20 Մայիս, Բշ, Հոգեգալստյան Բ օր: Պահք

Գրքեր

Մտավոր աղոթք

Մտավոր աղոթք ունենում է միայն այն մարդը, որը ստացել է Աստծու շնորհը։ Չի կարելի աղոթել՝ մտածելով․ «Ես կսովորեմ աղոթել, կհաջողեմ դրանում, կհասնեմ դրան»։ Որովհետև աղոթքը որպես նպատակ դնելով՝ հանգում ենք եսասիրության ու հպարտության։

Իհարկե, անհրաժեշտ է երկարատև փորձ, բոցավառ ցանկություն, բայց նաև ողջախոհություն, ուշադրություն ու ողջամտություն, որպեսզի աղոթքը դառնա մաքուր ու աստվածահաճո։ Միայն այն միտքը, որ «ես հաջողեցի», փչացնում է ամեն ինչ․․․ Ինչո՞վ հպարտանանք։ Սեփական ոչինչ չունենք․․․ Սրանք շատ նուրբ, բայց խիստ կարևոր բաներ են։

Նախ և առաջ սովորեք աղոթել այնպես, որ մտքում ոչ մի պատկեր չլինի։ Մի՛ պատկերացրեք Քրիստոսին։ Հայրերն ընդգծում են, որ աղոթել հարկավոր է առանց պատկերների։ Պատկերներ կազմելով՝ հեշտ է ընկնել մոլորության մեջ, քանի որ այդ պատկերին կարող է խառնվել մեկ ուրիշը։ Հենց այդպես է մեր գործողությանը խառնվում մութ էներգիան, ուստի կարևոր է պատկերը հատելը։ Ախր շնորհը կարող է լքել մեզ։ Հենց այդ պահին է բանսարկուն խառնում իր պատկերը մերին ու այդպիսով կառավարում մեր գիտակցությունը։

Աղոթքն արվում է մտովի, սրտի խորքում, այլ ոչ թե շուրթերով, որպեսզի միտքը չցրվի, չսավառնի մեկ այս, մեկ այլ տեղ։ Մենք հանգիստ կտեղավորենք Քրիստոսին մեր մտքում՝ հեզորեն ասելով՝ Տե՛ր Հիսուս Քրիստոս, ողորմի՜ր ինձ։ Մի մտածեք ուրիշ բանի մասին, բացի՝ Տե՛ր Հիսուս Քրիստոս, ողորմի՜ր ինձ, խոսքերից։ Ուրիշ ոչնչի մասին մի՛ մտածեք։

Աղոթեք հանգիստ, բաց աչքերով, որպեսզի ապահովեք ձեզ երազանքներից ու պատրանքից, աղոթեք ուշադրությամբ ու նվիրվելով Քրիստոսին։ Աղոթեք հեզությամբ, բայց ոչ անընդհատ, այլ երբ տրամադրված եք ու սրտում գորով կա, որն Աստծու շնորհի պարգևն է։ Մարդն ինքն իրեն հիպնոսացնում է առանց շնորհի և կարող է ընկնել և՛ լույս տեսնելու, և՛ պատրանքի, և՛ մտախանգարումի մեջ։

 

Հայր Պորֆիրիոս Կավսոկալիվացի

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

 

30.08.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․