Գրքեր

Խորհրդածություն Մատթեոսի Ավետարանի 7-րդ գլխի վերաբերյալ

«Մի՛ դատեք, որ Աստծուց չդատվեք, որովհետև ինչ դատաստանով որ դատեք, նրանով եք դատվելու, և ինչ չափով, որ չափում եք, նրանով պիտի չափվի ձեզ համար: Ինչո՞ւ քո եղբոր աչքի մեջ շյուղը տեսնում ես, իսկ քո աչքի մեջ գերանը չես տեսնում, կամ ինչպե՞ս քո եղբորն ասում ես՝ «թո՛ղ որ հանեմ այդ շյուղը քո աչքից», և ահա քո աչքում գերան կա: Կեղծավո՛ր, նախ հանի՛ր քո աչքից այդ գերանը և ապա հստակ կտեսնես՝ քո եղբոր աչքից շյուղը հանելու համար:

Մի՛ տվեք սրբությունը շներին և ձեր մարգարիտները խոզերի առաջ մի՛ գցեք, որպեսզի դրանք ոտքի կոխան չանեն և դառնալով ձեզ չպատառոտեն:
Խնդրեցե՛ք Աստծուց, և Նա կտա ձեզ, փնտրեցե՛ք և կգտնեք, բախեցե՛ք, և կբացվի ձեր առաջ, որովհետև ով որ ուզի, ստանում է, ով որ փնտրի, գտնում է, և ով որ բախի, նրա առաջ կբացվի:

Ձեզնից ո՞վ է այն մարդը, որից իր որդին եթե հաց ուզի, միթե քա՞ր կտա նրան, և կամ եթե ձուկ ուզի, միթե օ՞ձ կտա նրան: Արդ, եթե դուք, որ չար եք, գիտեք ձեր որդիներին բարի պարգևներ տալ, որքա՜ն ևս առավել ձեր Հայրը, որ երկնքում է, բարիքներ կտա նրանց, որ Նրանից ուզում են:

Այն ամենը, ինչ կկամենաք, որ մարդիկ ձեզ անեն, այդպես և դո՛ւք արեք նրանց, որովհետև ա՛յդ իսկ են Օրենքն ու մարգարեները: Մտե՛ք նեղ դռնով. ինչքա՜ն լայն է դուռը և ընդարձակ՝ ճանապարհը, որ դեպի կորուստ է տանում, և բազմաթիվ են նրանք, որ մտնում են դրանով: Ինչքա՜ն անձուկ է դուռը և նեղ՝ ճանապարհը, որ տանում է դեպի կյանք, և սակավաթիվ են նրանք, որ գտնում են այն:

Զգո՛ւյշ եղեք սուտ մարգարեներից, որոնք մոտենում են ձեզ ոչխարների զգեստներով, բայց ներսից հափշտակող գայլեր են: Իրենց գործերի՛ց կճանաչեք նրանց. մի՞թե փշերից խաղող և տատասկից թուզ կքաղեն: Այսպես, ամեն բարի ծառ բարի պտուղ է տալիս, և չար ծառ չար պտուղ է տալիս: Լավ ծառը չի կարող վատ պտուղ տալ, ոչ էլ վատ ծառը՝ լավ պտուղ տալ: Ամեն ծառ, որ բարի պտուղ չի տալիս, կտրվում և կրակն է նետվում: Ուրեմն՝ իրենց գործերի՛ց կճանաչեք նրանց:

Ոչ ամեն մարդ, որ Ինձ «Տե՜ր, Տե՜ր» է ասում, Երկնքի արքայություն կմտնի, այլ նա՛, ով կատարում է կամքը Իմ Հոր, որ երկնքում է: Այն օրը շատերն Ինձ պիտի ասեն. «Տե՜ր, Տե՜ր, չէ՞ որ Քո անունով մարգարեացանք և Քո անունով դևեր հանեցինք և Քո անունով բազում զորավոր գործեր արեցինք»: Եվ այն ժամանակ ես նրանց պիտի ասեմ. «Ես ձեզ երբեք չեմ ճանաչել, հեռո՛ւ կացեք Ինձանից դուք ամենքդ, որ անօրենություն եք գործում»:

Ով որ լսում է Իմ այս խոսքերը և կատարում է դրանք, կնմանվի մի իմաստուն մարդու, որ իր տունը շինեց ժայռի վրա. անձրևները թափվեցին, և գետերը հորդեցին, հողմերը փչեցին և զարկեցին այդ տանը, բայց չկործանվեց, որովհետև ժայռի վրա էր հաստատված: Իսկ ով որ լսում է Իմ այս խոսքերը և դրանք չի կատարում, կնմանվի մի հիմար մարդու, որ իր տունը շինեց ավազի վրա. անձրևները թափվեցին, գետերը բարձրացան, հողմերը փչեցին և զարկեցին տանը, և նա ընկավ. և նրա կործանումը շատ մեծ եղավ»:

Երբ Հիսուս այս բոլոր խոսքերն ավարտեց, ժողովուրդը զարմանում էր Նրա վարդապետության վրա, որովհետև ուսուցանում էր ինչպես մեկը, որ հեղինակություն ունի և ոչ թե՝ ինչպես օրենսգետները»:

«Մի՛ դատեք, որպեսզի չդատվե՛ք․․․․»: Հիսուս Աստված, արդար, հզոր և համբերատար դատավոր լինելով ու այս աշխարհում մարմնապես Խաչի թողության աթոռին բազմած, այս դասն է ավանդում․ «Մի՛ դատեք, որպեսզի չդատվե՛ք», և այլն։  Նա, Ով միակ արդար դատավորն էր երկնքի և երկրի առաջ, Նա, Ում Հայրը սրբեց և ուղարկեց աշխարհ, երբևէ բռնկուն կամ պատժող դատավոր չեղավ այս աշխարհի աններողամիտ ատենակալների նմանողությամբ։

 Հիսուսի կյանքն ամբողջովին ներողամտություն էր, Նրա խոսքը՝ թողություն, Նրա ոտքերը՝ այցելություն, Հիսուսի ձեռքը բժշկություն էր, իսկ Նրա ուսուցումը՝ հեզություն։ Հիսուս արձակեց շնացած կնոջը, մինչդեռ փարիսեցի դատավորները ցանկանում էին այդ կնոջն ատյան տանել և դատապարտել։

Հիսուս թողություն շնորհեց մեղավոր կնոջն ա՛յն դեպքում, երբ Սիմոնն իր մտքում խորհում էր չներել նրան։ Հիսուս մաքսավորին ներեց, Նա Իրեն խաչ հանած հայհոյիչների համար Իր Հորից թողություն խնդրեց։

Ավետարանի անվախճան թագավորության աթոռը, որ դրված է Եկեղեցու ատյանում, ո՛չ բանտ ունի, ո՛չ զնդան, ո՛չ գան, ո՛չ զանազան տանջանքների գործիքներ, այլ այդ ատյանի վճիռը թողությունն է, Եկեղեցու բանտն ազատությունն է, կապանքը՝ արձակումը, պատիժը՝ բարի հատուցումը։

Ավետարանական այս ատյանն աշխարհի ատյանից տարբեր է․ բարկությունը, պատիժը, վրեժխնդրությունը, մահվան դատապարտությունը, սուրն ու արյունը երբևէ տեղ չունեն այստեղ։

Ավետարանի թագավորության վճիռը ներողամիտ գթությամբ է արձակվում։ Բավական է միայն հանցավորի սրտի զղջումն ու խոստովանությունը, քանի որ այս ատյանի օրենսդիրը ներողամիտ Հիսուս է, և ոչ թե Սողոսը...

«Ինչո՞ւ քո եղբոր աչքի մեջ շյուղը տեսնում ես․․․․»: Ներողամտության գերագույն Ուսուցիչը սոսկ խոսքով չի ավանդում այս դասը, այլ Իր հայելատիպ օրինակո՛վ է ուսուցանում․ «Ով որ ուզում է տեսնել, թող Գողգոթա գնա և դիտի Խաչի տոնահանդեսը...»։

Տիեզերքի մեծ Դատավորն այժմվանից իսկ սպառնում է մեզ, որ եթե մենք խստորեն դատենք մեր եղբորը, եթե առանց քննության դատապարտության վճիռ արձակենք, եթե փարիսեցու նմանողությամբ մեր գերանակիր աչքով «նկատենք» մեր եղբոր աչքի փոքրիկ շյուղը, եթե մեր կաթնեղբայր ընկերոջ հանցանքը մեծ մեղք դիտարկենք, մենք ինքնե՛րս մեզ կմատնենք Աստծու արդարության ատյանին, և այնտեղ պիտի երևա այն ահավոր դատավճիռը, ըստ որի՝ մենք պիտի դատվենք Աստծու տաճարի անոթները պղծող բռնավորների դատով՝ միևնույն կշռով, միևնույն խստությամբ։

Չ՞է որ Երկնքի ատյանն այս աշխարհի ատյանը չէ, ուր ոսկին և կաշառքը սիրաշահում են անիրավ դատավորին, ուր անմեղի համար զրկանք, կապանք, բանտ և մահ է նախատեսված, իսկ հանցավորին՝ ազատություն ու կյանք։

Երբ մարդ հանցավոր լինելով, սակայն իրեն չքմեղ ձևացնելով, ինքն իրեն դատավոր է կարգում իր ընկերոջ հանդեպ, ո՛չ միայն Հիսուսի, այլև նույնիսկ հենց ի՛ր խղճի ձայնն է ներքուստ հանդիմանում նրան՝ ասելով․ «Ո՜վ խավարամիտ, կույր դատավո՛ր, վա՜յ քո սրատես աչքին։

Այդ ինչպե՞ս ես ատելության մանրադիտակով նշմարում եղբորդ աչքի մեջ ընկած աննշան շյուղը, և դա ա՛յն դեպքում, որ ես անտեսելով ներում եմ նրան, մինչդեռ դու քո աչքի ահագին գերանը, որ քո գործած մեծագույն հանցանքն է, ինքդ քեզ ներում ես և իբր կարեկից լինելով՝ կեղծավորաբար մոտենում ես եղբորդ աչքի շյուղը հանելու։

Այդպես չի՛ կարելի, ո՜վ կեղծավոր փարիսեցի, արդա՛ր դատաստան տես, դու նախ և առաջ մտահոգվիր քո ներքին, խղճիդ ձայնի պատճառով՝ քո իսկ աչքի մեծ գերանը դուրս հանելու համար, և ապա միայն համարձակորեն քայլեր ձեռնարկիր եղբորդ օգնելու համար»։

Ավետարանի այս հանդիմանական խրատը քրիստոնյաների ողջ հանրության համար է, նրա՛նց համար, ովքեր նույն Տիրոջ տանը հավասարադաս, ծառայակից եղբայրներ են: Ծառան պատասխանատու է միայն իր Տիրո՛ջ առաջ։ Եթե ծառան սայթաքում կամ ընկնում է, նրա Տերը դա տեսնում և իմանում է:

Տերն է, որ կարողություն ունի Իր ծառայի ձեռքից բռնելու և վեր կանգնեցնելու։ Եթե այդպես է, ուրեմն դատաստանը միայն Տիրո՛ջ իրավասությունն է, հետևաբար մեղապարտ ծառան թող չհամարձակվի՛ դատել իր ընկերակից ծառային։

Ավետարանի ներողամտության օրենքը միայն մեր չարաչար դատաստանն է արգելում, սակայն մարդկային հասարակության մեջ բարին ու չարը զատորոշելու իրավացի դատաստանը բնավ չի մերժում, քանի որ դա մարդու ազատ մտքի անբռնադատ իրավունքն է։

Ո՞վ կարող է որոշել չարն ու բարին, երբ մարդու թյուրատես աչքը շատ հաճախ ճշմարիտը որպես սխալ է տեսնում։ Հիսուս մի նշան է ցույց տալիս, և այդ նշանո՛վ է, որ պիտի ճանաչենք ու զատորոշենք բարին ու չարը․ «Նրանց պտուղների՛ց կճանաչեք նրանց» (հմմտ. Մտթ. 7։16)։

«Սրբությունը շներին մի՛ տվեք․․․․»։ Հիսուս մի մասնավոր պատվիրան է ավանդում Իր կողմից կանչված աշակերտներին, որոնք նախապատրաստվում էին Ավետարանի սեղանին սպասավոր լինելուն և այս աշխարհի քաղցյալներին կյանքի Խոսքը որպես հաց մատակարարելուն։

Հիսուս Իր այդ աշակերտներին ուսուցանում է զգուշավորությամբ բաժանել և Ավետարանի սուրբ հացը չտալ շներին՝ առանց խտրություն դնելու, ու ո՛չ էլ երկնային մարգարիտները նետել խոզերի առաջ։

«Գիտե՞ք, թե ովքեր են շներն ու խոզերը․ Ավետարանի ճշմարտության դեմ մարտնչող, Ավետարանի փրկությունն արհամարհող, Ավետարանի սրբությունն անարգող այս աշխարհի ամբարիշտ անզգամնե՛րն են նրանք, ովքեր կապը կտրած շների նմանողությամբ վազում ու հարձակվում են ձեզ վրա, հրապարակներում և ատյաններում զայրալից մրմռում են ձեր քարոզության դեմ, կամ էլ աղտեղասեր խոզերի նման Իմ պատվական մարգարիտները ոտնակոխ են անում անարգության տիղմերում ու դարձյալ որպես կատաղի գազան ձեզ վրա հարձակվելով՝ պատառ-պատառ են անում ձեզ։

Խո՛ւյս տվեք այդպիսի խստասիրտ անզգամներից, ծածկեցե՛ք ու պահեցե՛ք Ավետարանի սրբությունը, մի՛ մնացեք նրանց կողքին, այլ ձեր ոտքերի փոշին թոթափելով՝ շուտով դո՛ւրս ելեք նրանց քաղաքից, ձեր առաքելական ծառայության մեջ երբևէ պատճառ կամ տեղիք մի՛ տվեք, որ Իմ ու Ավետարանի անունը արհամարանքի և հայհոյության ենթարկվի»։  

Տիրոջից ավանդված այս պատվիրանը վերաբերում է նաև համայն քրիստոնյաներիս, որպեսզի մենք ամենքս էլ, խոհական իմաստությամբ կենցաղավարելով արտաքին հեթանոսական աշխարհի հետ հարաբերություններում, առիթ չտանք, որ սուրբ կրոնն ու հավատքը հայհոյվի։

Հիսուս բնավ չի հրամայում Իր Ավետարանի ճշմարտությունը բռնի կերպով ընդունելի դարձնել, քանի որ Ավետարանը լույս է․ լույսն իր բնույթով իսկ համատարած ծավալվում ու թափանցում է իրեն ընդունողների սիրտը, որը Սուրբ Հոգու շնորհների կողմից ձևավորվում է որպես օթևան այդ լույսի ընդունելության համար։

Որչա՜փ տարբեր էր քարոզության այս եղանակը հին աշխարհի հեթանոսական բռնակալների իշխանության բանեցման եղանակից, չէ՞ որ նրանց իշխանության հիմքը սուրն էր, զենքն ու արշավանքը, պատերազմը, կոտորածն ու քաղաքների կործանումը և այսպիսի այլ բաներ, որոնք համայն մարդկության համար թշվառաբեր աղետներ էին։

Հեթանոսական հին կրոնը մահաշունչ էր․ կյանքի փոխարեն այն մահ էր բուրում, իսկ ահա Ավետարանի ուրախության փոխարեն սուգն էր տիրում, լույսի փոխարեն՝ խավարը, Երկնքի փոխարեն հեթանոսական կրոնը գերեզման էր բացում, Արքայության փոխարեն դեպի դժոխք էր տանում, մի խոսքով՝ այդ հին հեթանոսական կրոնի մեջ Աստված չկար, իսկ որտեղ Աստված չկա, այնտեղ թագավորում է մահը, հետևաբար այդ հին ժամանակաշրջանում մարդու համար ամեն ինչ մահ էր...

Մինչդեռ Հիսուս հեզ էր, Նա բռնակալ չէր․ Հիսուս Իր սուրբ և ճշմարիտ կրոնը Գալիլիացի մի քանի անապրուստ ձկնորսների ձեռքով տարածեց, նրա՛նց, ում պատվեր էր տալիս ոչ թե միայն զենք, այլև անգամ գավազա՛ն չառնել իրենց ձեռքը ճանապարհ ընկնելու համար։

Այդպիսի աննշան ձկնորսների ձեռքով Ավետարանը տարածվեց, և խեցեղեն ամանների զորությունը խորտակեց զենքերն ու զրահները։ Աշխարհը զարմացավ և դեռ զարմանում է, թե այդ ինչպե՜ս Ավետարանը հաղթանակի հասավ տկարների ձեռամբ։

Թեպետ Հիսուս աղքատ էր և այս աշխարհի ունեցվածքից ոչինչ չուներ, սակայն որպես մեծահարուստ վաճառական՝ Նա մի խանութ բացեց այս աշխարհի հրապարակում և վաճառքի հանեց Իր չնաշխարհիկ, պատվական Մարգարիտը․ միայն դա էր Հիսուսի՝ Երկնքից բերած չտեսնված վաճառանմուշը։

Ավետարանի վսեմ քարոզչությամբ Հիսուս Իր շուրջը հրավիրեց մարդկանց աշխարհի չորս կողմերից: Նրա վաճառքի պայմանն այս էր. ո՛չ ոսկին, ո՛չ արծաթը, ո՛չ հարստությունը, ո՛չ իշխանությունը, ո՛չ գավազան ու թագը և ո՛չ անգամ այս աշխարհի բովանդակ փառքը չէին կարող այս Մարգարտին համահավասար արժեք ունենալ, քանի որ այս Մարգարիտն անգին էր։

Ուրեմն ի՞նչ էր պահանջում այս Մարգարտի Տերը․ կատարյալ հավատք, սեր և սիրտ, ամեն բան վաճառել՝ և՛ աշխարհը, և՛ այն ամենը, ինչը որ աշխարհինն է, ու անգամ սեփական ա՛նձն ուրանալ․ ահա՛ թե որն էր Մարգարտին արժանանալու պայմանը։

Շատ դժվար բան է խնդրում Մարգարտի Տերը, և այս աշխարհի մարդկանցից շատ քչերն են միայն այդ Մարգարտի գնորդներ։ Դու, սակայն, մի՛ խուսափիր Ավետարանի ձայնից, և թո՛ղ որ Նրա պայմանը քեզ համար անհնարին չթվա, քանի որ դու կարող ես դյուրությամբ ձեռք բերել Մարգարիտը, միայն թե հավատա՛, փնտրի՛ր, հայցի՛ր և բախի՛ր, քանի որ ով փնտրում է այդ Մարգարիտը, միայն նա՛ է այն գնում, ով որ հայցում է, միայն նա՛ է գտնում, ով որ բախում է Երկնքի դուռը, Հիսուս, բանալին ձեռքին պատրաստ կանգնած, միայն նրա՛ առջև է բացում այն:

Ահավասիկ այդ դուռը բաց է, նե՛րս մտիր, քանի որ Հիսուս Ի՛նքն է դուռը, Նա Ի՛նքն է ճանապարհը, Նա Ի՛նքն է ճշմարտությունը, և Հիսո՛ւս է միայն նորոգիչ կյանքը։

«Նախ խնդրեցե՛ք Աստծու արքայությունը․․․․»։ Հիսուս սրտապնդում է Ավետարանի զավակներին, որպեսզի նրանք երբևէ չերկմտեն, այլ ինչ որ խնդրում են երկնավոր Հորից, հավատքո՛վ խնդրեն, հավատքով հայցեն ա՛յն, ինչը որ կարևոր ու պատշաճ է խնդրելու համար։

«Հացի փոխարեն քար մի՛ խնդրեք,- ասում է,- և ո՛չ էլ ձկան փոխարեն՝ թունավոր օձ»։ Այսինքն՝ այս աշխարհի փարթամության «գույքն» ու մամոնան մի՛ հայցեք, քանի որ դրանք փշրում են ձեր ատամները, եթե փորձեք ծամել, և թունավորում են ձեր կյանքը, երբ ուտում եք դրանք։

Դո՛ւք, ո՜վ ապիկար, չար ու տխմար հայրեր, դո՛ւք, որ խորագետ չեք բարու և չարի ընտրության հարցում, սակայն ձեր բնական գթառատությամբ ցանկանում եք բարի բաներ տալ ձեր զավակներին, հացի փոխարեն՝ քար ու ձկան փոխարեն օձ չեք տալիս նրանց, եթե անգամ ձեր մանուկն իր փոքր լինելու պատճառով արտասվալից խնդրում է այդ բաները:

Ապա ուրեմն որչա՜փ առավել ձեր երկնավոր Հայրը կատարյալ պարգևներն առատորեն պիտի բաշխի Իր զավակներին, որոնք իմաստությամբ են խնդրում և առանց թերահավատության են սպասում։

«Այն ամենը, ինչ կկամենաք, որ մարդիկ ձեզ անեն»։ Հիսուս Աստված Ադամի և համայն մարդկության հոգու ու սրտի տախտակների վրա քանդակված այն նույն անջնջելի օրենքն է, որ հակիրճաբար դրոշմում է Իր Ավետարանում և մարդկանց սրտերին, որոնք եղծվել էին ամբարիշտ անաստվածությամբ։

«Այն ամենը, ինչ կկամենաք, որ մարդիկ ձեզ անեն, այդպես և դո՛ւք արեք նրանց»։ Ահավասիկ, սա՛ է Օրենքի բուն արմատը, որի վրա հաստատված են պատվիրանների բոլոր ճյուղերը, սա՛ է Օրենքի ակնաղբյուրը, որից բխում են աստվածադիր պատվիրանների զանազան վտակները։

Սույն պատվիրանը բովանդակող սքանչելի ու հակիրճ խոսքը միայն մեկ լեզվով չէ գրված․ ամեն ազգ և ժողովուրդ կարող է կարդալ այն՝ լինի հավատացյալ, թե հեթանոս, եթովպացի, արաբ, ասիացի թե եվրոպացի: Մինչև անգամ խուժադուժ սկյութացին կարող է ընթերցել այս օրենքը։

Այս օրենքը ոչ թե թղթի վրա է գրված, այլ սրտի և հոգու մեջ. բոլոր տարիքի մարդիկ գիտեն այն՝ լինեն թագավոր թե իշխան, տեր թե ծառա, այր թե կին, գյուղացի թե քաղաքացի, ռամիկ թե իմաստուն, վարժապետ թե աշակերտ։

Այս օրենքը մայր է, որը ծնում է պարտք և իրավունք, որոնց միջոցով միայն ամրապնդվում է մարդկային հասարակության կապը։ Այդ կապն է, որ շաղկապում է թագավորին իր հպատակների հետ, իշխանին՝ ժողովրդի, տիրոջը՝ ծառայի հետ, ամուսնուն՝ կնոջ, ծնողներին՝ զավակների հետ, հարուստին՝ աղքատի, տկարին՝ զորավորի հետ, իմաստունին՝ ռամիկի, գյուղացուն՝ քաղաքացու հետ, ազգը՝ ազգի, և աշխարհը՝ աշխարհի հետ։ Սրբապի՛ղծ է այն ձեռքը, որն ուզում է այս կապը խզել, և սո՛ւրբ է այն ձեռքը, որն ամրապնդում է այս կապը։

Մարդկային հասարակության պարտքն ու իրավունքը փոխադարձ առաքինություն է ենթադրում․ ինչ չափով որ տալիս է, նույն չափով էլ պահանջում է Ավետարանի արդարության կշիռը։

Ուրեմն, ո՜վ դու, ի՞նչ ես կամենում, որ ընկերդ քեզ անի. եթե սեր, ուրեմն դու ևս սիրի՛ր նրան, եթե պատիվ, ուրեմն դու էլ նրա՛ն պատվիր։ Ընկերոջից սեր և պատիվ պահանջելը քո իրավունքն է, սակայն ընկերոջդ սիրելն ու պատվելը քո պարտականությունն է․ առանց այս համատեղության մեծ անիրավություն է ընկերոջից հարգանք պահանջելը։

Ո՞վ է այն մարդը, որը սիրել չգիտե, սակայն ուզում է սիրված լինել, որը բարիք գործել չգիտե, սակայն երախտագիտություն է պահանջում, որը անողորմ է, սակայն ողորմություն է խնդրում։

Այն անփոխադարձ իրավունքը, որը մշտապես վերցնում է առանց տալու, այս աշխարհի բռնակալների ու զորավորների իրավունքն է, նրա՛նց, ովքեր ոտնակոխ անելով Աստծու և նույնիսկ բնության օրենքները՝ իրենց բռնակալության օրենսդրությունն են պարտադրում և հարստահարում են աղքատ ու անզոր ամենքին։

Այո՛, բազեն վանում է ճնճղուկներին. այս վհատ թռչնակները մշտապես որս են դառնում բազեի համար: Նույնպես նաև ծովի մանր ձկները կետ ձկան համար են որս դառնում. նախախնամությո՛ւնն է նրանց համար այսպես սահմանել, սակայն մարդկային հասարակության համար արդարություն է սահմանված։

Արդարությունը երբևէ իր ընկերոջը վնաս չի կամենա: Արդարությունը պարտադրում է հացը սեփական ճակատի քրտինքով ուտել, արդարությունը ընկերոջը վճարում է այն, ինչը պարտք է, արդարությունը պահանջում է միայն այնքան, որքան պահանջելու իրավունք ունի։

Արդարությունը մարդուն հավասարաչափ է բաշխում իր ու իր ընկերոջ իրավունքը և երբեք չի դիմում անիրավ զրկանքների։ Մի խոսքով ասած՝ արդարությունը պարտքերի և իրավունքների դատավորն է:

Արդարությունն ամբարիշտ անիրավների նման թյուր խորհուրդներ չի խորհում և ոչ էլ ժանտ աթոռների վրա է բազմում․ արդարության կամքը մշտապես Աստծու օրենքն է, Աստծու վճիռը արդարության խղճի ձայնն է։ Արդարությունը երբևէ չի մոռանում, այլ մշտապես վերընթերցում է այս պատվիրանը․ «Այն ամենը, ինչ կկամենաք, որ մարդիկ ձեզ անեն, այդպես և դո՛ւք արեք նրանց» (Մատթ. 7։12)։

Օ՜հ, մարդի՛կ, եթե դուք այս օրենքը չեղծեք, եթե չխեղդեք ձեր խղճի այս մշտաբարբառ ձայնը, Ավետարանի միայն այս պատվիրանը բավական և դեռ ավելին կլինի համայն մարդկության երջանիկ կյանքը ապահովելու, ինչպես և ամեն տեսակի զրկանք ու թշվառություն այս աշխարհի երեսից վերացնելու համար։

Ահա սա է Հիսուսի քարոզած բնական օրենքի զորությունը, որի լայնածավալ խորհուրդը փոքրիկ նշանախեցի չափով միայն ներկայացրի։

«Նեղ է դուռը, և անձուկ՝ ճանապարհը․․․»։ Հիսուս, որ երկնային Արդարությունն էր, երկիր իջավ, Աստված մարդկանց մեջ մտավ, մինչդեռ մարդիկ ցիրուցան եղած անհովիվ ոչխարների նման մոլորված թափառում էին այս աշխարհի բազմաստվածության ճանապարհի վրա։

Փոխանակ իրենց երկնային հայրենիք դիմելու՝ դեպի սատանայի աքսորավայր էին ընթանում՝ ցանկանալով հաստատվել այս աշխարհում։ Միայն Հիսուս էր, որ այդ մարդկանց վերադարձրեց դեպի Երկնքի ճանապարհը, որի համար Դավիթը պաղատում էր՝ ասելով․ «Ցո՛ւյց տուր ինձ ճանապարհն այն, որով պիտի գնամ» (Սաղմ․ 142։8)։

Այս նոր ճանապարհի ուղեցույց-առաջնորդը Հիսուսն էր, ուստի և Նա քարոզում է այսպես․ «Նեղ է դուռը, և անձուկ՝ ճանապարհը, որ դեպի կյանք է տանում»։

Եվ որպեսզի մարդիկ չխուսանավեին այդ դժվարին ուղուց, Հիսուս նախ Ի՛նքը մտավ այս աշխարհի անձուկ ճանապարհի դռնից ներս։ Որտեղի՞ց մտավ․ Բեթղեհեմի քարայրից ու կենդանիների մսուրից և բարձրացավ մինչև Գողգոթայի Խաչն ու մինչև գերեզմանի դուռը հասավ։

Երեք տարվա տաժանելի խաչակրությամբ Հիսուս այդ ուղին բացեց այս երկրից մինչև Երկինք, խոր դժոխքից մինչև վերին Արքայությունը։

Այն, ինչ Հիսուս կրեց այս ճանապարհի ընթացքում, հալածանք էր, վիշտ, աղքատություն, քաղց ու ծարավ, ապերախտություն ու մատնություն, կապանք, բանտ, նախատինք, գանահարություն, թուք, ապտակ, հարված և, վերջիվերջո, Խաչ ու մահ։

Հիսուսի համար ա՛յդ էր ահա նեղ դուռն ու անձուկ ճանապարհը․ իսկ մե՞զ համար որն է այդ ուղին։ Մենք ո՞վ ենք․ այդ խաչակիր Զորապետի դրոշակի տակ կռվող զինվորյալ բանա՞կն ենք արդյոք։ Այդ բանակի անունը «քրիստոնյա» է, որ նշանակում է «Քրիստոսին հետևող»։

Սուրբ Պողոսը, Եկեղեցու զինվորներին խրախուսելով, ասում է․ «Նայե՛նք հավատի Զորագլխին․․․․ որն Իր առաջ դրված ուրախության համար հանձն առավ Խաչը, արհամարհեց ամոթը․․․․»։

Ամեն զինվոր իր զորապետի հրամանակատարն է, ուստի եթե մեր Զորագլուխը Խաչի ու Գողգոթայի ճանապարհով դեպի Երկինք գնաց, ուրեմն մենք՝ Նրա զինվորները, ևս ուխտադիր ենք խաչակրության նույն ճանապարհով անցնելու։

Անմեղ Աստված, մարդու սիրով վառված, ինքնակամ հոգով կրեց Խաչի անարգանքը։ Ո՞վ է մարդը, եթե ոչ մեղապարտ ծառա, հող ու մոխիր և չնչին որդ։ Մի՞թե նա իրավունք ունի իր նվաստ անձի համար ամոթ կամ անարգանք համարել այս աշխարհում այն բոլոր տեսակի խաչերը կրելը, որոնք կրեց Ինքը՝ Տերը։

Թող որ մարդ իզուր տեղն այլ հույս չունենա, քանի որ այս մոլորաշավիղ աշխարհում Երկինք գնալու ուրիշ ճանապարհ չկա բացի Հիսուսի բացած ճանապարհից։

Այո՛, այս նեղ շավիղից զատ այս աշխարհի ձախակողմում կա մի ուրիշ, ընդարձակ պողոտա, որն ի սկզբանե հաստատել է խավարասեր իշխանը՝ մարդկանց կորստյան անդունդը տանելու համար։ Եվ ավա՜ղ, որքա՜ն բազմապատիկ են այս լայն ճանապարհի ուղևորները։

Ահավասիկ մարդիկ բանակներով դիմում են այնտեղ։ Նրանց թվում են փառասեր բռնակալները, աղքատի վրա իշխող ամբարիշտ տիրակալները, տկարի և անզորի իրավունքը հափշտակող, հարստահարիչ զրկողները, բազմախորտիկ սեղանի ճոխություններով մշտապես հղփացող և կարիքավոր Ղազարոսին մի փշրանք տալն անգամ զլացող քարսիրտ հարուստները, ոսկին իբրև Աստված պաշտող այս աշխարհի ընչաքաղց ագահները, Աստծու՝ աննշան համարվող սիրելիների դեմ հոխորտացող գոռոզները, ընկերոջ համբավի ու փառքի դեմ նախանձով լցված եղբայրասպան Կայենի նախանձոտ եղբայրները, ջրհեղեղի ժամանակաշրջանում ապրող մարդկանց պես ուտող ու խմող և անառակ շվայտությամբ կյանք վարող քաղաքացիները։

Մի խոսքով ասած՝ այս աշխարհի օրինազանց բոլոր անզգամները, որոնք կա՛մ անհավատությամբ իսպառ ուրացան Աստծու գոյությունը, կա՛մ էլ ճանաչեցին Աստծուն և հավատացին Նրա Միածին Որդուն, մկրտության սուրբ կնիքով դրոշմեցին իրենց «քրիստոնյա» անունը, «Տե՜ր, Տե՜ր» կանչեցին, սակայն այդքանով հանդերձ Տիրոջ սուրբ պատվիրանները չպահեցին, այլ քրիստոնեության անարատ կրոնի քողի տակ դարձյալ հեթանոսության միևնույն զեղծ ու անառակ կյանքը վարելով՝ մինչև իրենց կյանքի վախճանն անզեղջ մնացին և առերես «քրիստոնյա» անունն առնելով՝ իրենց գործերի պատճառով մեռան իբրև հեթանոսներ։

Այդպիսի հիմար և ապերախտ որդիները, Խաչի փրկությունն ու Ավետարանի սիրո օրենքը մերժելով, այս աշխարհում ընտրեցին և գնացին ա՛յն ճանապարհով, որի մատուցած կարծեցյալ երջանկությունը՝ այս երկրավոր կյանքը, մինչև գերեզմանի դուռն էր հասնում․․․

Անհավատությունն ու հարստության պատրանքը պաշարեցին նրանց խելացնոր մտքերը, և նրանք չկարողացան ճշմարիտ տեսությամբ համեմատել այս երկու ճանապարհներից յուրաքանչյուրի վախճանը։

Չէ՞ որ թեպետ այն առաջին ճանապարհով ընթացող խաչակիր ուղևորը ծանրության տակ շնչակտուր հեծում էր, սակայն նրա վշտատար քայլերը գերեզմանի իջևանում կանգ էին առնում, իսկ այնուհետև նա մահվան մեջ նոր կյանք էր գտնում, և Երկնքի մշտենջենավոր հանգիստն էր պարուրում նրա հոգին։

Իսկ ահա մյուս ճանապարհով ընթանում էր անխաչակիր ուղևորը՝ իր ուսերին վերցրած միայն այս աշխարհի հարստությունը։ Եվ թեպետ կառքի մեջ նստած էր արշավում ու անցնում էր ընդարձակ պողոտաներով, խորհում էր այն ամենի մասին, ինչը հաճույք էր բերում իր մարմնին և շտեմարաններ էր կառուցում՝ կարծելով, թե ինքը հավիտենական աշխարհաքաղաքացի է, բայց մեկ էլ հանկարծ կեսգիշերին կառքի անիվը գլորվում է մահվան գուբը․․․

Ահա այնտե՛ղ է, որ բացվում է մարդու հոգու կուրացած աչքը, և նա տեսնում է, որ ամեն բան ունայնություն էր․ ո՛չ պալատը, ո՛չ փառքը, ո՛չ մեծամեծ շտեմարանները, ո՛չ բազմապատիկ ժառանգությունը հավիտենական չէին, դրանք անցան-գնացին, և այդ վայելքներին հաջորդեց ծայրահեղ թշվառ վիճակը․ դա գեհենի կրակն էր՝ մահվան մեջ դարձյալ մի նոր մահվան առերեսվելը։

«Զգույշ եղեք սուտ մարգարեներից․․․․»։ Հիսուս այս կորնչական դուռը փակում է և Ավետարանի որդիների դիմաց խցում է լայն ճանապարհի անցքը, սակայն Հիսուսից առաջ և հետո ժողովրդի մեջ շա՜տ հաճախ սուտ մարգարեներ էին հայտնվում, որոնց գործն էր խորամանկությամբ Աստծու մարգարե ձևանալով՝ մշտապես խեղաթյուրել ճշմարտությունը։

Մինչդեռ ճշմարիտ մարգարեները Աստծու անունից էին քարոզում, այս կեղծ մարգարեները ժողովրդի միտքը շեղում էին ճշմարտությունից և հակառակն էին համոզում։ Փարիսեցիների նման այս կեղծ մարգարեները ևս խիստ վարժ էին իրենց կեղծավորության մեջ, քաջ գիտեին ոչխարի մորթով արտաքուստ պատել իրենց, բայց ներքուստ սուր ժանիքներով պատառոտել ժողովրդին։

Պարզ միտք ունեցող գառներին այսպիսի դարանամուտ գազաններից հեռու պահելու համար Հիսուս՝ քաջ Հովիվը, ազդարարում է․ «Զգո՛ւյշ եղեք սուտ մարգարեներից, որոնք դեպի ձեզ են գալիս ոչխարների հանդերձներով։

Այդպիսի գառնազգեստ գայլերին ճանաչելու համար, ահավասիկ ձեզ այժմվանից իսկ նշան եմ տալիս։ Այդ ինքնակոչ մշակները եկեղեցու դրախտի չարարմատ ծառերն են, որոնք Ես չեմ տնկել, այլ ստախոս բանսարկուն՝ նրանց հայրը։

Այդ կեղծ մարգարեները թեպետ ամեն հնարք բանեցնում են իրենց սուտը ճշմարտության կեղևներով պատելու համար, սակայն կեղծիքը թաքցնելն անհնար է․ «Չկա ծածուկ բան, որ չհայտնվի, և գաղտնի բան, որ չիմացվի» (Ղուկ. 12։2)։

Ուրեմն իմացե՛ք, Իմ ժրաջա՛ն մշակներ, Ավետարանի լույսի առաջ խավարային ամեն խորհուրդ ու գործ մերկապարանոց պիտի խայտառակվի։ Այդ սուտ մարգարները վաղուց իսկ չարարմատ շառավիղ են և երբևէ չեն կարող իրենց դառնահամ պտուղը թաքցնել ձեզնից։

Նրանց մոլոր վարքից, նրանց օտարուսում նոր քարոզությունից ու կեղծ, մարդահաճո խոսքերից դուք, անշուշտ, պիտի ճանաչեք և հիշեք Իմ խոսքը, որ չար ծառը բարի պտուղ չի տալիս։

Ուրեմն չխաբվե՛ք, երբ նրանք Տիրոջ անունով գործել ցանկանան և ծառայական խոնարհ ձայնով Ինձ «Տե՜ր, Տե՜ր» կանչեն։ Չհավատա՛ք, նրանց ձայնը միայն իրենց շուրթերից է հնչում, սակայն սրտի կամ սիրո մտերիմ ձայն չէ դա։

Պիտի գա մի օր, և այդ օրը վերջին Գալստյան օրն է, երբ ահասարսուռ հրապարակում նրանց գաղտնիքները պիտի բացահայտվեն, և Ես պիտի խոսեմ նրանց հետ, ու նրանք էլ ամոթապարտ դեմքով պիտի պատասխանեն․ «Տե՛ր, Քո անունով մարգարեացանք, Քո անունով Ավետարանդ քարոզեցինք, Քո անունով բազմապատիկ զորություն ու հրաշքներ գործեցինք այս երկրի վրա, մարդիկ մեզ Քո Ավետարանի հավատարիմ սպասավորներ ճանաչեցին։ Եվ մինչդեռ մենք ակնկալություն ունենք վարձքի, որ Դու պատրաստել ես Քո սիրելիների համար, սակայն Դու, վա՜յ մեզ, Քո սրբերի հաղորդակցությունից զրկելով՝ թշնամիներիդ հետ դատապարտո՞ւմ ես մեզ»։

Իսկ Ես պիտի կշտամբեմ այդ ինքնակոչ, սուտ առաքյալներին՝ ասելով․ «Հեռո՛ւ գնացեք Ինձնից, ո՜վ դուք անիրավ մշակներ, դո՛ւք, որ Իմ Ավետարանն իբրև շահավաճառություն քարոզեցիք, դո՛ւք, որ այն խորամանկ օձի նմանողությամբ Եկեղեցու դրախտի մեջ մտնելով՝ Աստծու հրեշտակ ձևացաք ու երկպառակտեցիք Եկեղեցու միությունը։

Դուք Իմ ցանած սիրո սերմերին օտար որոմ խառնեցիք, դուք ճշմարտության աղբյուրը ժանտահոտ ջրերով պղտորեցիք։ Այն, ինչ որ դուք գործեցիք, Աստծու փառքի համար չէր, այլ ձեր նպատակը սեփական շահն ու անձնական օգուտն էր։ Ուրեմն հեռո՛ւ գնացեք, դուք արժանի չեք ընդունելու այն պսակը, որը Ես դնում եմ միայն հավատարի՛մ ծառաների գլխին»։

«Ով որ լսում է Իմ այս խոսքերը․․․․»։ Երբ Հիսուս ավարտում է հավիտենական կյանքի մասին Իր խոսքերը, որպես վերջաբան Իր այս սքանչելի ճառի մի օրինակ է բերում՝ ասելով, թե «ով Իմ այս պատվերները լսում ու պահում է, նա նմանվում է այն խոհեմ մարդուն, որը նախատես իմաստությամբ իր տան հիմքը հաստատուն վեմի վրա է դնում և այդ հիմքի վրա է կառուցում շենքը։ Նրա այդ կառույցը ո՛չ աշխարհի տեղատարափ անձրևները, ո՛չ հեղեղաբեր գետերը, ու ո՛չ էլ անգամ փոթորկալից հողմերը չեն կարող կործանել։

Մինչդեռ նա, ով միայն լսում է Իմ խոսքերն ու չի կատարում դրանք, նմանվում է այն հիմար մարդուն, որն իր տան հիմքը սահուն ավազի վրա է դնում, և երբ հորդահոս անձրևներն են թափվում, գետերի ջրերը հորդում են և միաժամանակ սաստակաշունչ հողմն է փչում, այս հիմար մարդու տունն իսկույն փլվում է, վերիվայր քանդվում, և այդ տան կործանումը մեծ է լինում․ տեսնողները զարմանում են, չարախինդ մարդիկ «վա՜յ» են տալիս․․․»։

Այդ ճշգրիտ օրինակի համաձայն՝ ով որ Ավետարանը կարդում է, թող իր մտքում պահի այն։ Միայն լսելով ու հավատալով քրիստոնեության շենքը կատարյալ չի լինի, այլ պետք է Ավետարանի սուրբ խոսքերը լսելուց ու հավատալուց հետո բարի պտուղ տալ՝ այդ նույն պատվիրանների համեմատ գործեր կատարելով։ Նա՛ է արդար, օրինապահ ու կատարյալ մարդը, որն այդպես է վարվում։

Չէ՞ որ Քրիստոսի առաքյալն էլ հստակ ասում է, որ օրենքը լսողն ու իմացողը չէ, որ արդարանում է, այլ արդարանում է օրենքը գործադրո՛ղը։ Միայն բարիք գործելն է, որ հավատքի շենքի համար հաստատուն, անշարժ ու անդրդվելի հիմք է ապահովում՝ ընդդեմ այս աշխարհի գայթակղության, ընդդեմ հալածանքների, ընդդեմ հեղեղների, ընդդեմ բռնակալների բարկության, ընդդեմ խավարի իշխանի խորամանկության, ընդդեմ մռնչող ու շրջող մեր ոսոխ առյուծի, ընդդեմ նրա դարանագործ բոլոր մեքենայությունների, ընդդեմ աշխարհի փառասիրության, ընդդեմ մարմնի հրապուրիչ ցանկության, ընդդեմ ախտերի, ընդդեմ բազմապատիկ կրքերի, ընդդեմ աշխարհի տված ամեն չարիքի։

Մարդ չի կարող մեռած հավատքով դիմագրավել աշխարհի զորությանը։ Եթե կռվել ու հաղթել ես ուզում, զրահավորի՛ր ինքդ քեզ կենդանի հավատքով, այսինքն՝ արդյունարար գործերով։

Այնժամ դու կհաղթես, երբ լիաճոխ ունեցվածքից ու զավակներից զրկված մենամարտ Հոբ նահատակի պես անարգ աղբակույտի վրա փռված՝ վշտահար ցավերիդ մեջ մարդկանց կողմից էլ լքված լինես։

Այսքան ու այսչափ են Հիսուսի քարոզած սիրո և բնական օրենքի սքանչելի վարդապետության դասերը, որոնք Գալիլիայի լեռան վրա Նա ավանդեց ժողովրդին, և այդ դասերը շատերի զարմանքի առիթը դարձան, քանի որ Հիսուս իշխանությամբ էր ուսուցանում և ոչ թե դպիրների կամ փարիսեցիների նման մարդահաճո կեղծավորությամբ՝ մարդկանց առաջ միշտ լավամարդ երևալով ու փառք և գովասանք որսալով։

Օրենսդիր Աստված Ի՛նքն այս աշխարհում իբրև մարդ հայտնվելով՝ մարդկանց հետ հարազատաբար, մարդկային լեզվով խոսեց․ Նա Իր դասերում բնավ երկրաչափական խնդիրներ չարծարծեց, բայց Հիսուսի ուսուցումները որքան դյուրըմբռնելի, միևնույն ժամանակ նաև շա՜տ խորիմաստ են, որի պատճառով զարմանում էր դեռ Դավիթը՝ ասելով․ «Որքա՜ն մեծ են Քո գործերը, Տե՛ր, և չափազանց խոր են խորհուրդները Քո» (Սաղմ. 92։5)։

Միայն այս աշխարհի անզգամներն ու անմիտներն են, որ հավատալու փոխարեն Աստծու անհաս խորհուրդները փորձում են «խելքով չափել»։ Աստծու մի փոքրիկ մեծագործությունը միայն մեկ անգամ այս տիեզերքում հրաշագործեց, և աշխարհը զարմացավ ու դեռ զարմանում է։

Հիսուսի բազմաբովանադակ վարդապետության նպատակն այլ բան չէր, քան միայն մարդկային ամբարտավան ու բիրտ հոգին դաստիարակելը և մարդկանց թյուր ընթացքը դեպի Երկինք ուղղորդելը՝ այս աշխարհի խոտոր ճանապարհից հեռացնելով։

Առանց Ավետարանի առաջնորդության ուղղընթաց ճանապարհ չկա, ո՛չ էլ առանց Քրիստոսի գոյություն կարող է ունենալ այն ճշմարիտ ու կատարյալ կյանքը, որը միայն Նա՛ մեզ շնորհեց․ «Ես եկա, որպեսզի կյանք ունենաք և առավե՛լ ևս ունենաք» (հմմտ․ Հովհ․ 10։10)։

 

 

Խրիմյան Հայրիկ, «Երկնքի արքայության մարգարիտը», Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 1894թ.

Արևելահայերենի վերածեց Գևորգ սրկ. Կարապետյանը

 

27.02.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․