Գրքեր
Հովսեփի մահից հետո Իսրայելի ազգը ի՞նչ վիճակում էր Եգիպտոսում:

Շատ թշվառ, քանի որ Հովսեփի ժամանակակից թագավորն ու մեծամեծները մահանալով, շատ ժամանակ չանցած մոռացվեց եգիպտացիներին արված նրա բարությունները (Ելք 1:8): Մանավանդ, Աստծո ողորմությամբ իսրայելացիները օր օրի խիստ շատանալով, Եգիպտոսի թագավորը սկսում է վախենալ նրանց այս տարօրինակ և չափազանց բազմանալուց, թե միգուցե Եգիպտոսի վրա թշնամու հարձակման ժամանակ, իսրայելացիները նույնպես ապստամբեն և ցանկանան Եգիպտոսից մեկնել և գնալ Քանանի երկիրը:

Քանզի լսել էր, որ իսրայելացիները Եգիպտոսից ցանկանում են գնալ իրենց երկիրը. քանի որ Հովսեփի պատճառով Քանանից եկել և այնտեղ որպես հյուր էին մնացել: Արդարև ոչ ոք չէր կարող իրավացիորեն արգելք լինել նրանց փափագի կատարմանը, սակայն հիշյալ փարավոն թագավորը մի անիրավ անձ լինելով՝ չէր ցանկանում թողնել և գերու նման չարաչար աշխատեցնում էր նրանց:

Դու փարավոնի չարությանը նայիր, քանի որ ո՛չ իսրայելացիների մեկնումն է ցանկանում և ո՛չ էլ նրանց աճելն ու բազմանալը, և որպեսզի հանգիստ վիճակում լինելով չբազմանան, մշակների նման աղյուսի և քաղաք կառուցելու ստոր և դժվարին գործերին  էր նրանց շարունակաբար ծառայեցնում:

Խրա՛տ վերցրու, ինչպես որ փարավոնը, Իսրայելի ժողովրդին առնելով իր իշխանության տակ, ցեխ ճմռել և շաղախելու նման անարգ կամ ստորին գործերով էր աշխատեցնում, այդպես էլ չար գործերին հետամուտ եղող մարդը, սատանայի իշխանության տակ մտնելով, կարծես ցեխ և աղյուս է սարքում նրա համար, քանի որ փարավոնը՝ սատանայի, իսկ ցեխը չար գործերի օրինակն է: Չարիք մի՛ գործիր, որպեսզի ազատ լինես այդ անարգ ծառայությունից:

Հիմա դու Աստծո ողորմությանը նայիր, քանի որ որքան փարավոնը իսրայելացիներին նեղում էր, որ չշատանան, ընդհակառակը, նրանք նույնքան և ավելի զգալի կերպով էին աճում: Նա ճարահատյալ հրամայում է դայակ կանանց, որ Իսրայելի ժողովրդի նորածին մանուկներին խեղդելով սպանեն, սակայն նրանք անմեղ մանուկներին գթալով՝ թագավորի չար կամքը չեն կատարում: Երբ թագավորը այդ պատճառով հանդիմանում է նրանց, սրանք պատասխանում են, որ Իսրայելի կանայք եգիպտացիների նման չեն, նրանք դեռևս դայակը չգնացած՝ ծննդաբերում են: Թեև այս խոսքը կետ առ կետ ճշմարիտ չէր, սակայն որորվհետև նրանք Աստծուց վախենալով՝ գթությամբ խնայեցին անմեղ երեխաներին, ուստի Աստված էլ նրանց գործերին հաջողություն պարգևեց, այնպես որ զավակների և բազում ունեցվածքների տեր դարձան (Ելք 1:20):

Օրինա՛կ վերցրու, ինչպես որ չարությունը Աստծո կամքին հակառակ լինելով, եթե չարագործը մարդկանցից չպատժվի, անպատճառ Աստծուց է պատժվում, նույնպես բարությունը Աստծո կամքին համաձայն լինելով, բարեգործ մարդը, եթե մարդկանցից չվարձատրվի, անպատճառ Աստված նրան կվարձատրի, քանի որ բարեգործի վարձը երբեք չի կորչում, ով և որտեղ էլ նա լինի, և երբ էլ լինի:

Այստեղ շատ մեծ ուշադրությամբ խորհիր, թե որքա՞ն մեծ մեղք է մանկանը սպանելը, կամ երեխա չունենալու համար դեղ խմելը և կամ բնության հակառակ գործելը: Եթե զավակ ունենալ չես ցանկանում, երեխայի հոգս քաշել չես ցանկանում, բնավ մի՛ ամուսնացիր, եթե ամուսնացել ես՝ Աստծո կարգադրած ճանապարհին հակառակ մի՛ կանգնիր, քանի որ «երեխայի հոգս չկրեմ» խորհածդ ժամանակ հոգիդ դժոխքին ես մատնում:

Դու հիմա փարավոնի չարամտությանը նայիր. երբ նա տեսնում է, որ իսրայելացիներին նեղություններ տալով և դայակներին հրամայելով՝ չհասավ իր նպատակին, այն ժամանակ հրաման է արձակում, որ իսրայելացիների նորածին արու մանուկներին գետը նետեն (Ելք 1:22): Արդարև այս հրամանը բնությանը հակառակ էր, սակայն, քանի որ Աստված որոշել էր փարավոնին իր չարությամբ պատժել, Հակոբի երրորդ որդի Ղևիի ցեղից ծնվում է Մովսեսը (որի հոր անունը Ամրամ էր, իսկ մոր՝ Հոքաբեդ), և կայտառ մանկանը անմիջապես ջուրը գցելու փոխարեն՝ երեք ամիս պահում են:

Սակայն երեք ամսից ավել չհամարձակվելով պահել, մայրը եղեգներից տապանակ է սարքել տալիս, և չընկղմվելու համար կուպրով ծեփել է տալիս այն, որի մեջ դնում է Մովսեսին: Ի՜նչ աստիճանի տարօրինակ թշվառություն, կարծես թե մայրը երեխայի համար դագաղ կամ գերեզման է սարքում, որի մեջ կենդանի թաղում է նրան՝ ջուրը նետելու համար: Մանուկը մորից չի ցանկանում բաժանվել, մայրն՝ իր զավակից, սակայն բռնավորի երկյուղը բաժանում է մորը զավակից և զավակն էլ՝ մորից:

Դու Մովսեսի մոր հավատքին նայիր, քանզի որքան էլ ստիպված եղավ իր որդուն ջուրը նետել, սակայն Աստծո ողորմությունից հույսը բոլորովին չի կտրում: Այս պատճառով արտասուքներով Աստծուն աղաչելով, գետի լճացած և հոսանքից ազատ մի անկյունում դնում է տապանակը և ջրին է հանձնում այն, որպեսզի եթե մարդիկ իրենց նմանին չգթացին, գոնե ջուրը գթալով՝ չխեղդի երեխային: Մովսեսի քույրը՝ Մարիամը, որ այն ժամանակ դեռևս տասը տարեկան էր, հեռվում սպասում է, որպեսզի տեսնի, թե ի՞նչ է պատահում երեխային: Աստծո ողորմությամբ փարավոնի աղջիկը իսկույն նույն վայրն է գալիս լվացվելու և եկած ժամանակ ջրի վրա տապանակը տեսնելով՝ բերել է տալիս. որի մեջ եղող մանկանը տեսնելով՝ սիրտը չի դիմանում, և հասկանալով, որ իսրայելացիների երեխաներից է՝ գութը շարժվում է:

Եվ քանի որ Մարիամը այնտեղ սպասում էր, համարձակություն հավաքելով հարցնում է փարավոնի աղջկան. «Կցանկանա՞ս, որ մի եբրայեցի ստնտու կանչեմ, որ այս մանկանը քեզ համար մեծացնի»: Նա էլ «կանչիր» ասածին պես, ուրախությամբ գնում և կանչում է մորը՝ որպես մի օտար ստնտու: Այն ժամանակ փարավոնի աղջիկը մանկանը նրա մորն է հանձնում, որպեսզի սնելով նրան իր համար մեծացնի և վարձատրություն էլ է խոստանում:

Լավ նկատիր, թե հավատով Աստծուն դիմողը ինչպե՞ս է հասնում իր ցանկությանը: Մովսեսի մայրը կորցրեց իր որդուն, բայց շուտով գտավ, քանի որ Աստծո ողորմությանը հուսալով՝ նրան ջրին հանձնեց, և ջուրն էլ շուտով իր ավանդը տիրոջը վերադարձրեց: Երբ մանուկը մեծացավ, փարավոնի աղջկան հանձնեց նրան, որն էլ նրան որդեգրեց: Եվ քանի որ ջրից էր հանել՝ անունը Մովսես դրեց, որ նշանակում է «ջրից»: Քանի որ «մո» ջուր է նշանակում, «սես» եգիպտերեն նշանակում է մի բանից, որպես թե՝ ջրից: Մովսեսը մնաց փարավոնի պալատում: 

 

Պողոս եպս. Ադրիանուպոլսեցի, «Զանազանութիւն հինգ դարուց», Հատոր Ա, Վաղարշապատ, 1902

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․