Գրքեր

Սուրբ Գևորգի տոնի ժողովրդական սովորույթները

Սբ. Գևորգի տոնն ընդունված և սիրելի տոն է հայերիս մեջ: Չնայած եկեղեցական տոնացույցը Սբ. Գևորգի տոնը հաստատուն նշում է սեպտեմբերի 25-ից մինչև հոկտեմբերի 1-ն ընկնող շաբաթ օրը, և այն նախորդում է Վարագա Սբ. Խաչի տոնին, որն իր հերթին նշվում է սեպտեմբերի 25-ից մինչև հոկտեմբերի 1-ն ընկնող կիրակի օրը, ժողովուրդը, այնուամենայնիվ, Սբ. Գևորգի ուխտագնացությունն անում է հոկտեմբերի վերջին, երբ դաշտային երկրագործական աշխատանքները հիմնականում ավարտված էին լինում: Սբ. Գևորգի տոնին նախորդող պահքն էլ կոչվում է Սբ. Գևորգի պահք:

Սրբերին նվիրված տոները հայերի մեջ ուղեկցվում էին մատաղներով, ուխտագնացություններով: Տոները մեծ մասամբ անց էր կացվում ուխտավայրերում, որոնք կրում էին նշվող սրբի անունը: Այդ օրերը վերածվում էր ժողովրդական տոնախմբության: Այս առումով բացառություն չի կազմել նաև Սբ. Գևորգի տոնը: Նրա անվան ուխտատեղիներ կային Սիսիանում, Վասպուրականում, Ղզլարում, Բիթլիսում և այլուր: Սրբի տոնը նշվում էր հատկապես Վանում, Քանաքեռում, Շիրակում, Նոր Նախիջևանում և այլն: Ներկայումս, այդ օրը ժողովուրդը մեծ խմբերով այցելում է Նորագավթի և Մուղնու Սբ. Գևորգ եկեղեցիները:

Բնիկ քանաքեռցի Գրիգոր Ավագյանը Մուղնու Սբ. Գևորգ ուխտի գնալը հետևյալ կերպ է պատմում. «Աշնանը, այգիների բերքը հավաքելուց հետո, պատրաստություն էին տեսնում հոկտեմբերի վերջին կիրակի օրը Մուղնի ուխտ գնալու համար: Տղամարդիկ, հատկապես՝ երիտասարդությունը, իրենց ձիերի շնորհքը ցույց տալու համար մեկ ամիս առաջ աշխատանքից հոգնած ձիերին բաց էին թողնում այգիներում հանգստանալու և գիրանալու համար, չէ որ Մուղնի ուխտ գնալը միայն ուխտ գնալ չէր, դրա հետ միասին նաև՝ մրցույթ ու տոնախմբություն էր: Ջահել տղաները քյահլան ձիերը նստած, գեղեցիկ հագուստով, աղջիկներն ու հարսները գլխները շինած, աչքերը դեղ դրած, խաս ու ղումաշ հագած, զարդ ու զարդարանքով: Կանայք, նախօրոք խաշած հավերով, բուղլամա դրած գառներով, եփած ձկներով, հացերի մեջ փաթաթած, հաց, գաթա, հալվա բոլորը կապոց արած, դրած սայլերին: Շաբաթ օրն աղոթարանին գյուղի ահել ու ջահել ոտքի վրա էին: Տեսնողը կկարծեր, թե գյուղը տեղահան է լինում:

Ամենքն ունեին իրենց փափագը, որի ամուսինը կամ որդին էր գտնվում օտարության մեջ, որը երեխա չէր ունենում, որը՝ հիվանդի, իսկ ջահելներն էլ՝ սիրո տեր լինելու համար:

Ուխտի ճանապարհը երկար էր ու բազմամարդ: Անծանոթ մարդիկ ծանոթանում ու բարեկամանում էին միմյանց… Շատ երիտասարդ տղաներ ու աղջիկներ այստեղ էին ծանոթանում միմյանց ու սիրո խոստումներ տալիս:

«Երոկոյան և ցերեկային ժամերգություններից հետո, երբ արդեն օրհնվել էին մատաղացուները, վառում էին օջախները, սեղան բացում կանաչների վրա, ու սկսում էր քեֆը» (Հրանուշ Խառատյան-Առաքելյան, «Հայ ժողովրդկան տոները», Երևան, 2005թ.):

Սբ. Գևորգի տոնի ուխտագնացությունը ցանկալի և սպասված տոն էր Վանում: Սբ. Գևորգի հնգօրյա պասից հետո շաբաթ օրվա կեսօրից սկսվում էր ուխտագնացության պատրաստությունը: Ուխտագնացությանը մասնակցում էին փոքրից մեծ: Սբ. Գևորգի ուխտագնացության երթը սկսվում էր երեկոյան, որը հիմնականում լինում էր հետիոտն, բացառությամբ՝ ձի ունեցողների: Ուխտագնացների հետ լինում էին մի քանի թեթևաշարժ սայլակներ, որոնց վրա բարձվում էին ուխտավորների ուտելիքի պաշար կապոցները: Սբ. Գևորգի ուխտագնացությունը տևում էր երեք օր: Այդ նույն շաբաթ երեկոյան, երբ ուխտավորները պատրաստվում էին ճանապարհ ընկնելու, տանը սկսվում էր հարիսա դնելու գործողությունը: Հարիսա դնում էին բոլորն անխտիր: Ամենասակավանդամ ընտանիքը պետք է դներ երկու հավով հարիսա, իսկ բազմանդամների տներում այդ օրը մորթվում էր ութից տասը հավ:

Ըստ ավանդության՝ Սբ. Գրիգոր Լուսավորիչը Խոր Վիրապից դուրս գալուց հետո քառասուն օր Վաղարշապատում քարոզում է և այդ ընթացքում նրա մեջ ցանկություն է առաջանում աղքատներին ճաշ տալ: Հազարավոր գյուղացիներին նա հազարավոր ոչխարներ ու մեծ քանակությամբ յուղ է բերել տալիս, միսն ու կորկոտը լցնել է տալիս խոշոր կաթսաների մեջ և հաստաբազուկ կտրիճ երիտասարդներին ասում, որ հարեն. «հարէք զսա», որից և այդ կերակուրի անունը մնացել է «հարիսա»:

Սբ. Գևորգին վերագրվում էր ապավինող, պաշտպանող էություն: Մոքսում նրա անունով մի ուխտատեղի կար, որը հասարակ մի մատուռ էր, ուր ամփոփված էր Սբ. Գևորգի մասունքը: Ոչ միայն հայերը, այլև քրդերը հաճախ էին այդտեղ ուխտի գալիս: Բացի այդ, փախուստի, երկյուղի ժամանակ ամեն տեսակ իրեր բերում դնում էին այնտեղ իբրև «ամանաթ», ավանդ և ոչ ոք չէր համարձակվում դրանք վերցնել:

Սբ. Գևորգի տոնը ընդունված է նաև այլ ժողովուրդների մեջ (վրացիներ, ռուսներ, հույներ և այլն), սակայն ամենուրեք այն ազգայնացվել է, իսկ սուրբն էլ դարձել է տվյալ ազգի ներկայացուցիչը: Այս առումով հայերը ևս բացառություն չեն կազմում, որոնք նրան վերագրում են նաև ռազմական, զինվորական հատկանիշներ:

 

Կազմեց Գայանե Սուգիկյանը

25.09.21
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․