Գրքեր
Երբ Մովսեսը երկրորդ անգամ քառասուն օր և քառասուն գիշեր լեռան վրա մնաց, ժողովուրդը բնակավայրում ի՞նչ վիճակում էր:

Թեպետ առաջին դեպքում Մովսեսի լեռան վրա եղած ժամանակ ժողովուրդը հնազանդության շավղից խոտորվելով կուռք պաշտեց, սակայն այս անգամ հնազանդությամբ և հոգեպես սպասում էր:

Եվ թեպետ Մովսեսի երեսը լուսավորվել էր Աստծո փառքը տեսնելով, սակայն ինքը չգիտեր դրա մասին: Ուստի լեռից իջնելու ժամանակ, երբ Ահարոնն ու ժողովուրդը տեսան նրան, վախեցան մոտը գնալ, մինչև որ նա կանչեց նրանց և Աստծո պատվիրանները մեկ առ մեկ պատմեց: Այնուհետև ժողովրդի հետ խոսելու ժամանակ ծածկում էր երեսը, որպեսզի չվախենան, սակայն վկայության խորան մտնելու ժամանակ բացում էր քողը: Մովսեսի երեսի լուսավորությունը ոչ միայն փառք էր Մովսեսի համար, այլ նաև ժողովրդին ահ և երկյուղ էր ներշնչում, որպեսզի հնազանդվեին օրենքին:

Այնուհետև Մովսեսը, քանի որ Աստծո հրամանի համաձայն պիտի կառուցեր տապանակը, վկայության խորանը, քահանայական զգեստներն ու սրանց առնչվող այլ բաներ, ժողովրդին հրավիրում է, որ ամեն մի մարդ իր կարողության համեմատ ընծաներ բերի, որպեսզի վերոհիշյալ կարիքները իրենց ընծայաբերությամբ և տուրքով լուծվեն, բայց ոչ թե ստիպելով է պահանջում, այլ Աստծո հրամանը հայտնելով նրանց կամքին է թողնում, որպեսզի բռնություն գործադրած չլինի (Ելք 35:5):

Ժողովուրդն էլ, այր և թե կին, իրենց կարողության համեմատ ոսկի, արծաթ, թանկագին քարեր, և այլ անհրաժեշտ բաներ այնպիսի առատությամբ են նվիրում, որ հարկ է լինում հայտարարել, որ այլևս չբերեն, իսկ նրանք, ովքեր որևէ բան բերելու կարողություն չունեին, անձամբ էին աշխատում, նմանապես զանազան արվեստ և արհեստ իմացողները, այր և թե կին, իրենց հոժարությամբ աշխատում էին սույն աստվածահաճո գործում:

Աստված այս գործերի վրա երկու անձ հատկացնելով՝ գիտելիք և հնարամտություն է պարգևում նրանց, որոնք պատրաստեցին տապանակը և խորանը, և որոնցից մեկի անունը Բեսելիել էր, իսկ մյուսինը՝ Եղիաբ, ինչպես որ այս ամենի մասին գրված է 36-40 գլուխներում: 

 

Պողոս եպս. Ադրիանուպոլսեցի, «Զանազանութիւն հինգ դարուց», Հատոր Ա, Վաղարշապատ, 1902

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․