Գրքեր

Քրիստոսի՝ մեր Աստծո, Ծննդյան և Մկրտության վեցերորդ օրվա խորհուրդը

Արարչագործության վեցերորդ օրն Աստված ասաց ու եղան բոլոր ցամաքային կենդանիները և ապա, նրանցից հետո, ստեղծեց մարդուն՝ Ադամին, սակայն ո՛չ թե խոսքով, ինչպես որ մյուս արարածներին, որոնց ասաց, և եղան, հրամայեց, և հաստատվեցին երկինքն ու երկիրը և ամենը, որ կա նրանցում: Այլ, հող առնելով երկրից, Աստված Ադամին ստեղծեց Իր ձեռքերով ու դրեց նրան փափկության դրախտում՝ այն մշակելու և պահելու համար: Այսպիսով, Աստված ստեղծեց ամբողջ աշխարհն իբրև թագավորություն, իսկ դրախտը ստեղծեց իբրև թագավորի պալատ ու Ադամին այնտեղ դրեց՝ որպես իշխան և թագավոր:

Իսկ այս տոնախմբության վեցերորդ օրը սահմանված է Ղազարոսի հիշատակը, որը ստուգապես վկայում է մեզ այն մասին, որ Նա, ով վեցերորդ օրը չորս նյութերից ստեղծել էր Ադամին, Նա Ինքը՝ Ադամի Արարիչը, եկավ ու ծնվեց սուրբ Կույս Մարիամից, և, ձայն տալով՝ մեռելներից հարություն տվեց չորեքօրյա մահացած Ղազարոսին ու կենդանացրեց նրան՝ այդ կերպ կյանքի կոչելով նաև ադամական ամբողջ բնությունն ու խավարից լույսի վերածելով այն։

Ըստ ավանդության, մեր բնության նորոգության նպատակով է, որ Ղազարոսի հարության հիշատակը խորհրդաբար ու ճշմարտապես այս օրն է նշվում՝ վեցերորդ դարում, վեցերորդ՝ ուրբաթ օրվա վեցերորդ ժամին։ Առաջին արարչագործության ժամանակ Աստված ասաց՝ «մարդ ստեղծենք մեր պատկերով», և չորս տարրերից ստեղծեց նրան, սակայն մարդուն տիրեցին մահն ու ապականությունը։ Եվ Ղազարոսի հարության օրինակով, ում նախահարութենական երեք օրերը մարդկային ապականությունն են խորհրդանշում և ում Աստված կրկին կենդանաստեղծեց Ադամի նմանությամբ, Աստված հարության առհավատչյան է շնորհում Ադամի բնությունը: Ըստ այսմ, համընդհանուր հարությամբ Աստված այս աշխարհի չորս կողմերից ի մի կժողովի մեռյալների մարմիններն ու Ղազարոսի մարմնի նմանողությամբ հարություն կտա նրանց՝ մարդկային մարմինների նյութը զատորոշելով աշխարհի տարրերից ու նոր արարչագործությամբ անմահ կենդանության փոխարկելով նրանց ի փառս մեր Աստծո՝ Քրիստոսի:

Քրիստոս Աստված, հարուցանո՛ղդ ու կենդանացնո՛ղդ մարդկային բնության, հարությու՛ն շնորհիր մեղքերով ընկածներիս ու կենդանացրու՛ հոգով մեռյալներիս՝ Քո հրաշափառ Ծննդյամբ ուրախություն պարգևելով նաև այս գիրը կարդացողի հոգուն: Ամեն։

 

 

Աղբյուրը՝ «Յայսմաւուրք», Կ․ Պոլիս, 1730 թ.,

Գրաբարից թարգմանեց Գևորգ սրկ․ Կարապետյանը

11.01.24
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․