Գրքեր
Դավիթը, Հովնաթանից բաժանվելով, ո՞ւր է գնում:

Կռապաշտների երկիր փախչելու համար գնում է Նորմա քաղաք: Որովհետև այն ժամանակ Ուխտի տապանակը այնտեղ էր, այնտեղ է գնում՝ նախ Աքիմելեք քահանայի միջոցով Տիրոջ կամքն իմանալու և ըստ այդմ վարվելու դիտավորությամբ: Երբ Աքիմելեքը նրան միայնակ և առանց զենքի է տեսնում, վախով հարցնում է, թե ինչու ոչ մի ընկեր չունի իր հետ: Դավիթը այնպես է իրեն պահում, ասես թագավորի հրամանով մի գաղտնի հանձնարարություն ունի և իր մարդկանց այլ վայրում է թողել. նրա այսպիսի վարքի նպատակը Սավուղի ձեռքից փախչելը գաղտնի պահելն էր:

Մանավանդ շատ շտապելու պատճառով իր հետ հաց և զենք չէր վերցրել, ուստի քահանայապետից զենք և հինգ հատ հաց է խնդրում: Սակայն սեղանին դրված առաջավորաց հացերից բացի, որը միայն քահանաներին էր արտոնված ուտել (տե՛ս Ժ հարցը), այնտեղ այդ օրը այլ հաց չլինելով`Դավիթը շտապում է հայտնելու, որ տղաները երեք օրից ավելի է, որ մաքուր են, և այսպես հնարավոր է լինում ուտել սեղանի հացից:

Սրանից բացի` Դավիթը, Գողիաթին սպանած լինելով, նրա սուրը խորանին էր ընծայել, և քահանայապետը այն Դավթին է վերադարձնում: Սակայն Սավուղի ախոռապետը` Դավիկ անունով մի ասորի, որ այնտեղ էր գտնվում իր լուսնոտությունից բժշկվելու և զոհ մատուցելու համար, ահա այս օտարական և մատնիչ անձնավորությունը տեսնում է, որ Աքիմելեք քահանայապետը Դավթին հաց և զենք է տալիս, և այս արարքը, նույն այդ Դավիկ ասորու գարշելի և վատ մատնությամբ, վերջում բավականին տխուր հետևանքներ  է ունենում:

Դրանից հետո Դավիթը իր մարդկանց մոտ է գալիս և այդ հացից նրանց ևս տալով` ինքը միառժամանակ ապահով լինելու համար միայնակ Գեթ քաղաքի Անքուս թագավորի մոտ է գնում: Թեև Անքուսը նրան պատվով է ընդունում, սակայն նրա իշխանները, Դավթին իմանալով, ասում են. «Սա այն Դավիթը չէ՞, որի մասին ժողովուրդը երգում էր, որ Սավուղը հազար սպանեց, Դավիթը՝ տասը  հազար»:

Նրանց սույն խոսքը լսելով և մանավանդ իմանալով, որ վերոհիշյալ Գողիաթը Գեթ քաղաքից էր, Դավիթը վախենում է, թե միգուցե նրա պատճառով իրեն սպանեն, ուստի սկսում է, սողալով և բերանից փրփուր թափելով, իրեն խելագար մարդու նման պահել և քաղաքի դռան մոտ խաղալ, որպեսզի խելագար կարծելով` վռնդեն իրեն:

Արդարև, Անգուսը, Դավթին այդ վիճակում տեսնելով, ասում է. «Մի՞թե խելագարի կարոտ էի, ինչո՞ւ այս մարդուն ինձ մոտ բերեցիք, ևս մեկ անգամ չտեսնեմ», և այս կերպ Դավիթը ազատվելով Բեթղեհեմի Ոդողոմի քարայրն է գալիս: Դավթի գալու մասին լսելով` նրա ծնողներն ու եղբայրները նրա մոտ են գալիս: Բայց այստեղ  իրենց վիճակից դժգոհ, պարտքեր ունեցող և զանազան դիպվածների պատահած ու ցավից տանջվող չորս հարյուր հոգու չափ մարդիկ, հոժարակամ գալով, նրա իշխանությանն են ենթարկվում:

Հիրավի, Դավիթը չորս հարյուր մարդկանց գլուխ է դառնում, սակայն մտածելով, որ միգուցե իր պատճառով Սավուղն իր ծնողներին չարիք հասցնի, նրանց տանում է Հորդանանի մյուս կողմը և Նաաս թագավորից խնդրում, որ միառժամանակ պահպանի իր ծնողներին,  մինչև Աստված իրեն ողորմություն անի:

Թեպետ Դավիթը կռապաշտների երկրում է ապաստանում, սակայն Տիրոջից հույսը չկտրելով, Նրա հզոր օգնությանն ապավինելով` Գադ մարգարեն, Աստծու հրամանով Դավթի մոտ գալով, ասում է. «Այստեղ մի´ նստիր, ելի´ր և գնա՛ Հուդայի երկիր»: Ուստի Դավիթը, իր ծնողներին Նաաս թագավորի մոտ թողնելով, այնտեղից մեկնելով, գալիս է Հուդայի երկիր` Սարիթ քաղաք:

Ուշադրությո՛ւն դարձրու. Սավուղը Դավթին սպանելու համար փնտրում է նրան, որը նրա ձեռքից ազատվելու համար օտար երկիր է փախչում, սակայն Դավթի առաքինությունը և Սավուղի չարությունը ամբողջ աշխարհին հայտնի լինելով` Աստված Դավթին հրամայում է, որ նորից Սավուղի հողը վերադառնա: Այո՛, Դավիթը Սավուղին վնասելու դիտավորություն չի ունենում, այլ միայն մտածում է իրեն պաշտպանելու մասին, սակայն քանի որ Սավուղի միտքը չար էր, կասկածում է, որ միգուցե զորք հավաքելով` հարձակվի իր վրա, ուստի հեգնորեն և հանդիմանությամբ իրեն շրջապատող հպատակներին ասում է. «Հեսսեի որդին ձեզ արտ, այգի և աստիճան կտա, որի համար էլ դուք միավորվել եք իմ դեմ, և ոչ ոք ինձ կարեկցելով` Հովնաթանի և Դավթի  միավորվելն ինձ չհայտնեց, նա էր, որ իմ ծառային ինձ թշնամի դարձրեց»:

Մինչ Սավուղը այսպես խոսում էր, վերոհիշյալ Դավիկ ասորին էլ պատմում է, թե ինչպես է Աքիմելեք քահանայապետը Դավթին հաց և Գողիաթի սուրը տվել:  Սա լսելուն պես Սավուղն իսկույն մարդ է ուղարկում և Աքիմելեքին և նրա բոլոր քահանաներին բերել է տալիս: Սավուղը բարկությամբ հարցնում է. «Ի՞նչ է սա, որ դուք, Հեսսեի որդու հետ միավորվելով, հաց և սրեր եք տալիս նրան»:

Աքիմելեք քահանան, որ անտեղյակ էր Սավուղի և Դավթի գժտությունից, կտրուկ պատասխանում է. «Քա´վ լիցի, որ ծառադ թագավորին հակառակ գործի, ուղղակի ես Դավթին որպես թագավորին հավատարիմ մարդ, փեսա և նրա ծառա եմ ճանաչում, և ոչնչից տեղյակ չեմ», սակայն Սավուղը չհամոզվելով հրամայում է, որ Աքիմելեքին և նրա հետ բոլոր քահանաներին անխնա կոտորեն:

Դու  տե՛ս, թե նախանձը, որը հպարտության ծնունդ է, մարդու միտքն այնքան է խավարեցնում, որ այլևս անկարող է լինում զանազանելու չարն ու բարին, բարեկամին և թշնամուն, ինչպես Սավուղը, նախանձի ախտով վարակված, բացարձակապես անիրավ գործելով, հրամայում է որպես չարագործների սպանել քահանաներին:

Սակայն նրանց անմեղությունը բոլորին էր հայտնի, և Սավուղի ծառաները չեն համարձակվում ձեռք բարձրացնել Տիրոջ պաշտոնյաների վրա: Այն ժամանակ Սավուղը վերոհիշյալ մատնիչ Դավիկին է հրամայում կատարել իր կամքը, և այդ օրը երեք հարյուր հինգ քահանա, որոնք բոլորն էլ խորանին էին ծառայում, անխնա սպանվում են:

Սրանից բացի` բարկությունն այնքան է տիրում նրա սրտին և գրավում ողջ էությունը, որ քահանաներին սպանելով չի բավարարվում, այլ նաև նրանց Նոմբա քաղաքի բնակիչներին` արանց և կանանց, ծերերին և մանուկներին մինչև կաթնակերը, նույնիսկ նրանց բոլոր անասուններին է բարբարոսաբար սրի քաշում, միայն Աքիմելեքի որդի Աբիաթարը ազատվելով Դավթի մոտ է գնում և պատմում է Սավուղի անգթությունը, և Դավիթը, նրան մխիթարելով, իր մոտ է պահում:

Դավթի սիրտը շատ է ցավում քահանաների և Նոմբայի բնակիչների կոտորածի համար, նաև իմանում է, որ այս դժբախտությունը Դավիկ ասորու մատնությամբ և նրա անօրեն և գործուն մասնակցությամբ է կատարվել:

Այնուհետև Դավիթը տեղեկանում է, որ կռապաշտները Կեիլա քաղաքի բնակիչների հետ են պատերազմում,  և որոշում է գնալ ու նրանց ազատել: Սակայն այդ վայրը թշնամուն սահմանակից էր,  և երբ իր մարդիկ երկյուղ են հայտնում, վերոհիշյալ Աբիաթարի միջոցով Տիրոջից հարցնում է և Նրա հրամանով անմիջապես թշնամու վրա հարձակվելով` շատ մարդկանց է կոտորում, և թեև մնացածները փախուստի են դիմում, սակայն նրանց անասունները Դավթի ձեռքն են անցնում և այսպես քաղաքը փրկելով` ինքն էլ այնտեղ է մնում:

Օրինա´կ վերցրու Դավթի առաքինությունից. Սավուղը ցանկանում է սպանել Դավթին, սակայն սա, ազգային նախանձախնդրությամբ և եռանդով լցված, Սավուղի երկիրն ազատում է թշնամիներից: Հիրավի, այս պարագայում Սավուղը պարտավոր էր, ամեն  թշնամությունից հետ կանգնելով, շնորհակալ լինել Դավթից, քանի որ նա, թշնամու վրա հարձակվելով, իր անձն էր վտանգում, սակայն Սավուղը, ինչպես նախկինում իր սաստիկ նախանձի պատճառով, այդպես էլ այս անգամ չի ցանկանում ընդունել Դավթի երախտիքը:

 

 

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․