Գրքեր
Իսրայելացիներն ինչպե՞ս էին գնում:

Քանի որ լուսեղեն ամպի շարժվելը ժողովրդի շարժման նշան էր համարվում. մինչ այդ ժամանակ ամպը խորանի վրա էր, այնտեղից շարժվելով՝ Հուդայի վրանի վրա էր կանգնում: Ահարոնը, այդ տեսնելով, սկսում է ճանապարհ ելնելու պատրաստություն տեսնել և երկու որդիների հետ խորան է մտնում և տապանակը Սրբություն սրբոցի վարագույրով ծածկում, սրա վրա ուրիշ ծածկոցներ էլ գցում, որպեսզի դրանք տանող մարդիկ, անծածկոց տեսնելով, չմահանան: 

Այնուհետև ղևտացիները գալով հավաքվում էին այնտեղ, որ թե՛ վերոհիշյալները և թե՛ խորանի վարագույրները, ձողերը, տախտակները և այլ կահ-կարասին կառքով և կամ անձամբ վերցնեն տանեն:

Բայց ոչ թե պատահաբար յուրաքանչյուրն ինչ որ ուզում, այն էր վերցնում, այլ այդ ամենը տանելու համար բոլորի անունները Աստված նախապես Մովսեսին հայտնել էր (Թվոց 4), ամեն մարդ, իր պարտականությունը գիտենալով, պատրատ սպասում էր:

Նմանապես Հուդայի բանակը հավաքվելով պատրաստվում է շարժվելու, և քահանաները սկսում էին ազդարարող փողերը հնչեցնել: Այն ժամանակ Մովսեսը, տապանակին մոտենալով, «Արի՛, ո՛վ Տեր, թող թշնամիներդ ցրվե՛ն, թող ատելիներդ փախչե՛ն ասելուն պես այն վերցնելու համար հատկացված մարդիկ, խիստ մեծ հարգանքով և ուշադրությամբ իրենց ուսերին վերցնելով, ամպի հետևից ճամփա էին ընկնում: Մովսեսը, Ահարոնը և նրա երկու որդիները տապանակի հետ էին գնում:

Հետո Հուդայի բանակն էր շարժվում, քանի որ տապանակից հետո անմիջապես այս բանակն էր գնում: Երկրորդ անգամ փողը հնչելու ժամանակ Ռուբենի բանակն էր շարժվում, երրորդին՝ Եփրեմի, չորրորդին Դանի բանակն էր շարժվում ամեն ինչով կանոնի համաձայն, ինչպես, որ իրենց հրամայված էր:

Ղևտացիները , ինչպես իջևանելիս, նույնպես և ճանապարհին չորս գնդերի մեջտեղով էին գնում, որպեսզի թշնամուն հանդիպելիս պաշտպանվեն: Սրանք ոչ թե խառնիխուռն էին գնում, այլ յուրաքանչյուր խմբի և յուրաքանչյուր ցեղի միջև բավականին տարածություն թողած էին առաջ գնում, առանց մեկը մյուսին խառնվելու, քանի որ նրանց կառավարելու համար հատուկ հազարապետներ և հարյուրապետներ էին նշանակված:

Նաև յուրաքանչյուր ցեղ իրեն հատուկ դրոշը կամ նշանն ուներ և այդ նշանի հետևից էր գնում: Համարվում է, որ Հուդայի նշանը առյուծն էր, Ռուբենինը՝ մարդը, Եփրեմինը՝ եզը, Դանինը՝ արծիվը:

Արդարև, իսրայելացիները շատ ուրախ տրամադրությամբ մեկնեցին Սինա լեռից: Քանի որ լուսավոր ամպը առաջնորդում էր նրանց. ցերեկը վրանի նման նրանց պաշտպանում էր արևի տապից, իսկ գիշերը մի փայլուն լույս էր սփռում նրանց ճանապարհին: Թշնամուց երկյուղ կրելու պատճառ չունեին, քանի որ Աստված իրենց հետ էր: Իրենց կերակուրը՝ մանանան, ամեն օր կար:

Քորեբ լերան վրա հրաշքով վեմից բխած ջուրը իրենց հետևից հոսելով գնում էր: իրենց հանդերձները չէին հնանում, և ճանապարհի նեղություններից ոտքերը չէին վնասվում: Բացի այդ կարծիք կա, որ մանուկների հետզհետե մեծանալով, նրանց հագուստն էլ հետզհետե երկարում էր և իրենց հասակին ու անձին համապատասխան դառնում:

 

Պողոս եպս. Ադրիանուպոլսեցի, «Զանազանութիւն հինգ դարուց», Հատոր Ա, Վաղարշապատ, 1902 թ.:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․