Գրքեր
Ինչպե՞ս է Սամսոնը վրեժխնդիր լինում կռապաշտներից:

Երբ կինը, ինչպես վերը նշվել է, գաղտնիքը կռապաշտներին է հայտնում, Սամսոնը բարկացած տուն է վերադառնում, և աները նրա կնոջն ամուսնացնում է ամուսնության ժամանակ իբրև ընկեր հատկացված այն երեսուն մարդկանցից մեկի հետ: Հետո Սամսոնը, որպես ընծա մի ուլ վերցնելով, Թամնաթա է գալիս, որպեսզի հաշտվի կնոջ հետ, սակայն, երբ լսում է, որ նա մի այլ մարդու հետ է ամուսնացել, սաստիկ բարկանում է: Թեև աները համաձայնում է՝ իր փոքր աղջկան Սամսոնին տալու, սակայն նա, այս առաջարկը չընդունելով, ասում է. «Եթե այսուհետև ձեզ չարիքներ հասցնեմ, հանցանքն իմը չպիտի լինի» : Արդ, կռապաշտներից վրեժ լուծելու համար Սամսոնը երեք հարյուր աղվես է բռնում և նրանց պոչերը երկու-երկու իրար է կապում և մի հնարով այդ կապերի մեջ ջահեր զետեղելով՝ վառում է ջահերը և կռապաշտների արտերի մեջ բաց թողնում: Ու թեև աղվեսները կրակի երկյուղից ցանկանում են փախչել, սակայն անկարող լինելով իրարից բաժանվելու՝ ուր գնում են, այնտեղ հրկիզում են: Ժամանակն էլ հունձքի և կալի լինելով՝ կրակն այնքան է բորբոքվում, որ շրջակայքում ամեն ինչ այրվելուց բացի՝ այգիներն ու ձիթենիներն էլ այրվում, որից իսրայելացիների թշնամիներն ահռելի կորուստներ են ունենում: Կռապաշտները, սույն հրդեհի պատճառ համարելով Սամսոնի աներոջը, նրա տունը, աղջկան և նրան այրում են, որպեսզի Սամսոնը, իմանալով, որ հանցագործը պատժված է, հանդարտվի: Սակայն Սամսոնը չի ցանկանում այդքանով բավարարվել, այլ նրանցից շատերին սպանելուց հետո գնում է և Եդիմի քարայրում մենակ բնակվում: Այն ժամանակ իսրայելացիները կռապաշտների իշխանության ներքո էին, և ոչ մեկը չէր կարող նրանց ընդդիմանալ, այլ միայն Սամսոնը, որն իբր թե իր կնոջը ուրիշին տալու պատրվակով, վրեժխնդրության նպատակով նրանց մեծ վնաս է տալիս, որից էլ թշնամու սիրտն այնպիսի վախ է ընկնում, որ իմանալով, որ նա վերոհիշյալ քարայրում է բնակվում, չեն համարձակվում նրա վրա հարձակվել, այլ ահագին բազմությամբ Հուդայի երկիրը գնալով՝ նրանից պահանջում են, որ Սամսոնին կապված իրենց հանձնի սպանելու համար: Իսրայելացիները, կռապաշտների զորությունից վախենալով, երեք հազար մարդ են ուղարկում Սամսոնի գտնվելու վայրը, որպեսզի նրան կապելով՝ հանձնեն թշնամուն: Դու իսրայելացիների թշվառ և խեղճ վիճակի´ն նայիր. Սամսոնն իր ազգի փրկության եռանդով է գործում, և ազգն էլ պարտավոր էր նրան պաշտպանելու, սակայն, ընդհակառակը, փափագում են նրան իրենց ձեռքով թշնամուն հանձնել: Թեպետ Սամսոնը Աստծու շնորհով երկյուղ չուներ նրանցից, սակայն իր ազգին չվնասելու համար համաձայնում է, որ իրեն կապեն, միայն թե նրանց երդվել է տալիս, որ իրեն չսպանեն: Այն ժամանակ նրան կապում են երեք տակ գործված պարանով և տանում, թողնում են բանակի առջև, իրենք էլ հեռվից հետևում են դեպքերի զարգանալուն: Խորհի´ր, թե այդ պահին Սամսոնի մտքով ինչեր են անցնում, քանի որ թշնամին զինված էր և ստվարաքանակ, ինքը՝ միայնակ և մանավանդ կապկպված, իր ազգակիցներն էլ` լոկ հանդիսատես, և ոչ մի տեղից օգնող չկար, սակայն մի´ կարծիր, որ քաջարի Սամսոնը, թշնամուց վախենալով, հուսահատվում է, այլ, ընդհակառակը, Աստծու զորությունը և օգնությունը հուսալով՝ աներկյուղ մնում: Երբ թշնամին նրան կապված է տեսնում, բոլորն ուրախությամբ միանգամից հարձակվում են նրա վրա, Սամսոնը, Աստծուց զորանալով, իսկույն շարժում է բազուկները, և ահա Աստծու կամքով նրա բազուկների կապերը կրակն ընկած լաթի նման հալվում են: Եվ թեպետ այժմ թևերը կապանքից ազատ էին, բայց թշնամուն դիմադրելու համար զենք չուներ: Սակայն Աստծու զորությունը մարդկանց անհնարին թվացող պարագաներում է հայտնվում, և Սամսոնն այնտեղ մի ավանակի ծնոտ է գտնում և դրանով թշնամուց հազար մարդ սպանելուց և մյուսներին փախուստի մատնելուց հետո ոչինչ չարած մարդու անհոգությամբ մի կողմ է նետում ծնոտը: Սամսոնը, մարտական այսպիսի քաջագործություն կատարելով, ինչքան էլ չի հոգնում, բայց սաստիկ ծարավում է։ Ուստի խոստովանելով, որ հաղթանակի համար Աստծու օգնությանն է պարտական և վախենալով, որ ծարավից կմահանա և թշնամու ձեռքը կընկնի, դիմում է Աստծուն, և ահա մի հրաշքով վերոհիշյալ ծնոտից ջուր է բխում , նա էլ խմելով զովանում է: Տեղն էլ ծնոտի աղբյուր է անվանում, որպեսզի իր նկատմամբ աստվածային ողորմությունը չմոռացվի, և Աստծու մեծ զորությունը բոլորին հայտնի լինի: Հետո Սամսոնը, կռապաշտ փղշտացիների Գազա քաղաքը գնալով, իջևանում է մի կնոջ տանը։ Բնակիչները, նրա գալստյան լուրը լսելով, աշտարակի դռան մոտ սպասում են, որ հեռանալիս սպանեն նրան: Սամսոնը, ցանկանալով կեսգիշերին այնտեղից մեկնել, երբ տեղեկանում է նրանց նպատակի մասին, իսկույն քաղաքի դուռը՝ սեմերով և նիգերով, իր ուսին դնելով, տանում է մինչև լեռը: Լա´վ մտապահիր. Սամսոնը գիտեր, որ կռապաշտներն իրեն թշնամի են, սակայն դիտմամբ նրանց քաղաքներն է գնում, որպեսզի նրանց պատժելու պատճառ գտնի, և մանավանդ բոլորին հայտնի դառնա Աստծու զորությունը, Որն իրեն այնպիսի գերմարդկային ուժ է շնորհել։ Հետո կռապաշտների Ովրիկ քաղաք գնալով՝ այնտեղ Դալիլա անունով մի կնոջ է սիրահարվում, որին կռապաշտ մեծամեծները շատ ոսկի են խոստանում, որպեսզի նա պարզի, թե ինչից է Սամսոնի ուժը, և ինչպես կարելի է ջլատել այդ զորությունը, մի ճարտար հնարքով իմանա դա և հայտնի իրենց, քանի որ մտածում են, որ Սամսոնի այդպիսի տարօրինակ ուժը անպատճառ մի գաղտնիք պիտի ունենա: Եվ նախ փափագում են իմանալ այդ գաղտնիքը, որպեսզի, ըստ դրա, հետագայում նրան տկարացնելու անհրաժեշտ միջոցներ գտնեն, որովհետև բոլորին հայտնի էր՝ այլ կերպ անկարելի պիտի լինի հաղթել Սամսոնին: Արդ, խարդախ և ագահ կինը, երբ, ըստ թշնամիների ցանկության, հարցնում է Սամսոնին, թե նրա ուժն ինչից է տկարանում և թուլանում, նա պատասխանում է. «Եթե նոր և չգործածած ջլերով կապեն, իմ զորությունն ինձնից կգնա», և քանի որ տանը մարդիկ էին թաքնվել, որպեսզի նրա գաղտնիքը իմանալով՝ բռնեն նրան, Դալիլան, եղնիկի ջլեր բերել տալով, կապում է Սամսոնին և փորձելու համար ասում. «Ահա այլազգիները եկան, որ բռնեն քեզ»: Այս բառերից հետո Սամսոնն իսկույն բոլոր կապերը բարակ թելի նման կտրտում է և պատրաստվում՝ դիմադրելու: Հասկացի´ր. հիշյալ կինն առաջին անգամ մտերմաբար և հպանցիկ է հարցնում և երբ տեսնում է, որ Սամսոնի պատասխանը ճիշտ չէ, մեղմ հանդիմանական ոճով կրկնում է հարցը և պատասխան ստանում, որ եթե նոր պարանով կապվի, ուժը կկորցնի: Սակայն երբ յոթ նոր պարաններով նրան կապելուց հետո և «ահա այլազգիները եկան, որ բռնեն քեզ, Սամսո´ն» ասելուն պես նա իսկույն հեշտությամբ կտրում է պարանները, այս անգամ էլ նրանք իրենց նպատակին չեն հասնում, քանի որ գաղտնիքն անհայտ է մնում: Սակայն անզգամ կինը, դարձյալ չհուսահատվելով, «մինչև երբ պիտի ինձ խաբես» ասելով, խստիվ ստիպում է, որ ճշմարտությունը հայտնի իրեն: Սամսոնը պատասխանում է. «Եթե գլխիս մազերի յոթ գիսակները կտավի ծոպերի հետ հյուսված ցիցերով պատին գամես, այն ժամանակ կտկարանամ, մի հասարակ մարդու նման կլինեմ»: Քանի որ մանկությունից նրա գլխին ածելի չէր դիպել, որից էլ մազերը շատ էին աճել և մանկությունից յոթ գիսակների էին բաժանված: Այն ժամանակ խարդախ և դավաճան Դալիլան, Սամսոնին քնեցնելով, ըստ նրա ասածի, գիսակները գամում է պատին, և «ահա այլազգիները եկան, որ բռնեն քեզ, Սամսո´ն» սովորական խոսքը ասելուն պես Սամսոնը, իսկույն արթնանալով, քաշում և հանում է գամերը: Հարկ է նկատել, թե մի ամբողջ գիշեր անզգամ և խաբված կինը ինչպիսի նենգ և կեղծ ու պատրանքային խոսքերով է կրկնապատկում իր ջանքերը ճշմարտությունն իմանալու համար: Ուստի և´ հանդիմանական, և´ միանգամայն սիրալիր եղանակով ասում է. «Ահա երեք անգամ խաբեցիր ինձ, և սիրտդ իմ առջև ուղիղ չէ», և այնքան է խնդրում, որ Սամսոնը, մեռնելու չափ անհանգիստ և ձանձրացած, նրա սիրտը չկոտրելու համար ակամա հայտնում է, որ ինքը մոր արգանդից ուխտավոր է, և որ իրեն արգելված է մազերը սափրել, և եթե սափրի, այն ժամանակ իր գերմարդկային ուժը կկորցնի: Նենգամիտ Դալիլան, իմանալով, որ այս անգամ Սամսոնի խոսքը հիմնավոր և ճշմարիտ է, իսկույն կռապաշտ մեծամեծ իշխաններին լուր է ուղարկում, որոնք, բերելով իրենց խոստացած գումարը, Սամսոնի քնած ժամանակ սափրիչով նրա մազերը սափրում են, որով էլ Աստծուց նրան պարգևված ուժը վերանում է: Այն ժամանակ անգութ Դալիլան` իբր թե նրան հավատարիմ մեկը, ասում է. «Այլազգիները քեզ վրա են հարձակվում, Սամսո´ն»: Սա առանց իմանալու, որ իր ուժն իրենից վերցվել է, թեև առաջվա նման գործել և դիմադրել էր ցանկանում, սակայն անկարող է լինում. նրան իսկույն բռնելով` հանում են աչքերը և Գազա քաղաքը տանելով` բանտարկում, և շղթայակապ ջաղացքար պտտելով` ծառայում է : Հարկ է նկատի ունենալ Սամսոնի այս վիճակը. նա, ով բազմիցս կարողանում է պատժել թշնամիներին, այս անգամ ինքն է պատժվում, սակայն ոչ թե թշնամու զորությամբ, այլ իր գաղտնիքը նենգավոր կնոջը հայտնելով: Թեև այն ժամանակ Սամսոնը զղջում է, սակայն չի հուսահատվում. օրըստօրե մազերը երկարելու համապատասխան` նրա զորությունն էլ զգալիորեն աճում է: Հետո երբ կռապաշտ իշխանները, Դագոն չաստծու կռատանը զոհ մատուցելով, կերուխումի և զվարճանքների են անձնատուր լինում, Սամսոնին էլ բերել են տալիս այնտեղ: Մի պատանի, նրա ձեռքից բռնելով, ծաղրանքի համար խաղացնում է` հանդիսատեսին զվարճություն պատճառելով: Իրենց թշնամուն այդ վիճակում տեսնելով` բոլորը, ցնծությամբ աղաղակելով, գոհանում են կուռքից: Այն ժամանակ Սամսոնն իրեն հսկող պատանուն խնդրում է, որ հենվելու համար իրեն տան գլխավոր երկու սյուների մոտ տանի, որոնց միջև կանգնած, մեկը` աջ, մյուսը` ձախ ձեռքով բռնելով` աղոթում է Աստծուն` ասելով. «Ո´վ ամենակարող Աստված, այս վերջին անգամ ևս ինձ զորությո´ւն շնորհիր, որ աչքերիս վրեժն առնելով` մեռնեմ կռապաշտների հետ»: Եվ ահա Աստծու կամեցողությամբ սյուները կործանելով` ամբողջ տունը քանդում է, որի մեջ տղամարդիկ և կանայք միասին երեք հազար մարդ է մեռնում: Թեև Սամսոնը նույնպես փլատակների տակ է մահանում, սակայն իր կենդանության օրոք երբևէ այդքան մարդ միանգամից չէր սպանել, որքան այս անգամ՝ իր մահվան ժամանակ է սպանում: Ապա եղբայրները նրա մարմինը տանում և մեծ փառքով հոր դամբարանի մեջ են թաղում: Պետք չէ մտածել, որ Սամսոնը հուսահատվելով մեռնել էր ցանկանում, այլ քանի որ նվիրված էր իսրայելացիների փրկության գործին, վերջին պահին նույնպես եռանդով այդ նպատակին ծառայելով, հույսը իսրայելացիների հզոր Աստծուն և աղոթքով Նրան դիմելով, Նրա թշնամիներից արդարացիորեն վրեժխնդիր լինելով է ցանկանում մեռնել: Ահա այս է պատճառը, որ Աստված, նրա աղոթքն ու աղաչանքը լսելով, նրան իր նախկին ուժն է շնորհում։ Ուրեմն պարզ է, որ Սամսոնի մահը Աստծու հրամանի համաձայն և Նրա կամքով էր: Սամսոնը քսան տարի վարում է դատավորի իշխանությունը, սակայն ոչ միայնակ, այլ Հեղի քահանայապետի հետ: Հեղին, միշտ զբաղված Սելովում Աստծու տապանակին ծառայելով, անկարող էր թշնամու դեմ պատերազմելու, և միայն Սամսոնն էր եռանդով ստանձնել իսրայելացիների փրկության գործը: Սամսոնը թշնամիներին այնքան էր սարսափեցրել, որ նրա մահվանից հետո էլ, չնայած մինչև Սամվել մարգարեի օրերը իսրայելացիները նրանց լծի ներքո էին, երկյուղը սրտերում` միառժամանակ չեն հարստահարում իսրայելացիներին:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․