով չի հարստանա» (Ղուկ. ԺԲ 21):

Ի՞նչն է լինելու իմ կամ ձեր վերջին սեփականությունն այս աշխարհի վրա: Ո՜հ, իմ կամ ձեր վերջին ունեցվածքը լինելու է վեց ոտնաչափ մակերեսով և երկու մետր խորությամբ մեր մարմնի վրա ծանրացող կոշտ հողակույտը. սրանից ավելի՝ ոչինչ: Թերևս մեզ սիրողները մեր գերեզմանատեղին ճշգրտող փայտյա խաչ կամ մարմարյա հիշատակարան կանգնեցնեն: Ահա՛ վախճանն ամեն մարդու՝ ինչ դիրքի կամ աստիճանի էլ որ նա լինի:

Մենք այս աշխարհ որևէ բան չենք բերել, որևէ բան էլ չենք կարող այս աշխարհից տանել մեզ հետ: Մեծն Ալեքսանդրը, երբ մահամերձ էր, ասաց իր զորավարներին, որոնք շրջապատել էին իրեն. «Զավակնե՛րս, երբ ինձ դագաղի մեջ դնեք, ձեռքերս դագաղից դո՛ւրս հանեք, որպեսզի աշխարհը տեսնի, որ ես ինձ հետ որևէ բան չեմ տանում»:

Սակայն կա մի սեփականություն, որը մարդ տանում է իր հետ. կյանքը և հավիտենականությո՛ւնն է այդ, որին ամեն ոք կարող է տիրանալ. բավական է միայն, որ մարդն իրեն Աստծուց կախված զգա: Եվ ով որ ինքն իրեն կախված զգա Աստծուց, այդպիսի մեկը միայն կարող է ասել սաղմոսերգուի հետ.

«Բայց ես, Տե՛ր, հույսս դրի Քեզ վրա

Ու ասացի՝ «Դո՛ւ ես Աստվածն իմ…

Սովորեցրո՛ւ ինձ կատարել Քո կամքը,

Քանի որ Դու ես իմ Աստվածը»:

Ամեն:

 

Տեր Ղևոնդ վրդԴուրյան, «Պարզ քարոզներ», Գ հատորՓարիզ, 1925 թ.

Արևելահայերենի վերածեց Գևորգ սրկ. Կարապետյանը

 

05.12.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․