Գրքեր

Օրենքի ճշմարիտ ուսուցումը

«Մի՛ կարծեք, թե Օրենքը կամ մարգարեներին ջնջելու եկա. չեկա ջնջելու, այլ՝ լրացնելու: Ճշմարիտ եմ ասում ձեզ. մինչև որ երկինք ու երկիր անցնեն, մի հովտ իսկ, – որ մի նշանախեց է, – Օրենքից և մարգարեներից չի անցնի, մինչև որ այս բոլորը կատարվի: Ով որ այս պատվիրաններից, փոքրերի՛ց անգամ մի բան կջնջի և մարդկանց այդպե՛ս կուսուցանի, Երկնքի արքայության մեջ փոքր պիտի համարվի, իսկ ով կկատարի և կուսուցանի, Երկնքի արքայության մեջ նա մեծ պիտի համարվի: Բայց ասում եմ ձեզ, որ, եթե ձեր արդարությունը ավելի չլինի, քան օրենսգետներինը և փարիսեցիներինը, Երկնքի արքայությունը չեք մտնի:

Լսել եք, թե ինչ ասվեց նախնիներին. «Մի՛ սպանիր», որովհետև, ով որ սպանի, ենթակա կլինի դատաստանի: Իսկ Ես ձեզ ասում եմ, թե՝ ամեն մարդ, որ զուր տեղը բարկանում է իր եղբոր վրա, ենթակա կլինի դատաստանի, և ով որ իր եղբորն ասի՝ հիմար, ենթակա կլինի ատյանի, և ով որ իր եղբորն ասի՝ ապուշ, ենթակա կլինի գեհենի կրակին: Եթե սեղանի վրա քո ընծան մատուցելու լինես և այնտեղ հիշես, թե քո եղբայրը քո դեմ մի ոխ ունի, քո ընծան թո՛ղ սեղանի առաջ և գնա՛ նախ հաշտվի՛ր քո եղբոր հետ և ապա ե՛կ քո ընծան մատուցի՛ր: Եթե մեկը քեզ հետ խնդիր ունի և քեզ դատի է կանչում, մինչ նրա հետ դեռ ճանապարհին ես, եղի՛ր իրավախոհ կանխավ. գուցե նա քեզ դատավորին հանձնի, և դատաւորը՝ դահճին, ու դու բանտ նետվես: Ճշմարիտ եմ ասում քեզ, այնտեղից դուրս չես գա, մինչև չվճարես վերջին դահեկանը:

Լսել եք, թե ինչ ասվեց. «Մի՛ շնացիր». իսկ Ես ձեզ ասում եմ. ամեն մարդ, որ կնոջ նայում է նրան ցանկանալու համար, արդեն շնացավ նրա հետ իր սրտում: Եթե քո աջ աչքը քեզ գայթակղեցնում է, հանի՛ր այն և դե՛ն գցիր քեզնից, որովհետև քեզ համար լավ է, որ քո անդամներից մեկը կորչի, և քո ամբողջ մարմինը չընկնի գեհեն: Եվ եթե քո աջ ձեռքը քեզ գայթակղեցնում է, կտրի՛ր այն և դե՛ն գցիր քեզնից, որովհետև քեզ համար լավ է, որ քո անդամներից մեկը կորչի, և քո ամբողջ մարմինը չընկնի գեհեն: Արդարև ասվել է. «Ով որ արձակի իր կնոջը, թող նրան արձակման թուղթը տա»: Իսկ ես ձեզ ասում եմ. ամեն մարդ, որ իր կնոջն արձակում է առանց պոռնկության պատճառի, նա՛ է, որ նրան շնության է մղում, և ով որ արձակվածին է առնում, շնանում է:

Լսել եք դարձեալ, թե ինչ ասվեց նախնիներին. «Երդմնազանց մի՛ եղիր, այլ արա՛ Տիրոջն այն, ինչ երդվել ես»: Իսկ Ես ձեզ ասում եմ՝ ամենևի՛ն չերդվել. ո՛չ երկնքի վրա, որովհետև Աստծու աթոռն է, ո՛չ երկրի վրա, որովհետև Նրա ոտքերին պատվանդան է, և ո՛չ Երուսաղեմի վրա, որովհետև մեծ Արքայի քաղաքն է: Եվ քո գլխով էլ չերդվես, որովհետև չես կարող մի մազ իսկ սպիտակ կամ սև դարձնել: Այլ ձեր խոսքը լինի՝ այո-ն՝ այո, և ոչ-ը՝ ոչ, որովհետև դրանից ավելին չարից է:

Լսել եք՝ ինչ ասվեց. «Աչքի փոխարեն՝ աչք, և ատամի փոխարեն՝ ատամ»: Իսկ Ես ձեզ ասում եմ. չարին հակառակ չկանգնե՛լ, այլ եթե մեկը քո աջ ծնոտին ապտակ տա, նրան մյո՛ւսն էլ դարձրու: Եվ եթե մեկը կամենա քեզ բռնադատել և քո շապիկն առնել, նրան քո բաճկո՛նն էլ թող: Եվ եթե մեկը քեզ հարկադրի մի մղոն ճանապարհ անցնել, նրա հետ երկո՛ւ էլ գնա: Տո՛ւր նրան, ով քեզնից խնդրում է, և ով կամենում է քեզնից փոխ առնել, երես մի՛ դարձրու նրանից:

Լսել եք արդարև, թե ինչ ասվեց. «Պիտի սիրես ընկերոջդ և պիտի ատես քո թշնամուն»: Իսկ Ես ձեզ ասում եմ. սիրեցե՛ք ձեր թշնամիներին, օրհնեցե՛ք ձեզ անիծողներին, բարությո՛ւն արեք ձեզ ատողներին և աղոթեցե՛ք նրանց համար, որ չարչարում են ձեզ և հալածում, որպեսզի որդիները լինեք ձեր Հոր, որ երկնքում է, քանի որ Նա Իր արեգակը ծագեցնում է չարերի և բարիների վրա և անձրև է թափում արդարների և մեղավորների վրա: Եթե սիրեք միայն նրանց, որոնք ձեզ սիրում են, ձեր վարձն ի՞նչ է. չէ՞ որ մաքսավորներն էլ նույնն են անում: Եվ եթե միայն ձեր բարեկամներին ողջույն տաք, ի՞նչ ավելի բան եք անում. չէ՞ որ մաքսավորներն ու մեղավորները նույնն են անում: Արդ, կատարյա՛լ եղեք դուք, ինչպես որ ձեր երկնավոր Հայրն է կատարյալ» (Մատթ. 5։17-48):

Հիսուս Իր աշակերտների առաքելության վերաբերյալ ուսուցումն ավարտելուց հետո սկսում է նոր պատվիրանների դասը, որով լրացնում է հին Օրենքի թերությունները: Թերևս հրեաները և Օրենքի ուսուցիչներն այն կարծիքն ունեին, որ Քրիստոս եկել է հին Օրենքը իսպառ կազմաքանդելու: Այդ առթիվ Հիսուս ասում է. «Մի՛ կարծեք, թե Օրենքը կամ մարգարեներին ջնջելու եկա», և այլն:

Նույն Օրենսդիր Աստված, որ մի ժամանակ Մովսեսի միջոցով օրենքներ էր տալիս, այժմ Ինքն իսկ աշխարհ գալով՝ հին Օրենքի արմատի վրա նոր Ավետարանի ազատ օրենքների ճյուղերն է պատվաստում: Արմատախիլ չի անում, այլ է՛լ առավել է խորացնում աստվածադիր օրենքների ցանկապատը, մի բան, որ մարդկային ձեռքը երբևէ չէր կարող ձեռնարկել:

«Մինչև որ երկինք ու երկիր անցնեն, Օրենքից և մարգարեներից մի նշանախեց իսկ չի անցնի: Իսկ ով որ համարձակվի այս փոքր կարծված պատվիրաններից անգամ զանցառությամբ մի բան ջնջել և մարդկանց այդպե՛ս ուսուցանել, Երկնքի արքայության մեջ փոքր և աննշան պիտի համարվի: Այդպիսին իր տիրոջ առաջ ազնիվ ծառա չի լինի, այլ անհավատարիմ և հեղգամիտ մշակ, որն իրեն ավանդված օրենքի տաղանդն ամբողջապես չի գործադրել:

Այո՛, ձեր անունը մեծ կլինի Երկնքի արքայության մեջ, եթե Ավետարանի պատվիրանները կատարելապես ուսուցանեք: Եվ ահավասիկ այս իսկ պահից ձեզ բացահայտորեն ասում եմ, որ եթե ձեր արդարությունն իր ճշմարտությամբ չգերազանցի դպիրների ու փարիսեցիների կեղծ «արդարությանը», ապա դուք չեք կարողանա Երկնքի արքայություն մտնել:

Նրանք Աստծու անխառն և սուրբ օրենքները նախնիների ավանդության հետ խառնելով են ուսուցանում, մինչդեռ դուք պարտավոր եք աստվածային օրենքները կատարյալ ճշմարտությամբ հավատարմորեն ուսուցանել՝ ո՛չ ավելացնել և ո՛չ պակասեցնել»:

«Ամեն մարդ, որ զուր տեղը բարկանում է իր եղբոր վրա..․.». Հիսուս Իր Ավետարանի կացնով չարությունն իր արմատից հատում է: Մովսեսը պատվիրում է չսպանել, մինչդեռ Հիսուս գեհենի կրակին պարտական է դարձնում նրան, ով զուր տեղը բարկանում է իր եղբոր վրա: Ձեռքն ա՛յն ժամանակ է սպանություն գործում, երբ ցասումով լի մարդու սիրտը զայրանում է:

Հիսուսի այս նոր պատվիրանը նախազգուշացնում է չբարկանալ, որպեսզի մարդու ձեռքը հեռու պահի սպանություն գործելուց և արգելի սուրը պատյանից դուրս բերելն անգամ: Երբ Գեթսեմանիի ձորում Պետրոսը, Վարդապետի հանդեպ տածած սիրով և միաժամանակ վրեժխնդրության ոգով լցված, իր սուրը պատյանից հանեց ու հարվածելով՝ կտրեց զինվորի ականջը, հեզ Հիսուս սաստեց Իր առաքյալին՝ հրամայելով սուրը պատյանի մեջ դնել:

Բարկության ու վրեժխնդրության ոգին կրակ է, որը ներքուստ տանջում է մարդուն, այդ իսկ պատճառով էլ Հիսուս Վարդապետը մեզ սովորեցրեց Իր հեզության դասը. «Սովորեցե՛ք ինձնից, որ հեզ եմ և սրտով խոնարհ, և ձեզ համար հանգիստ պիտի գտնեք» (Մատթ. 11։29): Իր այս խոսքով Հիսուս հայտնապես պատվիրում է, որ Ավետարանի հեզ որդիները բարկության սուրը պատյանի մեջ դնեն և խոնարհ, ներողամիտ ու խաղաղասեր լինեն, որպեսզի քրիստոնեական ճշմարիտ ընկերասիրության պարտականությունը լիովին կատարած լինեն:

«Քո ընծան թո՛ղ սեղանի առաջ.․..»: Հիսուս այնչափ է մեծարում սիրո և հաշտության օրենքը, որ մինչև իսկ պատվիրում է սեղանի առջև թողնել զոհաբերությունն ու ընծան և նախ և առաջ գնալ ու հաշտություն և սեր հաստատել ա՛յն եղբոր հետ, որն իր մտքում տարակույս կամ կասկած ունի՝ իրավացիորեն կամ էլ թե սխալմամբ կարծելով, որ իր եղբայրն իրեն վիրավորել կամ որևիցե պատճառով խոցել է իր սիրտը:

Ահա թե ինչու է Ավետարանի սիրո օրենքը մեզ պարտական դարձնում այն հարցում, որ եթե մենք որևէ բանից զրկել ենք մեր ընկերոջը, նրան նույն չափով փոխհատուցենք, իսկ եթե ոչ, ապա փարատենք նրա կասկածները՝ խոսելով ու համոզելով ամոքել և եղբայրական սիրով շաղկապել նրան:

Հակառակ դեպքում, եթե նախ չհոգաս քեզնից խռոված եղբորդ հետ հաշտվելու համար, ապա զուր պիտի չարչարվես՝ սեղանի առջև գնալով և զոհաբերության միջոցով Աստծուց հաշտություն աղերսելով: Առանց այս պայմանը կատարելու ո՛չ խունկը, ո՛չ մոմը, ո՛չ նվերները, ո՛չ Պատարագն ու աղոթքները ընդունելի չեն Աստծու առջև:

«Եղի՛ր իրավախոհ..․.»: Հիսուս, որ հանդերձյալ աշխարհի ահեղ Դատավորն է, որքա՜ն խնամքով է ուսուցանում մեր ոսոխ-ընկերոջ հետ իրավախոհ լինել, քանի դեռ մեր այս կյանքի ճանապարհին ենք:

Թողություն շնորհող Օրենսդիրը երբևէ չպիտի ցանկանար, որ երկու եղբայրների անհաշտ մնալու պատճառով նրանց դատն արդարության ատյանում անլուծելի մնար, չէ՞ որ այդ երկուսից որն էլ դատապարտվելու լինի, այդ դատապարտյալի համար երկնավոր Հոր սիրտը պիտի աղեկիզվի, քանի որ այդ դատապարտվող եղբայրը Հայր Աստծու որդին ու Հիսուսի եղբայրն է:

«Ահավոր է ընկնել կենդանի Աստծու ձեռքը» (Եբր. 10։29),- ասում է սուրբ Պողոսը: Հանդերձյալ Դատավորի ատյանն արդարության մի սուր է, որը Սողոմոնի դատաստանի նմանողությամբ պատրաստ է իսկույն մեջտեղից հատել երեխային: Մարդկային ատյանը հնարավոր է սիրաշահել կաշառքի միջոցով, մինչդեռ Երկնքի ատյանը՝ երբե՛ք, քանի որ «արդար է Տերը, արդարություն է սիրում, ճշմարտությանն է նայում երեսը Նրա» (Սաղմ. 10։8):

«Ամեն մարդ, որ կնոջ նայում է նրան ցանկանալու համար..․.»: Մովսիսական օրենքը շնություն է համարում միայն այն երևույթը, երբ մարդ ուղղակիորեն շնություն է գործում, մինչդեռ Հիսուսի սահմանած այս գերազանց օրենքը նույն շնությունն արմատախիլ է անում մարդու սրտից՝ ասելով. «Ամեն մարդ, որ կնոջ նայում է նրան ցանկանալու համար, նա իր սրտում չարության խորհրդով շնանում է»:

Հիրավի, որքա՜ն մեծ է Ավետարանի այս «զգուշացնող» պատվիրանը: Աչքը սրտին առաջնորդողն է, և այդ աչքն է, որ բնական միտվածությամբ մշտապես զբոսնում է այս աշխարհի առարկաների վրայով, ուստի և աչքը մարդու զգայարանների մեջ ամենադյուրազգացն է:

Իսկ ահա սրտի ցանկությունը մշտապես մոխրի տակ թաղված մի գաղտնի հուր է. աչքերի նայվածքն է, որ այն վառում ու բորբոքում է՝ չարին ծառայեցնելով: Դա իսկապես այդպես է: Սուրբ Գիրքը բազմապիսի օրինակներ է ցույց տալիս մեզ: Դրախտի ծառը, որը գեղեցիկ էր և ակնահաճո, հրապուրեց մեր նախահորը՝ պատվիրազանցության դրդելով նրան:

Սեթի ցեղը՝ Աստծու որդիները, Կայենի դուստրերին տեսնելով, ժուժկալություն չցուցաբերեցին, այլ նրանց կնության առնելով՝ Աստծու որդիներն էլ մարդկանց որդիների նման մոլորվեցին, մինչև որ համաշխարհային ջրհեղեղը նրանց ամենքին կորստյան մատնեց:

Երբ Դավիթը ճեմում էր իր պալատի տանիքի վրա, նրա հայացքը կանգ առավ Բերսաբեի վրա, ինչին էլ հետևեց շնությունն ու այն սարսափելի ոճրագործությունը, որի համար Դավիթը հանապազ արտասուքներով թրջում էր իր մահիճը: Էլ չեմ խոսում Հակոբի դուստր Դինայի, Հովսեփ Գեղեցիկի, Հուդիթի և Շուշանի մասին, որոնք աչքերի նայվածքի զոհ դարձան:

Ո՞վ կարող է զերծ մնալ աչքի գայթակղությունից. միայն նա, ով Աստծու երկյուղը, Հիսուսի սերն ու Խաչի երախտիքը իր սրտում կրելով, մշտապես ապավինում է աղոթքին. «Պահապա՛ն դիր, Տե՜ր, իմ բերանին, և ամուր դուռ՝ իմ շրթներին, որ սիրտս չհակվի չարության խոսքին» (Սաղմ. 140։3-4): «Տե՛ր, ինձ հեռո՛ւ պահիր աչքերի գայթակղությունից և ցանկասիրությունը հեռո՛ւ վանիր ինձնից»: 

«Եթե քո աչքը քեզ գայթակղեցնում է..․.»: Հիսուս այնչափ էական ու կարևոր է համարում մեր սրտից ցանկության կիրքն արմատախիլ անելը, որ մինչև իսկ բացարձակ հրաման է տալիս հատել մեր մարմնի այն պիտանի անդամները, որոնք գայթակղության առիթ կարող են դառնալ մեր սրտի ու հոգու համար, ասել է թե՝ ավելի բարի ու լավ է հանել լուսատու աչքն ու կտրել գործակատար ձեռքը և անաչք ու անձեռք մնալ, քան թե ամբողջ մարմնով մատնվել գեհենի կրակին:

Ավետարանն ուսուցանում է հոգու կենսականությունն ու բարիքները ամբողջ պահելու համար զոհել մարմնի ցանկասեր զգայարանները, չէ՞ որ հոգին առավել է, քան մարմինը: Եթե աչքդ սևեռված է մի բանի, որով տարված ես մոլեկան կրքերիդ բուռն հոժարությամբ, հրաժարվի՛ր դրանից, կտրի՛ր, հեռացրո՛ւ այն քեզնից, եթե քեզ համար այն գայթակղության առիթ է:

Աշխարհի ճանապարհի վրա այս դարանակալ օձի որոգայթից փախչելը մեծ արիություն է: Հովսեփը, թեպետ մոտ էր այդ դարանակալ օձին և անգամ բռնվեց վերջինիս կողմից, սակայն նրա ձեռքում թողեց իր հանդերձն ու փախավ, և չնայած որ մարմինը մատնեց բանտին ու կապանքներին, սակայն Հովսեփի հոգին ազատ մնաց վավաշոտ կնոջ հրապուրանքի կապանքներից:

Դավիթը երկար ժամանակ հեռու էր այդ որոգայթից, սակայն խույս չտալու պատճառով իսկույն բռնվեց. Ուրիա Քետացու պարտեզի «որսորդը» Դավթին վար գցեց պալատի պատշգամբից՝ որպես մի նետահար թռչնի: Ուրեմն եթե մոտ ես, խո՛ւյս տուր, եթե հեռու ես, մի՛ մոտեցիր, մշտապես զգուշացի՛ր աչքերիցդ, որպեսզի սրտումդ չար կրքերին տեղ չտաս:

«Ամեն մարդ, որ իր կնոջն արձակում է»: Մովսեսը հրեաների խստասրտության պատճառով ամուսնական միությունը լուծարելու վերաբերյալ սահմանում է, որ ատելի կամ արհամարհված կնոջից բաժանվելու դեպքում պետք է ապահարզանի, այսինքն՝ արձակման թուղթ տալ նրա ձեռքը:

Հիսուս ամուսնության նվիրական կապն անքակտելիորեն ամրապնդում է՝ Իր Աստվածային վճռով կնքելով այն. «Ինչ որ Աստված միացրեց, մարդը թող չբաժանի» (Մատթ. 19։6): Աստված դեռ դրախտում սահմանեց պսակի այս խորհուրդը: Ադամն ընդունեց այն, ճանաչեց այդ մեծ խորհրդի գերազանցությունն ու արտաբերեց այս նշանավոր խոսքը. «Տղամարդը, թողնելով իր հորն ու մորը, պետք է միանա իր կնոջը», և այլն:

Ադամը մարգարեաբար գուշակեց, որ նորաստեղծ կինն իր մարմնի ոսկորներից առնված մի ոսկոր է՝ ճիշտ նման իրեն, ուստի նա ու իր կինը նույն և համատիպ մեկ մարմին են կազմում, ու մարդկային որևէ օրենքի սուր չի կարող այս միահյուս մարմինը բաժանել իրարից:

Եկեղեցին, հիմք ընդունելով Ավետարանի՝ «առանց պոռնկության պատճառի» խոսքը, թողության հնարավորություն տալով հանդերձ, ամուսնական կապերից արձակում է այն կնոջը, որն անհավատարիմ է եղել սուրբ ամուսնությանը և հայտնապես պոռնիկ է:

Աստծու այս գերագույն օրենքն անխախտ պահելով՝ ոչ ոք չի կարող Եկեղեցու հրամանից դուրս ինքնահաճո տնօրինություն գործադրել: Խստաբարո հրեաները շատ հաճախ չնչին պատճառներով ատում էին իրենց կանանց ու արհամարհանքով նրանց վռնդում էին իրենց տներից:

Ավետարանի արդարությունը, պաշտպանելով կանանց իրավունքները, պոռնկության պատճառից բացի ուրիշ որևէ պատճառ չի ընդունում ամուսնական կապի ամուր հանգույցը քանդելու համար: Սուրբ Պողոսը, որ կրում էր Քրիստոսի հոգին, մեծ պատկառանքով պատվում է Տիրոջ օրենքը. «Իսկ ամուսնացյալներին ոչ թե ես, այլ Տերն է պատվիրում. թող կինը ամուսնուց չբաժանվի: Իսկ եթե բաժանվի, թող առանց ամուսնու մնա կամ վերստին իր մարդու հետ հաշտվի, և մարդը իր կնոջը թող չթողնի» (Ա Կորնթ. 7։10-11):

«Երդմնազանց մի՛ եղիր..․.»: Հին Օրենքի մատյանը միայն սուտ երդումն է արգելում, իսկ Նոր Ավետարանը երդման խոսքերն իսպառ մերժում է և հրամայում ամենևին չերդվել՝ ո՛չ սուտ, ո՛չ ճշմարիտ, ո՛չ երկնքի վրա, որովհետև Աստծու աթոռն է, ո՛չ երկրի վրա, որովհետև Նրա ոտքերին պատվանդան է, և ո՛չ Երուսաղեմի վրա, որովհետև մեծ Արքայի քաղաքն է, և ո՛չ էլ մարդու գլխի վրա, որովհետև մարդ չի կարող մի մազ իսկ սպիտակ կամ սև դարձնել:

Իսկ խոսքերի ճշմարտության պայմանը միայն սա պետք է լինի. «այո»-ն «այո» կոչել, և «ոչ»-ը՝ «ոչ», որովհետև դրանից ավելին սրտի խարդախությունից է: Քրիստոնեական եղբայրության մեջ երդվելու անհրաժեշտություն բնավ չի լինի, եթե պահպանվեն ընկերական սիրո և հավատարմության պայմանները, ասել է թե՝ ընկերոջը մոլորեցնելու նպատակով խոսքի պատրանքին չապավինել, այլ ամեն հարցում անկեղծ խոսել և ուղղամտորեն ու ճշմարտապես դատել:

Ստախոսությունը հին և չարագյուտ հնարք է, որը օձի բանսարկության միջոցով ապականեց մարդու ականջը: Ով սուտ է խոսում, նա Ավետարանի ճշմարտության որդի չէ, այլ դրախտի օձի հետևորդն ու արբանյակն է:

Որքա՜ն չնչին է թվում Ավետարանի այս ահասարսուռ պատվիրանը նրանց աչքին, ովքեր այս աշխարհի շահավաճառության մեջ են: Նրանք ոչ միայն երկնքի, երկրի, Երուսաղեմի ու իրենց գլխի, այլ նաև Ամենակալ Աստծու մեծ անունով երդվելով են մշտապես խոսում ու խաբում:

Եթե Աստված արարվածների համար է պատիվ պահանջում, ապա որքա՜ն առավել Իր իսկ վեհ անվան համար պիտի պահանջի, չէ՞ որ Նա է այդ արարածների Արարչապետը:

Ներկա ժամանակների պատրող ու խաբուսիկ կեղծավորներից կա՛մ պետք է փախչել, կա՛մ զգուշանալ: Մեկը երդվում է, մյուսը՝ հավատում: Ճարտար լեզուն կեղծում է, պարզամիտը՝ խաբվում: Սուտ և կեղծավոր կենցաղավարությունն իսպառ աղավաղում է մեր ընկերական կյանքը:

Այդպիսի շողոքորթ մարդկանցից զերծ մնալու համար Դավթի խնդրանքներո՛վ դիմենք Աստծուն. «Փրկի՛ր ինձ, Տե՜ր, քանզի սուրբ չմնաց, նվազեց ճշմարտությունը մարդկանց որդիների մեջ: Ստությամբ խոսեց մարդը մարդու հետ, սրտերը հաղորդակցվեցին նենգ շրթունքներով» (Սաղմ. 11։2-3):

Ուրեմն համբերենք՝ մշտապես այսպես աղոթելով: Տերը վրեժխնդիր է, և օրերից մի օր Նա երկրի երեսից կվերացնի այն մարդուն, որն իր ընկերոջ հետ նենգ շրթունքներով է խոսում:

«Չարին հակառակ չկանգնե՛լ.․..»: Մովսեսի օրենքի ատյանը աններողամիտ խստությամբ դաժան պատիժ է սահմանում. աչքի փոխարեն՝ աչք, ատամի փոխարեն՝ ատամ, ասել է թե՝ վնասի դեմ վնասով փոխհատուցել: Ո՞րն էր այդ օրենքի զորությունը, չէ՞ որ մշտապես աչքի փոխարեն՝ աչք, ատամի փոխարեն՝ ատամ հատուցելով՝ մարդկային հասարակությունը կույր և անատամ կդառնար:

Մարմնական նմանատիպ պատիժներով օրենքի խստությունը հետզհետե խեղանդամ էր դարձնում բոլոր մարդկանց: Թեպետ և պատժվելու վախը նպատակ ուներ չարությունը նվազեցնել մարդկային հասարակության միջից, սակայն այդ վախն անկարող էր վրեժխնդրության հոգին իսպառ դուրս բերել մարդկանց սրտից:

Հիսուս, Մովսեսի Տերը լինելով, Իր ծառայից ավելի հեզ է. Նա մարում է այս վրիժառու բարկության կրակը Իր նոր պատվիրանադրությամբ. « Իսկ Ես ձեզ ասում եմ. չարին հակառակ չկանգնե՛լ: Ով որ քո աջ ծնոտին ապտակ է տալիս, նրան մյո՛ւսն էլ դարձրու, ով որ քո շապիկն է խլում, բաճկո՛նդ էլ տուր նրան: Ով քեզ հարկադրում է մի մղոն ճանապարհ անցնել, նրա հետ երկո՛ւ էլ գնա, ով քեզնից խնդրում է, տո՛ւր նրան, և ով կամենում է քեզնից փոխ առնել, դժկամությամբ երես մի՛ դարձրու նրանից»:

Ահա ա՛յս է Ավետարանի մշտնջենավոր հաշտության սքանչելի օրենքն ու սիրո և խաղաղության աստվածանշան աղեղը, որը միայն Քրիստոս աշխարհ բերեց, մինչդեռ Ինքը, որպես արդար Նոյի զոհ, պատարագվեց Գողգոթայի բարձունքին՝ Իր կարմիր արյան կաթիլների ցոլքերից նոր հաշտության աղեղը կամարաձև կապելով Խաչի վրա: Եվ դրա ականատեսը միայն Նոյը չեղավ, այլ բովանդակ աշխարհը...

Երբ մենք չարին հակառակ ենք կանգնում, չարը զայրանում է, իսկ երբ հեզությամբ ենք հանդես գալիս չարի դեմ, նա զիջում է: Մովսեսի օրենքը հուր էր, որը միշտ բարկությամբ իրար դեմ էր հանում մարդկանց՝ նրանց վրեժխնդրության դրդելով: Իսկ ահա Հիսուսի օրենքը ջուր է, որն իսպառ շիջում է մարդկանց սրտերի բարկության հրդեհը:

Ովքե՞ր էին այս երկու գերագույն օրենսդիրները: Մեկի ձեռքին սուր էր, իսկ դեմքից փայլատակում էր բարկության կրակը: Նա բնավ ներել չգիտեր, ուստի սպանում էր իր բոլոր թշնամիներին ու ատելիներին:

Մյուսի ձեռքին Խաչն ու Ավետարանն էր: Այս Մեկն Իր թշնամուն սիրում է՝ իբրև բարեկամի, և ի սրտե ներում է իր չարանենգ ոսոխին: Այս երկու օրենսդիրներից մեկը Մովսեսն էր, մյուսը՝ Հիսուս: Առաջինը նեղսիրտ մարդ է, երկրորդը՝ համբերատար Աստված:

Չափի՛ր մարդու և Աստծու գութը. մեկի վճիռը մահն է, մյուսինը՝ կյանքը: Մովսեսն ազգասեր է, Հիսուս՝ մարդասեր: Մովսեսը մարդկային ընդարձակ սիրո սահմանը տարածում է միայն հրեական ազգի վրա, ուստի պատվիրում է մահու չափ ատել օտարազգի թշնամուն և սիրել հարազատ ազգակցին:

Այդպիսին չէ Հիսուսի՛ պատվիրանը. այն վսեմ ու գերագույն է: Հիսուս մարդկային միության մեջ չափ չի դնում անպայմանական սիրո վրա՝ այդ սերն այս կամ այն ազգի վրա տարածելով, այլ սերն ընդարձակում է՝ այն սփռելով ողջ մարդկության վրա համատարած: Հիսուս հրամայում է առանց խտրության սիրել մարդուն և ընկերոջը ու բնավ իրարից չզանազանել հրեային ու հեթանոսին:

Դա Ավետարանի ուսուցման մեջ բոլոր դասերից ամենավսեմ դասն է, որն աշխարհի որդիները չեն կարող ուսանել: Միայն Ավետարանի աշակերտների մի շատ փոքր մասն է, որ կարող է մրցանակի արժանանալ ավետարանական այդ դասը յուրացնելու համար:

Մինչդեռ աշխարհը ատում է իր թշնամիներին, և իրոք, այդ ո՞վ է, որ կարող է ընդունել նրանց: Աշխարհի մարդիկ նզովք են կարդում իրենց լլկողների ու չարչարողների համար, և իսկապես, ո՞վ կարող է օրհնել հալածիչներին ու թշնամիներին բարիք մաղթել:

Այո՛, Հակոբը, Հովսեփը և Դավիթը առանց Ավետարանին աշակերտելու ուսանեցին այդ դասը, իսկ մարգարեները, առաքյալները, մարտիրոսներն ու հայրապետները գերընդունակ եղան այդ դասն ուսանելու հարցում: Որքա՜ն բարձր ու վսեմ է սույն առաքինության նպատակը. այն անկատար մարդուն շնորհում է Աստծու կատարելությունը և այս աշխարհի որդիներին վերածում է Երկնավոր Հո՛ր որդիների, Որն Իր արևն ու անձրևը հավասարապես շնորհում է բարիներին և չարերին, արդարներին ու մեղավորներին:

Աշխարհն իր սիրելիին է սիրում, աշխարհը միայն իր բարեկամներին է ողջույն տալիս: Մինչդեռ Ավետարանն իր ընտրյալ զավակներին առանձնացնում ու տարանջատում է այս աշխարհի բնականոն ճանապարհից ու կեղծավոր վարմունքից և առաջնորդում է դեպի ամենակատարյալ ճանապարհը:

Ավետարանը Երկնավոր Հոր հարազատ զավակներից պահանջում է իրենց այդ Հոր կատարելությանը նմանվել: Այո՛, մահկանացու և ապիկար մարդը միայն իր փոքր անձի չափով կարող է առաքինանալ, ուստի թող որ հանդգնությամբ չձգտի հավասարվել Հայր Աստծու անհասանելի կատարելությանը: Ի՞նչ հավասարություն կարող է ունենալ մի կաթիլ ջուրն անսահման օվկիանոսի հետ, լույսի մի շողը՝ արևի հետ, նվաստ արարածը՝ իր Արարչի հետ:

Մարդու կատարելությունը միայն իր սեփական ուժերի և իր առջև դրված պատվիրանների չափով է. երանի՜ թե այդ նույն չափով միայն բաղձայինք առաքինանալ, և այդքանը բավական ու դեռ շատ էլ կլիներ:

 

Խրիմյան Հայրիկ, «Երկնքի արքայության մարգարիտը», Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 1894թ.

Արևելահայերենի վերածեց Գևորգ սրկ. Կարապետյանը

 

07.02.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․