Գրքեր
Ո՞վ էր Հոբը:

Եսավի ցեղից, Երուսաղեմի գավառին սահմանակից Եդեմի Օստեր կոչված վայրում ապրող շատ առաքինի և հարուստ մի մարդ էր: Աղքատ և անօգնական մարդկանց ամեն ինչով օգնում էր և դրանում այնպիսի մի համբավավոր և անվանի անձնավորություն էր, որ Ս. Գիրքը «թագավոր» անվամբ է հիշատակում (Ծննդ. 36:33):

Արդարև, հիշյալը մարմնականի մեջ որքան որ բախտավոր էր, Աստծո շնորհիվ հոգևոր և առաքինության ճանապարհին նույնպես նույնքան կատարյալ էր: Այո՛, շատերին էր հրամայում, բայց ոչ թե զրկանքներով և անիրավությամբ, այլ իրավունքով և արդարությամբ: Հարստությունը մեծ էր, բայց ոչ թե իր հաճույքների և զբոսանքների, այլ աղքատներին մխիթարելու համար էր գործածում:

Նա յոթ տղա և երեք աղջիկ ուներ, որոնք միմյանց տները գնալով ուրախ և զվարթ ուտում և խմում էին: Բայց Հոբը, որը վախենում էր Աստծուց, ամեն տեսակ չարությունից հեռու, արդար և հավատարիմ էր, իր որդիների մարմնական ընթացքին և կերուխումներին հետևելը տեսնելով, մտածում էր, որ թերևս նրանք Աստծո հրամաններին հակառակ որևէ մտադրություն ունենան, ուստի միշտ նրանց համար զոհեր էր մատուցում (Հոբ 1:5):

Թեև Հոբի որդիները չար ճանապարհներում չէին, սակայն ուտել-խմելու հետ սեր ունեին, և ընդհանրապես մարմնական ընթացքին հատուկ խնջույքների պակասություն չունեին, ուստի Հոբը նրանց համար Աստծուց ներում է խնդրում: Թող մտածեն նրանք, որոնք ամեն ժամ չարաչար անձնատուր են եղել խնջույքների մեղսալից ընթացքին:

Այստեղ լավ խորհիր. Աստված թե՛ հրեշտակներին և թե՛ մարդկանց արքայության երանական փառքին արժանացնելու համար ստեղծեց, բայց այն հրեշտակները, որոնք հպարտության պատճառով երկնքի բարձունքներից արտաքսվեցին և իրենց կամակոր համառությամբ ոչ միայն անզեղջ և անուղղելի մնացին, այլև նախանձելով՝ մարդուն էլ երկնքի փառքից զրկելու տենչանքն ունեցան: Ահա, նույն անկյալ հրեշտակների պարագլուխը՝ Սադայելը, թեև հաջողեցրեց մարդուն Աստծուն հնազանդվելու արահետից հանել, բայց Աստծո շնորհիվ մարդը ապաշխարությամբ և զղջումով նորից ողորմության և աստվածային փառքին արժանանալու պատճառով չարի կատաղությունն ու մարդատյացությունը ավելացավ:

Մանավանդ, որ ինքը, որ բոլոր հրեշտակների պետն էր, ամբարտավանությամբ այնքան հիմարացավ, որ իր համար ճշմարիտ բարիքը տարբերելու և ընտրելու անկարող, հաստատ մնալով ապստամբության մեջ՝ պարտավորվեց դժոխքի անվախճան տանջանքները կրել, քանի որ հպարտությունը հիմարությունից առաջանալու պատճառով ամեն հպարտի հիմար կամ խելագար են ասում (առածի համաձայն, թե՝ ամեն մի հպարտ տգետ է):

Բացի այդ, մարդը իր խոնարհությամբ քավություն և թողություն գտնելու համար զղջալով՝ անկյալ հրեշտակից ավելի իմաստուն համարվեց (Ղուկ. 16:8), այս պատճառով էլ թե՛ հոգևոր և թե՛ մարմնավոր գործերում չարը, իր ամբողջ զորությամբ, ջանում է մարդուն միշտ վնաս և չարիք պատճառել: Մասնավորապես առաքինի և բարեպաշտ մարդկանց համար որպես մոլեգին հակառակորդ՝ զանազան որոգայթներ է լարում նրանց դեմ, որպեսզի Աստծո օրենքներին հակառակ ընթացքի մեջ գցելով՝ իր նման ապստամբ դարձնի նրան:

Օրինակի համար, ահա, Հոբ երանելին Աստծուն հաճելի մի անձնավորություն է, բայց քանի որ ամեն ինչով բախտավոր էր, սատանան կարծում է, որ եթե նրան մի մեծ դժբախտություն հանդիպելով աղքատանա, ապա կսկսի Աստծո պատվիրաններին կամ օրենքներին հակառակ շարժվել և գործել, ինչպես որ Սուրբ Գիրքը ընդարձակորեն ներկայացնում է սատանայի չարամիտ դիտավորությունն ու խոսքերը: Քանի որ նա ասում է. «Միթե՞ Հոբը ձրիաբար է պաշտում Աստծուն» (Հոբ 1:9):

Այն նկատառումով, որ Հոբի առաքինությունը հայտնի դառնա և չարագործի խարդախությունն ու զզվելիությունը հայտնվելով խայտառակվի՝ Աստված թույլատրեց սատանային, որ նրա վրա տեսակ-տեսակ փորձություններ բերի:

Այստեղ մտքումդ ունեցիր, թե սատանան որքա՜ն մեծ թշնամի է մարդու համար: Քանի որ, երբ նա մի այսպիսի արտոնություն ձեռք բերեց, իսկույն ձեռնամուխ եղավ ոչնչացնել Հոբի հարստությունը, ուստի անմեղ մարդու ծառաներից մեկը շտապելով գալիս է և ասում. «Հողը վարելու ժամանակ ավազակները հարձակվեցին մեզ վրա և եզների ու էշերի հոտերը քշեցին տարան, ծառաներիդ կոտորեցին, միայն ես ազատվեցի և եկա քեզ տեղեկացնելու»:

Մինչ այս մեկը խոսում էր, մեկ այլ ծառա գալով՝ հայտնում է. «Երկնքից հուր եկավ, ոչխարների հոտերը և հովիվներին ոչնչացրեց, միայն ես ազատվելով եկա, որ քեզ տեղեկացնեմ»: Այս երկրոդ ծառան դեռևս խոսքը չէր ավարտել, երրորդ ծառան աճապարելով գալիս է և գույժ է հաղորդում. «Գողերը ուղտերի երամակը շրջապատելով՝ վերցրին և տարան, ուղտապաններին էլ սպանեցին, միայն ես ազատվեցի և եկա, որ քեզ տեղեկացնեմ դրա մասին»:

Այս գուժաբերի պատմությունը հազիվ վերջանալու վրա էր, մի այլ գուժկան հասնում և պատմում է. «Որդիներդ և աղջիկներդ իրենց մեծ եղբոր տանը մինչդեռ կերուխումի մեջ էին, հանկարծ անապատից մի սաստիկ փոթորիկ բարձրանալով փլեց տունը և նրանք բոլորը փլատակների տակ մնալով՝ մահացան, միայն ես ազատվեցի, և ահա շտապեցի լուրը քեզ հաղորդել»:

Հոբը, վերոհիշյալ աղետների և ցավագին անցքերի մասին լսելով, հանդերձները պատռեց և գլխի մազերը կտրեց. և ապա Աստծուն երկրպագելով՝ պատասխանեց. «Մերկ ծնվեցի և մերկ էլ պիտի գնամ, Աստված տվեց և Աստված էլ վերցրեց, ինչպես Տիրոջը հաճելի էր, այդպես էլ եղավ, թող որ Նրա անունը օրհնյալ լինի» (Հոբ 1:21):

Տե՛ս. չար սատանան կարծում էր, որ եթե Հոբի ունեցվածքին ու հարստությանը վնաս հասցնի, ապա նա անպայման Աստծո երկյուղը սրտից հանելով կմեղանչի, սակայն արդար Հոբը, Աստծո հրամանին և կամքին ավելի հպատակվելով, Նրա օրհնյալ և սուրբ անունը փառավորելուն պես՝ Աստծո և մարդկանց ոխերիմ հակառակորդն ինքը իր լարած որոգայթի մեջ ընկավ, սակայն դարձյալ չար մտադրությունից ետ չկանգնելով՝ առարկում է, թե՝ որքան էլ Հոբի հարստությունը ոչնչացավ, սակայն նրա անձը անվնաս է, եթե անձը կամ մարմինը վնասվի՝ անպատճառ կմեղանչի»:

Երբ սատանան կրկին թույլտվություն ստացավ նրա մարմնին էլ հարվածել, իսկույն Հոբի վրա գլխից մինչև ոտքերը բորոտության վերքերի նման այն աստիճանի վերքեր գոյացան, որոնց գարշահոտությանը ոչ ոք չկարողանալով դիմանալ, նա ստիպված եղավ բացօթյա մի վայրում՝աղբանոցի մոտ մնալ, և իր վերքերի թարախը խեցիներով քերելով սրբում էր (Հոբ 2:7): Երանելին այնպիսի անտանելի վիճակի ենթարկվեց, որ որևէ մեկից օգնություն և մխիթարություն ստանալու հույսը կտրեց: Սակայն նա իր միտքը երբեք չի պղտորում և չի դադարում Աստծուց շնորհակալ լինել:

Այս անգամ անիծյալ սատանան Հոբի կնոջն է ձեռքն առնում, որպեսզի գոնե նրա միջոցով Հոբին ստիպի մեղանչել Աստծո դեմ: Քանի որ վերոհիշյալ անհանդուրժելի և սրտամաշ վիճակում երկար ժամանակ մնալով, կինն էլ դժբախտանալով և հուսահատվելով՝ Հոբին ասում է. «Ինչքա՞ն պիտի համբերես, Աստծո դեմ մի խոսք ասա, որպեսզի մեռնելով ազատվես»: Հոբը իր կնոջ բերանից մի այսպիսի անօրեն առաջարկ լսելով՝ հանդիմանությամբ պատասխանում է. «Մի՞թե Աստծո բարիքները ընդունելուց հետո, պարտավոր չենք համբերելու այս չարիքներին» (Հոբ 2:10):

Արդարև, ոչ միայն հիշյալ կինն այս արդարացի հանդիմանությանը արժանի լինելով՝ անմիջապես պապանձվեց, այլ մանավանդ ամենաչար թշնամին գլխիկոր մնաց և խայտառակվեց: Քանի որ ոչ միայն իր նպատակին չհասավ, այլ նաև Հոբի առաքինությունն առավել ևս փայլեց ամբողջ աշխարհի առջև (Հոբ 2:10):

Օրինակ վերցրու. Հոբի հարստությունը կորսվելուց, իր որդիները մահանալուց բացի, մարմինը վիրավոր, բնակավայրը՝ մի աղբակույտ, ոչ ոքից օգնություն չի սպասում, այլ դարձյալ իր շնորհակալությունը չընդհատելով՝ միշտ և հանապազ գոհանում է Աստծուց:

Այս պարագայում մի՛ կարծիր, թե Հոբը, վերոհիշյալ աղետներին ենթարկվելով, թշվառական դարձավ, կամ անունն ու պատիվը արատավորվեց, ընդհակառակը՝ բախտավոր ժամանակների համեմատ համբավը է՛լ ավելի մեծանալով՝ խիստ փառավորվեց: Իրոք, նրա մարմինը միառժամանակ տագնապներ կրեց, սակայն հոգին, Աստծո շնորհներով առավելապես զարդարվելով, նրա հոգևոր բարեմասնությունները արեգակի լույսի նման պայծառորեն փայլեցին:

Որքան էլ մարդկանցից որևէ սփոփանք գտնելու առումով անհույս էր, սակայն Աստված մի այնպիսի ներքին սփոփանք է նրան ընծայում, որ այդ անկրելի ցավերի մեջ կարողացավ անտրտունջ համբերել: Թեև երկար ժամանակ առանց ընկերոջ աղբանոցում մնաց, սակայն ոչ մի րոպե Աստծո երկյուղը սրտից չհանելով, սերն ու միտքը Աստծո վրա հաստատված լինելու համար՝ հրեշտակները աներևութապես հանապազ իրեն ընկերակից էին (Սաղմ. 33:7):

Իշխանական գահին նստած ժամանակ մարդկանց էր հրամայում, տագնապի և նեղության ժամանակ գոհունակությամբ համբերելով՝ սատանային իշխեց և նվաճեց նրան: Քանի որ Հոբի չարչարանքը որքան շատ և ծանր եղավ, նույնքան և ծանր եղավ սատնայի պատիժը, քանի որ Հոբին մեղքի մեջ գցել էր ցանկանում, ընդհակառակը, նրա առաքինությունը ավելանալով՝ ըստ այդմ վարձատրությունն էլ բազմապատկվեց:

Ապա բարեկամները՝ Եղիփազը, Բաղդադը, Սոփարը և Եղիուսը, որոնք իշխում էին Եդոմի մերձակա գավառներում, նրան պատահած դժբախտության լուրը իմանալով, միասին եկան նրան մխիթարելու: Սակայն երանելին այն աստիճանի այլակերպված վիճակի էր մատնվել,  որ հեռվից նրան տեսնելով՝ չկարողացան ճանաչել: Ուստի, բարձրաձայն արտասվելով, իրենց հանդերձներն էին պատռում, գլուխներին մոխիր ցանում և այն աստիճանի են ապշում ու դողում, որ յոթ օր ու գիշեր նրա մոտ նստած՝ անկարող են լինում բերաններն անգամ բացել:

Այն ժամանակ Հոբն ինքը, սկսելով խոսել, անիծում է իր ծնված օրը: Սակայն մի՛ կարծեք, թե իր վիճակից է դժգոհում, այլ մարդկային ընդհանուր վիճակին նայելով է, որ այդ խոսքն է ասում: Քանի որ մարդկային ազգը, մեղքի պատճառով այս արտասուքի աշխարհը ընկնելով, ստիպված եղավ նեղություններ և վիշտ կրել, որը աշխարհի սովորական ընթացքն է:

Դու տե՛ս. Հոբի բարեկամները եկել էին նրան մխիթարելու, սակայն նրա խոսքերը լսելով՝ որպես դատախազներ, սկսում են ամեն կերպ խոսքերով ցույց տալ, որ իր հանցանքների պատճառով է այդ վիճակին ենթարկվել. նրան պարզապես մեղավոր մարդու տեղ են դնում: Հոբը նույնպես նրանց պատասխանում է և երկուստեք վիճաբանությունը այնքան է երկարում, որ Աստված միջամտում է՝ հայտնելով, որ Հոբի հանցանքների համար չեն այդ տառապանքները, այլ Աստծո մի գաղտնի դատաստանն ու մտադրությունն է:

Հետևաբար, քանի որ նրա բարեկամները հանիրավի դատապարտեցին նրան որպես հանցավոր, Աստծո բարկությունը շարժվում է բարեկամների վրա և ցանկանում է պատժել նրանց: Արդարև, նրանք այս առումով սխալ դատողություններ անելով մեղանչեցին, սակայն Հոբը, նրանց թերությանը չնայելով, չկամեցավ, որպեսզի նրանք պատժվեն: Ուստի Աստված հրամայում է, որ յոթ զվարակ և յոթ խոյ բերեն Հոբի մոտ, որը նրանց համար ողջակեզ մատուցելով աղոթի, որպեսզի նրանց հանցանքներին ներում և թողություն շնորհվի (Հոբ 42:8):

Հասկանում ե՞ս, թե Աստված ինչպես է փառավորում Իր հավատարիմ ծառային. Հոբի անմեղությունը հայտնելուց բացի, նրա աղոթքով դատախազ և հակառակորդ դարձած բարեկամների մեղքը հաճեցավ քավել և անպատիժ թողնել նրանց:

Այս դեպքում մի՛ ասա, թե ինչո՞ւ Աստված սատանային արտոնեց, որ Հոբին այնպիսի դժբախտություններ պատճառի: Թեպետ մենք Աստծո գաղտնի խորհուրդները չգիտենք, սակայն փաստերը ի մի բերելով, կարող ենք եզրակացնել, որ այդ թույլտվությունը եղավ, որպեսզի փառավորվի Աստծո անունը (Մատթ. 5:16), ավելանա Հոբի վարձը, չար ընթացքի մեջ գտնվող մարդիկ վախենալով՝ ուղղվեն: Քանի որ, եթե Հոբի նման արդար մարդը վշտերի և ցավի է ենթարկվում, մեղավորների վիճակը ի՞նչ պիտի լինի, և որ ամեն մարդ, նրա առաքինությունից օրինակ առնելով, ջանա հաղթել սատանային, մանավանդ որպեսզի սրա (սատանայի) հիմար և անզոր լինելը աշխարհի առջև պարզ լինի:

Իրոք, եթե նա հիմար չլիներ, չէր համարձակվի Հոբի հետ մաքառել: Քանի որ ինչքան էլ մարդկային ցեղի թշնամին է, բայց իր ցանկությամբ արդարներին վնասելու կարողություն չունի: Եվ ահա, ճիշտ այդ պատճառով Աստված նրան թույլատրեց, որ Հոբի արդարությունը և իր՝ սատանայի չարությունը հայտնի դառնան: Քանի որ Հոբը ոչ միայն իր առաքինությունների համար է Ս. Գրքում գովվում, այլ մանավանդ անմեղ լինելով, այդքան վշտերի և տառապանքների համբերելու և առ Աստված ունեցած հավատքը անխախտ և անսասան պահելու համար, որով մի սքանչելի օրինակ եղավ աշխարհի համար:

Արդարև, ինչպես որ ադամանդը հղկվելով՝ ավելի է փայլում, նույնպես և արդար մարդու առաքինությունը փորձության մեջ հայտնվելով՝ ավելանում է նրա վարձը և նրան տեսնողները Աստծո սուրբ անունն են փառավորում, որ երբ Նա կամենա, իր հավատարիմ ծառաներին այնքան զորություն կարող է շնորհել, որ մինչև մահու չափ նեղությունները սիրով կարողանան տանել:

Դարձյալ, որպեսզի սատանայի խարդախությունը և առ մարդիկ ունեցած թշնամությունը հայտնի դառնա, և այլևս ոչ ոք նրա չար թելադրանքներին չհետևի, և ոչ ոք նրա զորությունից չվախենա, այլ մանավանդ երկյուղածությամբ Աստծուն ծառայի և հանդիպած փորձություններին համբերելով՝ թե՛ այս աշխարհում և թե՛ հանդերձյալում փառավորվի:

Ինչպես որ Հոբը նույնպես, թեև ծանր հարվածների ենթարկվեց, բայց համբերությամբ Աստծուց գոհ ու շնորհակալ լինելու համար, ոչ միայն իր անձի առողջությունը, այլ նաև նախկինում ունեցածից ավելի հարստություն և փառք ձեռք բերելով՝ Աստված նորից նրան յոթ արու և երեք աղջիկ զավակներ պարգևեց, որով էլ Հոբը մեծապես մխիթարվեց (Հոբ 42:12):

Ապա Հոբը ևս հարյուր յոթանասուն տարի կատարյալ բախտավորության մեջ ապրեց, իր թոռներին մինչև չորրորդ սերունդը տեսնելուց հետո երկու հարյուր քառասունութ տարեկան հասակում վախճանվեց, որի պատմությունը ամբողջ մարդկության համար խիստ օգտակար և փրկությամբ լեցուն խրատ եղավ և պիտի լինի հավիտյան:

Քանի որ, եթե մի մարդ, լինի անգամ թագավոր, և որքան էլ նյութական հարստություն, անուն և փառք վաստակի, Հոբին պատահած փորձանքը մտաբերելով, միշտ կպարտավորվի երկյուղածությամբ զգույշ և արթուն մնալ: Այո՛, թող մարդը չհպարտանա ո՛չ իր հարստությամբ, ո՛չ իշխանությամբ, ո՛չ անձի առողջությամբ և ո՛չ էլ նույնիսկ իր զավակներով, քանի որ մարմնական այս բոլոր բարիքները ավազի վրա հմնված մի խարխուլ շինության նման կարող են հակառակ քամու փչելուն պես՝ աչնչանալ (Մատթ. 7:27):

Նմանապես, եթե մեկը զանազան վշտերի և հարվածների ենթարկվի, Հոբի օրինակը աչքի առջև ունենալով, առանց Աստծո ողորմությունից հույսը կտրելու, սիրով և անտրտունջ կհամբերի: Քանի որ, եթե Աստված կամենա՝ կարող է մարդուն ամեն փորձանքից էլ փրկել:

Թեպետ Սուրբ Գիրքը չի հայտնում, թե Հոբը ինչքան ժամանակ կրեց չարչարանքները, սակայն քանի որ գրված է՝ շատ ժամանակ անցավ (Հոբ 2:8), ոմանք կարծում են, որ յոթը տարի է եղել, և ոմանք էլ ավելի կարճ ժամանակ են ընդունում, հետևաբար, ստույգ ոչ ոք չգիտի:

Ուրեմն, ո՛վ ընթերցող, վերոհիշյալ պատմությունից խրատ ստացի՛ր, և մի՛ կարծիր, թե միայն մեղավորներն են փորձանքի հանդիպում, այլ սուրբ և արդար մարդիկ նույնպես վշտեր և փորձանքներ են ունենում, բայց ոչ թե մեղքի համար, այլ Աստծուն սիրելի և հաճելի անձեր լինելով, այս աշխարհում խրատվում են, որպեսզի մեղքից զգուշանան:

Հարկավոր է իմանալ, որ սրբերն էլ մարդիկ են, իրենց առաքինությամբ չհպարտանալու համար փորձվում են, կամ եթե փոքրիկ թերություններ ունեն, այս աշխարհում կրած նեղություններով ներում գտնելով՝ արքայության հավիտենական փառքին և ուրախությանն են արժանանում (Առակ. 3:13): Ինչպես նաև շատ հաճախ մեղավորը բախտավոր է լինում, և սա ոչ թե Աստծուն հաճելի լինելու պատճառով է, այլ՝ Աստծո մի գաղտնի և խորհրդավոր դատաստանի:

Քանի որ Աստված, արդար լինելով, ինչպես պատժում է բոլոր չարագործներին, նույնպես էլ վարձատրում է բոլոր բարեգործներին: Հնարավոր է, որ մեղավորն էլ երբեմն բարիքներ գործած լինի, սակայն այդ գործած բարիքը նրան արքայության փառքին չի արժանացնում, ուստի այդպիսի աննշան բարիքների փոխարեն Աստված այս աշխարհում հարստություն է տալիս, որպեսզի բազում մեղքերի պատճառով հավիտենական տանջանք տրվի:

Այսպիսով, երբ դու չարագործին որպես հաջողակ ես տեսնում, մի՛ ասա, որ նա Աստծու սիրելին է, այլ ընդհակառակը, Աստված բարկացած լինելով՝ նրան չի խրատում: Քանի որ նա՝ ով Աստծո սերը թողնելով, անձնատուր է լինում մարմնի ցանկություններին՝ անարժան է Աստծո ողորմությանը և Աստված նրան իր կամքին է թողնում, որպեսզի հետո անվախճան թշվառության մատնի (Հռոմ. 9:22):

Մանավանդ, Հիսուս Քրիստոսի շնորհիվ է, որ առաքինի մարդը արքայություն է ժառանգում, այս պատճառով քրիստոնյա չհանդիսացող մարդը թեև բարեգործ էլ լինի, Աստծո արքայությունը չի կարող ժառանգել, քանի որ միայն բնական օրենքի համաձայն, կամ [ինքնաբերաբար] բնականաբար գործված առաքինությունը չի կարող մարդուն արքայություն տանել:

Ինչպես որ կան մարդիկ, որոնք բնույթով ցանկասեր կամ հեշտասեր չեն, կան ուրիշները, որ գութ ունեն, կան, որոնք աղոթել են սիրում և սրանց նման այլ մարդիկ էլ կարող են լինել: Արդարև, Աստված այսպիսի վարքի և ընթացքի տեր մարդկանց տալիս է հարստություն, մեծություն և մարմնի առողջություն, որպեսզի արքայությունում նրանց համար այլ վարձատրություն չլինի (Ղուկ. 16:25):

Այսպիսով, դու մի՛ կարծիր, որ երբ մարդու բոլոր ցանկությունները կատարվում են՝ իր համար բարիք է, ընդհակառակը՝ նրա դատապարտության հայտնի նշանն է այդ (առածի համաձայն, թե՝ մեղովորների կորստյան բացահայտ նշանն է, երբ նրանց բոլոր ցանկությունները կատարվում են): Ինչպես բժիշկները մահվան դատապարտված հիվանդին պատվիրում են իրենց սրտի ուզածը ուտել, սակայն առողջացող հիվանդին դեղերի հետ նաև ժուժկալության պատվեր են տալիս, որպեսզի չմահանա: Այս պատճառով սրբերին հանդիպող աղետներն ու վշտերը դեղեր և զգուշանալու խրատներ են համարվում, որպեսզի մեղք գործելով հոգով չմահանան: Այսպիսով, նեղությունը Աստվածային ողորմություն է, որը Աստված շնորհում է իր սիրելի ծառաներին (Ա Պետ. 2:19):

Այս նկատառությամբ շատ մեծ լրջությամբ պիտի խորհես աշխարհի ընթացքի և վիճակի շուրջ, որպեսզի ընդհանրապես չսխալվես, քանի որ աշխարհի զվարճություններն ու նեղությունները միանգամայն փոփոխական են և ոչ թե տևական, ուստի հարիր չէ դրանց համար ուրախանալ կամ տխրել: Ճշմարիտ ուրախությունն ու տրտմությունը երկնքում գտնվողներին է վայել, ինչպես որ այնտեղ սրբերի ուրախությունն ու մեղավորների տրտմությունը անփոփոխ լինելով՝ արդարները միշտ ուրախ են արքայության մեջ, իսկ մեղավորները՝ միշտ տխուր և տրտում դժոխքում:

Այս պատճառով երկրային իրերի համար ուրախացող կամ տրտմող մարդը հիմար է համարվում: Քանի որ, եթե իմանա, որ այս պահին իր վայելած ուրախությունը կամ զվարճությունը վաղը տրտմության է վերածվում՝ անշուշտ չէր ուրախանա, կամ թե այս օրվա տխրությունը վաղը ուրախության պիտի փոխվի՝ չէր տրտմի: Ուստի, իմաստուն մարդը նա է, ով այս աշխարհում ո՛չ ուրախանում և ոչ էլ տրտմում է, այլ ինքն իրեն Աստծո կամքին հանձնվելով, արդար Հոբի նման խոնարհությամբ և համբերությամբ Բարձրյալի հրամանին է սպասում:

Արդարև, արժանի է, որ արդար մարդը ուրախ լինի (Փիլիպ. 4:4), բայց քանի դեռ մարդը ապրում է աշխարհում, չմեղնաչելու համար միշտ երկյուղի մեջ լինելով՝ նրա ուրախությունն ու երջանկությունը կատարյալ չեն համարվում (Սաղմ. 2:11):

Ուրեմն, ո՛վ ընթերցող, եթե ցանկանում ես արքայության անվախճան ուրախությանն արժանանալ, պարտավոր ես այս աշխարհի անցավոր և անհիմն ուրախություններով չխաբվել և չուրախանալ (Ժողով. 7:5), ինչպես նաև աշխարհի վշտերից երկյուղ կրելով պարտավոր ես չտխրել, այլ Աստծուն միշտ հնազանդ և հավատարիմ լինելով, ջանաս ամենայն երկյուղածությամբ, սիրով և հաստատամիտ համբերությամբ կատարել Նրա սուրբ և պաշտելի կամքը:

 

Պողոս եպս. Ադրիանուպոլսեցի, «Զանազանութիւն հինգ դարուց», Հատոր Ա, Վաղարշապատ, 1902

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․