Գրքեր

Լռությունը խորհրդավոր աղոթք է

Այդ ամբողջ աղմկոտ տեխնիկայի պատճառով վանականն իրենից վանում է աղոթքի ու վանական կյանքի նախադրյալները: Այդ պատճառով էլ, որքան հնարավոր է, վանականը պետք է փորձի չօգտվել աղմկող սարքերից: Այն ամենն, ինչ մարդիկ հարմարավետ են համարում, մեծ հաշվով վանականին չի օգնում իր նպատակին հասնելու գործում: Նման վիճակում գտնվելով՝ վանականը չի կարող ստանալ այն, ինչի համար ճանապարհ է դուրս եկել:

Լռությունը մեծ գործ է: Լռության մեջ գտնվելով՝ մարդն արդեն իսկ աղոթում է, անգամ չաղոթելով: Լռությունը խորհրդավոր աղոթք է և շատ է օգնում աղոթքին, այնպես, ինչպես մաշկի շնչառությունն է օգնում մարդուն*: Նա, ով լռության մեջ հոգևոր աշխատանքով է զբաղված, արդյունքում աղոթքի մեջ է խորասուզվում: Գիտե՞ս, թե ինչ է նշանակում խորասուզվել: Մոր գրկում լուռ նստած երեխան ոչինչ չի խոսում: Նա արդեն միավորված է մոր հետ, շփման մեջ է: Այդ պատճառով էլ, եթե մենաստանը հնագիտական արժեք ունեցող տեսարժան վայրերից, աշխարհի աղմուկից ու մարդկային բազմությունից հեռու է գտնվում, մեծ օգուտ է:

Աշխարհից կտրված արտաքին լռությունը, անդադար աղոթքի և ողջամիտ սխրանքի հետ զուգակցված, վանականին շատ արագ նաև ներքին լռություն է բերում՝ հոգևոր խաղաղություն: Այդ ներքին լռությունն անհրաժեշտ նախապայման է հոգևոր կյանքի համար: Իսկ արտաքին անհանգստությունն այնժամ դադարում է մարդուն անհանգստացնել, որովհետև, ըստ էության, միայն նրա մարմինն է երկրի վրա գտնվում, իսկ միտքը Երկնքում է:

 

* Երանելի հայր Պաիսիոսի բերած օրինակը շատ հաջող է և հաստատվում է ֆիզիոլոգիական տվյալներով: Աննշմարելի, մշտական քրտնարտադրությունը և մաշկի շնչառությունը գործիքներ են, որոնցով կարգավորվում է մարդկային մարմնի ջերմաստիճանը: Եթե մարդու մարմնի ամբողջ մակերևույթը պատել որևէ մեկուսիչ նյութով և զրկել այն մաշկի շնչառությունից, ապա հետևանքներն այդքան էլ նկատելի չեն լինի սկզբում, սակայն որոշ ժամանակ անց ջերմաստիճանի հավասարակշռության խախտումն օրգանիզմի կենսագործունեության լուրջ խախտումների կհանգեցնի: Աղոթքի և լռության մեջ ուղիղ զուգադրություն կա: «Խորհրդավոր», «չարտահայտված» աղոթքը՝ լռությունը, աննկատելի, բայց մշտապես օգնում է մարդուն հոգևոր առողջ վիճակում գտնվել: Քրիստոնյային և հատկապես վանականին լռությունից զրկելը հանգեցնում է առաջին հայացքից աննշան, սակայն հոգևոր կործանարար հետևանքների:

 

Հայր Պաիսիոս Աթոսացի

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

 

15.03.24
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․