Գրքեր

ԿՅԱՆՔԻ ՃԱՆԱՊԱՐՀԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ

Տարիներն արագ են անցնում: Լավ է, որ երիտասարդն անորոշ, երկար ժամանակ խաչմերուկի վրա չմնա: Համապատասխան իր կոչման և պատվախնդրության ընտրի մի խաչ՝ մեր Եկեղեցու կողմից առաջարկվող երկու ճանապարհներից մեկը և Քրիստոսի հանդեպ վստահությամբ առաջ ընթանա: Թող խաչելության ճանապարհին հետևի Քրիստոսին, եթե ուզում է ուրախանալ հարությամբ: Երկու ճանապարհների մեջ էլ թույներ կան, սակայն երբ մեկը Աստծուն մոտ է գտնվում, քաղցր Հիսուս այդ թույնը քաղցրացնում է:

Երբ մարդը դառնում է երեսուն տարեկան, որոշման հարցում սկսում է դժվարանալ: Եվ ինչքան անցնում են տարիները, այնքան ավելի շատ է դժվարանում: Երիտասարդն ինչ ճանապարհ էլ որ ընտրի հեշտությամբ է հարմարվում: Մեծահասակն ամեն ինչ բանականությամբ է քննում. ձևավորվել է նրա բնավորությունը և դժվարությամբ է փոխվում: Եվ տեսնում ես, որ նրանք, ովքեր կարգավորում են իրենց կյանքը ավելի փոքր տարիքում՝ ընտրելով կա՛մ ամուսնական կա՛մ վանական կյանքը, մինչև ծերություն պահպանում են երեխայի պարզությունն ու հեշտությամբ են իրար միանում: Մի զույգ եմ ճանաչում, որ ամուսնացել էին փոքր տարիքում: Ինչպես որ խոսում էր ամուսինը, այդպես խոսում էր նաև կինը, ինչ որ անում էր ամուսինը, անում էր նաև կինը: Քանի որ ամուսնացել էին փոքր տարիքում, մեկը մյուսի բոլոր սովորությունները վերցրել էր և՛ խոսքի և՛ վերաբերմունքի մեջ:

Առածն ասում է. <<Քանի դեռ փոքր ես, կա՛մ ամուսնացիր, կա՛մ վանական դարձիր>>: Մասնավորաբար աղջիկը լավ կլինի, որ մինչև քսանհինգ տարեկանը որոշի, թե ինչ ուղի է ընտրելու: Քսանհինգ տարեկանից հետո սկսում է մի քիչ դժվարանալ նրա կյանքի կազմակերպումը, որովհետև մտածում է, թե ինչպես պետք է ենթարկվի: Ի միջի այլոց, ինչքան որ մեծանում է, տարօրինակություններ է ձեռք բերում, և ո՞վ նրան կնության կառնի: Բացի դրանից պսակի մեջ գլխավորաբար պաշտպանություն է փնտրում և ոչ թե այն, որ ստեղծի ընտանիք:

Նկատելի է, որ ով շարունակ ուշացնում է ամուսնությունը, անցնում են տարիները և փնտրում է ու չի գտնում համապատասխան մարդուն: Երիտասարդ ժամանակ ինքն է ընտրում, իսկ երբ մեծանում է ուրիշներն են իրեն ընտրում: Դրա համար ամուսնության հետ կապված երբեմն խենթություն է անհրաժեշտ, այսինքն՝ որոշ բաներ անտեսվեն, որոնք էական չեն, որովհետև երբեք հնարավոր չէ, որ ամեն ինչ լինի այնպես, ինչպես սպասում ենք: Մի անգամ անձրև էր գալիս և ուժեղ հեղեղ սկսեց: Մի խենթ և մի իմաստուն ցանկացան մյուս կողմն անցնել: Իմաստունն ասաց. <<Անձրևը կդադարի, ջուրը կնվազի և հետո կանցնեմ>>: Խենթը չսպսեց և անմիջապես մյուս կողմն անցավ: Հագուստները մի փոքր թրջվեցին, սակայն անցավ իր ուզած տեղը: Անձրևը փոխանակ դադարելու ավելի էր ուժեղանում: Անձրևը սաստկացավ, և իմաստունը չկարողացավ մյուս կողմն անցնել, որովհետև անցնելու համար այլևս վտանգավոր էր:

Որոշ մարդկանց մոտ հպարտություն և եսասիրություն կա, դրա համար Աստված էլ նրանց չի օգնում: Տարիներ շարունակ որոշ մարդիկ գալիս և ինձ հարցնում էին. <<Հա՛յր, Աստված ինձանից ի՞նչ է ուզում>>: Այնպես է դուրս գալիս, որ կարծես Աստված նրանց կարիքն ունի: Ո՛չ վանական դարձան, ո՛չ էլ ամուսնացան: Կարծես ոսկուց պատրաստված լինեն: Ուրիշները հարցնում են. <<Հայր, ի՞նչ անեմ, դառնամ վանակա՞ն թե՞ ամուսնանամ, ասա ինձ, ո՞ր ճանապարհն ընտրեմ>>, նրանց հարցնում եմ. <<Դու ի՞նչ ես ուզու>>՚: Ասում են. <<Եվ մեկը և մյուսը>>: Երկուսն էլ ցանկանում են: Եթե նրանց ասեմ իմ կարծիքը, օրինակ` որ այսինչ մարդը ամուսնական կյանքի համար է և ամուսնանա, կարող է այդ կյանքի մեջ իր հանգիստը չգտնի և հետո գա ու ասի. <<Դու ինձ ասացիր, որ այս ճանապարհը ընտրեմ և այժմ տանջվում եմ>>:

- Հա՛յր, ինչպե՞ս կարող է դա լինել:

- Ենթադրենք մի երիտասարդ ամուսնական կյանքի կոչում ունի, բայց մտածում է նաև վանական կյանքի մասին: Եթե ուշադիր չլինի, որպեսզի ստեղծի մի գեղեցիկ ընտանիք և հետագայում խնդիրներ ի հայտ գան և այդ խնդիրներն Աստծու հանդեպ հավատքով չդիմագրավի, այդ դեպքում չարը զանազան մտքերի միջոցով կպայքարի նրա դեմ: Նրան կասի. <<Դու վանական կյանքի համար էիր, սակայն, քանի որ ամուսնացել ես, լավ է, որ այդ ամենը կատարվում է քեզ հետ, և քեզ օր ու գիշեր հանգիստ չի թողնի>>:

Որոշ մարդիկ չգիտեն, թե ինչ են խնդրում: Տարիներ առաջ այստեղ եկել էր մի աղջիկ և ինձ ասում էր. <<Հա՛յր, չեմ կարողանում որոշել, թե որ ճանապարհն ընտրեմ: Ուզում եմ ամուսնանալ, սակայն մտածում եմ նաև վանական կյանքի մասին: Ի՞նչ անեմ>>:

 Ես պատասխանեցի. <<Տես, թե ինչի մեջ ես քեզ ավելի հանգիստ զգում և դա արա>>:

Աղջիկն ասաց. <<Չգիտեմ, սակայն երբեմն ինձ թվում է, որ ավելի շատ հակված եմ դեպի ամուսնությունը: Հա՛յր, խնդրում եմ, դու ասա, թե ինչ անեմ>>:

Պատասխանեցի. <<Քանի որ տեսնում ես, որ ավելի շատ հակված ես դեպի ամուսնությունը, ավելի լավ է, որ ամուսնանաս, և Աստված քեզ կխնայի>>:

Ասաց. <<Հա՛յր, քո օրհնությամբ այդպես կանեմ>>: Այսօր եկել և ինձ ասում է. <<Հա՛յր ամուսնացա մի նավաստու հետ, փա՜ռք Աստծու լավ մարդ է, սակայն շատ եմ տանջվում: Տառապում եմ, որովհետև վեց ամիս է, ինչ միասին ենք ապրում և վեց ամիսն էլ իրարից հեռու ենք: Տարվա կեսը ճամփորդում է>>:

Ես էլ ասացի. <<Դու ինձ չէ՞իր ասում, որ սիրում էիր և՛ ամուսնական, և՛ վանական կյանքը: Ահա, այժմ երկուսն էլ ունես: Ինչո՞ւ չես փառաբանում Աստծուն, որ այդպես տնօրինեց>>:

- Հա՛յր, սակայն այսօր ապրում ենք դժվար ժամանակներում, դրա համար որոշ երիտասարդներ ընտանիք կազմելու գործում վարանում են:

- Ոչ, այդ տեսակ դիմագրավումը ճիշտ չէ: Եթե գոյություն ունի Քրիստոսի հանդեպ վստահություն, վախենալու ոչինչ չունենք: Հալածանքների ժամանակները դժվար չէի՞ն: Այդ ժամանակ քրիստոնյաները գուցե դադարե՞լ էին ընտանիք կազմել: Ինչքա՜ն սրբեր ունենք, որ նահատակվեցին իրենց կանանց և երեխաների հետ:

 

Հունարենից թարգմանեց՝ Էդգար սրկ. Ծատուրյանը

18.11.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․