Գրքեր
Հովսեփին գնած վաճառականը նրան ո՞ւր տարավ:

Եգիպտոս, որտեղ թագավորի դահճապետը, որի անունը Պետափրես էր, գնեց նրան: Հովսեփը ամեն ինչով խոհեմ, հավատարիմ և հաջողակ էր, և նրա գործերն էլ հաջողությամբ էին պսակվում (Ծննդ. 39:2), նրա պատճառով Աստված Պետափրեսի տունն էլ օրհնեց (Ծննդ. 39:5), որից էլ հիշյալը շատ գոհ մնալով՝ տան կառավարությունը հանձնում է Հովսեփին: Այո՛, Հովսեփը անունով գերի է, սակայն իր տիրոջ աչքում խիստ պատվավոր:

Դու Հովսեփի առաքինությունը տես. ինչպես որ նրա եղբայրները միայն նրա մարմինը ցանկացան սպանել, նմանապես Պետափրեսի կինը մեղանչելու ցանկությամբ հետամուտ է լինում սպանելու նրա հոգին: Քանի որ իր ծառայության բերումով Հովսեփը ելումուտ ուներ կանանոց, թշվառական կինը երկար ժամանակ ձանձրացնում է նրան՝ իր չար և հրապուրիչ առաջարկությամբ: Սակայն Հովսեփը Աստծուց վախենում է, և իր տիրոջը ևս հավատարիմ լինելով՝ նախընտրում է մեռնել, քան հիշյալ չար առաջարկին ամենափոքր իսկ հակում և հոժարություն ցույց տալ:

Ընդհակառակը՝ նա համարձակվում է խրատել վավաշոտ կնոջը, թե՝ իմ տերը ամեն ինչով ինձ է վստահում և ես ինչպե՞ս կարող եմ  այդպիսի չար և մեծ գործ անելով՝ մեղանչել Աստծո առջև (Ծննդ. 39:9): Թեև Հովսեփը երկար ժամանակ ենթակա եղավ սույն փորձության կրակին, սակայն Աստծո ողորմությամբ չայրվեց. կան մեղքեր, որոնց կարելի է համբերատար հոգով և դիմադրությամբ հաղթել: Սակայն այնպիսի մեղքից խուսափելով, որը մարդու պատիվն է վնասում՝ հաղթվում է (Ա Կորնթ. 6:18):

Հետո, երբ Հովսեփը դարձյալ ծառայության առիթով կանանոց էր գնացել, հիշյալը, ձեռքը մեկնելով, բռնում է նրա զգեստից, որպեսզի իր չար միտքը գործի դնելով՝ մեղանչի: Հովսեփը, նրա այս ապօրեն ընթացքը տեսնելով, իր վերարկուն իսկույն այնտեղ է թողնում և անմիջապես փախչում այնտեղից: Հիրավի, Հովսեփի համար ցավալի էր վերարկուն այնտեղ թողնել, սակայն այդ անամոթը այն աստիճան լրբացավ, որ նրա մոտ մնալը և նրան դիպած զգեստը վերստին հագնելը վտանգավոր համարելով, այրվող տնից փախչողի նման ամենից առաջ հոգին ազատելու միջոցի մասին է մտածում:

Այս պարագայում Հովսեփը մեծ քաջություն ցուցաբերեց, քանի որ մարդու համար իր անձը հաղթելուց զատ մեծ քաջություն չկա: Մանավանդ, որ Աստված նրան մեղքից փրկեց: Քանի որ ցանկության կրակին մատնվելու և չայրվելու համար Աստծո հատուկ շնորհի և օգնության կարիքն ունի (Իմաստ. 10:13): Արդարև, Հովսեփը հոգևոր մահ պատճառող մեղքից ազատվեց: Բայց նայիր, որ Աստծո երկյուղը սրտից հանող և ամոթի քողը երեսից պատռող անզգամ կինը իր իսկ հանցանքը ստությամբ Հովսեփի վրա դնելով, ինչպես ցանկացավ նրան արատավորել, կարծես արևի վրա ցեխ շպրտելու ճիգ թափեց:

Սակայն մի՛ զարմացիր, քանի որ նույն ընթացքի մեջ գտնվողների վիճակը այս է: Նա, որ մի անգամ սատանայի ձեռքին գործիք է դառնում, երբ իր կրքերին հագուրդ տալով չի կարողանում սիրածին հոգով սպանել, ցանկանում է մարմնվ սպանել, քանի որ մարմնավոր սիրո վախճանը թշնամություն և ատելություն է, ինչպես որ հիշյալ անզգամ կինը մեղքի սուրը դահճի սրով փոխարինեց: Կինը գանգատվում է Պետափրեսին՝ ասելով, թե իբր Հովսեփը չար դիտավորությամբ մտել է կանանոցը և վերարկուն այնտեղ թողել, նա էլ առանց քննության և միայն կնոջ խոսքի վրա հիմնվելով՝ բանտարկում է Հովսեփին:

Այո՛, Հովսեփը մահապարտների շարքի մեջ շղթայակապ նետվեց (Սղմ. 103:17), սակայն նրա հոգին ազատ է և ոչ մի կապանքի ներքո ճնշված չէ, նա միայն մարմնով է կապված, քանի որ անմեղ մարդու հոգևոր քաղցր ազատությունը կա և մնում է՝ անգամ նյութական շղթաների ներքո ընկճված վիճակում: Շատ ժամանակ չանցած, բանտապետը, Հովսեփի ոտքից շղթան հանելով՝ բանտի կառավարությունը նրան է հանձնում (Իմաստ. 10:14):

Նկատի՛ր, ինչպես որ Պետափրեսի տան մեջ Հովսեփը մեծ պատիվ ուներ և իշխում էր ուրիշների վրա, նույնպես բանտում է իշխանություն տրվում նրան: Քանի որ նա, ով վախենում է Աստծուց և փախչում մեղքից՝ ամեն տեղ պատիվ է վայելում:

Խրատ առ, եթե ուզում ես ցանկության հրի բորբոքումիօց ազատվել, ապա Աստծո երկյուղը երբեք մի՛ հանիր սրտիցդ, կրքերիդ մի՛ հետևիր, բարերարիդ անհավատարմություն մի՛ արա, անզգամ կնոջ հետ երբեք բարեկամություն և հարաբերություն մի՛ հաստատիր, նրա գտնված վայրից խույս տուր, ինքդ քեզ վստահելով՝ մեղքերի պատճառ հանդիսացող տեղեր բնավ մի՛ հաճախիր, քանի որ որքան էլ մարդը առաքինի, լինի դարձյալ պարտավոր է մեղքի շարժառիթներից փախչելով հեռանալ՝ համաձայն այն առածի, թե՝ եթե վերացնում ես պատճառը, վերանում են նաև պատճառի հետևանքները: Հիրավի, կրակն ընկած քարը այրվելով չի փոշիանում, սակայն վնասվում և անպիտան է դառնում:

 

Պողոս եպս. Ադրիանուպոլսեցի, «Զանազանութիւն հինգ դարուց», Հատոր Ա, Վաղարշապատ, 1902

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․