Գրքեր
Աբիսողոմը պատերազմո՞ւմ է Դավթի դեմ:

Այո՛. որովհետև վերոհիշյալ Քուսիի խորհրդին համապատասխան՝ բոլոր իսրայելացիներին հրավիրելով` բազում զորք գումարելուց հետո անցնում է Հորդանանը, որպեսզի Դավթին բռնելով սպանի: Եվ որովհետև Դավթի մոտ նույնպես զորք էր հավաքվել, հազարապետեր և հարյուրապետեր նշանակելով` ցանկանում է ինքն անձամբ առաջնորդել զորքը, սակայն Հովաբը և մյուս հարյուրապետերը չեն համաձայնում` ասելով. «Եթե մենք փախչելու կամ կոտորվելու լինենք, մեզ ոչինչ համարելով` Ձեզ կհետապնդեն, ուստի լավ է, որ քաղաքում մնաք, և Ձեր ապահովությունը տասը հազար զորքից ավելի մեծ երաշխիք է մեզ համար»:

Այս առումով Դավիթը նույնպես համոզմունք ունենալով, թեև անձամբ զորքի հետ չի գնում, սակայն մտածելով, որ միգուցե պատերազմում սպանեն Աբիսողոմին, քաղաքի դարպասների մոտ կանգնած, ոչ միայն Հովաբին, այլև բոլոր հազարապետերին բարձրաձայն պատվիրում է, որ խնայեն Աբիսողոմին, և ամբողջ զորքը լսում է այդ կարգադրությունը (Բ Թագ. 18:5):

Դու այստեղ հայրական սիրո մեծությո´ւնը տես. որդին զորքերի բազմությամբ հոր դեմ է դուրս գալիս, որ սպանի նրան, սակայն հայրը հակառակն է պատվիրում, որ որդու կյանքը խնայեն,  չսպանեն: Երբ կողմերը ընդհարվելով` պատերազմը սաստկանում է, Աբիսողոմի զորքը հաղթվում է, և նրանցից քսան հազար մարդ է կոտորվում, մանավանդ պատերազմի վայրը անտառախիտ և մացառոտ լինելով, ամեն մեկն իր փրկության համար մտահոգվելով` անտառում տարբեր կողմ է գնում, և փախչելու ճանապարհ չգտնելով` փշալից մացառներում մահացածների թիվը սրից ընկածներից շատ է լինում, և այսպիսով, պարտված կողմը նվաճվում է:

Ուշադրությո´ւն դարձրու Աբիսողոմի թշվառ վիճակին. քանի որ հիշյալը, այս տագնապալից վիճակը տեսնելով, երբ մոտն այլևս զորք չի մնում, հորը սպանելու մտադրությամբ պատերազմի դուրս գալը մոռանալով, իր անձի փրկությունն է փնտրում և չի գտնում:

Քանի որ անտառի դժվարանցանելի և սեպաձև տեղանքում հայտնվելով և Դավթի զորքով էլ շրջապատած լինելով, սույն դժվարին կացությունից ազատվելու համար հեծնած ջորին ուժգին ասպանդակելով` արշավելու ժամանակ գլխի մազերը իրար հյուսված կաղնու ճյուղերին են փաթաթվում, և որովհետև մազերը խիտ և շատ երկար էին, չի կարողանում դրանք ճյուղերից ազատել, և ջորին էլ առանց կանգ առնելու սաստիկ ընթանալու պատճառով նրա տակից դուրս է պրծնում, և այսպես Աբիսողոմը, երկնքի ու երկրի միջև անօգնական, իր մազերից կախված է մնում (Բ Թագ. 18:9):

Այո´, հիշյալը պատժվում է ըստ արժանվույն: Քանի որ  հոր դեմ թշնամացած անձը, իրավացիորեն, ոչ միայն երկնքից, այլև երկրից է մերժվում: Նույն պահին զորքից մեկը, սա տեսնելով,  շտապում է տեղեկացնելու Հովաբին, որն էլ հարցնում է, թե ինչու չի հարվածել նրան. ինքն այժմ նրան մի սուր և հիսուն դահեկան կպարգևեր: Սրան ի պատասխան` լրաբերն ասում է. «Թեկուզ հազար դահեկան էլ տաս, մենք ձեռք չենք բարձրացնի թագավորի որդու վրա, և թագավորը, դա լսելով, մեզ պատժելու ժամանակ դու միայն հանդիսատես կլինես առանձ ինձ օգնելու, քանի որ «Աբիսողոմին խնայե´ք» կարգադրությունը  բոլորս ենք լսել»:

Սույն պատասխանից Հովաբի սիրտը նեղվում է, և զորքին հրամայում է իրեն ցույց տալ այդ վայրը, որպեսզի, ինչպես ինքն է ասում, ինքը նրանց աչքի առջև անձամբ սպանի: Եվ երբ հասնում են Աբիսողոմի կախված վայրը, Հովաբը երեք նետ է արձակում նրա սրտին հենց կախված վայրում, սակայն քանի որ նա դեռևս շնչում էր, ուստի Հովաբի զորքից տասը հոգի նրա հրամանով հարվածում և սպանում են Աբիսողոմին: Այն ժամանակ Հովաբը դադար առնելու փող է հնչեցնում և իր մոտ հավաքում բոլորին, որպեսզի այլևս իրար չկոտորեն: Իսկ Աբիսողոմի մարմինը մի խոր ձորի մեջ է գցել տալիս, զորքերն էլ ցրվում, վերադառնում է իրենց տեղերը:

Ուսանի՜ր հոր դեմ ապստամբողի սույն եղերական վախճանից: Եթե Աբիսողոմը խոնարհությամբ հնազանդվեր հորը, անտարակուսելի է, որ ամբողջ կյանքում խաղաղ և հանգիստ օրեր պիտի անցկացներ: Սակայն հպարտանալով անհնազանդության հանցանք գործելու համար` ոչ միայն կյանքն է կորցնում, այլև մարմինը գերեզմանի չի արժանանում: Թեև Աբիսողոմը երեք որդի ուներ, ինչպես որ գրված է Բ Թագ. 14:27-ում, սակայն նրանք արդեն իսկ մահացած լինելով` իր անունը չմոռացվելու համար Աբիսողոմը կենդանության օրոք Երուսաղեմի մերձակայքում՝ Կեդրոնի ձորում, աշտարականման մի քար է կանգնեցնում, որը մինչ այսօր մնում է` ի հիշատակ նրա:

 
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․