Գրքեր
Աստված Բաղաամին ինչո՞ւ թույլ տվեց, որ Բաղակի մոտ գնա:

Իր զորությունը նրանց հայտնելու համար: Որովհետև Բաղակի հույսը Բաղաամի վրա էր, պետք չէ կարծել, թե դրա համար արգելեց նրան, իբր թե նա կարող էր իր անեծքով վնասել Իսրայելի ժողովրդին, այլ Բաղաամը խոսում է այն, ինչ որ Աստված է հրամայում, և եթե պատվիրեց չանիծել Իսրայելին, պատճառը այն էր, որ եթե իսրայելացիները մեղքի համար պատժվեին, հնարավոր է՝ սխալմամբ կարծեին, թե Բաղաամի անեծքով եղավ:

Քանի որ թեպետ Բաղաամը օրհնեց Իսրայելին, բայց երբ սա մեղանչեց, Աստված դարձյալ պատժեց նրան: Ուրեմն իսրայելացիների առումով Բաղաամի թե՛ վատ և թե՛ լավ խոսելով նրանց ո՛չ օգուտ, ո՛չ էլ վնաս էր լինում, այլ իրավամբ և արդարությամբ օրենքի համաձայն իրենց գործերին համապատասխան նրանց հատուցում է լինում Տիրոջ կողմից: Քանի որ ինչպես Բաղաամի էշը մարդու նման խոսելով մարդ չդարձավ, նմանապես թեև Աստված Բաղաամին խոսել տվեց, բայց նա դրանով սուրբ չդարձավ, այլ մնաց նույն չարության մեջ:

Այո՛, կատարված հրաշքը տեսնելով պիտի ուղղեր իր ընթացքը, մինչդեռ ընդհակառակը, ուղղելու փոխարեն այդ անօրեն և չարիքի պատճառ հանդիսացող խրատը տալով՝ առավել սաստկացրեց իր պատիժը: Քանի որ Աստծո հրամանով երբ իսրայելացիները կոտորում էին այդ երկրների կռապաշտներին, Բաղաամը ևս նրանց հետ կորստյան մատնվեց, ինչպես որ հիշվում է (Թվոց 31:8):

Այս մասին մի՛ կարծիր, թե միայն սրբերի միջոցով է հրաշք գործվում, քանի որ ինչպես Սուրբ Ավետարանում ենք կարդում, Աստված երբեմն մեղավոր մարդկանց հրաշագործության զորություն է տալիս, որպեսզի նրանց ձեռքով ևս Իր աստվածային կարողությունը ցույց տա աշխարհին,  իբրև Տեր ամեն ինչի:

Նմանապես երբեմն չար մարդկանց գիտություն և մարգարեական շնորհ էլ է տալիս, ինչպես, որ Կայիափա քահանայապետը իսրայելացիների փրկության համար Հիսուսի՝ մեր Փրկչի մահը կանխածանուցեց իսրայելացիների փրկության համար, քանի որ հրաշք, գիտություն և մարգարեություն չեն կարող մարդուն տանել արքայություն, այլ ուղիղ հավատով առաքինություն է պետք: Արդ, այսպիսի մարդիկ, եթե Աստծո զորությունը ըմբռնելով չուղղվեն, չափազանց խիստ պատիժ պիտի կրեն:

 

Պողոս եպս. Ադրիանուպոլսեցի, «Զանազանութիւն հինգ դարուց», Հատոր Ա, Վաղարշապատ, 1902 թ.:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․