Գրքեր
Հարց 27 – Երբ պատարագիչ քահանան էական խոսք է ասում Սուրբ Խորհրդի մասին, արդյո՞ք այդ ընթացքում է լինում հացի և գինու գոյափոխությունը Տիրոջ Մարմնի և Արյան, թե՞ որոշ ժամանակ հետո կամ ուրիշ արարողության ժամանակ:

Պատասխան – Այդ հարցիդ շուրջ գիտունները շատ անգամ են վիճաբանել: Սակայն, հանուն ձեր անդորրության, համառոտ կերպով այսպես ներկայացնեմ. Սուրբ Պատարագը սկզբից մինչև վերջ Քրիստոսի կենսառիթ տնօրինությունների հիշատակությունն է, և վերջապես Իր անարատ Մարմինն ու պատվական Արյունը մեր մեղքերին թողություն տալու խորին խորհուրդն է:

Արդ՝ պատարագիչ քահանան աղոթում է Հայր Աստծուն և հիշատակում Միածին Որդու՝ Իր Մարմինն ու Արյունը տալը, հայտնապես ասելով Սուրբ Խորհրդի էական խոսքը. «Առե՛ք, կերե՛ք, այս է իմ մարմինը» և «Խմե՛ք սրանից բոլորդ, սա է իմ արյունը»: Եվ պատվիրել է մեզ, Իր հիշատակի համար, միշտ կատարել այս խորհուրդը: Ապա գոհություն է մատուցում, որ մեզ՝ անարժաններիս, այսպիսի ահավոր խորհուրդ մատուցելու արժանի արեց Իր մարդասիրությամբ: Ուստի խնդրում է, որ Սուրբ Հոգու զորությամբ առջևում դրված հացն ու գինին ճշմարտապես փոխարկի մեր Տիրոջ և Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի Մարմնի ու Արյան:

Արդ՝ մինչև Սուրբ Խորհրդի էական խոսքը չասվի, խորհուրդը չի կատարվի: Հետևաբար նույն էական խոսքը սկսելու ժամանակից մինչև այս խոսքը. «Քո Սուրբ Հոգով փոխարկելով», կատարվում է հացի և գինու գոյափոխությունը Հիսուս Քրիստոսի Մարմնի և Արյան, որովհետև Աստծո համար անցյալ ու ապառնի ժամանակ չկա, այլ ամեն բան Նա ներկայաբար է իմանում ու ճանաչում: Այս ասածներս մեր հասկացողության համար ընկալելի են: Ուստի նայելով նաև անժամանակ Աստծո անսահման կարողությանը՝ չես կարող հաստատ որոշել, թե այսինչ կամ այնինչ ժամանակ է լինում:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․