Գրքեր
Եգիպտոսից իսրայելացիների դուրս գալուց մինչև վերոհիշյալ Սատտիմ կոչված տեղը հասնելը որքա՞ն ժամանակ անցավ:

Քառասուն տարի: Ըստ որում հիշյալ վայրը Հորդանան գետի մոտ էր, որից անցնելով պիտի մտնեին Ավետյաց երկիրը: Ուստի Աստծո հրամանով Մովսեսը և Եղիազար քահանան, Իսրայելի տասներկու ցեղերից պատերազմելու ընդունակ քսան տարեկանից բարձր տղամարդկանց արձանագրում են, որպեսզի թշնամու դեմ պատերազմելու պատրաստ լինեն: Նրանց թիվը վեց հարյուր մեկ հազար յոթ հարյուր երեսուն էր  (միայն հազար ինը հարյուր քսան հոգով պակաս երեսունութ տարի առաջ Սինա լեռան մոտ կատարված զորահամարի թվից):

Աստված հրամայում է Մովսեսին, որ Քանանի երկիրը վիճակահանությամբ բաժանի յուրաքանչյուր ցեղի առավելության և նվազության համեմատ, և գրավելիք երկրները չորս կողմից սահմաններով հստակ որոշվեն: Նմանապես ղևտացիները. առանձին հաշվվելով՝ մեկ ամսական մանուկից բարձր եղող արու անձանց թիվը քսաներեք հազարի հասավ:

Եվ քանի որ Իսրայելի ժողովրդի մեջ որևէ աղջիկ չէր կարող ժառանգել հոր ունեցվածքը, Մանասեի ցեղից Սաղպաադ անունով մի մարդ անապատում մեռել և հինգ աղջիկ զավակ էր թողել, որոնք խնդիր առաջադրեցին Մովսեսին, Եղիազար քահանայապետին և ժողովրդի մեծամեծներին, որ իրենց հոր ունեցվածքն նրա եղբայրների հետ իրենց էլ տրվի, որպեսզի հանգուցյալի անունը չկորսվի, քանի որ արու զավակ չունի:

Մովսեսն Աստծո հրամանով նրանց խնդիրը լուծելուց հետո պատվիրում է ժողովրդին, որ արու զավակ չունեցող մարդու ունեցվածքը նրա աղջկան տրվի, և եթե աղջիկ էլ չունի՝ եղբորը, եթե եղբայր չունի՝ հորեղբորը, եթե հորեղբայր չկա, մերձավոր ազգականին տրվի, որպեսզի մի ցեղի ժառանգությունը մյուսին չանցնի:

Այս պատճառով վերոհիշյալ աղջիկներին պատվիրվեց, որ ուրիշ ցեղից ամուսին չառնեն, այլ իրենց ցեղից առնեն, որպեսզի իրենց ցեղի ժառանգությունն ուրիշ ցեղի ժառանգության հետ խառնվելու հետևանքով նրանց մեջ հակառակություն չծագի, ինչպես որ գրված է (Թվոց 36-րդ գլուխ):

Հետո Աստված Մովսեսին հրամայում է, որ ելնիՆաբավ լեռը, այնտեղից տեսնի Քանանի երկիրը և այնտեղ վախճանվի: (Հիշյալ լեռը շատ բարձր էր, որի վերի մասը Նաբավ, իսկ ստորոտը Աբարիմ էր կոչվում): Երբ Մովսեսը լսեց այս հրամանը, Աստծուց այլ բան չխնդրեց, բացի ժողովրդին կառավարելու համար մի անձ որոշելուց:

Դու նայի՛ր Մովսեսի առաքինությանը. քանի որ ջրի խնդրի առթիվ ժողովրդի ապօրինի տրտունջների պատճառով ինքը Ավետյաց երկիր չմտնելու վճիռը ստացավ, բայց դարձյալ նույն ժողովրդի համար աղաչում է Աստծուն, որ Իր խնամքը նրա վրա անպակաս անելով՝ մի առաջնորդ կարգի իրեն հաջորդելու համար:

Այո՛, Աստված ժողովրդին առանց առաջնորդի չի թողնում, բայց Մովսեսի հատուկ խնդրանքն այդ մասին իր ազգի նկատմամբ ունեցած չափազանց սերն է ցույց տալիս, մանավանդ որ չի խնդրում, որ իր որդին կամ ազգականներից մեկը դառնա առաջնորդ, այլ այդ ընտրությունը Աստծո կամքին է թողնում: Աստված հրամայում է, որ Նավեի որդուն՝ Հեսուին, կարգի ժողովրդի առաջնորդ: Նա Մովսեսի ծառան էր առաջ և որի առաջնորդությամբ իսրայելացիները Ավետյաց երկիր պիտի մտնեին:

Ուստի Մովսեսը, Եղիազար քահանայի և ժողովրդի ներկայությամբ Հեսուի վրա ձեռքը դնելով, իր փոխարեն ժողովրդի առաջնորդ նրան է կարգում: Հետո զոհերի, Աստծուն նվիրելի ընծաների և իսրայելացիներին բնորոշ այլ սովորությունների մասին Աստված նորից պատվերներ է տալիս Մովսեսին, որ հաղորդի ժողովրդին:

Նմանապես Աստված, կամենալով մադիանացիներին արդարությամբ պատժել (որոնք, քսաներորդ հարցի համեմատ անպարկեշտ աղջիկներին իսրայելացիների մոտ ուղարկելով, մեղքի պատճառ էին դարձել), հրամայում է Մովսեսին, որ նախ կոտորի այդ ամբարիշտ ցեղին և ապա Նաբավ լեռան վրա վախճանվի:

Մովսեսը, հրամանի համաձայն յուրաքանչյուր ցեղից հազարական մարդ վերցնելով, Եղիազար քահանայապետի որդու՝ Փենեեսի առաջնորդությամբ ուղարկում է մադիանացիների վրա, որոնց կոտորում են իրենց հինգ թագավորներով հանդերձ: Վերոհիշյալ Բաղաամ կախարդն էլ, այնտեղ լինելով, նրանց հետ չարաչար մահվամբ սպանվում է, և թեև ամբողջ մադիանացիների երկիրը կողոպտելով ավերում են, սակայն իգական սեռի ներկայացուցիչներին և մանուկներին առանց սպանելու գերեվարում են:

Մովսեսը նրանց տեսնելուն պես բարկանում է, թե ինչու են կանանց ողջ թողել, քանի որ նրանք էին, որ Բաղաամի թելադրանքով իսրայելացիների մեղքի և պատժվելու պատճառը եղան, ուստի բացի կույս աղջիկներից, բոլոր գերված կանանց և արու մանուկներին կոտորել է տալիս: Եվ հրամայում է օրենքի համաձայն յոթ օր բանակատեղիից դուրս մնալով՝ մաքրվելուց հետո բանակատեղի վերադառնան ըստ օրենքի:

Եվ քանի որ ահագին քանակությամբ ոսկի, արծաթ և այլևայլ ուրիշ ապրանքներ և անասուններ էին ավար բերել: Աստծո հրամանով բաժին են հանում ամբողջ ժողովրդին, ղևտացիներին և խորանին, իսկ աղջիկները որպես աղախին են ծառայում:

Սակայն զարմանալին այն է, որ մի այսպիսի ահեղ պատերազմում իսրայելացիների զորքից և ոչ մեկը չի մեռնում: Հետևաբար այս հաղթանակը հայտնի ձևով պարզ է լինում, որ Աստծո մասնավոր օգնության շնորհիվ էր, ուստի զորքը ավար վերցրած ոսկյա բոլոր զարդերը բերում է Մովսեսի և Եղիազար քահանայապետի մոտ՝ Աստծուն նվիրելու համար, նրանք էլ դնում են խորանում, որպեսզի այդ հաղթության հիշատակն անմոռաց մնա ապագայում:

Թեպետ թշնամիներին հետզհետե հաղթելով՝ իսրայելացիները Երուսաղեմ մտնելու համար Հորդանան գետով պիտի անցնեին, բայց այդ տեղի շատ խոտավետ և արգասաբեր լինելու պատճառով Ռուբենի և Գադի ցեղերի երևելիները Մովսեսին, Եղիազար քահանայապետին և ժողովրդի ծերերին առաջարկում են, որ հիշյալ գետի այդ կողմում իրենց տեղ հատկացնեն, առանց դիմացի ափն անցնելու՝ առարկելով, որ իրենց անասունները խիստ շատ են:

Մովսեսը, լսելով սույն առաջարկը, բարկանում է և հիշյալ երկու ցեղերի ներկայացուցիչներին հանդիմանում է, քանի որ նա կարծում է, թե նրանք միայն իրենց  հանգստության և շահի համար Ավետյաց երկիր գնալ չեն կամենում և 17-րդ հարցում հիշված լրտեսների նման ուզում են պղտորել ժողովրդի միտքը:

Սակայն նրանք պատասխանում են, թե՝ «Մեր որդիներին և ընտանիքը, ինչպես նաև մեր անասուններին այստեղ թողնելով՝ մենք զինված կանցնենք Հորդանան գետը, և մինչև որ ամբողջ ժողովուրդը չտեղավորվի, չենք վերադառնա մեր տները»: Այս վստահեցնող խոսքերից Մովսեսը, համոզվելով, որ նրանք սրտի անկեղծությունից են արել իրենց առաջարկը, կատարում է նրանց խնդրանքը:

Այն ժամանակ Մանասեի ցեղը քանի որ Գաղաադում կոտորել էր ամովրհացիներին և գրավել նրանց տեղը, Մովսեսն այդ երկիրը Մանասեի ցեղին է տալիս բնակվելու համար: Բայց տեղի փոքրության պատճառով հիշյալ ցեղի կեսը այնտեղ բնակվելով՝ մյուս կեսն անցնում է Հորդանանի մյուս ափը: Ահա այսպիսով երկուսուկես ցեղ Հորդանանի այն կողմում է բնակվելու տեղ ստանում, իսկ իննուկես ցեղ, այս կողմն անցնելով, բնակություն են հաստատում որոշված տեղերում, որոնց անուններն ու սահմանները Ս. Գիրքը մեկ առ մեկ հիշատակում է (Թվոց 33-34-րդ գլուխներ):

Եվ քանի որ ղևտացիներին հատուկ տեղ չէր տրվել (որովհետև նրանք քահանաներ էին, հարկ էր, որ տասներկու ցեղերի քաղաքներում ևս գտնվեին՝ Աստծո օրենքն ու պատվիրանները նրանց սովորեցնելու համար), այս պատճառվ աստվածային հրամանով Մովսեսը ժողովրդին պատվիրում է, որ յուրաքանչյուր ցեղը իր սահմանի մեջ ղևտացիներին տեղ հատկացնի բնակության համար, և քառասունութ քաղաք հատկացվեց նրանց:

Այս քաղաքներից վեցը «Ապաստանի քաղաք» կոչվեցին. դրանցից երեքը Հորդանանի մի կողմում, իսկ երեքը՝ մյուս կողմում գտնվելով, երբ մի մարդ դիպվածով ակամա մարդասպանություն գործելուց հետո այդ քաղաքներից մեկը փախչելով՝ այնտեղ ապաստաներ, առանց որևէ մեկի կողմից արգելքի հանդիպելու պարտավոր էր մինչև ժամանակի քահանայապետի մահն այնտեղ մնալ, և ապա իր ծննդավայր վերադարձած ժամանակ օրենքով ազատ էր, այսինքն՝ նրա դեմ արյան դատաստան չպիտի բացեին:

Այստեղ Ս. Գիրքը (Թվոց, գլուխ 36) նորից խոսում է վերոհիշյալ Սաղպաադի դուստրերի մասին, և այդ առիթով ցեղական ժառանգության շուրջ ամեն մի շփոթության առջևն առնելու համար մասնավոր և իսրայելացիներին բնորոշ պատվիրաններ են տրվում:

 

Պողոս եպս. Ադրիանուպոլսեցի, «Զանազանութիւն հինգ դարուց», Հատոր Ա, Վաղարշապատ, 1902 թ.:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․