Գրքեր

Կյանքի սխալը

Աշխարհում չկա անսխալական մարդ. «Բոլորն էլ մեղք գործեցին և զրկվեցին Աստծու փառքից» (Հռոմ. 3:23), նույնիսկ եթե նրա երկրավոր կյանքը լինի մեկ օր. «Իսկ այն ո՞վ է, որ մաքուր է աղտից. ոչ ոք. թեկուզ և կյանքը երկրի վրա մեկօրյա լինի» (Հոբ. 14:4-5): Ղպտի Ուղղափառ Եկեղեցու երջանկահիշատակ Շենուդա Գ Պատրիարքը ասում է. «Ինչքան մարդիկ սխալվեն, Տերը կների: Սակայն կան սխալներ, որոնց մասին կարելի է ասել «կյանքի սխալ»: Կյանքի սխալը այն սխալն է, որ չունի լուծում մարդկանց կողմից: Կյանքի սխալը այն սխալն է, որ փորագրված է խնդրո անձի հիշողության մեջ և մեծ բացասական ազդեցություն է թողնում նրա հոգեկան աշխարհի վրա: Կյանքի սխալն այն սխալն է, որը հիշելով՝ մարդ լաց է լինում»:

Այս հոդվածի նպատակն է աստվածաշնչյան դեմքերից քաղել կյանքի սխալների մասին օրինակներ, որպեսզի դրանց միջոցով զգույշ լինենք և չգործենք այդպիսի  սխալներ:    

Անհնազանդությունը: Անհնազանդությունը՝ որպես կյանքի սխալ, տեսնում ենք Ադամի ու Եվայի կյանքում, երբ նրանք իրենց ազատ կամեցողությամբ ճաշակեցին արգելված ծառից. «Եվ կինը տեսավ, որ ծառի պտուղը լավ է ուտելու համար, հաճելի աչքերին՝ նայելու համար և գրավիչ՝ տեսնելու համար, վերցրեց նրա պտղից, կերավ և տվեց իր ամուսնուն, որ իր հետ էր, և կերան» (Ծննդ. 3:6), և դա պատճառ եղավ, որ նրանք վտարվեն Եդեմի պարտեզից. «Եվ Տերը՝ Աստված, նրան դուրս հանեց բարօրության դրախտից՝ մշակելու հողը, որից առաջացել էր» (Ծննդ. 3:23):

Բռնաբարությունը: Բռնաբարությունը՝ որպես կյանքի սխալ, տեսնում ենք Եմովր Քոռեցու որդու՝ Սյուքեմի կյանքում, երբ նա առևանգեց և բռնաբարեց Հակոբ նահապետի աղջկան՝ Դինային. «Հակոբի համար Լիայի ծնած դուստրը՝ Դինան, ելավ այդ կողմի աղջիկներին տեսնելու։ Նրան տեսավ Սյուքեմը՝ Եմովր Քոռեցու որդին, որը երկրի իշխանն էր, և նրան առևանգելով՝ պառկեց նրա հետ ու բռնաբարեց նրան» (Ծննդ. 34:1-2), և դա պատճառ եղավ, որ նա և իր քաղաքի տղամարդ բնակիչները սրով սպանվեն Դինայի երկու եղբայրների՝ Շմավոնի ու Ղևիի կողմից (Ծննդ. 34:25-26):

Սպանությունը: Ճիշտ է, որ Աստված տվեց «Մի՛ սպանիր» (Ելք 20:13) պատվիրանը, սակայն սա չի նշանակում, որ մարդն անտարբեր լինի իր հայրենիքի պաշտպանության հանդեպ՝ չպաշտպանի հայրենիքի սուրբ հողը կամ չսպանի հարձակվող թշնամուն: Սպանությունը՝ որպես կյանքի սխալ, տեսնում ենք Կայենի  կյանքի մեջ, երբ նա ծրագրեց և սպանեց իր հարազատ եղբորը՝ Աբելին. «Կայենն ասաց իր եղբայր Աբելին. «Արի գնանք դաշտ»։ Երբ նրանք դաշտ հասան, Կայենը հարձակվեց իր եղբայր Աբելի վրա և սպանեց նրան» (Ծննդ. 4:8): Այդ կյանքի սխալը պատճառ եղավ, որ անիծվի Աստծու կողմից. «Անիծյալ լինես երկրի վրա, որը բացեց իր բերանը՝ ընդունելու քո ձեռքով թափված եղբորդ արյունը» (Ծննդ. 4:11):

Անարդար զայրույթը: Անարդար զայրույթը՝ որպես կյանքի սխալ, տեսնում ենք Մովսես մարգարեի կյանքում, երբ նա Կադեսում անարդարորեն զայրացավ, և փոխանակ խոսեր ապառաժի հետ, որպեսզի նրանից ջուր բխեր՝ ինչպես Տերը պատվիրեց իրեն. «Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց. «Վերցրո՛ւ գավազանը, դու և քո եղբայր Ահարոնը ժողովրդին հավաքե՛ք, և նրանց ներկայությամբ խոսե՛ք այդ ապառաժի հետ, և նա կտա իր ջուրը։ Այդ ապառաժից ջուր կհանեք և կխմեցնեք ժողովրդին ու նրանց անասուններին» (Թվոց. 20:7-8), այլ հարվածեց ապառաժին. «Եվ Մովսեսը, իր ձեռքը բարձրացնելով, երկու անգամ հարվածեց ապառաժին։ Առատ ջուր բխեց, և ժողովուրդն ու անասունները խմեցին»: (Թվոց 20:11): Այդ պատճառով Մովսես մարգարեն չմտավ խոստացյալ երկիրը. «Տերն ասաց Մովսեսին ու Ահարոնին. «Քանի որ դուք ինձ չհավատացիք, որ ցույց տաք իմ սրբությունն Իսրայելի որդիների առջև, ուստի դուք այդ ժողովրդին չեք առաջնորդի այն երկիրը, որ դրանց եմ տվել» (Թվոց 20:12):    

Անգաղտնապահությունը: Անգաղտնապահությունը՝ որպես կյանքի սխալ, տեսնում ենք Սամփսոնի կյանքում, երբ իր կնոջը՝ Դալիլային, բացահայտեց իր ունեցած  ֆիզիկական մեծ զորության գաղտնիքը՝ ասելով. «Ածելի չպիտի դիպչի իմ գլխին, որովհետև Աստծու ուխտավոր եմ ես իմ մոր արգանդից, իսկ եթե մազերս կտրեմ, իմ զորությունը կգնա ինձնից, ես կտկարանամ և կդառնամ բոլոր մարդկանց պես»

(Դատ. 16:17)։ Այդ պատճառով էլ նա, կորցնելով իր ուժը, բռնվեց, կուրացավ, անարգվեց և բանտարկվեց: Սակայն հետո Սամփսոնը զղջաց և աղոթեց Բարձյալ Աստծուն, և Նա վերադարձրեց նրան նախկին ֆիզիկական մեծ զորությունը:  

Սխալ խորհուրդ տալը: Սխալ խորհուրդ տալը՝ որպես կյանքի սխալ, տեսնում ենք Աքիտոփելի կյանքում, երբ նա սխալ խորհուրդ տվեց Դավիթ թագավորի տղային՝ Աբեսաղոմին, ասելով. «Մտի՛ր քո հոր հարճերի ծոցը, որոնց նա թողել էր իր տունը պահպանելու համար, և ամբողջ Իսրայելը թող իմանա, որ խայտառակել ես հորդ, և բոլոր քեզ հետ եղողները կքաջալերվեն» (Բ Թագ. 16:21): «Թող տասներկու հազար մարդ ընտրեմ, այս գիշեր գնամ ու հետապնդեմ Դավթին և գիշերով նրա դեմ ելնեմ։  Նա հոգնած է ու ձեռքերը թուլացած։ Նրան խուճապի կմատնեմ, նրա հետ եղած զորքը կփախչի, ու կսպանեմ միայն արքային։ Ամբողջ զորքը քեզ մոտ կբերեմ, ինչպես հարսն է իր ամուսնու մոտ գալիս, և միայն մեկ մարդու կյանքին վերջ կտամ, իսկ ամբողջ զորքը խաղաղության մեջ կլինի» (Բ Թագ. 17:1-3): Այդ սխալ խորհուրդը խափանվեց, և այդ պատճառով Աքիտոփելը գնաց իր տուն և ինքն իրեն կախեց. «Աքիտոփելը, երբ տեսավ, որ իր խորհուրդն ի դերև ելավ, համետեց իր էշը, ելավ գնաց քաղաք՝ իր տունը, և իր տանը կարգադրություններ անելուց հետո կախվեց։ Նա մեռավ և թաղվեց իր հոր գերեզմանում» (Բ Թագ. 17:23):

Ուրանալը: Ուրանալը՝ որպես կյանքի սխալ, տեսնում ենք Պետրոս առաքյալի կյանքում, երբ նա վախեցավ Քրիստոսին ճանաչելուց, որպեսզի Նրա նման չձերբակալվի և չչարչարվի: Ուստի, երեք անգամ ուրացավ Քրիստոսին՝ ասելով. «Այդ մարդուն չեմ ճանաչում» (Մատթ 26, Մարկ. 14, Ղուկ. 22 և Հովհ. 18): Այդ կյանքի սխալը՝ Քրիստոսին ուրանալը, պատճառ եղավ, որ Պետրոսը գավթից դուրս գալով՝ դառնապես լաց լինի. «Պետրոսը հիշեց Հիսուսի ասած խոսքը, թե՝ «Աքաղաղը դեռ չկանչած՝ երեք անգամ կուրանաս ինձ»։ Եվ դուրս ելնելով՝ դառնապես լաց եղավ» (Մատթ. 26:75, և այլ համարների մեջ):

Դրամասիրությունը: Դրամասիրությունը՝ որպես կյանքի սխալ, տեսնում ենք Հուդա Իսկարիովտացու կյանքում, երբ նա համաձայնեց քահանայապետների հետ մատնել  Քրոստոսին երեսուն արծաթի փոխարեն (Մատթ. 26, Մարկ. 14, Ղուկ. 22): Որոշ ժամանակ հետո Հուդան զղջաց, սակայն, չունենալով իր մտքում Աստծու անսահման ողորմության ճշմարտությունը, ընկավ հուսահատության մեջ: Ուստի, գնաց և իր անձը կախեց. «Այն ժամանակ Հուդան, որ մատնել էր Հիսուսին, տեսնելով, որ նա դատապարտվեց, զղջաց և արծաթ դրամները վերադարձրեց քահանայապետներին ու ժողովրդի ծերերին՝ ասելով. «Մեղանչեցի, որովհետև մի արդարի մահվան մատնեցի»։ Իսկ նրանք ասացին. «Մեր հոգը չէ, դո՛ւ գիտես»։ Հուդան արծաթ դրամները նետեց տաճարի մեջ և հեռացավ։ Ապա գնաց և իրեն կախեց» (Մատթ. 27:3-5):

Աթոռասիրությունը: Աթոռասիրությունը՝ որպես կյանքի սխալ, տեսնում ենք Պիղատոսի կյանքում, երբ նա, վախենալով կորցնել իր իշխանության գահը հրեաների՝ «խաչել Քրիստոսը» պահանջի չգործադրության համար, ստորագրեց Քրիստոսի խաչելության դատավճիռը և հանձնեց այն դահիճներին (Հովհ. 19:1-16), հակառակ որ նա մի քանի անգամ վկայեց Քրիստոսի անմեղությունը՝ ասելով. «Ես նրա մեջ որևէ հանցանք չեմ գտնում» (Հովհ. 19:4, 6): Պիղատոսի արարքը կյանքի սխալ էր, որովհետև նախապես նրա կինը պատգամ ուղարկեց՝ զգուշացրնելով. «Քո և այդ արդարի (Քրիստոսի) միջև ոչինչ չկա, որովհետև այսօր երազումս նրա պատճառով գլխովս շատ բաներ անցան» (Մատթ. 27:19):

Անհավատությունը: Անհավատությունը՝ որպես կյանքի սխալ, տեսնում ենք Թովմաս առաքյալի կյանքում, երբ նա չհավատաց, որ աշակերտները տեսել են Հարուցյալ Քրիստոսին: Թովմաս առաքյալը հավատալու նախապայման դրեց՝ ասելով. «Մինչև չտեսնեմ նրա ձեռքերի վրա մեխերի նշանը և իմ մատները մեխերի տեղերը չդնեմ ու իմ ձեռքը նրա կողի մեջ չխրեմ, չեմ հավատա» (Հովհ. 20:25): Թովմաս առաքյալի արարքը կյանքի սխալ էր, որովհետև ճիշտ է, որ ութ օր հետո Քրիստոս նորից երևաց աշակերտներին, և այն ժամանակ Թովմասը հավատաց Նրա հարությանը, սակայն Քրիստոս ասաց առաքյալին. «Հավատացիր, որովհետև տեսար ինձ. երանի՜ նրանց, որոնք չեն տեսել, սակայն կհավատան» (Հովհ. 20:28):

Եվ տակավին Աստվածաշնչում կան կյանքի սխալների այլ օրինակներ՝ Հայր Աբրահամի կենակցելը Հագարի հետ, Հովսեփ Գեղեցիկի վաճառվելը իր եղբայրների կողմից, Ահարոն քահանայապետի արտոնությունը՝ ձուլել ոսկե հորթ հրեա ժողովրդի պահանջի դիմաց, Սողոմոն իմաստունի խոտորվելը չաստվածների կողմը, Հովնան մարգարեի չենթարկվելը Աստծու տված առաջին հրամանին և այլն:

 

Գևորգ սրկ. Նալբանդյան

Աստվածաբանական գիտությունների դոկտոր

 

24.12.22
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․