Հարցազրույց հոգեբան, նարկոլոգիայի փորձագետ, Սանկտ-Պետերբուրգի քաղաքային նարկոլոգիական հիվանդանոցի վերականգնողական բաժնի և «Անկախության դպրոց» նախագծի ղեկավար, «Մեր ուղին» տարածաշրջանային հասարակական կազմակերպության նախագահ Վալենտինա Նովիկովա Վլադիմիրովնայի հետ:
Արարչագործության պսակը՝ Աստծո պատկերն ու նմանությունը կրող մարդը, Աստծո կողմից արարվել է ազատ, ցավոք սրտի, մարդն իր արարքներով մշտապես կորցնում է այնպիսի աստվածային պարգև ինչպիսին ազատությունն է: Ազատությանը սպառնացող վտանգներից մեկը կախվածությունն է: Ինչպիսի՞ բնութագիր ունի կախվածությունը և ինչպե՞ս է այն ձևավորվում:
Այսօր մարդկանցից շատերը մակերեսային պատկերացում ունեն կախվածության մասին: Առաջին հերթին այն հիվանդություն է, երկրորդ՝ փոխանցվում է ժառանգաբար, ինչպես յուրաքանչյուր գենետիկ նախահակում: Եթե ընտանիքում որևէ մեկը սիստեմատիկ օգտագործում է ալկոհոլ, ապա անխուսափելի է «զոհաբերվող գառը»: Թմրամոլների 95 %-ը դա ալկոհոլիզմը ժառանգաբար ձեռքբերածներն են: Կախվածությունը բարդ հիվանդություն է, այն անդրադառնում է մարդու չորս կենսաբանական ոլորտներին, որոնց առողջ կամ հիվանդ լինելն իր որոշիչ դերն է խաղում երեխայի ձևավորման հարցում:
Այսինքն՝ այսօր սխա՞լ է այն հայացքը, թե ալկոհոլիզմը մարդու ազատ ընտրության արդյունքն է:
Հիմնականում ալկոհոլից և թմրադեղերից կախվածություն ունեցողները նշում են, թե դա իրենց ընտրությունն է և երբ ցանկանան, կարող են թողնել: Իհարկե, սա ազատություն չէ, կա հասարակ մի փորձարկում, ըստ որի, կարելի է որոշել անձն ունի կախվածություն, թե ոչ: Եթե, երեք ամիս ալկոհոլ և թմրադեղեր չգործածելով, մարդու մոտ առաջ է գալիս անհանգստություն և լարվածություն, ուրեմն ազատության մասին խոսք լինել չի կարող: Բնության մեջ կան չգրված օրենքներ, որ չի կարելի խախտել, Աստծո կողմից մեզ տրված արյունը սուրբ է և դա մեր կյանքն է: «Հանգստություն, ուժ» փնտրելու ճանապարհին, երբ մարդը ծխախոտի, խմիչքի և թմրադեղերի միջոցով փոխում է արյան բաղադրությունը, ապա միանշանակ օրենքի խախտում է կատարում: Ամերիկյան վիճակագրությունը փաստում է, որ ալկոհոլ և թմրադեղեր օգտագործողների 90 %-ը վաղաժամ մահ են ունենում և միայն 10 %-ը իմանալով, որ կա ելք, դիմում են համապատասխան մասնագետների օգնությանը:
Ի՞նչ է ցույց տալիս այսօր Ձեր մասնագիտական փորձը, կախվածություն ունեցողների բուժման հարցում ո՞ր ծրագիրն է ճանաչվել ամենաարդյունավետը:
Այսօր փորձագետներն ու ֆուտորոլոգները, վերլուծելով անցած հարյուրամյակի փորձը, իր արդյունավետությամբ առանձնացնում են «12 քայլ» ծրագիրը, որի շնորհիվ միլիոնավոր ալկոհոլամոլներ և թմրամոլներ են բուժվել: 12 հիանալի գործիքներ, որ նպաստում են անձի ֆիզիկական, հոգևոր և բարոյական առողջության ձևավորմանը: Իմ քսանամյա աշխատանքային փորձն էլ հաստատում է այդ ծրագրի պարզ և արդյունավետ լինելը:
Եթե ալկոհոլիզմը ժառանգական է, անբուժելի, աստիճանաբար սաստկացող և մահացու, ապա ի՞նչ կերպ եք փորձում օգնել այն ալկոհոլամոլներին, ովքեր ցանկանում են բուժվել:
Այո, անբուժելի հիվանդության մասին է խոսքը, բայց բուժումը հնարավոր է՝ վերականգնելով մարդու ամբողջականությունը: Բուժման կարևոր հիմքը սերն է, որի առկայությունն Աստծո ներկայության մասին է խոսում, քանի որ սերը հիվանդի հանդեպ թույլ է տալիս նրա մեջ տեսնելու աստվածային պատկերն ու նմանությունը:
Ապա մարդը կարիք ունի հատուկ թերապիայի և հատուկ բուժման: Անհրաժեշտ է, որ բուժվողը սիստեմատիկ այցելի մասնագետի մոտ, հատուկ խմբակներ: Կա հիվանդություն, կա նաև դեղեր և «12 քայլ» ծրագիրը թույլ է տալիս հիվանդին ունենալ հոգևոր աճ, բուժվել և ապրել երկար տարիներ: Կարևոր է այն պարագան, որ կախվածության մեջ գտնվողն ընդունի, որ ինքը բուժման, օգնության կարիք ունի և գտնի իր մեջ ուժ, հավատ, հույս և համառություն դուրս գալու այդ վիճակից: Բուժման արդյունավետ տարբերակ է, երբ մասնագետի հետ միասին աշխատում է նաև ընտանիքը, քանի որ ալկոհոլիզմն ու թմրամոլությունը նաև ընտանեկան հիվանդություն է: Ընտանիքի անդամների լավատեսական գործունեությունը կարող է նպաստել հիվանդի բուժման 70 %-ին: Երբ ընտանիքն աղոթում է, հաճախում է թմրամոլությանը վերաբերյալ ընտանեկան սեմինարներին, ապա թե՛ իրենց և թե՛ հիվանդի մոտ սկսում է աճել հավատը, հույսը, և հանգամանքներն աստիճանաբար սկսում են տանել հիվանդին բուժման ուղիով:
Այս հիվանդության պարագային, եթե կա ժառանգական գործոնը, ապա Ձեր բաժանմունքն անցկացնո՞ւմ է դասընթացներ, սեմինարներ դպրոցներում և բարձրագույն ուսումնական հաստատություններում:
Իհարկե, քանի որ կանխարգելման հարցը կա այստեղ: Իմ աշխատանքի երկրորդ մասն այն է, որ ես, «Վարշավյան հիմնադրամ»-ի նարկոլոգիայի վերաբերյալ կրթության հանձնաժողովի դասախոսը լինելով, երկար տարիներ, տարբեր մարզեր այցելելով, ուսուցանում եմ նրանց, ովքեր պետք է աշխատեն կախվածություն ունեցողների հետ: Ցավոք սրտի, շատ հաճախ դպրոցներում հանդիպում եմ ծնողների, որ թեթևամիտ վերաբերմունք ունեն այս հարցերի շուրջ:
Ինչպե՞ս դաստիարակել երեխաներին, որ նրանք մեծանան առողջ՝ առանց որևէ կախվածության:
Ես կցանկանայի, որ ծնողներն ավելի ըմբռնող և պատասխանատու լինեն, քանի որ ոչնչից ոչինչ չի լինում, ինչպես օրինակ, այգեգործը գիտի, երբ տնկի պոմիդորը, հաջորդաբար ի՞նչ գործողություններ կատարի պտուղ ստանալու համար, և այս ամենը գիտություն է: Դաստիարակության պարագայում շատ կարևոր է, որ ծնողները լինեն ֆունկցիոնալ, տարիքային ամեն մի փուլ ունի իր կարևոր առանձնահատկությունները, ինչը պահանջում է ուշադրություն և ճիշտ մոտեցում: Կարևոր է, որ ծնողներն իմանան, թե ի՞նչ է բարեկեցությունը, բարեկեցիկ ընտանիքը: Դա արդյո՞ք այն ընտանիքն է, որ ֆինանսական խնդիրներ չունի, թե՞ բարեկեցության ու բարօրության աղբյուրը մեկ ուրիշ տեղում է: Իրական, ոչ ֆինանսից կախված բարեկեցությունը, սնում է երեխայի կենսաբանական չորս ոլորտները, ինչի շնորհիվ նա սկսում է ճանաչել իրեն, ճանաչել իրեն նաև Արարչի միջոցով, ձեռք բերել մարդկանց հետ ճիշտ հարաբերվելու կարողություն, պատասխանատություն և հասակ առնել՝ հաստատուն կանգնելով ոտքի վրա, առանց որևէ մեկի ետևում թաքնվելու և ձեռք պարզելու, առանց որևէ կախվածության: Ամեն մի օր անկրկնելի է և ամեն օր կարելի է այնպիսի մի սխալ գործել, որ կարող է ճակատագրական դառնալ, ինչը հետո շատ ավելի դժվար է ուղղելը: Մեր աշխատանքը կայանում է նրան, որ ուղղենք այդ սխալները, խմբակներ հաճախող շատ ծնողներ արյունոտ արցունքները աչքերին հասկանում են իրենց դերը այն ընթացքի հետ կապված, որ հնարավոր էր կանխել: Ինչ հնարավոր է մեզանից, պետք է փորձենք կատարել: Խորապես համոզված եմ, որ շատ դասախոսությունների պետք է մասնակից լինեն նաև հղի կանայք, և նրանք պետք է գիտակցեն, որ իրենց արգանդում գտնվող պտուղն առանձին կյանք ունի, ինչը փոխկապակցված է մոր կյանքից: Եվ սաղմը լսում է առաջին իսկ ակնթարթից, նրան է փոխանցվում մոր բոլոր մտածումները, արդյո՞ք ինքը ցանկալի է, թե ոչ: Հետաքրքիր են հետևյալ ուսումնասիրությունները. պարզվել է, որ մինչ ռուս մեծ կոմպոզիտոր, դիրիժոր Պյոտր Իլյիչ Չայկովսկու ծնունդը նա համարվել է վտանգավոր իր մոր հղիության ժամանակ և արդյունքում իր երաժշտական գործերում գերակշռել է ագրեսիան, ի տարբերություն ավստրիացի նշանավոր կոմպոզիտոր Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի, որ զարգացրել է պտղի ինտելեկտը:
Կարինե Սուգիկյան