Գրքեր
Հետո իսրայելացիներն ո՞ւր գնացին:

Փառանի անապատից գնացին Կադեսբառնիա կոչված տեղը, որը Երուսաղեմի մոտ էր: Եվ Մովսեսը ժողովրդին ասում է. «Աստծո կողմից ձեզ տրվելիք երկիրը եկաք, ելե՛ք և գրավե՛ք այն ու բնավ մի՛ վախեցեք»: Ժողովուրդն այս խոսքը լսելուն պես, փոխանակ ուրախությամբ հույսն Աստծո վրա դնելու և օր առաջ այդ երկիրը գրավելու համար անհրաժեշտ ջանքը գործադրելու, պատասխանում է. «Նախ մա՛րդ ուղարկիր, որ մեր գնալիք տեղի վիճակն իմանանք», քանի որ այնտեղ գտնվող ազգերից վախենալով՝ չեն համարձակվում առաջ գնալ, ինչպես, որ հայտնի է Բ. Օր 1:22-ից:

Արդարև այս միտքն օրինավոր և հիմնավոր էր, եթե առաջադրած լինեին Ավետյաց երկիրն իրենց սեփական զորությամբ գրավել:  Բայց քանի որ Աստված Իր բարձր կամքի համաձայն այդ երկիրը Աբրահամին, Իսահակին և Հակոբին էր խոստացել, որի իրագործման համար մեծամեծ հրաշքներով նրանց մինչև այնտեղ էր հասցրել, և Մովսեսն էլ հայտարարել էր, որ վախենալու կարիք չունեն, ուստի իրենց այս վիճակում «Նախ լրտես ուղարկենք» ասելը պարզապես հավատքի պակասությունն է ցույց տալիս:

Եվ քանի որ նրանք ձևացնում էին, թե իրենց առաջարկությունը զգուշության և խոհեմության տեսակետից է արված, Մովսեսը ևս հավանություն տվեց, մանավանդ ժողովրդի ընթացքին նայելով՝ Աստված էլ նույնն էր հրամայել, ուստի տասներկու ցեղերից մի-մի մարդ են ուղարկում, որ գնան և Քանանի երկիրը ամեն կերպով քննեն ու նրա պտուղներից իրենց հետ բերեն:

Արդարև, քառասուն օր Քանանի երկրում շրջելով և այնտեղ բնակվող ժողովրդին լրտեսելով՝ նրանք հետ են դառնում: Վերադարձին «Ողկույզի ձոր» կոչվող տեղից մեկ ողկույզ խաղող, թուզ և նուռ վերցնելով՝ իրենց հետ են բերում, որպեսզի տեղական մրգերի խիստ նշանավոր լինելը հայտնի դառնա: Հիրավի, բերված խաղողի ողկույզն այնքան մեծ էր, որ մի ձողի անցկացնելով՝ երկու հոգի իրենց ուսերին դնելով էին բերում այն:

Երբ բանակատեղի հասնելով՝ պտուղները ցույց տվեցին և թեև միաժամանակ հայտնեցին, որ այնտեղ կաթն ու մեղրը խիստ առատ են, սակայն Հեսուից և Քաղեբից բացի, մնացյալ տասը անձինք, Աստծո խոստումի վրա կատարյալ հավատք չունենալով, ժողովրդի միտքը պղտորելու պատճառ եղան: Քանի որ հայտարարում էին, որ այդ երկրում բնակվող ազգերը զորավոր են, քաղաքները մեծ, և պարիսպները ամուր են:

Սակայն Քաղեբը, նրանց այսպիսի վհատեցնող և խռովահույզ խոսքերը լսելով, պատասխանում է, որ այդպես չէ. «Մենք կարող ենք հաղթել նրանց, բոլորին էլ, ուստի վեր կենանք և գրավենք երկիրը»: Իսկ մյուսները ժողովրդի սրտում երկյուղ գցելու համար կրկնում էին. «Դուրս չգանք, մենք չենք կարող նրանց հաղթել, քանի որ նրանք մեզնից հզոր են, այն երկիրը մարդու համար վտանգավոր երկիր է, որի բնակիչները հսկաների պես մարդիկ են, և մենք նրանց համեմատ մորեխի նման փոքր ենք»:

Ժողովուրդը, այդ խոսքերը լսելով, ամբողջովին վհատվեց և սկսեց ասել. «Լավ էր, որ Եգիպտոսում կամ այս անապատում մեռնեինք, ինչո՞ւ է Աստված մեզ այն երկիրը տանում, որտեղ մենք պետք է պատերազմելով մեռնենք, և մեր ընտանիքները թշնամու ձեռքն ընկնեն»: Միևնույն ժամանակ գանգատվում են Ահարոնի և Մովսեսի դեմ: Բացի այդ, այդ գիշերը մինչև առավոտ լաց լինելով և «Լավ է Եգիպտոս վերադառնանք» ասելով զորապետ են ընտրում, որ վերադառնան:

Մովսեսը և Ահարոնը, ժողովրդի այդպիսի անվայելուչ խոսքերը լսելով, միասին երեսի վրա ընկան, որպեսզի գոնե ամաչելով հնազանդվեն և նորից չպատժվեն:

Խրա՛տ առ. երբ ժողովուրդը խոսքով չի ցանկանում ուղղության գալ, գործնական եղանակով նրանց ուղղության բերելու նպատակով Մովսեսը և Ահարոնը գետնամած խոնարհվում են, սակայն խստապարանոց և անհնազանդ ժողովուրդը ո՛չ Աստծուց է ամաչում և ո՛չ պատժից է վախենում, ո՛չ Մովսեսի խրատին է ականջ դնում, ո՛չ նրա առաքինությունից է խրատվում:

Իսկ Հեսուն և Քաղեբը, Մովսեսի և Ահարոնի գետնամած խոնարհվելը տեսնելով, պատռում են իրենց հանդերձները և ժողովրդին խրախուսում են՝ ասում. «Մեր լրտեսած երկիրը շատ լավն է, մի՛ ըմբոստացեք և մի՛ վախեցեք, քանի որ Աստված մեզ հետ է»: Թեև նրանք այսպիսի հուսադրիչ և քաջալերական այլ խոսքեր էլ ասացին, սակայն ժողովուրդը ոչ մի կերպ չհամոզվելուց բացի, ցանկացավ քարկոծել նրանց. ահա այս ժամանակ խորանի վրայի ամպը,  իսկույն ահավոր հրեղեն բոցի վերածվեց՝ ի տես ժողովրդի:

Ամպի այսպիսի կերպարանափոխությունը թեև հայտնի նշան էր, որ Աստված բարկացած է և պատրաստվում է նրանց արժանի պատիժ տալ,  սակայն Իր անհուն ողորմությամբ զիջում է՝ Մովսեսին հարցնելու. «Ժողովուրդդ մինչև ե՞րբ պիտի վիրավորի Ինձ, մինչև ե՞րբ պիտի շարունակի չհավատալ, թող որ նրանց կորցնեմ և քեզ մեծ ազգ դարձնեմ»:

Ճշմարիտ է, որ ժողովրդի անչափ անհնազանդության և ապերախտության պատճառով Աստված սպառնում է նրանց կոտորել և Մովսեսին ավելի մեծ ժողովրդի գլուխ դարձնել, բայց Մովսեսը, խոնարհ և համբերող և մանավանդ ազգասեր լինելով, իր ազգակիցների թերությունների վրա աչք է փակում և աղաչանքով Աստծո առջև փաստաբանություն է անում՝ ասելով.

«Այս ժողովրդին Քո բարձր բազուկով և հզոր զորությամբ Դու հանեցիր Եգիպտոսից, և հիմա ամպով առաջնորդում ես նրանց, եթե նրանց կոտորես, լսողները կասեն ժողովրդին խոստացած երկիրը տանել չկարողանալու համար կոտորեց նրանց, ուստի, Տե՜ր, աղաչում եմ Քո մեծ ողորմությամբ ների՛ր ժողովրդիդ բազմաթիվ և ծանր մեղքերը»:

Լա՛վ մտապահիր. երբ Աստված բարկանում է ժողովրդի վրա, նրանց «Մովսեսի ժողովուրդ» է կոչում, իսկ Մովսեսը նրանց համար աղոթելու և բարեխոսելու ժամանակ «Աստծո ժողովուրդ» անվանում նրանց: Իբր ցանկանում է ասել. «Տե՛ր, այս ժողովուրդն իմը չէ, այլ Քոնը, քանի որ մինչ այսօր հատկապես նրան Քեզ սեփական դարձնելով՝ մեծագույն բարիք և պաշտպանություն շնորհեցիր նրան, Քո սուրբ և օրհնյալ անունը նրա վրա է, ուրեմն Քո փառաբանյալ անվան համար ների՛ր նրանց հանցանքները, որպեսզի Քո հզոր զորությունը և անսահման ողորմությունն ամբողջ աշխարհին հայտնի լինի, և հեթանոսները Քո անվան դեմ անկարող լինեն խոսել ըստ իրենց սրտի ցանկության:

Մովսեսից թող խրատ և օրինակ վերցնեն նրանք, որոնք ազգի գլուխն ու առաջնորդը եղան: Թող չասեն, թե ազգն ապերախտ և անհնազանդ է, այլ միշտ աշխատեն նրա լավության և բարօրության համար, որպեսզի պարտական չմնան Աստծուն: Նաև եթե ուզում ես, որ աղոթքդ ընդունելի լինի, նախ դո՛ւ նախանձախնդիր եղիր Աստծո փառքին, և նրա շնորհներն ու պարգևները խոստովանելով՝ միշտ գոհացի՛ր և ապավինի՛ր նրա ողորմությանը, ինչպես որ Աստված, իր բազում գթությամբ Մովսեսի աղոթքն ընդունելով, այն օրը չկոտորեց ժողովրդին:

Սակայն նաև իր ազդարարությամբ վճռում է, որ Եգիպտոսից նրանց դուրս գալու ժամանակ բոլոր քսան տարեկանից բարձր եղողները (բացի Հեսուից և Քաղեբից), անապատում մեռնելով, Երուսաղեմի ավետյաց երկիրը չմտնեն, այլ միայն նրանց որդիները, որոնք, Եգիպտոսից դուրս գալու ժամանակ փոքր լինելով, անկարող էին չարն ու բարին զանազանել. նրանք գնան և Աստծո խոստացած երկիրը գրավեն: Նաև Հեսուն և Քաղերը պիտի մտնեին Ավետյաց երկիրը, քանի որ նրանք հավատարմությամբ խոսեցին՝ Աստծուն հուսալով:

Դու տե՛ս Աստծո արդարությունը: Քանի որ նրանք անձնիշխան էին և մինչ այդ ժամանակ կատարված հրաշքները տեսնելով հանդերձ՝ առանց Աստծո զորությանը հավատալու գանգատվում են՝ ասելով. «Լավ էր անապատում մեռնեինք», և ցանկացան վերադառնալ, այս պատճառով նրանց գանգատների համեմատ պատուհաս տրվեց նրանց: Քանզի Երուսաղեմին մոտեցած լինելով՝ քառասուն օրում սուրբ երկրին տիրանալու փոխարեն Աստված նրանց հետ դարձնելով երեսունութ տարի ևս անջուր և անմշակ անապատում շրջել տվեց, որպեսզի քառասուն տարին լրացնելով՝ իրենց գործերի համեմատ պատժվեն:

«Երանի թե անապատում մեռնեինք» բուն իրենց ցանկության համաձայն երեսունութ տարվա ընթացքում այդ բոլոր գանգատվողները անապատում մեռնելով կորան գնացին: «Մեր զավակները թշնամու ձեռքը պիտի ընկնեն» ասելու համար Աստված նույն այդ զավակների ձեռքով հետո կոտորել է տալիս թշնամուն:

Իսկ այն տասը լրտեսները, որոնք խոստացված երկրի մասին չարախոսեցին և այն «մարդածախ» անվանեցին, խորանի առջև իսկույն աստվածառաք պատիժ կրելով մեռան և աշխարհի համար օրինակ եղան: Բացի այդ, վճռված պատժի գործադրության համար Աստված հրամայում է Մովսեսին, որ հաջորդ օրը դեպի Կարմիր ծովի ճանապարհը գնան:

Դու նայի՛ր անհնազանդ և համառ ժողովրդի ողորմելի վիճակին. քանի որ երբ հիշյալ լրտեսների մահը տեսան, և մանավանդ Մովսեսն էլ Աստծո հրամանի համաձայն հետադարձի լուրը տվեց, խիստ մեծ սգի մեջ մտան: Բայց իրենց հանցանքը չներվեց, քանի որ նետը, աղեղից արձակվելով, էլ հետ չի դառնում, նմանապես վճռված պատիժն անպատճառ գործադրվում է, և աստվածային վճիռն անդառնալի է:

Նախապես, երբ Մովսեսն ու Ահարոնը գետնամած աղերսում էին, չցանկացան լսել. երբ Հեսուն և Քաղեբը աղաչում էին նրանց, հանդգնին քարկոծելու ուզենալու չափ: Այո՛, վերջում թեև կամեցան թշնամու դեմ դուրս գալ, բայց Մովսեսը պատասխանեց. «Ամաղեկացիները և քանանացիները ձեր առջևում են, մի՛ գնացեք, կկոտորվեք, քանի որ Տերը ձեզ հետ չէ»: Սակայն նրանք, դարձյալ չհամոզվելով, նրա կամքին հակառակ գործելով, իրենք իրենց խրախուսեցին և թշնամու դեմ ելան, և ահա ամաղեկացիներն ու քանանացիները, լեռից իջնելով, կոտորեցին նրանց:

Այս պարագայում ժողովուրդը, նորից անհնազանդ լինելով, կրկնապատկեց հանցանքը: Քանի որ ինչպես առաջ Տիրոջ հրամանով թշնամու դեմ չելնելը մեծ հանցանք էր, նմանապես իրենց զորությանն ապավինելով պատերազմի խիզախելը մեծ հանցանք էր. այս պատճառով թշնամուց հաղթվելով՝ անապատում կորսվելու վճիռն սկսեց գործադրվել:

Օրինա՛կ վերցրու. արդարացի է, որ ժողովուրդն իր արածի համար զղջաց, բայց նրա զղջումն ընդունելի չեղավ, որովհետև զղջման ժամանակն անցել էր: Մանավանդ Աստծո պատվի համար չեն զղջում, այլ պատժի երկյուղից, սակայն պատիժը տեսնելուց հետո վախենալը և զղջում հայտնելն անհավատություն է և Աստծուն փորձել, քանզի եթե կատարյալ հավատք ունենային, պատժից առաջ Նրա հրամանին հնազանդվելով՝ կհավատային:

Թող լսեն նրանք, ովքեր ուշադրություն չեն դարձնում խրատներին, և մանավանդ թող խրատվեն նրանք, ովքեր իրենց մեղքերի համար զղջալու առիթն ունեցած ժամանակ կամակոր համառությամբ գամվում մնում են այդ գարշելի և զզվելի մեղքի մեջ, որոնք հայտնապես իրենց կորուստ են պատճառում: Քանզի ինչպես անհնազանդ ժողովուրդը չարժանացավ Երուսաղեմ մտնելուն, նմանապես «մեղա՜» չասելով մեղքի մեջ մեռնող մարդիկ չեն կարող Աստծո արքայությունը մտնել, քանի որ ավետյաց երկիրը հոգևոր իմաստով արքայության օրինակն է:

 

Պողոս եպս. Ադրիանուպոլսեցի, «Զանազանութիւն հինգ դարուց», Հատոր Ա, Վաղարշապատ, 1902 թ.:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․