Գրքեր

Սուրբ Վարդանանց նահատակությունը

Հայոց թագավորության անկումից և սուրբ Սահակ Պարթևի վախճանից հետո Հայոց երկրի ղեկն իրենց ձեռքը վերցրին պարսիկները: Իրենց տիրապետության տակ առնելով հայերին՝ նրանք հալածանքներ հարուցեցին քրիստոնյաների նկատմամբ: Այդ ժամանակներում Թեոդորոս Կրտսեր կայսեր կողմից հայոց զորավար ու կառավարիչ էր կարգված սուրբ Վարդանը, որը Մամիկոնյան նախարարական տնից էր և թոռն էր մեծն Սահակ Պարթևի: Վարդանը երկու եղբայր ուներ՝ Հմայակն ու Համազասպը:

Այդ ժամանակներում է, որ Հազկերտը՝ պարսից Վռամ արքայի որդին, սկսում է բռնադատել քրիստոնյաներին՝ պահանջելով ուրանալ Քրիստոսին և զոհ մատուցել արեգակին ու կրակին, որպեսզի իբր այդպիսով հայերը հավատարիմ ու մտերիմ լինեն իրենց՝ պարսիկների, և ոչ երբեք՝ հույների արքայի հետ: Ուստի Հազկերտը իր մոտ է կանչում հայոց բոլոր իշխաններին՝ պարսից թշնամիների դեմ պատերազմի մասնակցելու պատրվակով: Եվ հայ իշխաններն էլ, ձևավորված սովորության համաձայն, քահանաների ու սարկավագների ընկերակցությամբ ելնում-գնում են պարսից արքունիք: Այս երևույթին ականատես լինելով՝ ամբարիշտ Հազկերտի սիրտը խորապես խոցվում է:

Դրան հակառակ, պարսից արքունիքում ծառայող անվանի ներքինիներից մեկն էլ հայտնում է հայոց իշխաններին իր քրիստոնյա լինելու մասին և տեղեկացնում է, թե թագավորը ինչի համար է նրանց իր մոտ կանչել, այն է՝ արեգակին ու կրակին երկրպագել տալու միտումով: Այնուհետ այսպես է խոսում ներքինին. «Արդ, եթե չկատարեք Հազկերտի այդ կամքը, նա այստեղ եղող բոլորիդ սպանել կտա ու ձեր երկիրն ավարառության և ապականության կենթարկի, ուստի լսե՛ք իմ խորհուրդն ու առ աչոք համաձայնեք կատարել նրա կամքը՝ իրականում, սակայն, շարունակելով երկրպագել ձեր ճշմարիտ Աստծուն, այդպիսով փրկած լինելով Հայոց երկիրն ու արևի ճառագայթների ներքո հաստատուն մնալով ձեր հավատքի դավանությանը»:

Այս լսելով՝ հայ նախարարները մեծ տարակուսանքի մեջ ընկան և նաև իրենց հետ եղող քահանաների հետ խորհրդակցությամբ որոշեցին, որ առավել բարվոք կլինի, եթե առժամանակ հետևեն պարսիկ ներքինու խրատին, քան թե ողջ Հայոց երկիրը ապականության մատնեն: Եվ Հազկերտի մոտ մտնելով՝ նախարարներից յուրաքանչյուրը նստեց՝ ըստ իր աստիճանի, ինչպես որ ընդունված սովորությունն էր: Ու գոռոզ շահը սկսեց խրատական խոսքերով սաստել հայ իշխաններին: Եվ անարգանքով ու արհամարհանքով էր տալիս Քրիստոսի անունը՝ խաչված, մեռած ու թաղված համարելով Նրան և ասելով. «Մի՞թե այդպիսի մեկին եք դուք երկրպագում»: Այդժամ հայ իշխաններից մեկը՝ դեռևս պատանի տարիքում եղող Գարեգինը, առաջ գալով, համարձակորեն ասաց. «Ո՛վ քաջ արքա, որտեղի՞ց դու գիտես այդ ամենի մասին»: Հազկերտը պատասխանեց. «Ես իմ առաջ ընթերցել եմ տվել ձեր այդ մոլորության գիրը»: Գարեգինը, ի պատասխան այս խոսքի, ասաց Հազկերտին. «Այդ դեպքում ինչո՞ւ չես մտապահել Քրիստոսի հարության, երկինք համբարձման և կենդանի ու մեռած եղող բոլորին դատելու նպատակով մյուսանգամյա գալստյան մասին Աստվածաշնչի խոսքը, քանի որ նրանք, ովքեր գրի են առել մեր Տիրոջ խաչելության մասին, նույն այդ անձինք գրառել են նաև Քրիստոսի հարության մասին»: Հազկերտն ասաց Գարեգնին. «Քո այդ ամեն ասածները հորինված առասպելներ են», իսկ վերջինս էլ պատասխանեց. «Առասպելները հեթանոսների կռամոլ դիվապաշտություններն են, իսկ մեր ունեցած ու դավանած հավատքի մասին հենց Իր՝ Քրիստոսի ճշմարիտ Ավետարանն է պատմում և ուսուցանում»:

Հայոց իշխանի այս խոսքերը զայրացնում են պարսից թագավորին ու նա հրամայում է Գարեգնին անարգանքների ենթարկելով՝ դուրս հանել ու սպանել վերջինիս: Սակայն հայոց քաջ նախարարի տառապանքներն էլ դեռ այդ մեկ օրով չսահմանափակվեցին, այլ երկու ամիս շարունակ նրան՝ ձեռքերն ու ոտքերը կապած, սովի ու ծարավի մատնելով՝ բանտում պահեցին, և ապա միայն՝ գլխատեցին սրբին:

Հազկերտը մյուսներից ևս մեծ սպառնալիքներով պահանջում էր երկրպագություն մատուցել արեգակին ու կրակին: Եվ հայ նախարարները, ինչպես որ նախապես պայմանավորվել էին, «համաձայնեցին» կատարել թագավորի այդ հրամանը: Ու երբ հաջորդ օրը Հազկերտը նրանց կանգնեցրեց արեգակի առաջ և ինքն էլ երկրպագեց երկնային լուսատուին, այդժամ հայ իշխանները ևս խոնարհվեցին: Այս տեսնելով՝ պարսից զորքում և իշխանների պահակազորում եղող քրիստոնյաները մեծ սուգ ու ողբ արեցին նախարարների այս արարքի պատճառով, քանի որ չգիտեին վերջիններիս վարվելակերպի ծածուկ իսկությունը:

Իսկ թագավորը, ուրախանալով, մեծ պատիվների արժանացրեց նախարարներին ու նրանց հանձնեց իր մոտ եղող հայ պատանդներին: Հազկերտը զրույցներ ունեցավ նախարարների հետ և ըստ յուրաքանչյուրի ունեցած արժանիքների՝ մեծության ու ավագության մեծամեծ պարգևներ՝ ձիեր ու ոսկիներ, գյուղեր ու ագարակներ ընծայեց նրանց: Հազկերտը նախարարներին տրամադրեց նաև հինգ հարյուր մոգեր և շատ ուսուցիչներ, որոնք, գալով Հայոց երկիրը, պիտի խորտակեին եկեղեցիներն ու կրակի ատրուշաններ պիտի հիմնեին՝ այդպիսով ողջ հայ բնակչությանը արևի և հրի երկրպագությանն ու այլ յուրապատկան սովորությունների դարձնելով:

Հայոց աշխարհում եղող եպիսկոպոսներն ու քահանաներն էլ, ի մի ժողովվելով, սուգ արեցին ուրացյալ իշխանների համար և ամենքը՝ իշխաններն ու ազատները, շինականներն ու վանականները միաբանության հաստատուն ուխտ դաշնադրեցին՝ պատրաստակամություն հայտնելով հարկ եղած դեպքում մեռնել հանուն Քրիստոսի հավատքի: Եվ քանի որ նրանք տեղյակ չէին նախարարների ծրագրած խորհրդի մասին, ուստի միաբերան որոշվեց անխնա կերպով հաշվեհարդար տեսնել ուրացող իշխանների ու նրանց ենթակա զորքի հետ՝ մարտնչելով նրանց դեմ ու սպանելով մինչև անգամ ուրացող հարազատներին. եղբայրն իր սեփական եղբորը, հայրը՝ որդուն, ծառան՝ իր տիրոջը, և կինը՝ ամուսնուն: Նաև բոլոր եկեղեցիներում սահմանվեց Աստծո օրհնաբանության անդադար պաշտամունք, որը գլխավորում էին Տեր Հովսեփ կաթողիկոսը և նրա հետ շատ եպիսկոպոսներ ու վարդապետներ՝ ամենքն իր տեղում շարունակելով հավատարիմ ծառայել Քրիստոսի ճշմարիտ հավատքի վրա հիմնահաստատված հայ եկեղեցու մշտարթուն առաքելությանը:

Իսկ իշխանները, մոգերի բազմության հետ մտնելով Հայաստան, նախ կանգ առան Անգղ գյուղում, որտեղ էլ բոլոր կողմերից եկած անթիվ բազմություն հավաքվեց: Եվ երբ մոգպետը կամեցավ փորձել անել այն, ինչի համար եկել էր ու նախ որոշեց կոտրել եկեղեցու դուռը և կործանել Տերունական սուրբ Սեղանը, այդժամ սուրբ Ղևոնդ քահանան կանգնեց նրա առաջ և հրաման տվեց եկեղեցու սպասավորներին ու ժողովրդին գանահարել հանդուգն մոգպետին և նրա հետ եղող մոգերին: Նրանց սաստիկ ջարդ տվեցին ու կիսամեռ վիճակի հասցրին՝ փայտերով և քարերով հալածելով նրանց, որից հետո մինչև իսկ մոգերի մեջ գլխավոր եղողները, փախուստի դիմելով, լքեցին իրենց հավաքատեղին:

Նույն այսկերպ վարվեցին նաև մնացյալ վայրերում՝ Աստծո օրհներգությունը բարձրաձայն վերերգելով: Մոգերը, այս որ տեսան, ասացին, թե՝ «անհնար է, որ մեր կրոնը Հայոց աշխարհ մուտք գործի»: Նրանցից ողջ մնացածները հայոց իշխաններին խնդրեցին թույլ տալ իրենց վերադառնալ պարսից թագավորի մոտ, որպեսզի, ինչպես մնացյալ մոգերը, իրենք ևս չոչնչացվեին: Հայոց իշխանները ընդառաջեցին նրանց այս խնդրանքին: Այնուհետ Հայոց աշխարհ վերադարձած իշխանները մեծ զղջումով գնացին ու մասնակցեցին եպիսկոպոսական ժողովին: Հայոց սպարապետ սուրբ Վարդանը կեղծուրացությանը միաբանված իշխանների ու մյուսների հետ եպիսկոպոսների ոտքերն ընկան ու խոստովանեցին իրենց հանցանքը՝ խոստանալով մինչև իսկ մահը հանձն առնել հանուն Քրիստոսի: Իսկ ահա ուրացող Վասակը գնաց Պարսից աշխարհ ու Հազկերտ թագավորի մոտ չարախոսեց Վարդանի մասին:

Եվ Հազկերտը, մեծ զորք ժողովելով, այն հանձնում է պարսից հազարապետ Միհրներսեհին և ուղարկում Փայտակարան քաղաքը: Միհրներսեհն էլ իր հերթին ամբողջ պարսկական զորքը հանձնում է Մուշկան Նյուսալավուրտին, որն այդ զորքով արշավում է դեպի Հեր և Զարևանդ գավառները: Իսկ հայ ժողովրդի առաջնորդությունը ստանձնած սուրբ Վարդանը հայոց ողջ զորքը հավաքում է Արտաշատ քաղաքում: Զորքի կազմում էին նաև հայոց մեծանուն իշխանները՝ Ներշապուհ Արծրունին, Խորեն Խորխոռունին, Վահան Ամատունին, Արտակ Պալունին, Թաթուլ Դիմաքսենի, Ատոմ Գնունին, Խոսրով Գաբեղենացին, Արշավիր Արշարունին, Շմավոն Անձևացին, Տաճատ Գնթունին, Հմայակ և Կարեն Սահառունիները, Գազրիկ Դիմաքսենին, Ներսեհ Քաջբերունին, Փարսման Մանդակունին, Արսեն Ընծայեցին, Արուկ Սղկունին, Վրեն Տաշրացին, Ապրսամ Արծրունին, արքունի ախոռապետ Շավան, Խոսրով Սրվանձտյանը, Քոշեն Աքեղացին:

Ներկա էին նաև Ռշտունյաց զորքերն ու արքունի բոլոր գործակալություններին պատկանող զորքերը՝ բոլորը միասին՝ վաթսունվեց հազար հոգի ձիավոր ու հետևակ: Նրանց հետ եկել էին նաև մեծն կաթողիկոս Հովսեփը, վարդապետ Ղևոնդ երեցը, ուրիշ շատ եպիսկոպոսներ և քահանաներ: Ռշտունյաց սուրբ Սահակ եպիսկոպոսն էլ քաջալերում էր զորականներին աստվածային Գրքերի վկայությություններով, համաձայն որոնց՝ բոլորր, որ իրենց անձերը զոհում են հանուն Եկեղեցու, մարտիրոսության պսակով են զարդարվում: Եվ այս ու նմանատիպ կերպերով վարդապետները զինավառում էին հայոց զորքին հավատքի համար մղվող այս մեծ պատերազմում:

Այս ամենից հետո հայոց զորքի ճամբարում Մկրտության համար նախատեսված ավազան պատրաստվեց և Հաղորդության սուրբ Սեղան կանգնեցվեց, ապա բոլոր չմկրտվածներին մկրտեցին ու հաղորդ դարձրին Աստծո Որդու Մարմնին և Արյանը: Սա կատարեցին Արտազի դաշտում, այնտեղ, որտեղ բանակել էր նաև պարսից սևագունդ զորքը: Հայոց զորքն էլ բանակել էր պարսից զորքին դեմ հանդիման՝ ճակատ առ ճակատ: Այդժամ մեծն վարդապետ Ղևոնդը սկսեց քաջալերել հայոց զորքին ու ասել. «Չպետք է երկնչենք մահկանացու մարդկանց սրից, այլ եթե հարկ է, քաջությամբ մեռնե՛նք հանուն հավատքի, հանուն մեր ընտանիքների ու մեր զավակների, որպեսզի փրկվեն մեր հոգիները և մենք քաջի անուն ժառանգենք մեր սերունդներին»:

Իսկ սուրբ Վարդանը բոլորին, ում անհրաժեշտ էր, բաժանում էր ձիեր ու զենք, և ուրախությամբ էր լցնում նրանց օրերը՝ մրցարշավներ կազմակերպելով և բարձր վարձատրությամբ առատացնելով նրանց: Իսկ բուն հայոց զորքը սպարապետը բաժանել էր չորս գնդերի: Առաջին գնդի հրամանատարությունը հանձնել էր Արծրունյաց իշխանին՝ նրան նիզակակից կարգելով Մոկաց իշխանին: Երկրորդ գունդը տրվել էր Խորեն իշխանին, ում նիզակակից էր կարգվել Ներսեհ Քաջբերունին: Երրորդ գունդը հանձնվել էր Թաթուլ Մանդակունուն՝ Տաճատ Գնթունու նիզակակցությամբ և շատ այլ քաջերի ընկերակցությամբ: Չորրորդ գնդի ղեկն էլ ինքը՝ Վարդանն էր ստանձնել՝ իր համար նիզակակիցներ ընտրելով իր եղբայր Համազասպին և Արշավիր Արշարունուն: Հայոց զորքին սուրբ Վարդանը դասավորել էր Արտազի դաշտում՝ Տղմուտ գետի ափի երկայնքով, դեմ հանդիման պարսից զորքերի:

Երբ երկու կողմերն էլ արդեն կազմ ու պատրաստ էին մարտի, սրտմտած բարկությամբ, ահագնացող զայրույթով ու գազանային զորությամբ նրանք մխրճվեցին իրար մեջ: Եվ երկու կողմերից ամբոխներն աղաղակում էին այնպես, ասես երկնքում որոտն ու կայծակն էր թնդում: Նրանց ձայնի պոռթկումից մինչև իսկ լեռներն ու քարանձավներն էին դղրդում: Դաշտի ողջ երկայնքով փայլփլում էին բազում սաղավարտներն ու սպառազինության պայծառությունն, արևի ճառագայթների հետ հատվելով, աչք էր շլացնում: Ողջ մարտադաշտով ցրված բազմափայլ սուսերների ցոլքը և դյուրաթեք նիզակների ճոճյունը կարծես երկնային հրաձգություն հիշեցնեին: Բառերն անգամ ի զորու չեն՝ նկարագրելու այդ ազդու ձայների հարուցած տագնապը, որը, խառնվելով վահանների՝ մեկմեկու բախման ու աղեղների արձակած ճայթյունի ձայներին, կարող էր անգամ ականջները խլացնել:

Այս մարտում երկու կողմերի մեջ էլ տեսանելի էր մեծ վիշտն ու անհանգստության տագնապը, և անբավ աղետների հարուցած տարակուսանքները, որոնք վրա էին հասել երկու կողմերի՝ միմյանց դեմ կատարած այս հանդուգն հարձակումից: Եվ այս մարտում նրանք, որ թանձրամիտ էին, առավել էին հիմարանում, իսկ թույլերն էլ դողում էին: Քաջերը, սակայն, առավել էին խիզախում և քաջությամբ նահատակվում: Եվ հանկարծ, մարտի թեժ պահին, հայոց զորքից մի հատված, համախմբվելով, փակում է պարսից զորքի գետանցի ճանապարհը, և հիմարացած պարսից զինվորները սկսում են դոփել իրենց տեղերում: Սակայն, ի վերջո, նրանց մի գնդին հաջողվում է անցնել գետն ու մեծ զորությամբ, ձիարձակ արշավելով՝ սաստկապես մխրճվել հայոց զորքի մեջ: Եվ այս հարձակման հետևանքով երկու կողմերից էլ շատ վիրավորներ դիաթավալ ընկնում ու գլորվում են գետնին:

Պարսից զորքերը, որ կրկնապատիկ և գուցե անգամ եռապատիկ շատ էին հայոց զորքերից, համալրվում են նաև ուրացող Վասակի զորքերով ու նաև բազում փղերից կազմված գնդով: Այս մեծաքանակ փղերն, իբրև աշտարակ, կանգնեցված էին պարսից զորքի շուրջբոլորը, իսկ պարսից զինվորներն էլ նրանց թիկունքն էին օղակում: Չնայած այս ամենին, հայոց զորքերը, քաջաբար մարտնչելով, պարսից զորքից շատերին հարվածեցին ու սպանեցին, սակայն, ավա՜ղ, իրենք էլ անօրենների ձեռքով ընկան մարտի դաշտում: Այս են այդ մեծ պատերազմի մարտադաշտում իրենց վախճանը գտած քաջ նահատակների անունները. Մամիկոնյան տոհմից քաջն Վարդանը իր հարյուր երեսուներեք մարդկանցով, Պարունյաց տոհմից արիաբար մարտնչող Արտակն իր հիսունյոթ քաջերով, Խորխոռունյաց տոհմից կորովի Խորենն իր տասնինը զինվորներով, Գնթունյաց տոհմից սքանչելափայլ Տաճատն իր քսան քաջերով, Գնունյաց տոհմից պատանի Վահանը իր երեք ընկերներով, Ընծայեցիների տոհմից արդարամիտ նահատակ Արսենն իր յոթ մարդկանցով, Քաջբերունյաց տոհմից հրաշագեղ Ներսեհը վերստին իր յոթ քաջերով, Սրվանձտյան տոհմից առաջամարտիկ Գարեգինն իր երկու հարազատներով ու տասնութ մարդկանցով:

Այս երկու հարյուր իննսունյոթ նահատակները Արքունական, Արծրունյաց և մնացյալ նախարարական տներից վախճանվեցին այնտեղ՝ մեծ պատերազմում: Նույն օրը նահատակվեցին նաև ուրիշ յոթ հարյուր քառասուն քաջեր, որոնց անունները գրված են Երկնքի արքայության մեջ: Նրանք բոլորը միասին հազար երեսունվեց հոգի էին, որ նահատակվեցին այս ճակատամարտում: Իսկ պարսից զորքերից սպանվեցին երեք հազար հինգ հարյուր քառասունչորս հոգի, որոնցից ինը այրեր մեծամեծ իշխաններ էին: Այս պատճառով էլ մեծապես վրդովվեց Մուշկան Նյուսալավուրտը, մանավանդ, երբ տեսավ իր զորքերին թվով երեքնապատիկ զիջող հայոց ուժերի աննահանջ պայքարը: Եվ, հիրավի, այս մարտում «ոչ թե մի կողմը հաղթեց, և մյուս կողմը պարտություն կրեց, այլ քաջերը քաջերի դեմ ելնելով՝ երկու կողմերն էլ պարտություն կրեցին»:

Իսկ այնտեղ՝ մարտադաշտում, ծաղիկներն անգամ արյամբ էին ներկվել: Այնտեղ դիակույտերը՝ կողք-կողքի խմբված, ասես փայտահատված ծառերի շեղջեր լինեին: Նա, ով ականատես էր լինում այդ ամենին, սիրտը մղկտում էր և հույժ ցավ էր ապրում խոցվածների մռնչյունները լսելով ու վիրավորների թավալգլոր, կիսամեռ վիճակն ու մեռյալների անկումը տեսնելով: Անարի զինվորները սրտաթափ էին լինում, կանայք անհույս ճիչեր էին արձակում և աղիողորմ ողբում իրենց սիրելիների, մերձավորների ու բարեկամների մահը: Իսկ մարտնչողներից նրանք, ովքեր ողջ էին մնացել, ցրվում են լեռներում, ձորախորշերում ու դաշտերում: Եվ եթե պարսից զորքից որևէ խմբի էլ հանդիպում էին՝ դարձյալ անխնա մարտնչում էին նրանց դեմ: Ու մինչև արևամուտ շարունակվում էր այս դառնաղի պայքարը: Իսկ ճակատամարտի ավարտին հայոց զորքերը, քահանաների ուղեկցությամբ, ապաստանում են լեռներում ու ամրոցներում, իսկ պարսից զորքերն էլ՝ հետապնդելով, շարունակում էին կոտորել ամրոցներից դուրս մնացածներին: Եվ ուրացող Վասակի խորհրդով ու խաբեությամբ՝ քահանաների զգեստներ հագնելով ու սուտ երդումներ տալով՝ ամրոցներից էլ շատերին դուրս էին բերում, և իրենց խոստումը դրժելով՝ սպանում էին նրանց: Ազնվական հայոց իշխաններին, սակայն, պարսիկները չեն սպանում, այլ ամենքին ի մի ժողովելով, ինչպես քահանաների դեպքում, տանում են պարսից թագավորի մոտ:

Պատերազմից օրեր անց, երբ ոմանք եկան՝ զոհվածների մարմինները հողին հանձնելու, տեսան, որ երբ մոտենում էին՝ վերցնելու ու հողին հանձնելու հայ քաջերի մարմինները, նրանց վրա լույս էր ծագում ու երևում էր նաև, որ քրիստոնյաների մարմինները, ի տարբերություն պարսից զոհերի սևացած, գորշահոտ ու այտուցված մարմինների, անապականությամբ ու լույսով էին զարդարված և անուշահոտություն էին բուրում ի փառս մեր Աստծո՝ Քրիստոսի: Ուստի և, Քրիստո՛ս Աստված, նահատակված Քո սուրբերի աղոթքներով ողորմի՛ր բոլոր Քեզ հավատացողներին և նաև մեզ՝ այս գիրը կարդացողներիս: Ամեն:

 

 

«Յայսմաւուրք», Կ. Պոլիս, 1730 թ.,

Գրաբարից թարգմանեց Գևորգ սրկ. Կարապետյանը

19.02.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․