Գրքեր

Փրկության արժանանալու համար անհրաժեշտ է լինել Քրիստոսի Մարմնի անդամը

Ըստ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու տոնացույցի՝ այս տարի մարտի 17-ին Մեծ պահքի վեցերորդ կիրակին  է, որ կոչվում է Գալստյան: Կիրակին հորդորում է պատրաստ լինել Տիրոջ երկրորդ գալստյանը, այսինքն՝ հոգալ հոգու փրկության մասին: Աստծու Որդին Մարդու Որդի դարձավ, որպեսզի միավորի մեղքի պատճառով պառակտված ու անկյալ մարդկությանը և դեպի փրկություն առաջնորդի: Մեղքը հեռացնում է մարդուն Աստծուց՝ սիրո Աղբյուրից, խաթարում է մարդու հոգու խաղաղությունը, խեղաթյուրում է մարդու մեջ Աստծու պատկերն ու նմանությունը, թշնամություն  հաստատում մարդկանց միջև՝ սերմանելով նախանձ և ատելություն։

Ոչ ոք միայնակ չի կարող փրկվել, անհրաժեշտ է միավորվել Քրիստոսով, քանի որ «միացած լինելով Քրիստոսին՝ մենք բոլորս մեկ մարմին ենք» (Հռոմ. 12:5): Քրիստոսի հետ «միաձուլվելով»՝ եկեղեցական համայնքները գիտակցում են, որ «ի Քրիստոս մկրտվելով՝ Քրիստոսով են զգեստավորվել, ուրեմն խտրություն չկա ո՛չ հրեայի և ո՛չ հեթանոսի, ո՛չ ծառայի և ո՛չ ազատի, ո՛չ արուի և ո՛չ էգի, որովհետև դուք ամենքդ մեկ եք ի Քրիստոս Հիսուս» (Գաղ.3: 26-28):

Մարտի 17-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու մեծ համայնքի երիտասարդ անդամները՝ «Զորավոր» երիտասարդաց միությունը, Տերունի օրն իր մեծ ընտանիքի հետ միասին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում մասնակից եղավ Սուրբ և Անմահ Պատարագի, ապա,  միության պատասխանատու Տեր Վահան քահանա Առաքելյանի առաջնորդությամբ, մեկնեց ուխտագնացության՝ ուղևորվելով դեպի Խոր Վիրապ: Հնագույն սրբավայրում երիտասարդ միությունը, Տեր Հոր գլխավորությամբ, կրկին անգամ միավորվեց միասնական աղոթի շուրջ և սբ. Գրիգոր Լուսավորչի բարեխոսությամբ՝ Տիրոջ ողորմածությունը հայցեց Հայոց ազգի, եկեղեցու և բանակի համար: Այնուհետև երիտասարդները վայելեցին սիրո ճաշը, Սուրբ Պատարագի և այլ թեմաների շուրջ հարցեր ուղղեցին Տեր Վահանին, ծավալվեց հոգեշահ զրույց: Երիտասարդները Տեր Հոր հետ քննարկեցին նաև իրենց հետագա անելիքներն ու ծրագրերը:

Որպեսզի Աստծու պատկերն ու նմանություն ունեցող անձը փրկության արժանանա և հավիտենական երանելի կյանքը ժառանգի, պետք է ուշադրություն դարձնի այն խոսքերին, որ ասաց Քրիստոս. հավատա Աստծուն (Հովհ. 3:14-16), սիրի Աստծուն և իր մերձավորին  (Ղուկ. 10:25-28), հետևի Աստծու պատվիրաններին (Մատթ.19:17), հաղթահարի դեպի Աստված գնալու խոչընդոտները (Մատթ. 19:29), անկեղծ զղջում ապրի (Եզեկ.18:21), արժանապես հաղորդվի Տիրոջ Մարմնին և Արյանը (Հովհ. 6:51; 54), բարին գործի (Հռոմ. 2:6-7) և Քրիստոսահիմն եկեղեցու անդամը լինի, քանի որ, Հիսուս Քրիստոսը, Պողոս առաքյալի խոսքի համաձայն, եկեղեցու գլուխն է (Կող. 1:18), փրկության արժանանալու համար անհրաժեշտ է լինել Նրա մարմնի անդամը, այսինքն՝ եկեղեցու անդամը։

 

Կարինե Սուգիկյան

19.03.24
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․